Փաշինյանն ու Մակրոնը

Ֆրանսիական ռազմական օգնությունը Հայաստանին. ի՞նչ է թաքնված դրա հետևում

797
(Թարմացված է 23:59 09.02.2021)
Հայաստանի և Ֆրանսիայի ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը գոյություն ունի հիմնականում բանակցային գործընթացում, չունի պայմանագրային զարգացած բազա և հուսալիության երաշխիքներ։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական մեկնաբան

Ֆրանսիան, ինչպես ՆԱՏՕ-ի մյուս երկրները, ձգտում է ընդլայնել ռազմաքաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում, տեղ զբաղեցնել զենքի արտահանման ոլորտում և դուրս մղել Ռուսաստանին:

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի դեսպանության ռազմական կցորդ Դենի Փիթը: Տարածաշրջանային անվտանգությանն ու պաշտպանության ոլորտի համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել: Միաժամանակ դեսպան Լաքոտը նշել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և ռազմական գործողությունների դադարեցումից հետո իրավիճակը մշտապես եղել է Ֆրանսիայի ղեկավարության ուշադրության կենտրոնում, մտահոգությունների մասին բարձրաձայնվել է, և ջանքեր են գործադրվում իրավիճակի վերջնական կայունացման համար:

Դեսպանը փոխգործակցության մի շարք ծրագրեր է առաջարկել։ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ ամսվա ընթացքում համագործակցության խթանմանն ուղղված մի շարք միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Փարիզի ռազմական օգնությունը մինչև օրս Երևանում որպես ինչ-որ աբստրակցիա էր երևում։ Անցյալ տարվա աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ֆոնին Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին բանավոր բնույթ էր կրում (հենց դա էլ հաստատեց Լաքոտը փետրվարի 5-ին)։ Նույնիսկ բժշկական սարքավորումների և դեղորայքի մարդասիրական բեռով առաջին ինքնաթիռը Ֆրանսիայից Երևան ժամանեց միայն նոյեմբերի 27-ին՝ խաղաղության հասնելուց տասնվեց օր անց։ Տարածաշրջանում ռուսական ջանքերի համեմատ՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը օգնելու ֆրանսիական համալիր ծրագիրը խորհրդանշական է թվում։

Սիրիայից Կովկաս․ ի՞նչ են ցույց տվել ռուսական ուղղաթիռների փորձարկումները

Ուրեմն ինչո՞վ է պայմանավորված Ֆրանսիայի դեսպանի սրված և պատասխանատու ուշադրությունը Հայաստանի պաշտպանունակության խնդիրների նկատմամբ։ Ակնհայտ է, որ Փարիզին, Բրյուսելին և Վաշինգտոնին թվում է, թե Մոսկվան չափազանց շատ բան է իր վրա վերցրել ՆԱՏՕ-ի համար զգայուն Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտության կարգավորման գործում։ Օգտագործելով երկու ժողովուրդների վաղեմի բարեկամական կապերը (և Փարիզի ազդեցիկ հայկական սփյուռքը)՝ Ֆրանսիան ձգտում է իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը և «մի կողմ հրել» Ռուսաստանին։

Ի՞նչ կարող է առաջարկել Փարիզը

Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ զորախմբի կազմում ֆրանսիական զորքերի ներկայություն նախատեսված չէ 2020թ․-ի նոյեմբերի 11-ի եռակողմ խաղաղ համաձայնագրով։

Երևանի ու Փարիզի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության որոշ սահմանափակումներ պայմանավորված են ՀԱՊԿ-ի անդամակցությամբ, ՀՀ և ՌԴ զորքերի միացյալ խմբավորման ու միացյալ ՀՕՊ համակարգի առկայությամբ, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության բավական համեստ բյուջեով՝ 634 մլն դոլար: Ֆրանսիական սպառազինության ու ռազմական տեխնիկայի մատակարարումը թանկ է, արտոնյալ վարկերը Փարիզի կողմից` քիչ հավանական և պարտավորեցնող։

Ֆրանսիան ավանդաբար սպառազինություն արտահանողների առաջին հնգյակում է (համաշխարհային շուկայի մոտ 8 տոկոսը)։ Արտահանման կառուցվածքում գերակշռում են հրթիռային զենքը (23 տոկոս), ռադիոէլեկտրոնիկան (22 տոկոս) և ավիացիոն տեխնիկան (21 տոկոս): Ազգային ընկերությունները արտադրանքը մատակարարում են 130 երկրներ, հիմնականում՝ զարգացող։ Խոշորագույն ներմուծողներն են Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Կատարը։ Հարավային Կովկասն ավելի փոքր չափով է «գրավված»։ Ինչևէ։

Փարիզը 2015-2016 թթ․ Ադրբեջանին մատակարարել է 148 մլն եվրոյի սպառազինություն, և միայն 2019 թվականին տրամադրվել են ընդհանուր 216,4 մլն եվրոյի «արտոնագրեր», այդ թվում 190 մլն եվրո՝ «թիրախների ուղեկցման և հայտնաբերման միջոցների» համար: Բացի այդ, Ադրբեջանը կարող է ձեռք բերել BAE Systems-ի և Leonardo-ի արտադրանքը, ինչպես նաև Airbus-ի դուստր ընկերության MBDA հրթիռները:

ASTER-30-SAMP/T միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համալիրները, ինչպես նաև Vertical Launch-MICA պաշտպանական համակարգը կարծես թե «հարձակողական» զենք չեն համարվում։ Պայմանագիրը գնահատվում է մինչև 3 մլրդ եվրո։ Ֆրանսիական L'OBS պարբերականը նշում է, որ պաշտոնական Փարիզը բառացիորեն «ճղվում է» ազդեցիկ հայկական սփյուռքի և «ադրբեջանական նավթադոլարների հաստ պորտֆելի» միջև։

2018 թ․-ի գարնանը ֆրանսիական արտադրության ռազմական տեխնիկա է նկատվել նաև հարևան Վրաստանում։ ThalesRaytheonSystems ընկերության վերգետնյա տեղակայման ունիվերսալ բազմանպատակային ռադիոտեղորոշիչ ՀՕՊ միջոցների հավաքածուի և VL MICA տիպի զենիթահրթիռային համալիրների վրա Թբիլիսին ծախսել է 77,63 մլն եվրո: Ոչ հարուստ Վրաստանին գումարով օգնել են Միացյալ Նահանգներն ու Coface մասնավոր ապահովագրական ընկերությունը (Compagnie Francaise d’Assurance pour le Commerce Exterieur)։

Իհարկե, նման օգնությունը տոկոսների վերադարձ ու այլ հետևանքներ է ենթադրում. Վրաստանը պարտավորվել է իր ՀՕՊ-ն ինտեգրել ՆԱՏՕ-ի համակարգին։ Հաշվի առնելով Ռուսաստանի և Հարավային Կովկասի սահմանների մոտ դաշինքի աճող ռազմական ակտիվությունը՝ ֆրանսիական ՀՕՊ տեխնիկան դժվար թե ավելացնի վրաց ժողովրդի անվտանգությունը։ Ի դեպ, Թբիլիսին վաղուց է ընթանում Վաշինգտոնի և Բրյուսելի էքսպանսիվ արտաքին քաղաքականության հետքերով։

Օբյեկտիվ իրականություն

Երևանն ավելի քիչ է ենթարկվել Արևմուտքի ազդեցությանը, ուստի բոլորովին ապահովագրված չէ պատժամիջոցներից («դաստիարակչական» նպատակներով), որոնք կարող են խանգարել Փարիզի հետ որևէ զենքի պայմանագրի իրականացմանը։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ ֆրանսիացի գործընկերները «պատժեցին Ռուսաստանին» Ղրիմը վերադարձնելու համար, այսինքն՝ չկատարեցին ՌԴ ռազմածովային նավատորմի համար «Միստրալ» տիպի ունիվերսալ դեսանտային նավերի կառուցման միլիարդ դոլարանոց պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները։

Ռուսաստանի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարևը ռուս-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության անկայունությունը բացատրում է ԵՄ պատժամիջոցային քաղաքականությամբ և Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարության քաղաքական կամքի պակասով: Փաստորեն, մենք տեսնում ենք, թե ինչպես է Փարիզը լիովին ենթարկվում Վաշինգտոնի ռազմաքաղաքական շահերին։ Հայաստանը պատրա՞ստ է հեռանկարում Ֆրանսիային «վճարել» ռազմական շինարարության հարցերում կախվածությամբ, աշխարհաքաղաքական զիջումներով և ՆԱՏՕ-ին հնազանդվելով։

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Ֆրանսիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) նոյեմբերի վերջին միաձայն ընդունեց ԼՂՀ ճանաչման մասին բանաձևը (խորհրդատվական բնույթի): Սակայն փաստերը համառ բան են։ 2020թ. հոկտեմբերին Փարիզի իրական օգնությունը հայ ժողովրդի զինված պայքարին սահմանափակվեց Թուրքիայի դեսպանատան և Հաղթական կամարի մոտ հանրահավաքներով։ Ինչպես նաև դրամահավաքով, բայց փողն ինքն իրենով կռվել չի կարող։ Խաղաղության պայմաններում Ֆրանսիան առաջարկում է իր ռազմական օգնությունը (անհայտ ծավալի և որակի) Հայաստանում և Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայությունը (ազդեցությունը) թուլացնելու համար:

Մինչդեռ Հայաստանը միայն անցած երկու տարիների ընթացքում ստացել է ՌԴ-ից գնված (ռուսաստանյան ներքին գներով) 12 բազմանպատակային Սու-30ՍՄ կործանիչների առաջին խմբաքանակը (4++ սերնդի), «Տոր-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համալիրներ։ Սա՝ ի լրումն «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրների, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպեկ» ծանր հրանետային համակարգերի, «Սմերչ» ՀԿՌՀ-ների: ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի զարգացման համար 2020թ. հատկացվել է ավելի քան 18 մլն դոլար (այդ համակարգի մասնակից յոթ երկրների խմբում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը):

Ավելի վաղ Մոսկվան Երևանին ռուսական սպառազինության մի քանի արտոնյալ վարկ էր տրամադրել՝ ընդհանուր 300 միլիոն դոլարի չափով: Սպառազինության մի մասը Հայաստանին մատակարարվում է անհատույց՝ համատեղ պաշտպանական շինարարության շրջանակներում (օրինակ՝ Ս-300ՊՍ զենիթահրթիռային համալիրների երկու դիվիզիոնները)։ Ռուսաստանը մտադիր է շարունակել ամրապնդել Հայաստանի իրական պաշտպանունակությունը։
Հայաստանում և Հարավային Կովկասի այլ հանրապետություններում ՆԱՏՕ-ի երկրների ակտիվ «բարյացակամությունը» «հեռահավասար» գործընկերներին Վաշինգտոնի ուղեծիր ձգելու փորձեր են։ Պենտագոնին և դաշինքին հարմար տարածաշրջանային հարթակ է պետք «ուժի պրոյեկտման» համար` դեպի հարավ՝ Իրանի դեմ, դեպի հյուսիս՝ Ռուսաստանի։ Մյուս իմաստները երկրորդական են:

797
թեգերը:
Արցախ, Ռուսաստան, Ֆրանսիա, Հայաստան
Ըստ թեմայի
Ռուսաստանը զիջե՞լ է Թուրքիային. Մալաշենկոն` հրադադարը վերահսկող կենտրոնի մասին
Հայաստանը պետք է մտածի Ռուսաստանի հետ շատ ավելի խորը համագործակցության մասին. Քոչարյան
ԵՄ–ին չհաջողվեց Ռուսաստանի համար «հրապարակային ճիպոտահարություն» կազմակերպել. Զախարովա
Արխիվային լուսանկար

«Գլխի դատարկ տեղը դուխով գրածներ». Գագիկ Սողոմոնյան ֆեյքի գործով ԱԱԾ-ն 4 մարդ է ձերբակալել

273
(Թարմացված է 13:58 20.02.2021)
Հանցանք կատարելու կասկածանքով Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Արամ Սարգսյանը, Մհեր Ավագյանը բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ չորս անձ է ձերբակալվել «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան կեղծ էջը ստեղծելու, ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող, դրանք այլ կերպ արժեզրկող հրապարակումներ անելու համար, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը և ՀՀ զինված ուժերի մարտունակությունը կասկածի տակ դնող, ՀՀ վարչապետին և մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղղված մեղադրանքներ։

Ձերբակալվել են Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, նրանց ընկերներ Արամ Սարգսյանը և Մհեր Ավագյանը։

ԱԱԾ-ն գրում է, որ այս չորս անձինք «Gagik Soghomonyan» կեղծ անվան տակ արցախյան պատերազմը մեկնաբանելիս խախտել են «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հաստատելու մասին» N1586-Ն որոշման 9.1 կետի սահմանափակումները՝ վնաս պատճառելով պատերազմական իրավիճակում գտնվող անձանց, հասարակության և պետության իրավունքներին ու օրինական շահերին:

Փաշինյանը հրահանգել է ամեն ինչ անել, որ մարզերում «հանգիստ նստեն տեղները». «Փաստ»

Բացի այդ, էջով նրանք կատարել են հանրային անկարգություններ հրահրելու, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ և բռնության կոչեր, ինչպես նաև հասարակության մի շերտի ազգային արժանապատվությունը նվաստացնող գնահատականներ և վիրավորանքներ, հանրության արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ, այն է՝ ՀՀ վարչապետի համակիրներին և ընտրություններին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին կողմ քվեարկած ՀՀ քաղաքացիներին անվանելով «հպարտ նախիր», «հայոց նախիր», «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր», «իրենց էշի կամ կենդանու տեղ դրածներ», «գլխի դատարկ տեղը դուխով գրածներ»։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Արամ Սարգսյանը, Մհեր Ավագյանը բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:

Sputnik Արմենիայի հետ զրույցում Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը ասաց, որ իր պաշտպանյալը այժմ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում։

«Համապատասխան բողոք է ներկայացվել, ժամը 14:00-ին դատարանը կայացնելու է որոշում», - ասաց Գալստյանը։

Նա նշեց, որ մյուս ձերբակալվածների պաշտպաններն էլ են բողոքարկել իրենց պաշտպանյալների ձերբակալումը։

Այդ ձևով ընդունվել չի կարող․ ՄԻՊ-ը՝ հայտնի նախագծի մասին

273
թեգերը:
Կարեն Բեքարյան, Արա Սաղաթելյան, ֆեյք, Ձերբակալություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Ո՞րն է «ֆեյքերի» դեմ պայքարի արդյունավետ ձևը. Մարտիրոսյանը` նոր նախագծի մասին
«Ֆեյքերի ֆաբրիկաների» գործունեությունը կքրեականացվի. Ալեն Սիմոնյան
«Անհապաղ ներկայացրեք ապացույցներ». ԱՆ խոսնակը դիմել է ֆեյք լուրեր տարածողներին
Արխիվային լուսանկար

Արտաքին աշխարհի շահը, կամ ինչո՞ւ է Հայաստանում ուշանում իշխանափոխությունը

511
(Թարմացված է 21:38 17.02.2021)
Վարչապետ Փաշինյանը նոյեմբերյան պարտությունից հետո կարողացավ ուշքի գալ։ Որոշ կադրային փոփոխությունների միջոցով նա կարողացավ պահպանել նաև իրեն հավատարիմ կառավարությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik, ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնով

Փետրվարյան աշխուժություն

Երևանում բողոքի նոր ակցիաներ են ազդարարվել։ Ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է, որ փետրվարի վերջին շաբաթ օրը կանցկացնի 2021թ․-ի առաջին զանգվածային հանրահավաքը։ Ակցիայի նախապատրաստումը տեղի է ունենում հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հրապարակային ակտիվացման ֆոնին։ Թեև այնքան էլ ճիշտ չի լինի խոսել այն մասին, որ նրանք ինչ-որ պահի ամբողջությամբ դուրս են եկել խաղից։

Քոչարյանն ինքը Sputnik Արմենիային տված ծավալուն հարցազրույցում այդքան կտրուկ չէր խոսում իր վերադարձի վերաբերյալ ՝ ընդգծելով, որ «վերջին երկու-երեք տարին» ինքը կրկին մեծ քաղաքականության մեջ է։ Երկրորդ նախագահի քրեական հետապնդումը, որը, բացի իրավական կողմից, նաև ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, Քոչարյանին քաղաքական գործիչ էր դարձնում նույնիսկ այն դեպքում, եթե հանկարծ նա որոշեր լռության ուխտ անել և սկզբունքորեն հրաժարվել ցանկացած մեկնաբանությունից։

Մինչդեռ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին նույնպես նրա նախորդը քննադատական գնահատականներ էր տալիս Հայաստանի իշխանության աշխատանքներին և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին։

Իսկ եթե խոսենք Հայաստանի երրորդ նախագահի մասին, ապա նա նույնպես հայտարարություններ էր անում, նշանակալից հանդիպումներ էր անցկացնում դեռևս ներկայիս հասարակական աշխուժացումից առաջ։ Բայց այսօր, կարծես թե, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանից դժգոհողների համակարգման մակարդակն ու ինտենսիվությունն ավելի բարձր են, քան առաջ։

Ընդհանուր հարթակում փորձում են համախմբվել ոչ միայն պետության նախկին առաջնորդները, այլև Վազգեն Մանուկյանը՝ լեգենդար «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր հայրերից մեկը, հետխորհրդային Հայաստանի առաջին վարչապետը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։ Վերջինից, եթե դատենք 2018թ․-ի դեպքերով, Քոչարյանը տեսականորեն կարող է որոշակի պահանջներ ունենալ։ Բայց այսօր այդ բոլոր կերպարները պատրաստ են համախմբվել հանուն երկրում փոփոխությունների։

Արդյո՞ք դա նշանակում է, որ հեռանկարում ընդդիմությունը շանս ունի։ Արդյո՞ք մենք կարող ենք խոսել այն մասին, որ իշխանությունները շփոթված են։ Թե՞ նման գնահատականն ընդամենը Փաշինյանի հակառակորդներին երազանքն է։ Աս հարցերին պատասխանելու համար հարկ է վերադառնալ 2020թ․-ի նոյեմբերի իրադարձություններին։ Դրանք, առանց չափազանցնելու, կարելի է դիտարկել որպես ներկայիս ներքաղաքական ճգնաժամի ելակետ։

Ղարաբաղյան օպտիկայի տարբերությունը

Հայաստանի վարչապետի համաձայնությունը հրադադարին՝ Լեռնային Ղարաբաղում տարածքային զգալի զիջումների գնով, շատերի կողմից ընկալվեց որպես դավաճանություն։ Երևանցի լրագրող Հայկ Խալաթյանը ստեղծված իրավիճակը բնութագրելու համար օգտագործեց «Հայկական Բրեստ-Լիտովսկ» փոխաբերությունը՝ նկատի ունենալով 1918 թվականին Ռուսաստանի բոլշևիկյան կառավարության և Գերմանիայի միջև կնքված կապիտուլյացիոն խաղաղ պայմանագիրը։

Մինչդեռ Ղարաբաղի ներկայիս հրադադարը նաև մեկ այլ պատմական զուգահեռ ունի, արդեն սեփական ազգային պատմությունից՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի Առաջին Հանրապետության և Քեմալական Թուրքիայի միջև, 1920թ․-ի դեկտեմբերի 2-ին, որը հանգեցրեց Հայաստանի նշանակալից տարածքային «նեղացմանը»։ Հարյուր տարի անց տեղի ունեցավ նույնքան մասշտաբային վերադասավորություն։

Լեռնային Ղարաբաղի նախագիծը նշանակալի չափով ինստիտուցիանալացրեց հետխորհրդային հայկական պետությունը։ Բայց այստեղ պետք է սկզբունքային կարևորության վերապահում անել։ Այդ հակամարտությունը տարբեր կերպ է ընկալվել Հայաստանի ներսում և դրա սահմաններից դուրս։ Եթե հայ քաղաքական գործչի, փորձագետի և անգամ բնակչի համար Հայաստանը, ԼՂՀ-ն և նախկին ԼՂԻՄ-ի շուրջ զբաղեցված 7 շրջանները ներկայանում էին որպես անվտանգության միասնական համալիր, ապա Ռուսաստանում, ինչպես նաև Արևմուտքի՝ էթնոքաղաքական հակամարտության կարգավորման մեջ ներգրավված երկրներում, դրանք երեք տարբեր սուբստանցիաներ էին, որոնք պահանջում էին տարբեր քաղաքական-դիվանագիտական գործիքներ։

Սա հասկանալու դեպքում շատ ավելի հեշտ է բացատրել, թե ինչու է Մոսկվան 2020թ․-ի նոյեմբերից հետո խոսում Ղարաբաղի վերջնական չորոշված կարգավիճակի մասին, բայց միաժամանակ դրանից առաջ բազմիցս հայտարարել էր հայկական կողմից զիջումների անհրաժեշտությունից (խոսքը նախկին ԼՂԻՄ-ի շուրջ 7 շրջանների մասին է)։ Նաև ավելի պարզ է դառնում ռուս խաղաղապահների հայտնվելը Ղարաբաղում, ինչը դե ֆակտո կանխեց 1995թ․-ի «սերբա-ուկրաինական» սցենարի կրկնությունը։

2020-ի արդյունքները․ ինչպես Ղարաբաղը Կովկասը վերադարձրեց լրահոսի առաջին հորիզոնական

Հայաստանում, սակայն, միանգամայն այլ դիտանկյուն է։ Այդ պատճառով էր 2020թ․-ի նոյեմբերին այդ երկրի կառավարությունը բախվեց բողոքի զանգվածային ցույցերի։ Եթե չլիներ ղարաբաղյան ամպրոպը, ամենայն հավանականությամբ նման սցենարը լուրջ շանսեր չէր ունենա պարզապես այն պատճառով, որ իր իշխանության երկուսուկես տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը հիմնավորապես մաքրել էր քաղաքական դաշտը։ Նրա մի շարք ընդդիմախոսների դեմ քրեական գործեր են բացվել, իսկ իշխանության բոլոր ճյուղերը, ինչպես նաև ԼՂՀ ղեկավարությունը քայլ առ քայլ անցան վարչապետի և նրա կողմնակիցների վերահսկողության տակ։ Բայց Ղարաբաղում ռազմական պարտությունը (և անգամ ոչ այնքան բուն պարտությունը, որքան հրադադարի պայմանները) վճռեցին նոր օրակարգը։

Անցյալի և ապագայի միջև

Սակայն այդ ժամանակից արդեն երեք ամիս է անցել։ Իսկ իշխանությանը հաջողվել է տեղում մնալ, չնայած բուռն կանխատեսումներին այն մասին, որ ղարաբաղյան ուղղությամբ «հանձնվելուց» հետո Փաշինյանն իր աթոռին նույնիսկ մի քանի օր չի մնա։ Ուրեմն, ի՞նչ տեղի ունեցավ, որ դա չհանգեցրեց իշխանության անհապաղ փոփոխությանը։

Նախևառաջ, վաչապետին հաջողվեց պահպանել մեծամասնությունը Ազգային ժողովում, չնայած Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման փաստաթղթի ստորագրումից հետո եղան դեպքեր, երբ իշխանական դաշինքի անդամ պատգամավորները վայր դրեցին մանդատները։ Միաժամանակ վարչապետն ինքը, նոյեմբերյան պարտությունից հետո որոշակի ցնցում ապրելուց հետո, կարողացավ ուշքի գալ։ Եվ անգամ դադարեց գործել բացառապես արձագանքման շրջանակներում։ Որոշ կադրային փոփոխությունների միջոցով նա կարողացավ պահպանել իրեն հավատարիմ կառավարությունը։

Այնուհետև, ամանորյա տոների նախօրեին՝ 2020թ․-ի դեկտեմբերի 25-ին, Փաշինյանը հայտարարեց, որ «կառչած չէ վարչապետական աթոռից», բայց և «չի կարող անփութորեն վերաբերվել կառավարությանը, վարչապետի պաշտոնին, որն իրեն տվել է ժողովուրդը»։ Նա նաև նշեց «բոլոր հարցերի պատասխանը ստանալու միակ միջոցը»․ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս տարբերակն էր բարձրաձայնում նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Թվում էր՝ կարող է հիմք հայտնվել արտահերթ ընտրարշավի համար։ Հասկանալի է, որ իշխանություններին այդ միտքը չէր հիացնում, նրանք դրան ավելի շուտ հարկադրված էին արձագանքում։ Բայց պարզվեց, որ ընդդիմությունը ևս (ինչպես ներխորհրդարանական, այնպես էլ ԱԺ-ում մանդատ չունեցող) պատրաստ չէ ներքաշվել նախընտրական մրցավազքի մեջ։

Ընդդիմադիրներն իրավիճակը հետևյալ կերպ են տեսնում․ Փաշինյանի հրաժարականը, ժամանակավոր կառավարության ձևավորում և միայն որպես երրորդ փուլ՝ ընտրություններ։ Իշխանության ընդդիմախոսները պատճառաբանություններ ունեն։ Չէ՞ որ եթե ընտրությունները գործող իշխանությունն անցկացնի, այն անխուսափելիորեն առավելություն կստանա. վարչական ռեսուրսը ոչ ոք չի չեղարկել։ Բայց արդյունքում երկու մինուսը մեկ պլյուս տվեցին։ Եվ այն կառավարության և անձամբ Փաշինյանի օգտին ստացվեց։

Ներկայիս իշխող կոնֆիգուրացիայում ոչ ոք արտահերթ ընտրություններ չէր ուզում (թեև վարչապետն առաջարկում էր առարկայական քննարկում անցկացնել այդ հարցի շուրջ)։ Արդյունքում՝ դրանք չեն լինի։ Փետրվարի 7-ին իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում հանդիպում անցկացրեց վարչապետի հետ։ Բանակցությունների հիմնական եզրակացությունը` արտահերթ ընտրությունները հանրության շրջանում պահանջարկ չունեն։

Ընդդիմությունը դրա հետ ոչինչ անել չի կարող։ Հակառակը, այն փորձում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել։ Վազգեն Մանուկյանի ընդդիմադիր արշավն առաջին պլան բերելը, ինչպես երևում է, չտվեց այն արդյունքը, որի հույսն ունեին Փաշինյանի քննադատները։ Ինչպես այս հոդվածի հեղինակին ասաց մի հայտնի երևանցի լրագրող՝ «եթե նախկին վարչապետը նույնիսկ քաղաքական ծանր քաշային է, միևնույնն է` նախկին է»։

Ամեն թփի տակ խաղաղապահ չկա. որքանո՞վ էր լուրջ դեկտեմբերյան սրացումն Արցախում

Շատ երիտասարդ հայերի համար «Ղարաբաղ» կոմիտեն և 1988թ․-ի իրադարձություններն այլևս հաջողության և առաջընթացի հոմանիշ չեն։ Բացի այդ, հարկավոր են թե՛ նոր դեմքեր, թե՛ նոր գաղափարներ։ Առավել ևս, որ հայ հանրության մեջ կա այն գիտակցումը, որ չնայած Փաշինյանի և գործող կառավարության բոլոր բացթողումներին ու սխալներին, անցյալի լեգենդները (առանց որևէ հեգնանքի) ներկայիս աշխարհաքաղաքական ստատուս քվոն կոտրելու ռեսուրս չունեն։ Ինչպիսի բրեստ-լիտովսկյան կամ ալեքսանդրոպոլյան համ էլ որ այն ունենա։

Այսօրվա դրությամբ Հայաստանում արտահերթ ընտրությունների հարցում շահագրգռված չեն նաև արտաքին աշխարհում։

Այսպես, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ արտահայտվել է այն մասին, որ Փաշինյանի պոպուլիստական քննադատությունը «հայրենասիրական դիրքերից» չի օգնելու ո՛չ ղարաբաղյան կարգավորմանը, ո՛չ Կովկասի ընդհանուր իրավիճակին, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ վարչապետը ուշքի է եկել ներքաղաքական ցնցումների առաջին շոկից։ Նրա կարգավիճակը չի կարելի հաստատուն համարել, իսկ առջևում հարյուրավոր հարցեր են` սկսած Ադրբեջանի հետ սահմանազատմամբ և վերջացրած սանիտարա-համաճարակաբանական իրավիճակով, տնտեսությամբ և անգամ ռազմական դրության ռեժիմով, որը չի չեղարկվել՝ չնայած հրադադարին։

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. քննարկվել է գերիների հարցը

Սակայն ներքաղաքական ռազմաճակատում նա առայժմ հաղթում է հակառակորդներին։ Հայաստանում մի քանի ամիս տևած բողոքների ակտիվությունը ցույց տվեց, որ գործող վարչապետի իրական այլընտրանքի դեֆիցիտ կա։ Եվ ռազմական դրությունն էլ նոկաուտի էֆեկտ չունի։

Վարչապետին քննադատողները պետք է հասկանան․ միայն անցյալին հղումներ անելով` ապագան անհնար է շահել։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ։

511
թեգերը:
Իշխանություն, քաղաքականություն, Սերգեյ Մարկեդոնով, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Իրավիճակը Ղարաբաղում փխրուն է․ Մարկեդոնովը՝ եռակողմ պայմանավորվածությունների մասին
Մոսկվայի համար կարևոր է կողմերին իրական բանակցությունների վերադարձնելը․ Մարկեդոնով
Ռուս-հայկական հարաբերությունները երկու-երեք անձանց շրջանակից դուրս են. Մարկեդոնով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով։

Ղարաբաղի վերաբերյալ բոլոր պայմանավորվածություններն առայժմ իրագործվում են. Կրեմլ

0
(Թարմացված է 14:15 26.02.2021)
Պեսկովը պատասխանել է հարցին՝ արդյոք Երևանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են ազդել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Կրեմլում առայժմ վտանգ չեն տեսնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման եռակողմ պայմանավորվածության կատարման ընթացքի համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, ամեն ինչ առայժմ իրագործվում է»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Երևանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են ազդել ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման վրա։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

0
թեգերը:
Դմիտրի Պեսկով, Եռակողմ հայտարարություն, Արցախ