Омбудсмен Армении Карен Андреасян

ՀՀ օմբուդսմենը դատապարտել է քաղաքացիական հագուստով ոստիկանների գործողությունները

16
(Թարմացված է 20:40 02.07.2015)
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատրաստվում է հրապարակել հունիսի լույս 23–ի գիշերը ցույցի ցրման ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանների գործողությունների իր գնահատականը։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Քաղաքացիական հագուստով ոստիկանների գործողությունները Երևանում անցկացված ցույցերի ժամանակ անընդունելի են, հինգշաբթի լրագրողներին ասաց մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։

«Առանց համապատասխան հագուստի ոստիկանների գործողությունները նմանատիպ իրավիճակներում անընդունելի են։ Առանձին սուր իրավիճակներում ծառայողական հագուստի բացակայությամբ ուղեկցվող նմանատիպ դրվագները միանգամայն անընդունելի են»,– կարծում է հայ օմբուդսմենը։

Ըստ նրա, շուտով կհրապարակվի հունիսի 23–ի լույս գիշերը ցույցի ցրման ժամանակ ոստիկանների գործողություններին վերաբերող իր գնահատականը։

«Մենք կոչ ենք անում ոստիկաններին գործել հնարավորինս ուշադիր և զգույշ։ Քանի դեռ մենք սպառնալիքներ չենք տեսնում, իսկ դրա դրսևորման դեպքում իմ ներկայացուցիչները միանգամից հայտնվում են վայրում, որ տան մեր իրավական գնահատականը»,– նշեց Անդրեասյանը։
 
ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։

ՀԾԿՀ–ի նման որոշումը դժգոհության և վրդովմունքի ալիք բարձրացրեց բնակչության շրջանում։ Եվ արդեն հունիսի 19–ին «Ո′չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին Երևանի Ազատության հրապարակում եռօրյա նստացույցի անցկացման մասին` նախազգուշացնելով, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում հունիսի 22–ին նրանք կուղղվեն նախագահի նստավայր։ Հունիսի 23–ի վաղ առավոտյան ոստիկանները հատուկ տեխնիկայի օգնությամբ ցրեցին ցուցարարներին։ Տուժեց մոտ 25 մարդ:

Զանգվածային ակցիան վերսկսվեց նույն օրը երեկոյան։ Ցույցերը խաղաղ բնույթ էին կրում։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17–ի որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը և պատժել խաղաղ ակցիան ցրելու ժամանակ լիազորությունները չարաշահողներին։ Այս պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։

Հունիսի 27–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված ողջ բեռը մինչև ՀԷՑ–ի («ՒՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստ ընկերություն) աուդիտի արդյունքների ստանալը։ ՀԷՑ–ի աուդիտի անցկացման պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունիսի 26–ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ժամանակ։ –0–

16