Խոցված ուղղաթիռի մնացորդները

Ադրբեջանի թուրքամետ ուժերը փորձել են ձախողել Ղարաբաղի մասին համաձայնությունը

1103
(Թարմացված է 18:06 12.11.2020)
Ռուս փորձագետը չի բացառում, որ կազմակերպված սադրանք են կազմակերպել` հուսալով, որ ռուսական իշխանությունը կենթարկվի ու ամենավերջին պահին կհրաժարվի պայմանավորվածություններից, և Ղարաբաղում պատերազմը կշարունակվի։

Իրինա Ալկսնիս

Նոյեմբերի 9-ի լույս 10–ի իրադարձությունները, որոնք կապված էին Լեռնային Ղարաբաղի հետ, քաղաքական ու ռազմական վերլուծաբանները դեռ երկար կուսումնասիրեն։ Եթե կարճ ասենք, ապա պատերազմը մեկ օրվա ընթացքում փոխարինվեց խաղաղությամբ, իսկ ռազմաճակատը դարձավ ռուս խաղաղապահների տեղակայման վայր։

Ուշ երեկոյան լուր եկավ, որ հայ-ադրբեջանական սահմանին ռուսական ռազմական ուղղաթիռ է խոցվել, անձնակազմի անդամներից երկուսը մահացել են։ Չի բացառվում, որ հենց սա դարձավ իրավիճակի վայրկենական փոփոխության ձգան։

Բաքուն միանգամից ստանձնեց տեղի ունեցած պատասխանատվությունը` խոստովանելով, որ դա ողբերգական պատահականություն է, Իլհամ Ալիևը զանգեց Վլադիմիր Պուտինին ու ներողություն խնդրեց։

Հետո ՌԴ նախագահը հատուկ ուղերձ հղեց ու հայտնեց, որ բարձրագույն մակարդակով եռակողմ հայտարարություն է ստորագրվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ու տարածաշրջանում ռուսական խաղաղապահների տեղակայման մասին։

Ի՞նչ է պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանը. նա խոսեց ապագայի մասին

Վաղ առավոտյան խաղաղապահաներին տեղափոխողող Իլ-76 ինքնաթիռը օդ բարձրացավ Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից։

Եռակողմ հայտարարությանը հաջորդեցին երևանյան անկարգությունները։ Ցուցարարները ներխուժեցին կառավարության ու խորհրդարանի շենքեր, դաժան ծեծի ենթարկեցին ԱԺ խոսնակին։ Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին մեղադրեց պետական դավաճանության մեջ։

Ընդդիմադիրների զայրույթն ու համաձայնագրից հրաժարվելու պահանջը կարելի է հասկանալ, քանի որ փաստաթուղթն ըստ էության արձանագրում է հայկական կողմի պարտությունն ու Լեռնային Ղարաբաղի տարածքի զգալի մասի կորուստը։

Բայց Հայաստանը պարզապես այլ ընտրություն չուներ, ավելի ճիշտ` ավելի վատ ընտրություն կար՝ ռազմական աղետը։ ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց․ «Եթե մարտական գործողությունները նույն տեմպերով շարունակվեին, մենք հաշված օրերում կկորցնեինք ամբողջ Արցախը»։ Այդ արտահայտությամբ նա լրացրեց խոստովանությունը, որ հայկական զորքերը ռազմավարական կարևորություն ունեցող Շուշի վերահսկողությունը կորցրել էին դեռ նոյեմբերի 7-ին, ինչպես հայտարարել էր Իլհամ Ալիևը։

Հարց է առաջանում` ինչո՞ւ Բաքուն ստորագրեց փաստաթուղթը և պատերազմը դադարեցրեց իր ցավոտ հարցի վերջնական լուծումից բառացիորեն մեկ քայլ առաջ։

Ադրբեջանի նախագահն իր երկրի համար ազգային հերոս դարձավ, բայց այնտեղ էլ գտնվեցին մարդիկ, որոնք սկսեցին խոսել ազգային շահերը դավաճանելու մասին։

Անկասկած, Իլհամ Ալիևը` որպես փորձառու պետական գործիչ, իր որոշումը կայացնելիս ղեկավարվել է պատճառների ու դրդապատճառների ամբողջությամբ։

Օրինակ` մի քանի շաբաթ առաջ նա երաշխավորում էր Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության ու իրավունքների պաշտպանությունը։ Բայց նա որքան էլ ցանկանար, չէր կարող հավատարիմ մնալ իր խոստմանը․ երկու ժողովուրդների հարաբերությունների մռայլ ու արյունոտ պատմության էջերն են հաստատում դա։ Եվ ադրբեջանցի առաջնորդը դժվար թե ցանկանա հայերի ևս մեկ կոտորածի պատասխանատվություն կրել։

Մոսկվան իր հերթին հաստատ նույնպես գտել է փաստարկներ, որոնք լսել է Բաքուն։

Սակայն կա ևս մեկ կարևորագույն գործոն՝ թուրքականը, որն ակնհայտորեն ազդել է Ալիևի կայացրած որոշման վրա։

Թուրքիայի աջակցությունը ահռելի դերակատարություն ունեցավ Ադրբեջանի ռազմական հաջողությունների մեջ։ Սակայն ամեն ինչի համար պետք է վճարել, իսկ Էրդողանի նկրտումները կարելի է արտահայտել «մատդ մեկնես՝ ձեռքդ կուտի» բանաձևով։ Ալիևը, որը միշտ փորձել է բալանս պահել տարածաշրջանի ուժային հիմնական կենտրոնների (այսինքն՝ Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի) միջև ու այսպիսով պահպանել իր երկրի ինքնիշխանությունը, ակնհայտորեն շահագրգռված չէ, որ Ադրբեջանը դառնա Անկարայի խամաճիկը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մեղրին Ադրբեջանին հանձնելու լուրերին

Էլ չենք խոսում այն մասին, որ Մերձավոր Արևելքից Ղարաբաղ էին տեղափոխվում «Ջաբհատ ան-Նուսրայի» (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն – խմբ․) ու ծայրահեղական այլ խմբավորումների գրոհայինները, իսկ նրանք մեծ սպառնալիք են ներկայացնում հենց Ադրբեջանի համար։ Հենց այդ պատճառով էլ մուսուլմանական երկրները սովորաբար իրենց երկրներում պայքարում են իսլամիստական ծայրահեղականության դեմ շատ ավելի խստորեն, քան մյուս պետությունները․ նրանք ծայրահեղականների անմիջական հարվածի տակ են։

Ռազմական գործողությունների ավարտն ու հայտարարության ստորագրումը թույլ է տալիս Ադրբեջանին միանգամից փակել այս և այլ անբարենպաստ ու իր համար վտանգավոր գործընթացների հարցը։ Իլհամ Ալիևն իր ձևական ժեստն արեց Անկարայի ուղղությամբ` հայտարարելով Ղարաբաղում թուրք խաղաղապահների մասին, բայց ստորագրված պայմանագրում Թուրքիայի մասին ոչ մի խոսք չկա։

Այս համատեքստում խոցված ռուսական ուղղաթիռի պատմությունը նոր շրջադարձ արեց։

Անկասկած Ադրբեջանում կան ուժեր (առաջին հերթին թուրքամետ), որոնք շահագրգռված են համաձայնագրի տապալման հարցում։ Բոլորի համար հասկանալի է, որ բանակցային գործընթացը որոշ ժամանակ ընթացել է, ու դրա արդյունքների մասին խոսվել է համապատասխան շրջանակներում։ Չի կարելի բացառել նաև սադրանքի տարբերակը` այն հույսով, որ ռուսական իշխանությունը կենթարկվի այդ սադրանքին, վերջին պահին կհրաժարվի ձեռք բերված պայմանավորվածություններից, և ղարաբաղյան պատերազմը կշարունակվի։

Սակայն Մոսկվան ու Բաքուն վարվեցին ինչպես հարկն է․ Ադրբեջանը տեղի ունեցածի պատասխանատվությունը վերցրեց իր վրա, Ռուսաստանն էլ համբերություն դրսևորեց։

Ցավոք, նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին։

2018 թվականին փողոց դուրս եկած մարդիկ պետական իշխանության գագաթ հանեցին Նիկոլ Փաշինյանին։ 2020 թվականի նոյեմբերի 10-ին փողոց դուրս եկած մարդիկ պատրաստ էին հոշոտել նրան, քանի որ հանկարծ պարզվեց, որ պրոգրեսիվ առաջնորդը, որը երկիրը դեպի Եվրոպա էր տանում, սխալ տեղ տարավ, իսկ ռազմական շինարարության ոլորտում նրա արած աշխատանքը վերածվեց Հայաստանի ծանր պարտության։

Ի դեպ, այն փաստը, որ երիտասարդ ու առողջ տղամարդիկ բանակի շարքերն անցնելու փոխարեն գերադասեցին ավերել կառավարական շենքերը, առանց որևէ հեգնանքի` արևմտյան ամենաարդիական միտումների շրջանակից է։

Ինչևէ, եթե Հայաստանը պատրաստ չէ դասեր քաղել վերջին երկու տարիների իրադարձություններից, ապա ինքը դաս կդառնա բազում այլ երկրների համար։

Իսկ ընդհանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակի համար կարևոր է մեկ ցուցադրական փաստ։ Հայկական ու ադրբեջանական ուժերի միջև տեղակայվող ռուսական զորախումբը կարող է քանակապես բավականին խորհրդանշական թվալ։

Սակայն տերության ճանաչված հեղինակությունը չափվում է հենց նրանով, թե որքան քիչ զինվոր կարող է կանգնած լինել հակամարտող կողմերի միջև։

Որ դա բավական է պատերազմը դադարացնելու համար, ամրագրում է Ռուսաստանի կարգավիճակը` որպես «խաղաղության մատակարար» Կովկասում։

1103
թեգերը:
Թուրքիա, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Պուտինի ու Ալիևի հետ ստորագրած հայտարարությունը ԼՂ հարցի բովանդակային լուծում չէ. Փաշինյան
Լավրովը նշել է, թե երբ է որոշվելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը
«Մեր հայրենիքը չեն կարող հանձնել այդ խայտառակ փաստաթղթով». հադրութցի կանանց բողոքի ակցիան
«Բայրաքթար»

Որտեղի՞ց է առաջացել Ղարաբաղում թուրքական ԱԹՍ-ների արդյունավետության մասին միֆը

1420
(Թարմացված է 23:54 28.11.2020)
Պարզեցված մոտեցումը բացատրվում է փորձագետների վերացական ռազմատեխնիկական գիտելիքներով, ինչպես նաև հայկական մարտական տեխնիկայի ու անձնակազմի խոցման վառ օրինակներով: Սակայն իրականությունը միշտ ավելի բարդ է, քան դրա մասին մեր պատկերացումները։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

XXI դարում մարտական գործողությունները չեն կարող «էժան ու ջղային» լինել, և, այդուհանդերձ, առանձին տեխնոլոգիական նորույթները` հարվածային ԱԹՍ-ների տեսքով, հաղթանակ չեն խոստանում։ Որոշիչ դերակատարություն ունի պետության ռազմական կազմակերպման ամբողջ համակարգը, այդ թվում` պաշտպանական արդյունաբերության ներուժը, զինանոցն ու լոգիստիկ հնարավորությունները։ Ղարաբաղյան հակամարտությունը նախևառաջ ցուցադրեց ոչ թե թուրքական «Bayraktar TB2»-ի առավելությունը երկնքում, այլ հայկական կողմի սեփական ուժերի գերագնահատումն ու պաշտպանության վատ կազմակերպումը ցամաքում։

Հրադադարից հետո մեդիատիրույթում հայտնվեցին գնահատական տվող բազմաթիվ հրապարակումներ, որոնց բովանդակությունը կարելի է ներկայացնել երկու պարզ պնդումով.

– Ադրբեջանը հաղթեց, քանի որ թուրքական ԱԹՍ-ներ ուներ, իսկ Հայաստանը չուներ,

– ռուսական «ծանր» ՀՕՊ համակարգերն անօգուտ են ժամանակակից «դրոնների պատերազմում»։

Պարզեցված մոտեցումը բացատրվում է փորձագետների վերացական ռազմատեխնիկական գիտելիքներով, ինչպես նաև հայկական մարտական տեխնիկայի ու անձնակազմի խոցման վառ օրինակներով: Սակայն իրականությունը միշտ ավելի բարդ է, քան դրա մասին մեր պատկերացումները։

Հրաշքներ չեն լինում, ցանկացած ֆիլմ նկարահանվում է ռեժիսորի մտահաղացմամբ։ Ղարաբաղում թուրքական «Bayraktar»-ների ու ադրբեջանական այլ տեսակի ԱԹՍ-ների միջոցով նկարահանված նյութերն ի սկզբանե ծառայեցին հակառակորդի մարտական ոգին վնասելուն ու զենքի համաշխարհային շուկայում թուրքական անօդաչուներն առաջ մղելուն։ Միաժամանակ կադրից դուրս մնացին «դատարկ չվերթերն» ու վրիպումները, հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ու ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներով խոցված տասնյակ դրոնները։

Մարտի դաշտում կենդանի ուժի ու տեխնիկայի ոչնչացման հիմնական գործիքները շարունակում են մնալ հրետանային սարքերն ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը (ՀԿՌՀ), որոնք կարող են հետևողականորեն «վարել» հակառակորդի առջևում ու թիկունքում գտնվող հեկտարները։ Զորքերում փողային ու ռեակտիվ հրետանու թիվն ավելի շատ է, քան անօդաչուներինը։ Հրետանու մարտական հզորությունը նույնպես անհամեմատ մեծ է։

Օրինակ՝ մեկ միլիոն դոլար արժեցող «Bayraktar»-ը կարող է ընդամենը 150 կգ զինամթերք բարձրացնել ու տեղ հասցնել, իսկ բյուջետային ՀԿՌՀ-ն՝ տոննաներ։ Այսպիսով՝ հրետանին զգալիորեն նվազեցնում է թիրախների վերացման «ինքնարժեքը»։ Ռազմական բյուջեի չափը երաշխավորված հաղթանակի հետ կապ չունի։ Օրինակ՝ Պենտագոնը տարիներ շարունակ գերակայություն ուներ Աֆղանստանի երկնքում, բայց չկարողացավ թալիբներին հաղթել ցամաքում։

Անփույթ ինքնավստահություն

Ճիշտ կազմակերպված, էշելոնացված ՀՕՊ համակարգը կարող է հակառակորդի ԱԹՍ-ների ցանկացած «փունջ» չեզոքացնել, իսկ ռադիոէլեկտրոնային հետախուզության միջոցները հաշված վայրկյանների ընթացքում տալիս են մարտական կառավարման կետերի կոորդինատները (կրակային խոցման համար)։ Մինչդեռ Ղարաբաղում տեղակայված հայկական զորքերի միայնակ ՀՕՊ միջոցները պատշաճ քողարկում չէին ապահովում ոչ միայն «հնացած» բնութագրերի պատճառով։ Ազդեցություն ունեցավ նաև ծառայության կազմակերպման մակարդակը, համակարգի բացակայությունը։ Նշենք՝ «Ստրելա-10»–ը և «Օսա-ԱԿՄ»-ն 1960-ակաների ԶՀՀ-ներ են, երբեմն դրանք ութ կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Բայրաքթարներին» չէին հասնում։ Իսկ «Տոր-Մ2ԿՄ»–ն (մոտ հեռահարության) ու «Բուկ-Մ2Է»–ն (միջին հեռահարության) պաշտպանում էին բացառապես Երևանն ու Մեծամորի ատոմակայանը։

Եվս մեկ խնդիր էր տեղանքում քողարկման միջոցների հանդեպ անփույթ վերաբերմունքը, որոշ ռազմական օբյեկտներ ասես բղավում էին. «Սպանիր ինձ» (1 շտաբային վրանին հասցված հարվածը կարող է անկառավարելի դարձնել մի քանի ստորաբաժանում)։

Մյուս կողմից էլ, երբ թուրքական ԱԹՍ-ները սկսեցին Ղարաբաղի տարածքից «պատահաբար» անցնել Հայաստանի Հանրապետության սահմանային տարածք, այնտեղ ճիշտ կազմակերպված ՀՕՊ–ն ու ՌԷՊ-ը առանց խնդիրների խոցեցին ԱԹՍ-ները։ Շուտով դրոնները դադարեցին թռչել (հնարավոր է՝ կառավարման կետերն էլ տուժեցին)։

1994 թվականի ռազմական հաղթանակը ձևավորեց և տարիների ընթացքում ամրապնդեց ղարաբաղյան ուղղությամբ հայկական զորքերի անպարտելիության միֆը։ Միայն դրանով կարելի է բացատրել Արաքս գետից մինչև Մռավի լեռնաշղթա 100 կմ երկարությամբ հատվածում լուրջ ինժեներական կառույցների բացակայությունը։ Վերևից բաց խրամատներն ու կրակային կետերը, առանձին բլինդաժները նախորդ դարի սկզբի ամրաշինության նմուշներ են։ Հայկական կողմը չի հոգացել նաև երկարաժամկետ կրակային կետերի (երկաթբետոնից) ու ստորգետնյա հաղորդակցման ցանցի մասին, թեև ժամանակը բավարար էր՝ ավելի քան 25 տարի։ Այդ ֆոնին 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Արցախը Հայաստան է» (ճիշտ է՝ չճանաչեց ԼՂՀ-ն), իսկ Դավիթ Տոնոյանը ձևակերպեց «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» հայեցակարգը։

Սեպտեմբերի 27-ի դրությամբ հայկական կողմի ռազմական ներուժը մի քանի անգամ զիջում էր ադրբեջանական կողմի հզորությանը, բայց միևնույնն է` հակառակորդները կենդանի ուժի ու տեխնիկայի հավասարազոր ահռելի կորուստներ ունեցան։ Հարավային ուղղությամբ ադրբեջանական ուժերը փուլերից մեկում տասնապատիկ գերազանցություն ապահովեցին, բայց մեկ ամսվա մեջ ընդամենը 30-40 կիլոմետր առաջ անցան։ Բաքվի բլիցկրիգը չհաջողվեց։ Պետք է արժանին մատուցել հայ զինծառայողների և կամավորների տոկունությանն ու անձնական արիությանը․ նրանք ստիպված էին գործել ի հեճուկս հանգամանքների, մարտական կառավարման կենտրոնացված համակարգից դուրս, առանց օդային քողարկման։

Սիրիական ու լիբիական փորձը

Վերադառնալով ռուսական ՀՕՊ համակարգերի ու թուրքական ԱԹՍ-ների մրցման թեմային՝ կարելի է հիշել Սիրիայի ու Լիբիայի օդային տարածքում տեղի ունեցած «դրոնաթափը», որն իրական դարձավ «Տոր-Մ2ԿՄ», «Բուկ-Մ2Է» ու «Սոսնա» զենիթահրթիռային համակարգերի պրոֆեսիոնալ կիրառման շնորհիվ։ Նույնքան արդյունավետություն ունեցան «Պանցիր-Ս1» ԶՀՀ-ները։ Եթե այդ համալիրները ժամանակին լինեին Ղարաբաղում, թուրքական «Բայրաքթարներին» ոչ մի շանս չէին տա։ Ինքներդ դատեք։

«Տոր-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համալիրը զինված է ութ հրթիռով` մինչև 15 կմ հեռահարությամբ և 10 կմ որսալու բարձրությամբ, միաժամանակ հայտնաբերում է 48 թիրախ։

«Բուկ-Մ2Է» զենիթահրթիռային համալիրի առավելագույն հեռավորությունը 45 կմ է։ Այն որսում է թիրախը 15 մետրից մինչև 25 կիլոմետր բարձրության վրա։ Կարող է խոցել աերոդինամիկ թիրախներ, որոնք մինչև 2,5 Մախ արագություն ունեն, ու բալիստիկ թիրախներ, որոնք մինչև 4 Մախ արագություն ունեն։ Միաժամանակ կարող է մինչ 24 թիրախ խոցել։

«Սոսնա» զենիթահրռիթային համալիրը մինչև 12 կիլոմետրի վրա տեսնում է թևավոր հրթիռներն ու ԱԹՍ-ները։ Երաշխավորված խոցման հեռավորությունը 1,3–10 կմ է, բարձրությունը՝ երկու մետրից հինգ կիլոմետր։ Օրվա ցանկացած ժամին ու եղանակային ցանկացած պայմաններում կարող է աշխատել ավտոմատ ռեժիմով` առանց անձնակազմի մասնակցության։ Կարող է խոցել նաև ցամաքային օբյեկտներ, այդ թվում՝ տանկեր, որոնք հայտնաբերում է մինչև ութ կիլոմետր հեռավորության վրա։

Խաղաղապահ գործողության շրջանակում Ռուսաստանը նորագույն «Լեեր-3» ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրներ է տեղափոխել Ղարաբաղ։ Հիմնական խնդիրներն են` GSM ստանդարտի բջջային կապի ազդանշանների լռեցում, 3G ու 4G ցանցերի ճնշում։ Համալիրը կազմված է ԿաՄԱԶ մեքենայից և «Օրլան-10» երեք ԱԹՍ-ից, որոնց կիրառման շառավիղը 120 կմ է (մինչև 5 կիլոմետր բարձրության վրա օդում գտնվելու ժամանակը` մինչև 10 ժամ)։ ԱԹՍ-ն կարող է նաև հեռախոսներ և պլանշետներ հայտնաբերել, հետախուզություն իրականացնել, տվյալները տեղափոխել թվային քարտեզի վրա ու փոխանցել հրետանային հաշվարկներին՝ կրակային դիպուկ հարված հասցնելու համար։

Ղարաբաղյան հակամարտությունը կրկին սառեցված է, ոչ թե լուծված, և հետախուզության ժամանակակից միջոցներն ու ՀՕՊ համակարգերն ամենևին էլ չեն կորցրել իրենց նշանակությունը։

1420
թեգերը:
Ռուսաստան, «Բայրաքթար» ԱԹՍ, Լեռնային Ղարաբաղ
Ըստ թեմայի
ՌԴ ռազմատիեզերական ուժերը 2021-ին մեծ հեռահարության հարվածային դրոններ կթողարկեն
Բալթիկ-սևծովյան թիրախը․ «Պրոմեթեյը» խոցում է 550 կմ հեռավորության թիրախները
Ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում ռուսական Սու-57-ի «բարելավումը»
Ռեջեփ Էրդողան

Թուրքական «կրուտիտլար». Էրդողանը փորձում է Արցախը վերաբնակեցնել թուրքմենական ընտանիքներով

751
(Թարմացված է 00:08 28.11.2020)
Անկարան ամեն գնով ուզում է խցկվել Արցախի ու ընդհանրապես Հարավային Կովկասի շուրջ ծավալվող բուռն գործընթացների մեջ։ Թուրքիան ցանկանում է ամեն կերպ հասնել դրան։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Հենց հիմա Էրդողանը մի շարք փորձեր է ձեռնարկում, որ դառնա Արցախի հարցի շուրջ բանակցային գործընթացի անմիջական ու լիարժեք մասնակից։ Ըստ ամենայնի՝ թուրք առաջնորդը մեծ ծրագիր է իրագործում, որի նպատակներից մեկը Սիրիայի թուրքոմաներին Արցախում վերաբնակեցնելուն։

Եթե ոչ թուրքոմաներ, գոնե բեդվիններ

Անկարան սկսել է գրանցել Սիրիայում ապրող թուրքմենական ընտանիքներին, որոնք պատրաստ են բնակվել Թուրքիայի անմիջական աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ Արցախից գրաված տարածքներում։ Այս տեղեկությունը սկսել է միաժամանակ տարածվել մի քանի անկախ աղբյուրներից։

Օրինակ՝ Human Rights Organization - Afrin – Syria կազմակերպությունը պնդում է, որ սիրիական Աֆրինի թուրքական օկուպացիոն իշխանությունն այս տարի վերաբնակիչների հավաքագրման երկու կետ է բացել։ Նույնիսկ դրանց վայրն է հայտնի՝ Popular Credit Bank-ի Աֆրինի նախկին գրասենյակը ու «Ռոնահի» տպարանը։ Հետաքրքիր է, որ գրանցվում են ոչ միայն Աֆրինում բնակվող թուրքմենական ընտանիքները, այլև արաբ բեդվինները սիրիական Հոմս գավառից։ Կարելի էր զարմանալ, բայց...

Ստեղծված իրավիճակը վերլուծելիս պետք է հասկանալ, որ թուրքերն առաջին անգամ չէ, որ դիմում են նման մարտավարության։ Պետք է հիշել հարյուր տարվա վաղեմություն ունեցող պատմությունը․հենց այդպես` էթնիկ զտումների ճանապարհով Աթաթուրքի ժամանակ թուրքերը ժողովրդագրական բարեփոխումների հասան, երբ Թուրքական Հանրապետություն էին ստեղծում։ Այն ժամանակ տեղահանում ու կոտորում էին ոչ միայն հայերին, այլև հույներին, ալևիներին, գրեթե բոլոր քրիստոնյա ազգերին։

Այն ժամանակ մշտական բնակեցման համար այդ տարածք էին բերում թաթարների, թուրքերի, որոնց տեղավորում էին ավելի զարգացած արևմտյան շրջաններում՝ Կոստանդնուպոլիսում և այլն։ Նման ժողովրդագրական մանիպուլյացիաներն արդյունավետ դուրս եկան, ու հետագայում Անկարան բազմիցս օգտագործեց այդ գործիքակազմը։

Ղարաբաղի համար ռազմական բժիշկներ են ուղարկում. Ռուսաստանից երկու Իլ-76 ինքնաթիռ է թռել

Արդեն յոթանասունականներին Թուրքիան նույն միջոցով տեղահանեց գրաված Կիպրոսի հյուսիսային հատվածների բնակիչներին ու իր գաղութաբնակներին բերեց։ Ընդ որում՝ որոշ գնահատականների համաձայն՝ խոսքն ավելի քան երկու հարյուր հազար թուրքի մասին է․նրանք մայր Թուրքիայից Հյուսիսային Կիպրոսում  վերաբնակեցվեցին։ Արդյունքում Անկարան վերահսկողություն ստացավ չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությունում անցկացվելիք ընտրությունների ու հանրաքվեների արդյունքների նկատմամբ։

Մեխանիզմն արդարացրել է իրեն ու նոր բան հորինելու իմաստ չկա։ Գրաված սիրիական Աֆրինից հանեցին թշնամի համարող քրդերին, այնտեղ բնակեցրեցին սունի արաբների, որոնք հաստատում էին իրենց թյուրքական ծագումը։ Թուրքերի համար ձեռնտու չէ նրանց Արցախում բնակեցնել, այդ պատճառով փնտրում են մոտակայքում՝ Հոմս գավառում։

Իդլիբում շատերն են պատրաստ քլունգը փոխարինել ինքնաձիգով ու Արցախ մեկնել

Իսկ եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի ջանքերով մարտական գործողությունների դադարեցումից հետո էլ ահաբեկչական խմբավորումները շարունակում են մնալ Արցախի գրաված տարածքներում ու բուն Ադրբեջանում, ապա կարելի է կանխատեսել, որ այդ մի քանի հազար գրոհայինը հաճույքով այնտեղ կտեղափոխեն իրենց ընտանիքներին։ Ահա և ստացվում է, որ մի քանի տարի անց այդ շրջանի ժողովրդագրական պատկերն ամբողջովին կփոխվի։  

Այդ ժամանակ պաշտոնական Բաքուն հաճույքով կհամաձայնի բուն Արցախում հանրաքվեի անցկացմանը, արդյունքներն էլ սիրով ցույց կտա ամբողջ աշխարհին։ Ու ոչ մի ռուս խաղաղապահ չի փրկի իրավիճակը, որքան էլ Ռուսաստանը փորձի պահել ուժերի, իրավունքի ու հայ և վերաբնակեցված թյուրքական բնակչության հավասարակշռությունն Արցախում։

Ի դեպ, իրադարձությունների հավանական զարգացման մի հետաքրքիր տրամաբանություն կանխատեսեց ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը (@wargonzoo)։ Խոսելով Իդլիբում կուտակված ահաբեկչական թափթփուկների մասին` Սեմյոնն ասաց, որ նրանց շարքում այդքան շատ չեն պրոֆեսիոնալ գրոհայինները, որոնք պատերազմն իրենց աշխատանքն են դարձրել։ Մի քսան տոկոս։ Մնացածը գյուղացիներ են, որոնք հաճույքով կփոխարինեն իրենց քլունգները «Կալաշնիկով» ինքնաձիգով` իրենց նվիրած հողակտորն ու տունը պաշտպանելու համար, եթե նրանց ընտանիքների հետ Արցախի գրաված շրջաններ տեղափոխվեն։ Նույն Իդլիբում նրանք շատ են, իսկ Արցախում հայերի դուրս գալուց հետո ազատ հողը շատ է։ Այնպես որ պետք է հասկանալ՝ ոչ ոքի ստիպելու կարիք չի լինի, իրենք են խնդրելու, որ վերաբնակեցվեն։

Էրդողանն ուզում է Արցախի շրջանները բնակեցնել սիրիացի գրոհայիններով. Սեմյոն Պեգով

Հաշվի առնելով այդ ամենը՝ հասկանալի է դառնում՝ ինչու Թուրքիայի խորհրդարանը հնարավորինս սեղմ ժամկետում որոշում կայացրեց իր զորքն Արցախյան վերջին պատերազմի արդյունքում Ադրբեջանի կողմից գրաված տարածք մտցնելու մասին։ Մոսկվայի ու Անկարայի նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների տարընթերցումները նույն շարքից են։

Խոսքն այն մասին է, որ թեև Կրեմլը բազմիցս հայտարարել է, որ բուն արցախյան տարածքներում թուրք խաղաղապահների հետ համատեղ պարեկություն չի լինելու, Թուրքիայի նախագահ Էրդողանն ու պաշտպանության նախարար Խուլուսի Աքարն արդեն քանի անգամ է խոսում են ինչ-որ դիտորդական կետերի համատեղ պարեկության մասին։

Տիպիկ թուրքական «կրուտիտլար»

Ի դեպ, քաղաքական դաշտում նան մանիպուլյացիաները բնորոշ են թուրքական դիվանագիտությանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա թուրք գործընկերոջ վերջերս կայացած հեռախոսազրույցում Արցախի շուրջ բանակցային գործընթացին այլ երկրների ներգրավման մասին խոսակցություն չի եղել։

Համենայն դեպս, Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «կարծիքների փոխանակում է եղել հակամարտության գոտում հրադադարի ու բոլոր ռազմական գործողությունների վերահսկման կենտրոնի ստեղծման վերաբերյալ»։ Սակայն հաջորդ օրը Էրդողանը բավականին անսպասելի հայտարարություն արեց, որն ամենայն հավանականությամբ, զարմացրեց նաև Կրեմլի ներկայացուցիչներին։ Հայտարարությունը հետևյալն էր․

«Մենք՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը, ապահովելու ենք խաղաղությունը տարածաշրջանում,  - ասել է Էրդողանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ, - սակայն նաև այդ գործընթացը լավացնելու հնարավորություն ունենք։ Ես և պարոն Պուտինը քննարկել ենք նաև տարածաշրջանի այլ երկրների հետ զարգացման աշխատանքը։  

Այսինքն՝ պետք է հասկանալ, թե Թուրքիան նույնպես հարավ-կովկասյան տարածաշրջանում խաղաղության երաշխավո՞ր է։

Կներեք, բայց ինչպե՞ս, եթե վերջին հարյուր տարվա մեջ ամբողջ այս տարածաշրջանը Թուրքիայի համար «պատերազմի» գոտի է։ Պուտինն ինքն է բազմիցս հայտարարել, որ հաշվի առնելով հարյուր տարվա վաղեմության պատմությունն ու ժողովուրդների (խոսքը հայերի ու թուրքերի մասին է) միջև բավականին բարդ հարաբերությունները, թուրքական բանակի ներկայությունը հայերի բնակեցման վայրերում (նույնիսկ որպես խաղաղապահ) ան-ցան-կա-լի է։

Պուտինն ու Էրդողանը կրկին քննարկել են ԼՂ-ի հայտարարության կատարման ընթացքը

Իսկ Էրդողանը «դուխովացել» ու այլ անսպասելի հայտարարություն է արել․«...Մենք նաև պարոն Պուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի այլ երկրների հետ հրադադարի  ռեժիմի ընդլայնման աշխատանքը...Եթե երեք պետություններին ավելացնենք չորրորդ կամ հինգերորդ տարածաշրջանային երկիրը, ապա կարելի է այլ իրավիճակ ստանալ»։

Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովի արձագանքը տարածաշրջանի երրորդ, չորրորդ ու հինգերորդ երկրների մասին հարցին զուսպ էր։ Նա բառացի ասաց հետևյալը․«Երեկ երեկոյան մեր տարածած հաղորդագրությունից բացի ու դրանից ավելի ոչինչ չեմ կարող ձեզ ասել»։  Պետք է հասկանալ, որ նման պայմանավորվածություն չի եղել, իսկ Էրդողանն ինմպրովիզացիա է անում՝ թուրքական դիվանագիտությանը բնորոշ ոճով։

751
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Սիրիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիա, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Սիրիայից ահաբեկիչներ են տեղափոխում Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ
Արցախի ճանաչմամբ և բնակավայրերի վերադարձով է հնարավոր խաղաղության հաստատումը. Միրզոյան
Վիրտուալ պետություն, կամ ինչպես են աշխատում արցախցիներին և ընդդիմադիրներին հալածող ֆեյքերը
Արմեն Սարգսյան

«Դիմում եմ բոլորիդ». Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել համապետական հանրահավաքից առաջ

0
(Թարմացված է 13:01 05.12.2020)
Հայաստանի նախագահն իր ուղերձում առանձին դիմել է նաև իրավապահ մարմիններին` կոչ անելով կարգ ու կանոնը պահպանելու կարևոր առաքելությունն իրականացնելիս հիշել, թե ովքեր են իրենց դիմաց կանգնած։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդդիմության այսօրվա հանրահավաքից առաջ կոչով դիմել է ՀՀ քաղաքացիների ու իրավապահներին: Ուղերձը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը։

«Այսօր մեր երկիրը՝ որպես պետություն, և մեր հասարակությունը, բոլորս միասին գտնվում ենք հետպատերազմյան խորը ճգնաժամի մեջ: Սա պետք է արձանագրել առանց ձևականության, առանց ինքներս մեզ խաբելու և միաժամանակ առանց հուսահատության: Պետք է ամբողջությամբ գիտակցենք և ընդունենք այդ ճգնաժամի գոյությունն ու ամեն ինչ անենք այն հաղթահարելու համար: Միասին, ձեռք ձեռքի տված»,- նշել է նախագահը:

Նա կոչ է արել մտածել պետության, երկրի ու ժողովրդի ապագայի մասին` անկախ զբաղեցրած պաշտոնից, քաղաքական համոզմունքներից ու հայացքներից, անձնական համակրանքներից ու հակակրանքներից:

«Մեզնից յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, դժգոհությունը և իշխանություններից բացատրություն պահանջելու պատերազմի հետևանքով մեզ պատճառված ահռելի մարդկային և տարածքային կորուստների համար: Կառավարությունը չի կարող գործել 2018թ. հանրային տրամադրությունների ոգով: Այսօրվա իրականությունը բոլորովին այլ է: Այս լարված ու բարդ օրերին դիմում եմ բոլորիդ՝ ձեր յուրաքանչյուր գործողություն պետք է լինի օրենքին համապատասխան, պետք է լինի իրավաչափ»,- շեշտել է Սարգսյանը:

Նախագահն իր ուղերձում առանձին դիմել է նաև իրավապահ մարմիններին՝ կոչ անելով կարգ ու կանոնի պահպանման իրենց կարևոր առաքելության իրականացման ընթացքում հիշել, որ իրենց առջև, Երևանի փողոցներում իրենց հայրենակիցն է, մեզնից մեկը, նաև մարդիկ, որոնք մի քանի օր առաջ պաշտպանում էին հայրենիքը, մեզանից յուրաքանչյուրին ու նաև իրավապահներին:

«Անթույլատրելի ու անընդունելի են ցանկացած բռնություն և ոչ համաչափ ուժի ու միջոցների կիրառումը: Ձեր գործողություններում պետք է դրսևորեք պատասխանատվություն, մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշներ: Այսօր մենք կարիք ունենք շրջադարձային որոշումների: Լուծումները պետք է լինեն ազգային համաձայնության շրջանակում»,- ասված է նախագահի ուղերձում:

Նա նաև շեշտել է, որ կարևոր է երկրում հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մթնոլորտի վերականգնումը, մեր ժողովրդի բոլոր դրական ու կենսական որակների համադրումն ու դրանք հավաքական ուժի վերածելը, ինչը կդառնա մեր հետագա հաջողությունների գրավականը:

Հիշեցնենք՝ ընդդիմադիր կուսակցություններն այսօր՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում «Մասնակցի՛ր, եթե անտարբեր չես... Հանո՛ւն Արցախի ու Հայաստանի փրկության...» խորագրով համապետական հանրահավաք են անցկացնելու:

Հանրահավաքին ներկա է լինելու և ելույթ է ունենալու նաև ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը, որին ընդդիմությունը միասնական վարչապետի թեկնածու է ընտրել։

«Վազգեն Մանուկյանը 1 տարի անց արտահերթ ընտրություն կկազմակերպի». հայտարարություն

0
թեգերը:
Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ավշարի համայնքապետարանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Նրանք պետք է կանգ առնեն. Հակոբյանը իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ է նշում
Ինչ հարաբերություններ ուներ Մանուկյանը «նախկինների» հետ, կամ պաշտոն ստանալու նուրբ արվեստը