Ашот Тавадян

Աշոտ Թավադյան. Ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ, որ փոխարժեքը կտրուկ փոփոխության ենթարկվի

1624
(Թարմացված է 17:15 27.08.2015)
Փոխարժեքի կտրուկ փոփոխությունն ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի արդյունաբերության վրա, այլև բացասաբար կանդրադառնա սոցիալական ոլորտի վրա

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի– Sputnik. Ռուսական ռուբլու փոխարժեքն ուղղակիորեն կապակցված է նավթի գների հետ, և եթե նավթի գինը կտրուկ նվազել է` 43 դոլար մեկ բարելի համար, ապա դա անմիջապես անդրադառնում է նաև մեր տնտեսության վրա: Ինչպես «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել  է տնտեսագիտության դոկտոր, Վերահսկիչ պալատի հիմնադիր նախագահ Աշոտ Թավադյանը, մեր տնտեսությունն ուղղակիորեն փոխկապակցված է Ռուսաստանի տնտեսության հետ:

«Հատկապես ապրանքի արտահանման առումով դա փաստ է, և մենք չենք կարող դա հաշվի չառնել: Ակնհայտ է, որ եթե մեր դրամի վրա մեծ է դոլարի, եվրոյի ազդեցությունը, և դա հաշվի ենք առնում, ապա պետք է հաշվի առնենք նաև ռուսական ռուբլու փոփոխությունը, քանի որ մեր տնտեսությունները փոխկապակցված են»,-ընդգծել է տնտեսագետը:

Թավադյանին անհանգստացնում է նաև մեկ այլ հանգամանք՝ մեծանում է ոչ բարենպաստ պատճառահետևանքային կապի հավանականությունը:  Այսինքն, ռուբլու փոխարժեքը դոլարի, եվրոյի նկատմամբ նվազում է, մինչդեռ գնաճն այնտեղ համարժեք չէ: «Ռուսական տնտեսությունը բավական ամուր է, և նման իրավիճակում կարողանում է թույլ չտալ բարձր գնաճ: Սակայն մեզ մոտ դա կբերի հետևյալին. մեր ապրանքը նույնիսկ այս նպաստավոր ժամանակ՝ ամռանը, կթանկանա, Ռուսաստան հիմնականում արտահանում ենք գյուղատնտեսական արտադրանք, իսկ հիմա կսկսենք արտահանել վերամշակված գյուղատնտեսական արտադրանքը, և այստեղ կարող է առաջանալ լուրջ խնդիրներ, քանզի ռուբլով մեր արտադրանքը կթանկանա, այն դեպքում, երբ փոխարժեքը մեզ մոտ չփոխվի»,- պարզաբանել է նա:

Այս իրավիճակն ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի արդյունաբերության վրա, այլև բացասաբար կանդրադառնա սոցիալական ոլորտի վրա:  Տնտեսագետը հիշեցնում է տրանսֆերտների մեծ ազդեցությունը և կարևոր նշանակությունը մեր տնտեսության և անապահով խավի համար: «Հետևաբար հետագայում կարող է տեղի ունենալ արտահանման կրճատում, և մեր արտարժույթային պահուստները կարող են էականորեն կրճատվել, սա է վտանգը: Եթե տեղի է ունենում արտահանման կրճատում և արտարժութային պահուստներն էապես կրճատվում են, ապա նշանակում է, որ մեր  փոխարժեքը չի կարելի համարել իրական փոխարժեք»,-նկատել է բանախոսը:

Աշոտ Թավադյանը շեշտադրում է, որ դրամավարկային քաղաքականությունը պետք է տարվի ոչ թե  «կամ-կամ»-ի սկզբունքով, այսինքն՝ կամ փոխարժեքի կայուն վիճակ, կամ արտարժույթների պահուստների նվազում, այլ համակարգված: «Երեք խնդիր կա, որոնք պետք է միասնական համակարգված լուծել, չպետք է թույլ տալ արտահանման կտրուկ կրճատում, արտարժույթների կրճատում, փոխարժեքի կտրուկ փոփոխություն: Ոչ մի դեպքում դա չի կարելի թույլ տալ, քանի որ փոխարժեքի կտրուկ փոփոխությունը բերում է տնտեսության լուրջ հետևանքների: Այն իր հետ բերում է նաև խուճապ, որն ավելի է մեծացնում է այդ տատանումները»,-մեկնաբանել է տնտեսագիտության դոկտորը:

Ինչ վերաբերում է ՀՀ կենտրոնական բանկի հիսուն միլիոն դոլարի արտարժույթային ինտերվենցիային, ապա Թավադյանը կարծում է, որ Կենտրոնական բանկը հստակորեն կհաշվարկի այդ ամենը և չի վճարի մեծ գին՝ փոխարժեքը պահելու համար, որը, « ի դեպ, մեծ վնաս է հասցնելու արտահանմանը»:

1624