языческий храм Гарни в Армении

Հայաստանը զբոսաշրջությունը զարգացնելու մեծ ներուժ ունի. տուրիզմի միջազգային մասնագետ

32
Ըստ մասնագետի` Հայաստան այցելում են այնպիսի մարդիկ, ովքեր ցանկանում են տեսնել հնություն, պատմություն, անտիկ մշակույթ

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Հայաստանն ունի զբոսաշրջային կենտրոն դառնալու լուրջ ներուժ, սակայն անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է միջազգային տուրիզմի մասնագետ Հենրիխ Տեր-Մարկոսյանը։

Նրա խոսքով, Հայաստանի զբոսաշրջությունն ունի իր առանձնահատկությունը: Այն առաջարկում է ամենալավ, ամենագեղեցիկ ճանաչողական և պատմամշակութային տուրիզմը, հենց այդ պատճառով էլ Հայաստան է այցելող զբոսաշրջիկների մեծ մասը մտավորականներ են։

«Ծովափնյա հանգիստ նախընտրողները Հայաստան չեն գալիս, մեր երկիր այցելում են այնպիսի մարդիկ, ովքեր ցանկանում են տեսնել հնություն, պատմություն, անտիկ մշակույթ»,- ընդգծել է փորձագետը:

Մասնագետը հիշեցրել է, որ որոշ երկրներում զբոսաշրջությունը եկամտի հիմնական աղբյուրն է: Հայաստանն ունի զբոսաշրջային կենտրոն դառնալու լուրջ ներուժ, սակայն անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ: «Հայաստանը զբոսաշրջությունը զարգացնելու մեծ ներուժ ունի և այն պետք է օգտագործել: Մեր երկրում հնարավոր է զբոսաշրջությունը զարգացնել  տարբեր ուղղություններով, պարզապես անհրաժեշտ են լավ գաղափարներ, նոր մոտեցումներ ու հետևողական աշխատանք:  Կարծում եմ, որ Հայաստանը պետք է ունենա զբոսաշրջության նախարարություն»,- ասել է նա:

Ըստ Հենրիխ Տեր–Մարկոսյանի, Հայաստանով հետաքրքրված երկրները տարբեր են՝ Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան Ճապոնիա և այլն: Երկրում նկատվում է զբոսաշրջային ակտիվություն, բայց զբոսաշրջիկների իրական պատկերը հայտնի չէ։  Հայաստանի զբոսաշրջային մեծ հնարավորություն ունեցող վայրերից միջազգային փորձագետն առանձնացնում է Ջերմուկը:

«Իմ կարծիքով հիանալի վայր է նաև Ջերմուկը, որն ունի և լավ դիրք, և մաքուր օդ, և գեղեցիկ տեսարժան վայրեր: Ամեն զբոսաշրջիկ կարող է այնտեղ գտնել հետաքրքրություն»,- ընդգծել է միջազգային զբոսաշրջության մասնագետը:

32