Премьер-министр Армении Овик Абрамян

Վարչապետ. Հայաստանի ՀՆԱ–ի աճն 1-ին կիսամյակում 4% է կազմել

521
Վարչապետը նշեց, որ արտերկրից եկող տրանսֆերտների էական նվազման պայմաններում, հատկապես կարևոր է գյուղատնտեսական ոլորտում արձանագրված աճը

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Առաջին կիսամյակի տվյալների համաձայն, Հայաստանում տնտեսական աճը կազմել է շուրջ 4 տոկոս, երկուշաբթի կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է կիսամյակի տնտեսական ցուցանիշները։ Առաջին եռամսյակում, ըստ ճշգրտված տվյալների, ՀՆԱ-ի աճը կազմել է 2.5%, իսկ երկրորդ եռամսյակում` 5.1%», – ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով` արտերկրից եկող տրանսֆերտների էական նվազման պայմաններում հատկապես կարևոր է գյուղատնտեսական ոլորտում արձանագրված աճը, որը լրջորեն մեղմում է քաղաքացիների արտաքին գործոններով պայմանավորված գնողունակության կորուստը։

ԿԲ–ի տվյալների համաձայն, 2015 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի բանկային համակարգի միջոցով ոչ առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց անունով հանրապետություն է փոխանցվել շուրջ 537.1 մլն դոլար։ Ցուցանիշը 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 30.5%–ով։

«Մենք նաև դիվերսիֆիկացրել ենք արտահանումը։ Այսօր մենք արտահանում ենք ավելի շատ երկրներ։ Հանձնարարում եմ բոլոր գերատեսչություններին մանրամասն ներկայացնել կիսամյակային տվյալները», – ասաց Աբրահամյանը։

Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն, Հայաստանում տնտեսական աճը 2014 թվականին կազմել է 3,4%` պետբյուջեով նախատեսված 5,2% դիմաց։

521