Озеро Севан

Նախարար. մինչև տարեվերջ Սևանա լիճ բաց կթողնվի իշխանի 600 հազար մանրաձուկ

1198
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը տեղեկացրել է, որ Սևանա լճի ձկան պաշարների վերականգնման ծրագրի իրականացման արդյունքները տեսանելի կլինեն մեկ-երկու տարի հետո:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի– Sputnik. Մինչև տարեվերջ Սևանա լիճ բաց կթողնվի իշխանի մոտ 600 հազար մանրաձուկ, հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը։

Ինչպես հաղորդում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը, նախօրեին Սևանա լճի Վարդենիսի տարածաշրջանի Կարճաղբյուր գետի գետաբերանում բաց է թողնվել իշխանի 200.000 մանրաձուկ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից մանրաձկան անհատույց տրամադրման գործընթացի շրջանակում:

«Չենք կարող ասել, որ այս քանակությամբ մանրաձուկ բաց թողնելով ամբողջովին խնդիրը լուծում ենք, սակայն հետևողականորեն գնում ենք այդ ուղղությամբ», – նախարարության մամուլի ծառայությունը մեջբերում է Գրիգորյանի խոսքերը։

Նախարարը տեղեկացրել է, որ նախատեսվում է նոյեմբերին ևս 370.000 մանրաձուկ բաց թողնել Սևանա լիճ, իսկ ծրագրի իրականացման արդյունքները տեսանելի կլինեն մեկ-երկու տարի հետո:

Նախարարը նաև կարևորել է տարածքի ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումը` ձկան ձվադրման շրջանում որսագողության դեպքերը բացառելու համար։

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ Լիճը տարածաշրջանում խմելու ջրի գլխավոր ռեսուրսն է։ 2030 թ.–ին լճի մակարդակը կբարձրացվի մինչև 1903,5 մ–ի։

1198