ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի –Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և «ԷՅՐ Արմենիա» ընկերության համասեփականատեր Արսեն Ավետիսյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն ապահովվելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով վերոնշյալ միջադեպի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, հաղորդագրություն է տարածել։
2015թ. օգոստոսի 15-ին` ժամը 19:30-ին, ԵՔՎ ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին այն մասին, որ իրենց է զանգահարել Իզաբելլա Լեռնիկի Մելքումյանը և հայտնել, որ իր ամուսնուն` Արսեն Ավետիսյանին առևանգել է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը և գտնվում են Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
Նույն օրը, ժամը 22:30-ին «Արամյանց» ԲԿ-ից հաղորդվել է, որ գանգուղեղային տրավմա, քթի կոտրվածք և ձախ ազդրի փափուկ հյուսվածքների սալջարդ, քթային արնահոսություն ախտորոշումով իրենց մոտ է տեղափոխվել Արսեն Վարդգեսի Ավետիսյանը, ով վնասվածք է ստացել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: ՀՀ ոստիկանության Նոր Նորք բաժնի հետաքննիչը ահազանգով մեկնել է բժշկական կենտրոն, կատարել կրիմինալ մատյանի զննություն, միաժամանակ կազմել է Արսեն Ավետիսյանի կողմից հաղորդում և բացատրություն տալուց հրաժարվելու մասին արձանագրություն:
2015թ. օգոստոսի 16-ին` Արսեն Ավետիսյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. օգոստոսի 15-ին` ժամը 18:30-ի սահմաններում, հանդիպում է ունեցել Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանի հետ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, որի ժամանակ Ռուբեն Հայրապետյանի հետ նստած է եղել ֆուտբոլի ակադեմիայի լողավազանին հարակից սրճարանում, մոտ 2-3 րոպե զրույցից հետո Ռ. Հայրապետյանը աջ ձեռքից քաշելով փորձել է տանել դեպի սրճարանի հետնամասը և ինքը փորձել է ազատել ձեռքը, սակայն նրա թիկնազորի աշխատողները սկսել են հարվածել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
2015թ. օգոստոսի 16-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ին:
Կատարվել է դեպքի վայրի զննություն:
Oգոստոսի 17-ին Արսեն Ավետիսյանը բացատրությունով պնդել է հաղորդմամբ ներկայացրած տեղեկությունները՝ խնդրելով մանրամասն բացատրություն տալ ավելի ուշ:
Նույն օրը բացատրություն է տվել Արսեն Ավետիսյանի կին Իզաբելլա Մելքումյանը, ըստ որի 2015թ. օգոստոսի 15-ին, ժամը 10:00-ին երեխաների հետ գնացել է Ջերմուկ քաղաք` հանգստանալու նպատակով, իսկ ամուսինը` Արսեն Ավետիսյանը, մնացել է Երևանում, քանի որ, ըստ վերջինիս, պետք է հանդիպեր Ռուբեն Հայրապետյանին` գումարային հարցի շուրջ զրուցելու համար: Ջերմուկում գտնվելու ժամանակ, ժամը 19:20-ի սահմաններում, իրեն Է զանգահարել ամուսնու եղբայր Արտեմ Ավետիսյանը և ասել, որ «Ռուբեն Հայրապետյանենք» Արսեն Ավետիսյանին տարել են ֆուտբոլի ակադեմիա և իր կամքին հակառակ պահում են այնտեղ: Լսելով այդ մասին` ինքը զանգահարել է 1-02:
Ի. Մելքումյանը նշել է նաև, որ ամուսինը այդ ընթացքում զանգահարել է իրեն և հայտնել, թե իբրև ամեն ինչ նորմալ է, իսկ այն հարցին, թե կարող է դուրս գալ այդ վայրից, ամուսինը պատասխանել է, որ ոչ: Ըստ իր ամուսնու խոսքերի՝ լրատվամիջոցների զանգից հետո Ռուբեն Հայրապետյանը իր հետ վարվել է համեմատաբար ավելի նորմալ և հանձնարարել իր աշխատողներին` մեքենայով ամուսնուն դուրս բերել այդ վայրից:
Օգոստոսի 18-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին են ուղարկվել Արսեն Ավետիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը` ՀՀ քր. դատ. օր.-ի 180-181-րդ հոդվածների կարգով նյութերի նախապատրաստումը շարունակելու և ընթացքը որոշելու համար: Նույն օրը կատարվել է լրացուցիչ դեպքի վայրի զննություն:
Արսեն Ավետիսյանը 19.08.2015թ. բացատրություն է տվել այն մասին, որ պայմանավորվածություն է ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ հանդիպել Ավանում գտնվող ֆուտբոլի ակադեմիայի լողավազանի հարակից սրճարանում: 15.08.2015թ. ժամը 18:30-ին իրենք հանդիպել են, մոտ երկու րոպե զրուցելուց հետո` չգալով ընդհանուր հայտարարի, Ռուբեն Հայրապետյանը քաշել է իր ձեռքից և փորձել է տանել սրճարանի հետնամաս, ինքը փորձել է ազատել ձեռքը ու այդ պահին Ռ. Հայրապետյանը բռունցքով հարվածել է իր դեմքին, ինչի հետևանքով ինքը վայր է ընկել և ձեռքով փակել դեմքը հարվածներից պաշտպանվելու համար: Վայր ընկնելուց հետո ինքը ստացել է բազմաթիվ հարվածներ, սակայն չի կարող նշել թե ով է իրեն հարվածներ հասցրել:
Ավետիսյանը հերքել է իրեն առևանգելու հանգամանքը՝ նշելով, որ, ըստ պայմանավորվածության, ինքն իր կամքով է գնացել Ֆուտբոլի ակադեմիա, հերքել է նաև իրեն` իր կամքին հակառակ այնտեղ պահելու հանգամանքը՝ կնոջ կողմից նման տեղեկություններ հայտնելը բացատրելով լարված վիճակում միմյանց սխալ հասկանալու արդյունք: Ինչպես նաև նշել է, որ հաշտվել է Ռ. Հայրապետյանի հետ և վերջինիս նկատմամբ բողոք պարտք ու պահանջ չունի:
Օգոստոսի 17-ին բացատրություն է տվել Ռուբեն Հայրապետյանն այն մասին, որ ճանաչում է Արսեն Ավետիսյանին և նրա հետ գտնվում է նորմալ հարաբերությունների մեջ: Արսենն իր բարեկամներից մեկին, որի անունը չի ցանկացել նշել, որոշակի գումար է պարտք, որի հետ կապված իրեն խնդրել են, որպեսզի զրուցի Արսենի հետ և պարզի, թե երբ է գումարը վերադարձնելու: Այդ նպատակով ինքը մոտ մեկ ամիս առաջ հանդիպել է Արսենի հետ, որտեղ վերջինս պարտավորվել է սույն թվականի օգոստոսի 15-ին վերադարձնել այդ գումարը: 2015թ. օգոստոսի 15-ի ժամը 16:30-ի սահմաններում գտնվել է Ֆուտբոլի ակադեմիայում, իրեն զանգահարել է Արսենը և ցանկացել հանդիպել: Հանդիպելով ֆուտբոլի ակադեմիայի տարածքում` առաջարկել է Արսենին նստել լողավազանի դիմացի սրճարանում և զրուցել: Զրույցի ընթացքում հարցրել է, թե գումարը արդյոք տվել է, թե ոչ: Արսեն Ավետիսյանի հետ խոսակցությունը չի ստացվել, այն վերածվել է անձնական բնույթի վիճաբանության, ինչի ժամանակ ինքը մեկ անգամ բռունցքով հարվածել է Ա. Ավետիսյանի դեմքին, ինչի արդյունքում վերջինս վայր է ընկել գետնին, որից հետո մի քանի անգամ ոտքերով հարվածել է նրա մարմի տարբեր մասերին:
Հարվածներից հետո Արսենի քթից արյուն է հոսել, և ինքը նրան տարել է զուգարան` լվացվելու, որից հետո վերադարձել են նույն սեղանի մոտ, շարունակել զրույցը, որից հետո իր աշխատակիցները Ավետիսյանին ուղեկցել են դուրս: Ռուբեն Հայրապետյանը հերքել է Ավետիսյանին առևանգելու, ազատությունից զրկելու, իր թիկնազորի կողմից Արսեն Ավետիսյանին ծեծելու հանգամանքը, ինչպես նաև Արսենի կողմից իրեն հարվածելու հանգամանքը: Ինչպես նաև նշել է, որ իրենք հաշտվել են միմյանց հետ և չի առարկել, որ քրեական գործի հարուցումը մերժվի ոչ արդարացնող հիմքով:
21.08.2015թ. ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Ա. Ավետիսյանի առողջությանը պատճառված վնասվածքների ծանրության աստիճանը կորոշվի դեպքից երեք շաբաթ հետո, այսինքն 05.09.2015թ. Ա. Ավետիսյանի ներկայանալուց հետո:
Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն, հանցագործությունների մասին հաղորդումները պետք է լուծվեն դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում (սույն դեպքում` առավելագույնը 26.08.15թ.), իսկ Ա. Ավետիսյանի հաղորդման լուծման համար էական նշանակություն ուներ վերջինիս առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը, բացատրություն է վերցվել դատաբժիշկ-փորձագետից:
Դատաբժիշկը եզրակացության պարզաբանման վերաբերյալ 24.08.15թ. տված բացատրությամբ նշել է, որ Ա. Ավետիսյանի ստացած մարմնական վնասվածքներից քթի կոտրվածքը, պայմանավորված ապաքինման ընթացքով և արդյունքով, կարող է որակվել առողջությանը պատճառված թեթև կամ առավելագույնը միջին ծանրության վնաս, որը կարող էր առաջանալ մեկ հարվածից, ինչ վերաբերում է մյուս վնասվածքներին, ապա դրանք իրենց համակցության մեջ պարունակում են թեթև վնասի հատկանիշներ, իսկ առանձին առանձին վերցրած թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:
Այսպիսով, ձեռնարկված միջոցներով հերքվել են Ա. Ավետիսյանին առևանգելու, ազատությունից զրկելու հանգամանքները, հետևաբար այդ փաստերի առիթով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ, հիմնավորվել է Ռ. Հայրապետյանի կողմից Ա. Ավետիսյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստը, որի արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել է թեթև կամ առավելագույնը միջին ծանրության վնաս: Հաստատված դեպքի հանգամանքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ կամ 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին, որոնցով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն, քրեական գործ կարող է հարուցվել բացառապես դիմողի բողոքի առկայության դեպքում, ինչը սույն դեպքում բացակայում է, այսինքն` առկա է վարույթը բացառող հանգամանք: Հետևաբար որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, Ռ. Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Որոշման պատճենն օրենքով սահմանված կարգով ուղարկվել է Ա. Ավետիսյանին և պարզաբանվել դրա բողոքարկման կարգը:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։
«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։
Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։
Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։
«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը
«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։
Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։
Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը
Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։
Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։
Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։
Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։
Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:
Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։
Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:


