Летние путевые работы на Московской железной дороге

Բարձրացել է ՀԿԵ-ի 1645 աշխատողների աշխատավարձը

10
Հուլիսի 1-ից բարձրացել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ 1645 աշխատողների պաշտոնական դրույքաչափերը և ժամային վարձավճարները

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի–Sputnik Հուլիսի 1-ից բարձրացել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի  1645 աշխատողների պաշտոնական դրույքաչափերը և ժամային վարձավճարները, հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունից։

«Հուլիսի 1-ից բարձրացվել են աշխատողների 25 խմբերի, այդ թվում, քարշային ենթակայանների հերթապահ էլեկտրամեխանիկների, ավագ հրաձիգների և հրաձիգների, պահակների, ծառայողական և հերթապահ ավտոմեքենաների վարորդների, կայարանների հերթապահների, ուղեկցորդների, բրիգադիրների, պաշտոնական դրույքաչափերը»,–ասված է հաղորդագրությունում: 

Բարձրացվել են մասնավորապես լոկոմոտիվներ և էլեկտրագնացքներ սպասարկող լոկոմոտիվային բրիգադների բանվորների, շարժակազմի, գծի, արհեստական կառույցների և այլ տեխնիկական միջոցների շահագործումը, վերանորոգումը և սպասարկումն իրականացնող բանվորների ժամավճարները:

Հաղորդագրության համաձայն, միջինում բարձրացումը կկազմի 10 % և կտարածվի 1645 աշխատողների վրա: Մինչև տարեվերջ աշխատավարձերի բարձրացմանը կուղղվի մոտ 110,5 մլն. դրամ: Մայիսի արդյունքներով միջին ամսական աշխատավարձը ՀԿԵ-ում կազմել է 194,5 հազ. դրամ:

«Աշխատավարձերի բարձրացումն իրակացվում է աշխատանքային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, աշխատողների սոցիալական պաշտպանվածությանը և տարբեր մասնագետների պաշտոնական դրույքաչափերի հավասարակշռմանն ուղղված համակարգային ծրագրի շրջանակներում»,–ասված է հաղորդագրությունում:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

10