«Բայրաքթար»

Որտեղի՞ց է առաջացել Ղարաբաղում թուրքական ԱԹՍ-ների արդյունավետության մասին միֆը

1590
(Թարմացված է 23:54 28.11.2020)
Պարզեցված մոտեցումը բացատրվում է փորձագետների վերացական ռազմատեխնիկական գիտելիքներով, ինչպես նաև հայկական մարտական տեխնիկայի ու անձնակազմի խոցման վառ օրինակներով: Սակայն իրականությունը միշտ ավելի բարդ է, քան դրա մասին մեր պատկերացումները։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

XXI դարում մարտական գործողությունները չեն կարող «էժան ու ջղային» լինել, և, այդուհանդերձ, առանձին տեխնոլոգիական նորույթները` հարվածային ԱԹՍ-ների տեսքով, հաղթանակ չեն խոստանում։ Որոշիչ դերակատարություն ունի պետության ռազմական կազմակերպման ամբողջ համակարգը, այդ թվում` պաշտպանական արդյունաբերության ներուժը, զինանոցն ու լոգիստիկ հնարավորությունները։ Ղարաբաղյան հակամարտությունը նախևառաջ ցուցադրեց ոչ թե թուրքական «Bayraktar TB2»-ի առավելությունը երկնքում, այլ հայկական կողմի սեփական ուժերի գերագնահատումն ու պաշտպանության վատ կազմակերպումը ցամաքում։

Հրադադարից հետո մեդիատիրույթում հայտնվեցին գնահատական տվող բազմաթիվ հրապարակումներ, որոնց բովանդակությունը կարելի է ներկայացնել երկու պարզ պնդումով.

– Ադրբեջանը հաղթեց, քանի որ թուրքական ԱԹՍ-ներ ուներ, իսկ Հայաստանը չուներ,

– ռուսական «ծանր» ՀՕՊ համակարգերն անօգուտ են ժամանակակից «դրոնների պատերազմում»։

Պարզեցված մոտեցումը բացատրվում է փորձագետների վերացական ռազմատեխնիկական գիտելիքներով, ինչպես նաև հայկական մարտական տեխնիկայի ու անձնակազմի խոցման վառ օրինակներով: Սակայն իրականությունը միշտ ավելի բարդ է, քան դրա մասին մեր պատկերացումները։

Հրաշքներ չեն լինում, ցանկացած ֆիլմ նկարահանվում է ռեժիսորի մտահաղացմամբ։ Ղարաբաղում թուրքական «Bayraktar»-ների ու ադրբեջանական այլ տեսակի ԱԹՍ-ների միջոցով նկարահանված նյութերն ի սկզբանե ծառայեցին հակառակորդի մարտական ոգին վնասելուն ու զենքի համաշխարհային շուկայում թուրքական անօդաչուներն առաջ մղելուն։ Միաժամանակ կադրից դուրս մնացին «դատարկ չվերթերն» ու վրիպումները, հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ու ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներով խոցված տասնյակ դրոնները։

Մարտի դաշտում կենդանի ուժի ու տեխնիկայի ոչնչացման հիմնական գործիքները շարունակում են մնալ հրետանային սարքերն ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը (ՀԿՌՀ), որոնք կարող են հետևողականորեն «վարել» հակառակորդի առջևում ու թիկունքում գտնվող հեկտարները։ Զորքերում փողային ու ռեակտիվ հրետանու թիվն ավելի շատ է, քան անօդաչուներինը։ Հրետանու մարտական հզորությունը նույնպես անհամեմատ մեծ է։

Օրինակ՝ մեկ միլիոն դոլար արժեցող «Bayraktar»-ը կարող է ընդամենը 150 կգ զինամթերք բարձրացնել ու տեղ հասցնել, իսկ բյուջետային ՀԿՌՀ-ն՝ տոննաներ։ Այսպիսով՝ հրետանին զգալիորեն նվազեցնում է թիրախների վերացման «ինքնարժեքը»։ Ռազմական բյուջեի չափը երաշխավորված հաղթանակի հետ կապ չունի։ Օրինակ՝ Պենտագոնը տարիներ շարունակ գերակայություն ուներ Աֆղանստանի երկնքում, բայց չկարողացավ թալիբներին հաղթել ցամաքում։

Անփույթ ինքնավստահություն

Ճիշտ կազմակերպված, էշելոնացված ՀՕՊ համակարգը կարող է հակառակորդի ԱԹՍ-ների ցանկացած «փունջ» չեզոքացնել, իսկ ռադիոէլեկտրոնային հետախուզության միջոցները հաշված վայրկյանների ընթացքում տալիս են մարտական կառավարման կետերի կոորդինատները (կրակային խոցման համար)։ Մինչդեռ Ղարաբաղում տեղակայված հայկական զորքերի միայնակ ՀՕՊ միջոցները պատշաճ քողարկում չէին ապահովում ոչ միայն «հնացած» բնութագրերի պատճառով։ Ազդեցություն ունեցավ նաև ծառայության կազմակերպման մակարդակը, համակարգի բացակայությունը։ Նշենք՝ «Ստրելա-10»–ը և «Օսա-ԱԿՄ»-ն 1960-ակաների ԶՀՀ-ներ են, երբեմն դրանք ութ կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Բայրաքթարներին» չէին հասնում։ Իսկ «Տոր-Մ2ԿՄ»–ն (մոտ հեռահարության) ու «Բուկ-Մ2Է»–ն (միջին հեռահարության) պաշտպանում էին բացառապես Երևանն ու Մեծամորի ատոմակայանը։

Եվս մեկ խնդիր էր տեղանքում քողարկման միջոցների հանդեպ անփույթ վերաբերմունքը, որոշ ռազմական օբյեկտներ ասես բղավում էին. «Սպանիր ինձ» (1 շտաբային վրանին հասցված հարվածը կարող է անկառավարելի դարձնել մի քանի ստորաբաժանում)։

Մյուս կողմից էլ, երբ թուրքական ԱԹՍ-ները սկսեցին Ղարաբաղի տարածքից «պատահաբար» անցնել Հայաստանի Հանրապետության սահմանային տարածք, այնտեղ ճիշտ կազմակերպված ՀՕՊ–ն ու ՌԷՊ-ը առանց խնդիրների խոցեցին ԱԹՍ-ները։ Շուտով դրոնները դադարեցին թռչել (հնարավոր է՝ կառավարման կետերն էլ տուժեցին)։

1994 թվականի ռազմական հաղթանակը ձևավորեց և տարիների ընթացքում ամրապնդեց ղարաբաղյան ուղղությամբ հայկական զորքերի անպարտելիության միֆը։ Միայն դրանով կարելի է բացատրել Արաքս գետից մինչև Մռավի լեռնաշղթա 100 կմ երկարությամբ հատվածում լուրջ ինժեներական կառույցների բացակայությունը։ Վերևից բաց խրամատներն ու կրակային կետերը, առանձին բլինդաժները նախորդ դարի սկզբի ամրաշինության նմուշներ են։ Հայկական կողմը չի հոգացել նաև երկարաժամկետ կրակային կետերի (երկաթբետոնից) ու ստորգետնյա հաղորդակցման ցանցի մասին, թեև ժամանակը բավարար էր՝ ավելի քան 25 տարի։ Այդ ֆոնին 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Արցախը Հայաստան է» (ճիշտ է՝ չճանաչեց ԼՂՀ-ն), իսկ Դավիթ Տոնոյանը ձևակերպեց «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» հայեցակարգը։

Սեպտեմբերի 27-ի դրությամբ հայկական կողմի ռազմական ներուժը մի քանի անգամ զիջում էր ադրբեջանական կողմի հզորությանը, բայց միևնույնն է` հակառակորդները կենդանի ուժի ու տեխնիկայի հավասարազոր ահռելի կորուստներ ունեցան։ Հարավային ուղղությամբ ադրբեջանական ուժերը փուլերից մեկում տասնապատիկ գերազանցություն ապահովեցին, բայց մեկ ամսվա մեջ ընդամենը 30-40 կիլոմետր առաջ անցան։ Բաքվի բլիցկրիգը չհաջողվեց։ Պետք է արժանին մատուցել հայ զինծառայողների և կամավորների տոկունությանն ու անձնական արիությանը․ նրանք ստիպված էին գործել ի հեճուկս հանգամանքների, մարտական կառավարման կենտրոնացված համակարգից դուրս, առանց օդային քողարկման։

Սիրիական ու լիբիական փորձը

Վերադառնալով ռուսական ՀՕՊ համակարգերի ու թուրքական ԱԹՍ-ների մրցման թեմային՝ կարելի է հիշել Սիրիայի ու Լիբիայի օդային տարածքում տեղի ունեցած «դրոնաթափը», որն իրական դարձավ «Տոր-Մ2ԿՄ», «Բուկ-Մ2Է» ու «Սոսնա» զենիթահրթիռային համակարգերի պրոֆեսիոնալ կիրառման շնորհիվ։ Նույնքան արդյունավետություն ունեցան «Պանցիր-Ս1» ԶՀՀ-ները։ Եթե այդ համալիրները ժամանակին լինեին Ղարաբաղում, թուրքական «Բայրաքթարներին» ոչ մի շանս չէին տա։ Ինքներդ դատեք։

«Տոր-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համալիրը զինված է ութ հրթիռով` մինչև 15 կմ հեռահարությամբ և 10 կմ որսալու բարձրությամբ, միաժամանակ հայտնաբերում է 48 թիրախ։

«Բուկ-Մ2Է» զենիթահրթիռային համալիրի առավելագույն հեռավորությունը 45 կմ է։ Այն որսում է թիրախը 15 մետրից մինչև 25 կիլոմետր բարձրության վրա։ Կարող է խոցել աերոդինամիկ թիրախներ, որոնք մինչև 2,5 Մախ արագություն ունեն, ու բալիստիկ թիրախներ, որոնք մինչև 4 Մախ արագություն ունեն։ Միաժամանակ կարող է մինչ 24 թիրախ խոցել։

«Սոսնա» զենիթահրռիթային համալիրը մինչև 12 կիլոմետրի վրա տեսնում է թևավոր հրթիռներն ու ԱԹՍ-ները։ Երաշխավորված խոցման հեռավորությունը 1,3–10 կմ է, բարձրությունը՝ երկու մետրից հինգ կիլոմետր։ Օրվա ցանկացած ժամին ու եղանակային ցանկացած պայմաններում կարող է աշխատել ավտոմատ ռեժիմով` առանց անձնակազմի մասնակցության։ Կարող է խոցել նաև ցամաքային օբյեկտներ, այդ թվում՝ տանկեր, որոնք հայտնաբերում է մինչև ութ կիլոմետր հեռավորության վրա։

Խաղաղապահ գործողության շրջանակում Ռուսաստանը նորագույն «Լեեր-3» ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրներ է տեղափոխել Ղարաբաղ։ Հիմնական խնդիրներն են` GSM ստանդարտի բջջային կապի ազդանշանների լռեցում, 3G ու 4G ցանցերի ճնշում։ Համալիրը կազմված է ԿաՄԱԶ մեքենայից և «Օրլան-10» երեք ԱԹՍ-ից, որոնց կիրառման շառավիղը 120 կմ է (մինչև 5 կիլոմետր բարձրության վրա օդում գտնվելու ժամանակը` մինչև 10 ժամ)։ ԱԹՍ-ն կարող է նաև հեռախոսներ և պլանշետներ հայտնաբերել, հետախուզություն իրականացնել, տվյալները տեղափոխել թվային քարտեզի վրա ու փոխանցել հրետանային հաշվարկներին՝ կրակային դիպուկ հարված հասցնելու համար։

Ղարաբաղյան հակամարտությունը կրկին սառեցված է, ոչ թե լուծված, և հետախուզության ժամանակակից միջոցներն ու ՀՕՊ համակարգերն ամենևին էլ չեն կորցրել իրենց նշանակությունը։

1590
թեգերը:
Ռուսաստան, «Բայրաքթար» ԱԹՍ, Լեռնային Ղարաբաղ
Ըստ թեմայի
ՌԴ ռազմատիեզերական ուժերը 2021-ին մեծ հեռահարության հարվածային դրոններ կթողարկեն
Բալթիկ-սևծովյան թիրախը․ «Պրոմեթեյը» խոցում է 550 կմ հեռավորության թիրախները
Ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում ռուսական Սու-57-ի «բարելավումը»
Ռեջեփ Թայիփ Էրդողան. արխիվային լուսանկար

Ինչպես կարող են Երևանն ու Մոսկվան դիմակայել թուրքական էքսպանսիային. փորձագետների կարծիքներ

646
(Թարմացված է 22:57 15.01.2021)
Ադրբեջանում Թուրքիայի աճող ռազմական ներկայության ֆոնին Հայաստանին ապագա սպառնալիքների չեզոքացման մեխանիզմներ են անհրաժեշտ։ Անկարա–Բաքու տանդեմի հետ մրցելը մեր հանրապետության ուժերից վեր է, բայց ելք, այնուամենայնիվ, կա։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Անկարայի ու Բաքվի ահագնացող ռազմական համագործակցությունը հասկանալի պատճառներով բավական լուրջ մտահոգություն է առաջացնում հայկական կողմի մոտ։ Արցախյան մարտական գործողություններում մեծաթիվ թուրք զինվորականների մասնակցությունը, սպառազինության և ռազմատեխնիկայի ակտիվ մատակարարումները, իսկ այժմ էլ Ադրբեջանում ռազմաբազաներ կառուցելու` թուրքերի անթաքույց մտադրությունները փաստորեն թույլ են տալիս խոսել միասնական ռազմաքաղաքական միավորի ստեղծման մասին (ի դեմս թուրք–ադրբեջանական տանդեմի)։

Ակնհայտ է, որ փոքր Հայաստանն այդ սպառնալիքին հակազդել չի կարող, հատկապես հիմա` իր ռազմական ներուժի զգալի մասի կորստից հետո։ Ասել, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սպառազինության մրցավազքում մրցելը փոքր հանրապետության ուժերից վեր է, նշանակում է ոչինչ չասել։

Նման պայմաններում Երևանի համար հուսալի ռազմական «հովանու» առկայությունն առավել քան երբևէ արդիական է դառնում, ինչն էլ նոր կարևորություն է հաղորդում Ռուսաստանի հետ ռազմավարական միությանը։ Հասկանալի է, որ միայն սպառազինության, նույնիսկ ամենաժամանակակից սպառազինության մատակարարմամբ, խնդիրը լուծել հնարավոր չէ։ Իրավիճակը զենքից զատ բազմաթիվ խնդիրների լուծում է պահանջում։

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Վասիլի Կաշինի կարծիքով` հայ–ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակում նախևառաջ պետք է խոսել փոխգործակցության քաղաքական մեխանիզմների մասին։ Նա կարծում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմական և ռազմաքաղաքական ոլորտում տեղեկատվության ավելի ամբողջական փոխանակման կարիք ունեն։

«Պլանավորման միասնության և ծրագրերի և մտադրությունների թափանցիկության անհրաժեշտություն կա։ Անհրաժեշտ է նաև շարժվել անձնակազմի վերապատրաստման համակարգերի և նյութատեխնիկական աջակցության ինտեգրման ուղղությամբ, ինչպես նաև զորքերի օպերատիվ համատեղելիության բարձրացման ուղիներ մշակել», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կաշինը։

Կարևոր հարց է նաև այն, թե Հայաստանն ինքն ինչ է ցանկանում անել իր ԶՈւ–ի հետ, ինչպիսին է տեսնում այն, ինչ խնդիրներ դնում նրա առջև։ Եվ արդյո՞ք Հայաստանի ղեկավարության ներսում այդ հարցի վերաբերյալ միասնական կարծիք կա։ Մինչև այդ միասնականությունը չլինի, դժվար է որևէ տեղ շարժվել։

Անկախ Հայաստանի ԶՈւ–ն ստեղծողներից մեկը` գեներալ–լեյտենանտ Նորատ Տեր–Գրիգորյանցը, մեզ հետ զրույցում հիշեց, որ դեռևս 90-ականներին որոշ զինվորականներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում համատեղ զինված ուժեր ստեղծելու գաղափար էին հնչեցնում։

Նա պատմեց, որ երբ 1995 թվականին Հայաստանից Մոսկվա վերադարձավ, դրանից մի քանի ամիս անց նրան առաջարկեցին գեներալ Լև Ռոխլինի (որն այդ ժամանակ Պետդումայի պատգամավոր էր ընտրվել և գլխավորում էր պաշտպանության հանձնաժողովը) խորհրդականի պաշտոնը։ Ռոխլինը և այն ժամանակվա պաշտպանության նախարար Պավել Գրաչովը ի թիվս այլ հարցերի բարձրացնում էին նաև Հայաստանի, Բելառուսի և Ուկրաինայի հետ (այսինքն այն պետությունների, որոնց այն ժամանակ Մոսկվան լրջորեն դիտարկում էր որպես բուֆերային) համատեղ ուժերի ստեղծման հարցը։

«Մենք խոսում էինք այն մասին, որ պետք է զինված ուժերի միացյալ խմբավորում ստեղծել և ամուր զինել բուֆերային երկրները` Հայաստանը, Բելառուսը, այն ժամանակ այդ ռազմավարության մեջ ուզում էին ընդգրկել նաև Ուկրաինան։ Սակայն Հայաստանի որոշ ղեկավարների մոտ մեր առաջարկը պատշաճ արձագանք չստացավ։ Նրանք թերահավատորեն վերաբերվեցին դրան և խորտակեցին առաջարկը», – պատմեց Տեր–Գրիգորյանցը։

Ադրբեջանը ստացավ Արցախի մեծ մասը, բայց կորցրեց ինքնիշխանությունը. Կնյազև

Նրա խոսքով` դեռ այն ժամանակ Ռուսաստանի ղեկավարությունը հասկանում էր Թուրքիայից եկող սպառնալիքը։ Գեներալը կարծում է, որ կարելի էր Վարշավյան պայմանագրի երկրների միացյալ ԶՈւ–ի անալոգ ձևավորել։ Թեպետ ավելի քիչ երկրների մասնակցությամբ, բայց գրեթե նույն սկզբունքով։

Մինչդեռ Կաշինն այդ հարցի վերաբերյալ փոքր–ինչ այլ տեսակետ ունի։ Ըստ նրա` միասնական բանակի ստեղծումն անհնար է առանց միասնական արտաքին քաղաքականության ստեղծման։ Սակայն դա Հայաստանի միջազգային կարգավիճակի հարց է։

«Միասնական բանակն առանց միասնական արտաքին քաղաքականության` նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստանի որոշակի գործողություններ վերահսկելու հնարավորությունը չունենալով, այնուամենայնիվ պետք է մասնակցի զինված հակամարտությանը։ Մեկն առանց մյուսի չի լինում», – ասում է Կաշինը։

Եվ եթե նայենք նույն Եվրամիությանը, ապա սկզբում տեղի է ունենում միասնական քաղաքականության ձևավորում (Հայաստանի և Ռուսաստանի դեպքում դա առկա է ԵԱՏՄ–ի տեսքով), այնուհետև միայն միասնական արտաքին քաղաքականության։ ԵԱՏՄ–ում նման բան չկա, ԵՄ–ում այն սաղմնային տեսքով է, նշում է փորձագետը։ ԵՄ–ն ամենազարգացած ինտեգրման օրինակ է, իսկ միասնական բանակ ստեղծելու մասին խոսակցություններն այնտեղ ընթանում են տասնամյակներ շարունակ, սակայն գործնականում այդ ուղղությամբ ոչինչ չի արվել։ Հայաստանի և Ռուսաստանի միասնական արտաքին քաղաքականության ձևավորումը, Կաշինի տեսանկյունից, կնշանակի, որ Երևանն ի վիճակի չի լինի նույն Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններին առնչվող գրեթե ոչ մի ինքնուրույն որոշում կայացնել։ Փորձագետը համոզված չէ, որ հայ հասարակությանը դա դուր կգա, և այն որևէ աջակցություն կստանա։

Ինչպես խելքի բերել բանակն ու զինանոցը. սուղ միջոցներ, պահանջված զենք և չավարտված պատերազմ

646
թեգերը:
Նորատ Տեր–Գրիգորյանց, Թուրքիա, զորք, Մոսկվա, Երևան
Ըստ թեմայի
Հետպատերազմյան իրավիճակի «հմայքը». այս իշխանությունը կարո՞ղ է որակապես նոր բանակ ստեղծել
Փաշինյանի համար դժվար է, բայց ընդդիմության համար էլ հեշտ չէ․ քաղաքագետը գնահատել է ուժերը
Իսրայելի օրինակը մեզ համար չէ՞. արևելագետը` Սյունիքից տարածքներ հանձնելու մասին
Լաչինի միջանցք

Հարավային Կովկասն այսօր, կամ ինչպես արցախյան պատերազմի 44 օրերը շուռ տվեցին տարածաշրջանը

373
(Թարմացված է 21:32 13.01.2021)
Մոսկվան ապագան տեսնում է տարածաշրջանային ենթակառուցվածքների, լոգիստիկայի զարգացման, առկա սահմանների թափանցիկության մեջ և այլն։ Կաշխատի՞ արդյոք նման մոտեցումը` ցույց կտա ժամանակը։ Սակայն ակնհայտ է, որ Հարավային Կովկասում հանգույցն ամուր ձգված է։

Դեռ շատ դժվար է կանխատեսել, թե ամբողջ տարածաշրջանի համար ինչ հետևանքներ կարող են ունենալ արցախյան հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև սուր, կոշտ ռազմական բախումները։ Վերջերս արյունալի պատերազմի միջով անցած երկու երկրների միջև խաղաղ գոյակցության ուրվագծերը նույնիսկ տեսականորեն դեռ չեն երևում։ Մյուս կողմից, տարածաշրջանում խաղաղության պատասխանատվությունը (դե, իհարկե, նաև պարտավորությունը) ստանձնած Ռուսաստանը, թվում է` հարցի վերաբերյալ իր ուրույն մոտեցումները, ծրագրերն ու տեսլականն ունի։

Մոսկվայի տրամադրվածությունն ու մեր հասարակությունն միտումը

Ինչպես ցույց տվեց հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումը, տնտեսական համագործակցության մասին խոսելը դեռ վաղ է։ Բավական թարմ են վերքերը. չափից շատ է կորցրել Հայաստանը, քանի որ արցախյան հակամարտության զարգացման ամենաթեժ պահին հայտնվել է մի մարդու ղեկավարության տակ, որը, այսպես ասենք, այդքան էլ հեռատես, փորձառու և իմաստուն չէ։ Հայ հասարակության մեջ չափազանց զգացմունքային է գերիների, պատանդների և անհետ կորածների հարցը, որպեսզի հնարավոր լինի սթափ նայել ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային գլոբալ հեռանկարներին, ինչն իրականում պահանջում է այսօրվա իրողությունը։  Չափից շատ բան կախված է նրանից, թե բանակցային սեղանի շուրջ ինչի կհասնեն ԼՂ կարգավիճակը քննարկողները։

Հենց այդ է պատճառը, որ ապագայի ծրագրերի վերաբերյալ որևէ կոնկրետ բան ասել դեռ հնարավոր չէ։ Ակնհայտ է`որքան շուտ հայ հասարակությունը վերադառնա կյանքի բնականոն ռեժիմի, այդքան ստեղծված իրավիճակում երկրի համար նվազագույն կլինեն կորուստները։ Առաջնահերթ, գլխավոր խնդիրը բանակցային գործընթացի բոլոր մասնակիցների համար հենց հումանիտար խնդիրն է։

Ռուսաստանին այդ հարցը Հայաստանից և Ադրբեջանից պակաս չի վերաբերում։ Չէ՞ որ տարածաշրջանում որևէ իրական փոփոխություն, ինչպես նաև ողջ տարածաշրջանի խաղաղ համագոյակցությունն այսօր կախված են նրանից, թե ինչպես կզարգանան բանակցություններն Արցախյան կարգավիճակի և ռազմագերիների ու պատանդների վերադարձի վերաբերյալ։

Այսքանը տարածաշրջանային գործընթացի անմիջական մասնակիցների` Մոսկվայի, Երևանի և Բաքվի մասին։  Բայց չէ որ կան նաև այլ դերակատարներ, որոնք ողջ ընթացքում ուշադիր հետևում էին Արցախում իրավիճակի զարգացմանը։ Առաջին հերթին դա իհարկե Թուրքիան է, որի մասին խոսելիս ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ, որ ՆԱՏՕ–ի անդամ է։

«Ալիևը 2 կարևոր խնդիր է լուծելու». Վազգեն Մանուկյանը խոսել է Մոսկվայի հանդիպման մասին

Եվս մեկ երկիր, որն արյունալի ռազմական գործողությունների տարածքի անմիջական հարևանն է` Իրանը։ Բարդ աշխարհաքաղաքական և սոցիալ–տնտեսական իրավիճակը, որում վերջին տարիներին հայտնվել է այդ երկիրը, իսկզբանե ենթադրում էր, որ Արաքսի հետևում հանգիստ նստած մնալ նրան չի հաջողվի։ Առավել ևս չի հաջողվի դա անել այսօր, երբ տարածաշրջանում արմատական փոփոխություններ են սպասվում։

Թուրքիան ներխուժեց, բայց ինչ-որ բան այնպես չգնաց

Վրաստանի մասին հավանաբար ստիպված կլինենք խոսել այլ համատեքստում։ Այն այդքան էլ ուժեղ չէ, բացի այդ Թբիլիսիի ամբիցիաներն էլ քիչ են, քան Անկարայինն ու Թեհրանինը։ Վրացիները երազում են դառնալ ՆԱՏՕ–ի և Եվրամիության անդամ, որպեսզի Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերը տեղակայվեն իրենց տարածքում` երաշխիք հանդիսանալով, որ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքից իրենց վրա չեն հարձակվի «չար ռուսները»։

Բացի այդ նրանք երազում են, որ շուտ ավարտվի համավարակը և ամբողջ աշխարհից ավելի շատ զբոսաշրջիկներ գան։ Որ մեծ ներդրումների հոսք լինի Թուրքիայից և Ադրբեջանից, ինչպես նաև տարանցիկ բեռնափոխադրումների (ինչպես երկաթուղով` Փոթիի միջով, այնպես էլ մեքենայի ճանապարհով` Հայաստանից Վերին Լարսով) շատ պատվերներ ունենան։ Իսկ տարածաշրջանը Անկարայի ու Բաքվի կողմից  հյուսած «մեծ խաղի» մեջ Թբիլիսին մտնելու ցանկություն չունի։

Ինչպես տեսնում ենք, տարածաշրջանային խաղացողներից յուրաքանչյուրն իր ամբիցիաները, իր պահանջներն, իր ցանկություններն ու տեսլականն ունեն։ Ի դեպ, շուտով Բաքվում էլ կգիտակցեն, որ անցած պատերազմի արդյունքներն ամենևին էլ չեն տվել այն դիվիդենտները, որոնց հույսը նրանք ունեին` ծրագրելով բլիցկրիգ` ամբողջ Արցախը գրավելու համար։ Եվ որ մեծ հաշվով, Բաքուն իր ձեռքով կրակից շագանակ էր հանում մեկ այլ քեռու` Էրդողանի համար։

Բանն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց վաղուց են ներկայացնում որպես «մեկ ազգ` երկու պետություն», և Անկարային գերխնդիրներից մեկը` Հարավային Կովկաս մտնելը, իրականացվել է։ Վատ ձեռքբերում չէ` զուտ աշխարհաքաղաքական առումով, եթե հաշվի առնենք, որ մի ամբողջ դար Թուրքիան կտրված էր ամբողջ տարածաշրջանից  նույն Ռուսաստանի, ավելի ճիշտ` Խորհրդային Միության ջանքերով։

Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի դուռը. Դանիելյանը`ապաշրջափակման մասին

Մյուս կողմից` ամբողջովին իրեն (կամ իր «կրտսեր եղբորը») ենթարկել ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանը, չի հաջողվել. կրկին խանգարել է Ռուսաստանը, որն այստեղ իր շահերն ունի, որոնք ցանկացած դասավորվածության դեպքում Թուրքիայի շահերի հետ տրամագծորեն տարբեր են։ Բայց չէ՞ որ Հարավային Կովկասին Անկարայի կողմից ներքաշած նույն այդ «մեծ խաղի» կանոններով, մեծ փոփոխություններ են սպասվում, որոնք թուքերին բոլորովին ձեռնտու չեն։

Ամերիկյան ճնշում տարածաշրջանի և Հարավային Կովկասի երկրների նկատմամբ

Մեծ փոփոխություններն առաջին հերթին կախված են վաշինգտոնյան վարչակազմի փոփոխությունների հետ։ Այն հանգամանքի հետ, որ ԱՄՆ-ում իշխանության են գալիս գլոբալիստները, որոնք իրենց են ենթարկելու գաղափարախոսական բոլոր հակառակորդներին, անկախ այն փաստից, թե նրանք մոլորակի որ մասում են։ Ու այդ առումով որոշ դեպքերում Թուրքիայի բախտը կարող է չբերել։ Քանի որ Թրամփի օրոք նույնիսկ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման համար պատիժը՝ Թուրքիային F-35 – կործանիչների նախագծից հեռացնելը, ԱՄՆ գործող նախագահի կամքին հակառակ էր (կոնգրեսմեններն ու դեմոկրատ սենատորը ստիպեցին)։ Իսկ հիմա այդ նույն դեմոկրատներն իրենց թեկնածուին են իշխանության բերել։ Իսկ դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան իր գործընկերների խիստ ուշադրության ու ճնշման ներքո է լինելու։

Հետո էլ ամենևին չի բացառվում, որ Անկարան ստիպված կլինի պատասխան տալ իր «բարձր ղեկավարության» առջև անտաղանդ կերպով անցկացրած ղարաբաղյան գործողության համար։ Այն պետք է թուլացներ Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, իսկ արդյունքում հակառակը եղավ. այնքան ուժեղացրեց այդ ազդեցությունը, որ հիմա Արցախում ռուս խաղաղապահներ են տեղակայվել։ Նման իրավիճակը չի կարող դուր գալ Միացյալ Նահանգների ղեկավարությանը, որը շուտով (հունվարի 20-ից հետո) դեմոկրատներով է ներկայացված լինելու։ Այնպես որ հիմա արդեն կարելի է մեծ հավանականությամբ կանխատեսել, որ ԱՄՆ-ն  լուրջ ճնշում է գործադրելու ամբողջ տարածաշրջանի վրա։ Հաշվի առնելով Իրանի գործոնը՝ ճնշումն ամերիկացիների կողմից կարելի է համարել պարզապես փաստի արձանագրում, որից հնարավոր չէ խուսափել։

Իրականում հիմա, քանի դեռ Վաշինգտոնում անորոշություն է տիրում ու «վհուկների որս» է սկսվել ի դեմս Թրամփի կողմնակիցների, Թեհրանում փորձում են օգտվել իրավիճակից։ Նրանք ակտիվացել են և ուզում են իրենց համար շահավետ դիրքեր ստանալ ամերիկյան պատժամիջոցների մասով։ Սակայն նոր վարչակազմի օրոք ճնշումն Իրանի վրա ամենայն հավանականությամբ ոչ թե կթուլանա, այլ հակառակը՝ կուժեղանա։

Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր հանձնառությունը. Այվազյանի նամակը Գուտերեշին

Չէ՞ որ նույն Թեհրանը, հրապարակային գործելով, արդեն ցուցադրաբար խախտել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մի քանի կետեր։ ԱՄՆ-ն այս անգամ կարող է Իրանի վրա ճնշում գործադրել․ Պարսից ծոցում ավիակիրներ ու միջուկային սուզանավեր են կանգնած ու Հարավային Կովկասում՝ Ադրբեջանի տարածքում, Թուրքիայի զորքերն են հիմնավորվել։ Բայց դրա մասին հաջորդ անգամ...

373
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Ադրբեջան, Թուրքիա, ԱՄՆ, Ռուսաստան, Հայաստան, Արցախյան պատերազմ, Արցախ, Լեռնային Ղարաբաղ, Անդրկովկաս
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում խոսել է Արցախի կարգավիճակի մասին 
Արցախում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ՌԴ ՊՆ
Տարածաշրջանում եռակողմ համագործակցության դաշտ է բացվում` Հայաստան–Ռուսաստան–Արցախ
C-400 «Տրիումֆ

Ռուսական C-400-ը «գրավում է» չորրորդ երկիրը. իսկ հետո՞

191
(Թարմացված է 00:11 17.01.2021)

Ռուսական արտադրության C-400 զենիթահրթիռային համակարգերի խաղաղ էքսպանսիան Եվրասիայի նորանոր երկրներ է ընդգրկում։  Չինաստանից, Թուրքիայից, Հնդկաստանից հետո «Տրիումֆ»-ով վերազինման են պատրաստվում Բելառուսի Հանրապետության Ռազմաօդային ուժերն ու ՀՕՊ-ը։ C-400 համակարգերի ձեռքբերման գործընթացում են նաև Իրաքը, Քաթարը և Մարոկկոն (Աֆրիկյան մայրցամաքի հյուսիս-արևմուտք): Մոլորակում C-400 զենիթահրթիռային համակարգի հաջող տարածման հիմքը մոտ անալոգների բացակայությունն է, բացառիկ մարտական բնութագրերը։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Բելառուսի Հանրապետության զինված ուժերի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Իգոր Գոլուբը հունվարի 14-ին հայտարարել է C-400 «Տրիումֆ» նորագույն համակարգերով ՀՕՊ ստորաբաժանումների վերազինման մասին, որոնք հատուկ մշակված են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հինգերորդ սերնդի F-22 և F-35 կործանիչների մարտական հնարավորությունների հաշվառմամբ (ՆԱՏՕ-ն պլանավորում Է Եվրոպայում հարյուրավոր F-35-ներ տեղակայել):

Բացի այդ, զորքերում ընթանում են «Панцирь-С» զենիթահրթիռային-հրանոթային համալիրի յուրացման նախապայմանագրային աշխատանքները։ Կնքվել են Մի-35 բազմանպատակային հարվածային ուղղաթիռների և ռուսական արտադրության Սու-30ՍՄ կործանիչների երկրորդ խմբաքանակի մատակարարման պայմանագրեր: Բելառուսական զորքերը 2021 թվականին սպառազինության մեջ կներառեն  «Противник-Г» և «Восток» նոր ռադարները:

Ավելի վաղ երկրի օդային տարածքի պահպանության մարտական հերթապահության էր անցել (Բարանովիչի շրջանում) ռուսական արտադրության S-դիապազոնի նոր «Сопка-2» եռակոորդինատային ռադիոլոկացիոն համալիրը: Արևմուտքի պատժամիջոցներն ու տնտեսական դժվարությունները Ռուսաստանը բելառուսական բանակի համար դարձնում են սպառազինության միակ մատակարարը։

Բելառուսի Հանրապետության երկինքն անառիկ ամրություն է դառնում ցանկացած ագրեսորի համար։ ՌՕՈւ-ի և ՀՕՊ-ի զորքերը սովորում են մարտական խնդիրներ լուծել ամենաբարդ իրադրությունում՝ հաշվի առնելով հակառակորդի կողմից հրթիռային զենքի և անօդաչու թռչող սարքերի կիրառման սիրիական, լիբիական և ղարաբաղյան փորձը:

Լավատեսական դինամիկա

Ռուսաստանի հետ ակտիվ ռազմատեխնիկական համագործակցությունն ամրապնդում է աշխարհի հիսուն երկրների, այդ թվում՝ ԱՊՀ յոթ երկրների անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Արտերկրի մասնագետներն առավել արդյունավետ պաշտպանական գործիքներ են համարում ՌԴ արտադրության մարտական ինքնաթիռներն ու ՀՕՊ համակարգերը։

Չինաստանը դարձավ  С-400 «Триумф» զենիթահրթիռային համակարգերի առաջին արտասահմանյան պատվիրատուն։ С-400 ԶՀՀ-ների երկու գնդային փաթեթների մատակարարման ռուս-չինական պայմանագրի մասին հայտնի է դարձել 2014 թվականի նոյեմբերին: Մեկ փաթեթի կազմում են շարժական հրամանատարական կետը, արձակման կայանքների երկու դիվիզիոնը, ռադիոլոկացիոն կայանները և երկու տեսակի ավելի քան 120 նորագույն զենիթային կառավարվող հրթիռներ:

«Տրիումֆներից» առաջին հաջող կրակոցները չինացի մասնագետները կատարել են 2018 թվականի դեկտեմբերին, և մոտ 250 կմ հեռավորության վրա խոցել են 3000 մ/վ արագությամբ թռչող բալիստիկ թիրախը: С-400 համակարգերի երկրորդ գնդային կոմպլեկտը Չինաստանը ստացել է 2019 թվականի դեկտեմբերին։

Չինաստանում ռուսական «Տրիումֆների» հիմնական առավելություն են համարում մինչև 400 կիլոմետր գործողության հեռահարությունը (ինչը չի կարող աշխարհի ոչ մի «երկիր-օդ» հրթիռային համակարգ), հակառակորդի անօդաչու թռչող սարքերի ոչնչացման ունակությունը՝ մարտական գործողությունների ընթացքում թիրախավորումը  և մեծ հեռավորությունից լրտեսությունը կանխելու համար: C-400 համակարգերը թույլ են տալիս հուսալիորեն վերահսկել ծայրամասային և վիճելի շրջանները ՉԺՀ-ի շուրջ։

Ռուսաստանն ու Թուրքիան С-400 «Триумф» ԶՀՀ մատակարարումների մասին պայմանավորվել են 2017 թվականին, պայմանագրի գինը՝ 2,5 մլրդ դոլար: Դա լուրջ ճգնաժամ առաջացրեց թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Սպառնալով պատժամիջոցներ կիրառել, ինչպես նաև հանել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրից՝ Վաշինգտոնը պահանջում էր հրաժարվել գործարքից և ձեռք բերել բացառապես ամերիկյան Patriot համալիրները։ Անկարան չկատարեց ԱՄՆ-ի վերջնագրային պահանջները, և 2019 թվականի ամռանը ստացավ C-400 զենիթահրթիռային համակարգերի չորս դիվիզիոն (առաջին փաթեթ):

Թուրքիան մտադիր է ձեռք բերել երկրորդ փաթեթը և ձևավորել  ամենահուսալի և ժամանակակից համակարգը՝ երկրում կարևոր օբյեկտները պաշտպանելու համար: Անկարայի մոտ տեղակայված C-400 համակարգը փորձարկումների ընթացքում F-16 Fighting Falcon կործանիչ է հայտնաբերել ՌՏԿ-ի գործողության գոտու սահմանին՝ 600 կիլոմետր հեռավորության վրա:

Ինչպես զսպել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «ախորժակը»․ ՌԴ միջուկային ուժերի զորավարժությունները

Այսինքն, մարտական հերթապահության ռեժիմում, երբ օդային թիրախների հայտնաբերումն ու ոչնչացումն իրականացվում է ավտոմատ ռեժիմով, F-16 Fighting Falcon կործանիչները կարող են «Տրիումֆի» կողմից ոչնչացվել Անկարայից 400 կմ հեռավորության վրա։ Թուրքիային С -400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ փաթեթ (գնդի) մատակարարելու վերաբերյալ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել 2020 թվականի հունիսին:

Հնդկաստանը 2018 թվականի հոկտեմբերին C-400-ի հինգ գնդային փաթեթների մատակարարման 5,43 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել: Դելիում վճռական են տրամադրված՝ չնայած ԱՄՆ-ի աննախադեպ ճնշմանը։ The Times Of India հրատարակության տվյալներով՝ ռուսական «Տրիումֆները» կտեղակայվեն Հնդկաստանի արևմտյան, հյուսիսային և արևելյան շրջաններում (հաշվի առնելով Չինաստանի եւ Պակիստանի կողմից սպառնալիքների դաշտը) և հեղափոխություն կդառնան երկրի ՀՕՊ համակարգում:

С-400 զենիթահրթիռային համակարգի շահագործման և մարտական կիրառման ուսուցման համար 100 հնդիկ մասնագետներից կազմված առաջին խումբը Ռուսաստան կժամանի մինչև 2021 թվականի հունվարի վերջը: Հնդկաստանում «Տրիումֆների» առաջին գնդային փաթեթը նախատեսվում է սպառազինության վերցնել 2021 թվականի վերջին: Ռուսաստանը մտադիր է մինչև 2025 թվականը մատակարարել C-400 ԶՀՀ-ների բոլոր հինգ գնդային փաթեթներ:

Հաղթական հեռանկարներ

«Տրիումֆների» ձեռքբերման բանակցություններ են վարում Մարոկկոն, Քաթարը, Իրաքը։ Ավելի վաղ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգի ձեռքբերման հարցում շահագրգռվածություն էին հայտնել Ալժիրը, Վիետնամը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, ընդհանուր առմամբ՝ 12 երկիր:

Արտասահմանյան պահանջարկը գերազանցում է արտահանողի առաջարկը (վերազինման գերակայությունը շարունակում են մնալ Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը)։ Թեև ԱՄՆ-ի Պատժամիջոցների միջոցով հակառակորդներին հակազդելու մասին օրենքով (նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրվել է 2017 թվականի օգոստոսին) այդ պետությունների դեմ կարող են պատժամիջոցներ սահմանել: Ոչինչ չի կանգնեցնի աշխարհի լավագույն C-400 մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգին իր ճանապարհին։

«Տրիումֆ» համակարգերը փոխում են աշխարհը։ Եթե C-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռք բերի, օրինակ, Իրանը, Պարսից ծոցի գոտում ԱՄՆ-ի ավիակիրներն անօգուտ խաղալիքների կվերածվեն։ Վաշինգտոնն անխուսափելիորեն ստիպված կլինի շտկել աշխարհայացքի հայեցակարգը, «վերաիմաստավորել իր ոճը» Իրանի հետ երկխոսության հարցում։ Եվ դա արդեն տեղի է ունենում Իրաքում։

Իրաքում ԱՄՆ դեսպանատունն ու ռազմակայանները պարբերաբար հրթիռակոծվում են։ Ամերիկյան զենիթահրթիռային համալիրները չեն կարողացել անդրադարձնել հրթիռային հարձակումները։ Հրթիռները պայթել են Բաղդադի «կանաչ գոտում», ինչը ԱՄՆ-ին ստիպել է տարհանել դիվանագիտական անձնակազմի մեծ մասը և իրաքցիներից վարձակալել Ռուսաստանից ձեռք բերված «Панцирь-С» ԶՀՀ-ն:

Սակայն վերադառնանք C-400 զենիթահրթիռային համալիրներին։ «Տրիումֆի» կարևոր առավելություններն են ՌՏԿ-ի շրջանաձև տեսադաշտը և չորս տեսակի հրթիռների կիրառման ճկունությունը (բազմամակարդակ ՀՕՊ-ի ձևավորում): Տարբեր տիպի հրթիռների օգտագործումը թույլ է տալիս արդյունավետ կերպով խոցել գերձայնային թիրախները, մարտական ավիացիան, անօդաչու սարքերը, թևավոր, տակտիկական և բալիստիկ հրթիռները բարձրությունների ողջ մատչելի տիրույթում՝ 5 մետրից մինչև 30 կմ, և հեռահարության տիրույթում՝ 400 կմ-ից մինչև 2 կմ:

Ադրբեջանում թուրքական ավիաբազաների տեղակայումն ուղղակի մարտահրավեր է ՌԴ–ին և Իրանին

«Տրիումֆի» մեկ մարտկոցը կարող է ունենալ մինչև 72 հրթիռ և միաժամանակ գնդակոծել մինչև 36 թիրախ, որոնք թռչում են մինչև 4800մ/վրկ արագությամբ: С -400 համակարգը կարող է ինտեգրել տարբեր տիպի զենիթահրթիռային համակարգերը (С-300, Панцирь-С1, Тор-М1) և կառավարել տարբեր հեռահարության ՀՕՊ միջոցների ցանցը՝ ռադիոէլեկտրոնային հակազդման ցանկացած պայմաններում:

Ի դեպ, արդեն 2021 թվականին ռուսական զորքերը կստանան C-500 հեղափոխական համակարգը, որը պատրաստ է պատերազմի մինչև 200 կմ բարձրություններում: Ռազմատեխնիկական համագործակցության գծով Ռուսաստանի գործընկերներին ժամանակն է տեղ զբաղեցնել նոր հերթում:

191
թեգերը:
սպառազինություն, Ռուսաստան, զենիթահրթիռային համալիր
Ըստ թեմայի
Ամենակարևորն այն է, որ Արցախում կողմերին ստիպեն չկրակել. նախկին խաղաղապահ Դեմուրենկո
Ի հեճուկս մարտահրավերների․ հետագա ինտեգրումը ոչ միայն Երևանին է պետք, այլև Մոսկվային
2020-ի արդյունքները․ ինչպես Ղարաբաղը Կովկասը վերադարձրեց լրահոսի առաջին հորիզոնական