Города мира. Ереван

Փորձագետ. Ոստիկանության նորամուծությունը փող կորզելու հերթական միջոցն է

20
(Թարմացված է 12:38 12.07.2015)
Վարդավառի օրը, մասնավորապես Երևան-Սևան մայրուղու վրա շարժական արագաչափեր տեղադրելու ոստիկանության նորամուծությունը կապված չէ այդ օրվա հետ

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի– Sputnik. Վարդավառի օրը, մասնավորապես Երևան-Սևան մայրուղու վրա շարժական արագաչափեր տեղադրելու ոստիկանության նորամուծությունը կապված չէ այդ օրվա հետ: Պարզապես վարորդները գիտեն, թե որտեղ են տեղադրված արագաչափերը, հետևաբար՝ նորամուծության ներդնողները մտածել են, թե ինչ նոր մեթոդներ կիրառեն, որ մայրուղիների վրա տուգանեն և գումար աշխատեն, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին հայտնել է Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը վրդովված հարցադրում է արել՝ իբր քի՞չ են խաչմերուկների, կարմիր գծանշանների տուգանքները, հիմա էլ անցել են մայրուղիների վրա շարժական սարքեր տեղադրելուն:

«Առաջին հայացքից թվում է, թե լավ բան են անում, բայց ես ոչ մի լավ բան չեմ տեսնում: Քանի դեռ տեսախցիկների տեղադրումը մասնավորի և ճանապարհային ոստիկանության հիսուն-հիսուն տոկոս փայատիրությամբ է, բոլոր քայլերի մեջ ես տեսնում եմ փող կորզելու նպատակ: Քանի դեռ այդ տեսախցիկների գումարների բաժնեմասը 100 տոկոսով պետության չէ, ուրեմն՝ ամեն ինչ անելու են ժողովրդից փող կորզելու նպատակով: Հիմա ինչ էլ անեն, դրանում լավ բան չեմ տեսնում, որովհետև այդտեղ կա փայատեր, որը պետք է իր 450 աշխատակիցներին աշխատավարձ տա եւ նրանց երթևեկությունը չի հետաքրքրելու»,-պնդել է բանախոսը:

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահը չի հավատում, որ շարժական արագաչափերը լինելու են միայն տոնական օրերին՝ անվտանգության նկատառումներից ելնելով, նա համոզված է, որ դրանք շարունակական են լինելու:

«Ես երկուշաբթի կհանդիպեմ ոստիկանության ներկայացուցիչների հետ և նոր կհայտնեմ իմ վերջնական կարծիքը: Կփորձեմ այս ամենի մասին խոսել, որովհետև արդեն մեկ ու կես տարի համագործակցում ենք, բայց ապարդյուն, քանի որ մեջտեղում կա հիսուն տոկոս փայատեր, որը մեզ ամեն ինչով խանգարում է գործակցել ոստիկանության հետ»,-ասել է նա:

20