Վարձկաններ

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

1639
Էրդողանը «վերևներից» մի առաջադրանք ունի` պայթեցնել Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Որպեսզի ռազմական գործողություններում ներգրավված լինեն բոլորը։ Այդ դեպքում տարածաշրջանում կստեղծվի մի իրադրություն, որի պարագայում ՆԱՏՕ-ն կվճռի մուտք գործել արնաքամ լինող տարածաշրջան։

Էրդողանը բավականին գրագետ է գործում։ Սեփական բանակը չի նետում իր իսկ հրահրած ռազմական գործողությունների կիզակետ։ Իսկ եթե ուղարկում էլ է, ուրեմն դրանք բացառապես հրահանգիչներ են կամ հատուկ զորքերի փոքր, բայց լավ պատրաստված խմբեր։

Աշխարհաքաղաքական առաջադրանքը «վերևից» են տվել Էրդողանին

Պաշտոնական Անկարայի կտրուկ շարժումները, որոնք սկսվեցին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Բաքվի հրահրած սադրանքներից անմիջապես հետո, միայն մի բան են վկայում` իր ավանդույթներին հավատարիմ թուրքական դիվանագիտությունը գործում է «կռվի մեջ մտնենք, հետո կերևա» սկզբունքով։ Արցախում տեղի ունեցող արյունահեղ իրադարձությունների դեպքում չարժե որևէ այլ կերպ դիտարկել (կամ առավել ևս գնահատել) Անկարայի գործողությունները։

Իհարկե, գերնպատակը, որն Էրդողանն իր առաջ դրել է ադրբեջանցի գործընկերոջը պատերազմի դրդելով, դեռ կատարված չէ։ Առայժմ ռազմական գործողություններում ներգրավված չեն ոչ միայն Իրանն ու Ռուսաստանը, այլև անգամ Հայաստանը։ Առայժմ ձևական առումով Ադրբեջանի, թուրք խորհրդականների և հատուկ զորքերի, ինչպես նաև վարձկան ահաբեկիչների դեմ պատերազմում է միայն Արցախի պաշտպանության բանակը։

Իսկ Էրդողանին «վերևից» ուրիշ առաջադրանք էին տվել՝ պայթեցնել իրավիճակը տարածաշրջանում։ Այնպես, որ ռազմական գործողություններում ներգրավված լինեն բոլորը։ Այդ դեպքում տարածաշրջանում կստեղծվի մի իրադրություն, որի պարագայում ՆԱՏՕ-ն կվճռի ներխուժել արնաքամ լինող տարածաշրջան։

Չէ՞ որ ոչ ոք չի կասկածում, որ Հյուսիսատլանտյան դաշինքին (այդ թվում՝ Թուրքիային) պայմաններ թելադրող ամերիկացիների գլոբալ (աշխարհաքաղաքական առումով) թիրախն ամենևին էլ 150 հազար բնակչություն ունեցող Արցախը չէ։ Անգամ երեք միլիոնանոց Հայաստանն ու տասը միլիոնանոց Ադրբեջանը չափազանց մանր են վաշինգտոնյան ստրատեգների համար, որպեսզի վճռեին այնտեղ իրավիճակն ապակայունացնելու համար անհրաժեշտ խոշոր ծախսերն անել։

Եվ ահա հանուն Իրանի, որը վաղուց արդեն Վաշինգտոնի հիմնական թիրախն է այս տարածաշրջանում, կարելի է և՛ լուրջ ծախսեր անել, և՛ «ամենայն Թուրքիո սուլթանի» տխմարությունը հանդուրժել։ Կարևորը, որ Էրդողանն իր հաշվին սկսել է պայթեցնել իրավիճակը Հարավային Կովկասում։ Որպեսզի արյունոտ արկածախնդրության դրդի իր «կրտսեր եղբորը»։ Որպեսզի իր նեոօսմանյան-կայսերական նկրտումների տակ թաքցնի ՆԱՏՕ-ի անդրօվկիանոսյան վերլուծաբան-փորձագետների լուրջ ծրագրերը։

Եվ պետք է, որ Թուրքիայի նախագահը «ոտքը գազին պահին» այնքան ժամանակ, մինչև ստիպված խառնվեն հենց Իրանն ու Ռուսաստանը։ «Բարեբախտաբար», խառնվելու պատճառներ և անհրաժեշտություն Անկարան նույնպես ապահովել է՝ ի դեմս այն նույն վարձկան-ահաբեկիչների, որոնց, ինչպես պնդում են ռուսական պաշտոնական պարբերականները, շարունակում է մատակարարել։

Մոսկվան փորձում է դրությունը դուրս բերել անելանելի վիճակից

Չէ՞ որ ամենապարզ տրամաբանությունը թելադրում է, որ, օրինակ, Իրանի միջամտությունն ավելի կսրի տարածաշրջանային իրադրությունը, քանի որ Թեհրանը ստիպված կլինի կոշտ կերպով հանդես գալ ոչ թե Բաքվի, այլ Անկարայի դեմ։ Քանի որ հենց Անկարան է «Ջեբհաթ ան-Նուսրայից» և ահաբեկչական այլ կազմակերպություններից ահաբեկիչներ մատակարարում Հարավային Կովկաս։ Իսկ այստեղ Անկարայի հետ բախումը կնշանակի ռազմական գործողություններ սկսել ՆԱՏՕ-ի դեմ, ինչին էլ հենց փորձում է հասնել Ամերիկայի Միացյալ Նահանգները։

Նույնը վերաբերում է նաև Ռուսաստանի միջամտությանը, որը հնարավոր ամեն բան անում է, որպեսզի «կռվից վեր» մնա՝ որպես օբյեկտիվ միջնորդ։ Հերիք է, որ Մոսկվան մեկ միլիմետր շեղվի այդ սկզբունքից և իրերի ցանկացած դասավորվածության դեպքում կարող է ՆԱՏՕ-ի ռազմակայան ստանալ իր «փափուկ բարձիկի» տարածքում։ Օրինակ՝ բացահայտ օգնի Հայաստանին, և խնդրեմ՝ ռազմակայան ՆԱՏՕ-ական Թուրքիայում։

Օգնի Ադրբեջանին կամ թեկուզ չեզոքություն պահպանի` լուռումունջ դիտելով, թե ինչպես են Բաքուն, Թուրքիան և մերձավորարևելյան գրոհային-ահաբեկիչները ջարդուփշուր անում թող որ չճանաչված, բայց արդեն լիովին կայացած Արցախի Հանրապետությունը, և կկորցնի տարածաշրջանում միակ ռազմավարական դաշնակցին (ՀԱՊԿ, ԵԱՀԿ և այլն)՝ Հայաստանին։ Եվ այդ դեպքում կես տարի էլ չի անցնի (գուցե մի փոքր ավելի), և ռուսական ռազմակայանը կարող է փոխարինվել ինչ-որ այլ բանով։

Օրինակ՝ որևէ ՆԱՏՕ-ական կառույցով, որն ի վիճակի կլինի ապահովել երկրի անվտանգությունը Թուրքիայից։ Եվ վստահ եղեք՝ իրերի նման դասավորության դեպքում ՆԱՏՕ-ն կդիմի ցանկացած քայլի, կաշվից դուրս կգա, միայն թե պինդ բռնի Հարավային Կովկասը, որն Իրանի «Հյուսիսային դարպասն» է։ Մի խոսքով՝ իսկական շախմատային ցունգցվանգ, և Մոսկվայի ու Թեհրանի ցանկացած քայլը միայն կբարդացնի իրավիճակը։

Պետք չէ մտածել, որ Ռուսաստանում ու Իրանում չեն գիտակցում կամ չեն հասկանում տարածաշրջանում ստեղծված դրությունը։ Շատ լավ են հասկանում։ Համենայն դեպս ռուսական դիվանագիտությունը հնարավոր ամեն բան անում է, որ աշխարհաքաղաքական ծուղակից նվազագույն կորուստներով դուրս գա, ինչի վկայությունն են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության գործողությունները։

«Երկու փաստաթղթից հետո, որոնք ընդունվեցին և թույլ չտվեցին արմատապես փոխել իրավիճակը, պետք է հաստատել, ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմներ... ամենամոտ ժամանակահատվածում նման մեխանիզմը կհամաձայնեցվի»,-ասել է Լավրովը և անգամ հղում արել Շոյգուին, որը Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ աշխատում է նման մեխանիզմ մշակելու ուղղությամբ։

Անկարան փորձում է Արցախն ու Սիրիան միաձուլել որպես մեկ գո՞րծ․ Մոսկվային ու Թեհրանին ձեռնտու չէ

Իրանը գործում է իրեն հատուկ ոճով՝ դանդաղ, հանդարտ, առայժմ առանց կտրուկ գործողությունների կամ պատերազմական հռետորաբանության։ Ծանր տեխնիկա է բերել և քարացել սահմանին` պատերազմող կողմերին անընդհատ հասկացնելով, որ խստորեն հետևում է իրավիճակին և իր սահմանների խախտում չի հանդուրժի։ Սակայն երեկ հետաքրքիր տեղեկություն հայտնվեց։

Թեհրանը հայտարարեց, որ հոկտեմբերի վերջին սիրիական բանակցությունների հերթական ռաունդ է նախատեսվում՝ Աստանայի ձևաչափով, փոխնախարարների մակարդակով։ Թվում է` Թեհրանը որոշել է դիվանագիտական դաշտում գործել և հետաքրքրված կողմերին առնվազն հանդիպման է հրավիրում։ Հաշվի առնելով, որ Սիրիայի ռազմաքաղաքական մարտադաշտում ևս Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները բնավ լավագույնը չեն, կարելի է հասկանալ, որ թուրքերի վրա փորձում են համատեղ ճնշում գործադրել․․․

Մյուս կողմից, երևում է, որ Արցախի և սիրիական պայթյունավտանգ Իդլիբի իրավիճակները Թուրքիան ի սկզբանե փորձում է միաձուլել որպես մեկ գործ։ Եվ Ռուսաստանն ու Իրանը կարծես չեն կարողանա խուսափել դրանից։ Բացառված չէ, որ Անկարան դրանց կձուլի նաև լիբիական «ծեծկռտուքները». զուտ քաղաքական համատեքստում նրա համար այդպես ավելի հեշտ է։

Մյուս կողմից՝ այդ հակամարտությունների թեման արդեն իսկ խաչվում է հենց թեկուզ վարձկան գրոհայինների առկայության պատճառով։ Այդ առումով ևս Էրդողանը բավականաչափ գրագետ է գործում։ Իր իսկ հրահրած պատերազմական գործողությունների մսաղացում աղում է ոչ իր զինվորներին ու սպաներին։ Իսկ եթե ուղարկում էլ է, ուրեմն բացառապես հրահանգիչներ են կամ հատուկ զորքերի փոքր, բայց լավ պատրաստված խմբեր, որոնք գրեթե զոհեր չեն ունենում կամ նվազագույն քանակով են ունենում։

Հանուն Օսմանյան կայսրության, որը Էրդողանը փորձում է վերածնել, հիմնականում պատերազմում և զոհվում են կա՛մ մեծ թվով տեղացիներ (Ադրբեջանում դա կադրային մարտական ստորաբաժանումներն են), կա՛մ նույն այդ վարձկան գրոհայինները՝ «հաջողության զինվորները»։ Հատկանշական է, թե ինչպես է սուլթանն իրեն պահում Սիրիայում ՝ Իդլիբում, որտեղ իրավիճակը կրկին շիկացել է՝ դառնալով պայթյունավտանգ։ Իր բանակի կադրային ստորաբաժանումները պահում է սեփական սահմանին մոտ, նույնիսկ ապամոնտաժում է այն նույն դիտակետերը, որոնց համար ոչ վաղ անցյալում դաժան մարտեր էին ընթանում։

Սակայն Սիրիայի տարածքը չի լքում՝ այն հույսով, որ Ռուսաստանը կշեղվի դեպի Արցախ, և այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի կրկին կռվի մեջ մտնել, «իսկ հետո արդեն կերևա»։ Իսկ առայժմ թուրքերը նոր, ավելի մոտիկ դիտակետեր են կառուցում, որպեսզի հնարավոր լինի լուրջ պատերազմ մղել ոչ միայն Սիրիայի օրինական բանակի, այլև ռուսական ռազմատիեզերական ուժերի դեմ։

1639
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, ԱՄՆ, Ռուսաստան, Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Ադրբեջանի կողմից պայմանավորվածության խախտումը Ռուսաստանին ուղղված մարտահրավեր է. քաղաքագետ
Սա ուղիղ մարտահրավեր է Ռուսաստանին. Սոլովյովը` Հայաստանին հարվածելու մասին
Հայաստանը Ռուսաստանին և Իրանին է փոխանցել ադրբեջանական հանցագործությունների ապացույցները
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը

Խաղից դուրս վիճակ, կամ ո՞րն էր Թուրքիայի գլխավոր սխալը Արցախի հարցում

244
(Թարմացված է 00:04 25.11.2020)
Sputnik Արմենիայի սյունակագիրը վերլուծում է արցախյան պատերազմի արդյունքում տարածաշրջանում ձևավորված ուժերի դասավորվածությունը, ինչպես նաև այն պատճառները, որոնք հանգեցրին իրադարձությունների նման զարգացման։

Ռուսաստանի և Թուրքիայի տրամագծորեն հակառակ աշխարհաքաղաքական շահերը հերթական չար կատակը խաղացին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կայսերական նկրտումների գլխին։ Տեղի ունեցավ մոտավորապես նույն բանը, ինչ եղել էր Սիրիայում և Լիբիայում։ Եվ դա այդպես է, չնայած այն փաստին, որ Մոսկվայի և Անկարայի աշխարհաքաղաքական մրցակիցները նույնն են՝ Վաշինգտոնն ու եվրոպական մայրաքաղաքները։

Ասել, որ Ղարաբաղյան հակամարտության վերջնական դասավորությունը Ռուսաստանի համար ձեռնտու ստացվեց, այնքան էլ ճիշտ չի լինի։ Հազիվ թե Կրեմլում ի սկզբանե նախատեսել էին, որ այդքան հապճեպորեն ստիպված կլինեն միջամտել ուղղակի ռազմական բախմանը։

Հնարավո՞ր է արդյոք Թուրքիային դիմադրելով՝ բազմավեկտորություն խաղալ

Ռուսաստանում, ամենայն հավանականությամբ, ի սկզբանե հույս ունեին, որ Հայաստանը, որպես ՌԴ սակավաթիվ ռազմավարական դաշնակիցներից մեկը, կկարողանա պահել աշխարհի գլոբալ վերաձևման ընթացքում ուրվագծվող աշխարհաքաղաքական ճակատներից գոնե մեկը։ Մոսկվայում ենթադրում էին, որ Երևանը կկարողանա ծածկել և պաշտպանել Արցախի տարածքները։

Այդ դեպքում Կրեմլն իրոք պատրաստ էր իր ուժերի չափով (և բավականին մեծ) օգնություն տրամադրել հայկական կողմին՝ բոլոր ոլորտներում։ Բայց ամեն բան փոխվեց այն ժամանակ, երբ «թավշյա հեղափոխության» արդյունքում Հայաստանում իշխանության եկան ուժեր, որոնք պատրաստ էին երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումը փոխարինել այսպես կոչված բազմավեկտորությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին իշխանության եկած երիտասարդ թիմն իրեն բարեփոխիչ էր համարում։ Դաստիարակվել և կրթվել էր գլոբալիզմի ոգով, որը, ճիշտն ասած, արդեն սկսել էր սպառել իրեն։ Սակայն այդքան էլ հեշտ չէր հրաժարվել այն ստանդարտներից, որոնց սովորել էին սովորելու և զանազան արևմտյան հիմնադրամների և ՀԿ-ների համար աշխատելու տարիներին։

Ահա և ստացվեց այն, ինչ ստացվեց։ Այն է`երկրի՝ գլոբալիզացիայի և ժողովրդավարության արևմտյան տարբերակի գաղափարներով ոգեշնչված ղեկավարությունը որոշեց, որ կարելի է գլուխ հանել առանց տարածաշրջանում ռազմավարական դաշնակցի։ Ենթադրում էին, որ յոթ սարից այն կողմ գտնվող Վաշինգտոնն ու եվրոպական մայրաքաղաքներն անպայման կպաշտպանեն Հայաստանը արտաքին սպառնալիքներից, և որ Գյումրու ռազմաբազան Երևանին, մեծ հաշվով, արդեն պետք չէ։

Անկարան կրկին հայտարարում է Արցախում թուրք խաղաղապահների մասին, Մոսկվան կրկին հերքում է

Իսկ չէ՞ որ խոսքը Թուրքիայի ակտիվության մասին էր, որը նախկինում ագրեսիվ կերպով ներխուժել էր թե՛ Սիրիա, թե՛ Իրաք, թե՛ Լիբիա։ Նույն այն Թուրքիայի, որը մի լումայի արժեք չի տալիս Հունաստանի և Կիպրոսի տարածքային ամբողջականությանն ու ծովային ավազանին, որը շարունակ սպառնում է Եվրամիությանը Հյուսիսային Աֆրիկայից և Միջին Ասիայից փախստականներով (և եվրոպացիներն իրոք վախենում են դրանից)։

Խոսքն այն նույն Թուրքիայի մասին էր, որ վերջերս Լիբիայի ափերի մոտ իր ռազմանավերի նշանառության տակ էր վերցնում ֆրանսիական էսկադրոնային ականակիրը։ Եվ ահա նույն կերպ, առանց քաշվելու, Անկարան խառնվեց Ղարաբաղյան հակամարտությանը, որը վերաճեց արյունահեղ պատերազմի։

Եվ ահա երբ Արցախում արդեն սավառնում էին թուրքական «Բայրաքթարները», կրակում էին «TRG-300 Kasirga» ՀԿՌՀ-ները, իսկ ռազմական օպերացիաները թուրք մասնագետներն էին ծրագրում, Երևանում արդեն հասկացան, որ առանց ռուս բարեկամների օգնության և Գյումրիում նրանց ռազմակայանի` ոչ մի կերպ հնարավոր չէ։

Հարյուր տարի տարածաշրջանն Անկարայի համար եղել է terra non grata

Թուրքիան, ձևականությունների հետևից չընկնելով, խախտեց Երևանի և Բաքվի միջև Ռուսաստանի ստեղծած կայուն հավասարակշռությունը։ Մոսկվան հակամարտող կողմերին զենք էր վաճառում այն հաշվարկված համամասնությամբ, որպեսզի բալանսի ակնհայտ խախտում չլինի, և ոչ մեկի մոտ տարածաշրջանում իրավիճակ փոխող մեծ պատերազմ սանձազերծելու գայթակղություն չառաջանա։

Եվ Անկարան սկսեց անել դա մոտ երկու տարի առաջ, երբ համոզվեց, որ Հայաստանի իշխանությունների աշխարհաքաղաքական վեկտորը ավելի ու ավելի բացահայտորեն է թեքվում դեպի արևմուտք։ Երբ Երևանում հակառակորդին առաջարկում էին միասին թեյ խմել Շուշիում և փամփուշտներից զարդեր սարքել։ Երբ խոսում էին այն մասին, որ 2016թ․-ի Ապրիլյան պատերազմում հարյուր հայ զինվորներ զոհվել են «հենց այնպես»։

Անկարայում այսպես կողմնորոշվեցին․ ժամանակն է պայթեցնել իրավիճակը ամբողջ տարածաշրջանում։ Քանի որ Էրդողանը որոշել է «գնալ արևելք», ապա ավելի հարմար առիթ չի լինի։ Ընդ որում՝ որպես ռազմական օպերացիայի նպատակ Թուրքիան ամենևին էլ Արցախը չէր տեսնում։ Ավելի ճիշտ՝ տեսնում էր Արցախը, բայց ամենևին էլ ոչ պարզապես այն «կրտսեր եղբայր Ադրբեջանին վերադարձնելու» նպատակով։

Նպատակը շատ ավելի խոշոր էր՝ ներխուժել Հարավային Կովկաս և այնտեղ էլ մնալ։ Եվ, սկզբի համար, Ռուսաստանի հետ կիսել ամբողջ տարածաշրջանի վերահսկողությունը։ Անկարայում ծրագրում էին Մոսկվայի հետ հավասար նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Որոշել ոչ միայն Արցախի, այլև ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը, որն արդեն հարյուր տարի է, ինչ թուրքերի համար terra non grata է։ Երկիր, որի մասին նրանք միայն երազել կարող էին։

Ղարաբաղի փաստաթուղթը այդքան էլ չի բավարարում Բաքվին․ թուրք պատգամավորն ասել է՝ ինչու

Եվ ծրագիրը նախատեսում էր անպայման Նախիջևանի տարածքը ճանապարհով միացնել Ադրբեջանին։ Անել այն, ինչի համար արդյունքում Վաշինգտոնում, Բրյուսելում և Թել Ավիվում Անկարային կգովեն ու գլուխը կշոյեն։

Որովհետև, ի լրումն մնացած ամեն ինչի, բացի Էրդողանի նեոօսմանական, կայսերական նկրտումների (որոնց նույն Արևմուտքում չգիտես ինչու` լուրջ չեն վերաբերվում), ՆԱՏՕ-ն ուղիղ հասանելիություն է ստանում Իրանի «հյուսիսային դարպասներին»։ Բացի այդ, Թուրքիային արևմտյան կարկանդակներ կհասնեին նաև նրա համար, որ մոտեցել է Ռուսաստանի հարավային դարպասներին՝ Հյուսիսային Կովկասին։

Ո՞վ պետք է այսքանից հետո պայմանավորվի Արցախի հարցով, եթե ոչ Ռուսաստանը

Բայց այս ամենը հնարավոր կլիներ մի պայմանով` եթե Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ գրավեր Արցախի ամբողջ տարածքը, իսկ թուրքական (կամ որ նույնն է՝ ՆԱՏՕ-ական) զորակազմը «խաղաղապահության» անցնել ռուս խաղաղապահների հետ միասին։ Այդ դեպքում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրները Մոսկվային հավասար` Անկարան էր լուծելու։ Եվ ոչ միայն Արցախի, այլև առհասարակ հարավ-կովկասյան տարածաշրջանի բոլոր հարցերը։ Միայն թե խնդիր առաջացավ։

Այստեղ ևս, ինչպես Սիրիայում ու Լիբիայում, ոչ այն է` բարեկամներ, ոչ այն է` դաշնակիցներ, ոչ այն է` գործընկերներ Ռուսաստանի և Թուրքիայի շահերը, պարզվեց, տրամագծորեն հակառակ են միմյանց։ Եվ քանի որ Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը, իր կադրային ստորաբաժանումները չուղարկեց հայրենակիցներին պաշտպանելու և Ադրբեջանի հետ սահմանին երկրորդ ճակատ չբացեց, ապա շտապ կարգով ստիպված եղավ Ռուսաստանը խառնվել։

Արցախում խաղաղապահական առաքելությամբ Մոսկվան սկսեց լրջորեն զբաղվել ոչ միայն (և ոչ այնքան) այն պատճառով, որ պետք էր փակել հակառակորդի՝ Անկարայի ճանապարհը դեպի տարածաշրջան։ Առաջին հերթին խնդիրն այն է, որ Արցախի հայ բնակչության գլխին կախվել էր ոչնչացման կամ, առնվազն, հարկադիր տեղահանման վտանգը։

Հավանաբար հենց այդպիսի ելքը նկատի ուներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ Էրդողանին բացատրում էր, թե ինչու թուրքական բանակին չի համապատասխանում խաղաղապահական առաքելությունը Արցախում, որտեղ հայեր են ապրում։ Չէ՞ որ այդ երկու ժողովուրդների պատմությունը իրոք ներկված է արնաշաղաղ-սև, ողբերգական գույներով։

Ինչու չի կարելի Ղարաբաղը թողնել ԱՄՆ-ին, Բրիտանիային ու Թուրքիային. Մուխինի տեսակետը

Այսուհետ արցախյան հանգույցը քանդելու իսկապես մանրակրկիտ, բարդագույն դիվանագիտական աշխատանք է սպասվում։ Նույն Թուրքիային, ինչ էլ ասենք, չհաջողվեց հանգույցը կտրել մեկ հարվածով՝ զենքի ուժով։ Ամբողջ քառասունհինգ օր Արցախի պաշտպանության բանակն ու կամավորները թույլ չէին տալիս անել դա։ Եվ վերջում էլ մարտը կանգնեցին ռուս խաղաղապահները։ Եվ ամբողջ դիվանագիտական աշխատանքն էլ կրկին ստիպված է լինելու կատարել Ռուսաստանը։

Դժվար թե ներկայիս հայկական ղեկավարությունը նստի բանակցությունների սեղանի շուրջ՝ պարտված կողմի կարգավիճակով։ Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամներն էլ (ԱՄՆ-ն, Ֆրանսիան) դժվար թե պետք է դա անեն։ Նույն Թուրքիան արդեն սկսել է անթաքույց ծաղրել ՆԱՏՕ-ին, էլ չասած Եվրամիության մասին։ Ռուսաստանն էլ դժվար թե թույլ տա ծավալվել նրանց, ովքեր չկարողացան գոնե ժամանակավորապես կանգնեցնել արյունահեղությունը։

Ի՞նչ կլինի Եվրոպայի հետ, եթե Թուրքիան կառավարի Ադրբեջանը․ պատասխանում է ՀՀ նախագահը

244
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Արցախ
Ըստ թեմայի
Ոչ մի երկիր այնքան կախում չունի Թուրքիայից, ինչքան Ադրբեջանը. ՀՀ նախագահի պատասխանը Ալիևին
Նրանք պարզաբանումներ կստանան ղարաբաղյան համաձայնագրի և Թուրքիայի դերի վերաբերյալ. Պեսկով
Թուրքիայի ծրագրերը շատ ավելին են, քան Արցախին հարված հասցնելը
Թուրքական զորքը Ադրբեջանում

Խորամանկությամբ անտեսելով ԼՂ–ի վերաբերյալ հրահանգը. ինչու է Թուրքիան զորք մտցնում Ադրբեջան

2763
(Թարմացված է 10:26 24.11.2020)
Ռազմական վերլուծաբանն անդրադարձել է Անկարայի ծրագրերին, որոնք ակնհայտորեն ուրվագծվում են թուրքական զորքն Ադրբեջան մտցնելու ֆոնին։

Ալեքսանդր Խրոլենկո

Թուրքական զորքը խաղաղապահության պատրվակով Ադրբեջան մտցնելն արտացոլում է Հարավային Կովկասում ու Մերձկասպյան տարածաշրջանում ռազմաքաղաքական ազդեցությունն ընդլայնելու, ինչպես նաև ընդհանուր առմամբ միջազգային ասպարեզում Թուրքիայի դիրքերն ամրապնդելու Անկարայի ձգտումը։ Նման խնդիրների լուծման համար մեկ տարին հաստատ բավարար չի լինի։ Մենք տեսնում ենք հետխորհրդային տարածքում ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնման հերթական խորամանկ փուլը։

Նոյեմբերի 21-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ երկրի ցամաքային զորքերն ավարտել են պատրաստությունն ու շուտով ՌՕՈւ–ն զորքին կուղարկի Ադրբեջան։ Հրամանատարը խոսում էր նաև «միջազգային ասպարեզում Թուրքիայի առաջատարության» մասին, որի ճանապարհին «թուրքական զինված ուժեր հանրապետության պատմության մեջ ամենալարված ժամանակաշրջաններից մեկն են ապրում»։

Ադրբեջանում Թուրքիայի ռազմական անձնակազմի քանակական և որակական կազմը դեռ գաղտնի է։ Նկատենք, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները Անկարայի և Բաքվի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում գրեթե մշտապես ներկա են Ադրբեջանում։ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի շրջանակում աշխատելու համար սպաների հերթական խմբի ուղարկումը դժվար թե նախագահի հրաման ու թուրքական խորհրդարանում քննարկումներ էր պահանջում։

Նոյեմբերի 11-ին Անկարան և Մոսկվան հուշագիր ստորագրեցին ԼՂ–ում հրադադարի վերահսկման կենտրոնի մասին, և այդ փաստաթղթում համատեղ խաղաղապահ ուժերի ստեղծման մասին որևէ կետ չկա։ Սակայն հետագայում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարեցին թուրքական զորքի մասնակցությամբ «համատեղ խաղաղապահ առաքելության» մասին։

«Դա Թուրքիայի ներքին գործն է»․ Պեսկովը՝ թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու մասին

Ակնհայտ է, որ Անկարան և Բաքուն մեղմորեն անտեսել են Մոսկվայի խնդրանքը` թուրքական զորք չմտցնել «թեժ» տարածաշրջան։ Ակնհայտ է նաև, որ Թուրքիայի ցամաքային զորքերն Ադրբեջանի տարածքում ինչ–որ բանի են պատրաստվում, բացի նրանից, որ մոնիտորինգային կենտրոնի շրջանակում մի քանի տասնյակ մասնագետներով պիտի գործակցեն Ռուսաստանի հետ։

Հաջողության արբիտրաժ

Թուրքիան Հարավային Կովկասում Ռուսաստանի հետ լայնածավալ հակամարտություն նախաձեռնելու ռազմավարական պատճառներ չունի (այստեղ հաջողության հասնելը քիչ հավանական է, բացասական հետևանքներն էլ Անկարայի համար երաշխավորված են)։ Առավել արդյունավետ ու անվտանգ է Ադրբեջանի հետ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության կամ «խաղաղապահ առաքելության» դրոշի տակ հարմար պատրվակով հետևողական ներթափանցումը տարածաշրջան։ Մյուս կողմից Բաքվի աջակցությունը կարող է հատուցում դառնալ ղարաբաղյան զինված հակամարտության մեջ թուրքական օգնությանը` ապագայի միտումով։

Լեռնային Ղարաբաղում թուրքական զորքերի գործողություններ նախատեսված չեն որևէ համաձայնագրով, այդ թվում` եռակողմ հայտարարությամբ (Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան): Ադրբեջանում թուրք զինծառայողների ներկայությունը իրավաբանորեն հետո է ձևակերպվել, չէ՞ որ ՌԴ հեղինակավոր ռազմական փորձագետների տվյալներով` Ադրբեջանի տարածքում սեպտեմբերի վերջից շուրջ 1500 թուրք զինծառայող է եղել։ Թուրք գեներալներն ու սպաները որպես խորհրդատուներ գործել են ղեկավարման ողջ ուղղահայաց շղթայում` ադրբեջանական բանակի գլխավոր շտաբից մինչև գնդային օղակի շտաբեր։ Հակամարտության ընթացքում ադրբեջանական կողմին ցուցաբերած միանշանակ ռազմական աջակցությունը բացարձակապես թույլ չի տալիս թուրքական բանակին հավակնելու Ղարաբաղում խաղաղապահների դերին և սահմանազատման գծում համատեղ պարեկության մեջ որևէ մասնակցությանը։ Սակայն տարբերակներ հնարավոր են։

«Հայտնվել ենք մի վիճակում, որ հրադադարի համաձայնագիրը չեղարկել հնարավոր չէ». Արամ Սարգսյան

Թուրքիան փաստորեն արդեն ամուր հաստատվել է Ադրբեջանում։ Հետագայում թուրքական զորքերը կարող են տարիներով գտնվել ադրբեջանական տարածքում երկկողմ համաձայնագրերի հիման վրա։ Դա չի խախտի միջազգային իրավունքի նորմերը, սակայն նաև խաղաղություն չի երաշխավորի։ Քանի որ աշխարհի և ոչ մի երկիր չի ճանաչել ԼՂՀ ինքնիշխանությունը, Բաքվի և Անկարայի մոտ կարող է ամենաթողության պատրանք առաջանալ նաև ԼՂ հայ բնակչության նկատմամբ։ Թուրքիայի ԱԳՆ–ն արդեն հայտարարել է «տեղում որոշակի լրացուցիչ դիտորդական կետերի մասին»։ Մտահոգություն է առաջացնում սիրիացի թուրքամետ զինյալներին Ադրբեջանից դուրս բերելու տեղեկության բացակայությունը։ Նման իրավիճակում կարևոր է, որ «ադրբեջանցի եղբայրների հաջողության արբիտրաժը» (նախարար Հուլուսի Աքարի արտահայտությունը) հաջողությունից գլխապտույտի չվերածվի։

Ապագայի ուրվագիծ

Անկարան «թյուրքական աշխարհի» կառուցման գլոբալ ծրագրեր ունի։ Հեռանկարում չի բացառվում, որ թուրքական շահերն ու ուժերը Ադրբեջանի սահմաններից դուրս գան Կասպյան տարածաշրջան ու Կենտրոնական Ասիայի երկրներ։

Բավական հզոր զինված ուժեր ունենալով` 355 հազար զինծառայող, ավելի քան 2600 տանկ, 270 հատ F-16 բազմաթիրախային կործանիչ և Global Firepower–ի համաշխարհային վարկանիշում արժանի 11-րդ հորիզոնական, Թուրքիան ակտիվորեն ընդլայնում է ինքնաթիռների, ԱԹՍ–ների, հրթիռների և տանկերի սեփական արտադրությունը։ Անցած 1.5 տասնամյակի ընթացքում թուրքական պաշտպանական ձեռնարկությունների թիվն աճել է` 56-ից հասնելով 1500-ի, կառավարությունն ավելի քան 75 մլրդ դոլարի ռազմարդյունաբերական համակարգերի ծրագրեր է ղեկավարում։ Անկարան մի շարք արտասահմանյան զենքեր է գնում։ Թուրքիայի Հանրապետության պաշտպանական բյուջեն ավելի քան 18 մլրդ է, ինչը 2020 թվականի բյուջեի ընդհանուր ծախսերի շուրջ 13%–ն է։

Թուրքիան ակտիվորեն ռազմական գործիքներ է կիրառում Սիրիայի հյուսիսում, Լիբիայում։ Ի հեճուկս այլ երկրների շահերի` հավակնում է Միջերկրական ծովի զգալի հատվածներին (ածխաջրածնի արդյունահանում)։

Այդպիսով, նավթի զգալի պաշարներ ունեցող Ադրբեջանը Թուրքիայի բավական կոնկրետ, էքսպանսիվ ու ագրեսիվ արտաքին քաղաքականությունը զարգացնելու հարթակ է դառնում։ Նման «եղբայրությունը» վտանգավոր է նաև նրանով, որ Անկարայի մեջքի հետևում նշմարվում է Հյուսիսատլանտյան դաշինքը, որը լուռ աջակցում է Էրդողանի «անկարգություններին» աշխարհագրական ցանկացած կետում։

ԼՂ–ում գտնվող ռուս խաղաղապահները վերականգնում են խաղաղությունն ու կարգուկանոնը, իսկ Թուրքիան փորձում է որոշակի ռազմական ենթակառուցվածք ստեղծել Ադրբեջանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում հաստատել ռազմական միջամտության սեփական իրավունքը։ Անկարայի ղարաբաղյան նախագծին խանգարում է լոգիստիկան։ Ադրբեջանն ու Թուրքիան ընդհանուր ցամաքային սահմանի մի փոքր հատված ունեն թուրքական Իգդիր գավառի հատման կետում, որը բավական մեկուսացած է «մեծ Ադրբեջանից»` Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից։ ՌՕՈւ–ի ինքնաթիռներով (բավական թանկ հաճույք) զորքերի, սպառազինության և պաշարների տեղափոխումը ստիպված կլինեն համաձայնեցնել Հայաստանի, Վրաստանի (առավել հավանական երթուղի) կամ Իրանի հետ։ Եվ ցանկացած աշխարհաքաղաքական դասավորվածության պարագայում Թուրքիան ստիպված կլինի հաշվի առնել Ռուսաստանի ամուր դիրքերը Կովկասում և Մերձավոր Արևելքում։

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

2763
թեգերը:
զորք, Ադրբեջան, Թուրքիա, Լեռնային Ղարաբաղ
Ըստ թեմայի
Ադրբեջանի պահվածքը վերահաստատում է Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտությունը. Մայիլյան
Հեռացող Ակնան. ինչ տեսք ուներ Աղդամը Ադրբեջանին հանձնելուց մեկ օր առաջ
Աղդամի գյուղերն ադրբեջանցիներին հանձնելուց հետո. ի՞նչ է կատարվում հայկական անցակետի մոտ
Ադրբեջանական համազգեստով մարդիկ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին․ մեկնաբանում է ԱԱԾ–ն
Արցախ

Ինչու է Արևմուտքը դժգոհ ղարաբաղյան կարգավորումից

0
(Թարմացված է 00:31 25.11.2020)
ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Իրինա Ալկսնիսը վերլուծում է, թե ինչպե՞ս են փոխվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերերն Արցախում պատերազմից հետո։

Ֆրանսիայի արտգործնախարարը մանրամասներ է ներկայացրել մարդասիրական առաքելության մասին, որը Ֆրանսիան կազմակերպել է Արցախի բնակիչներին օգնելու համար։ Խոսքը տարարածաշրջան բժիշկներ և բժշկական-վիրաբուժական սարքավորումներ ուղարկելու մասին է։

ԱՄՆ-ը, իր հերթին, սահմանափակվել է հինգ միլիոն դոլար հատկացնելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և ոչ պետական այլ կազմակերպություններին, որոնք օգնություն են ցուցաբերում հակամարտության վերջին սրման արդյունքում տուժած մարդկանց։

Փարիզի և Վաշինգտոնի կողմից ղարաբաղյան այս կարգավորման վերաբերյալ ոգևորության ակնհայտ բացակայությունն ինչպես հռետորաբանության, այնպես էլ գործողությունների առումով, հաստատում է, որ Սերգեյ Լավրովը ճիշտ էր, երբ ասում էր, որ նրանք «խոցված ինքնասիրությունն» են ցուցադրում։

Նույն բանի մասին է խոսել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հեգնանքով նկատելով, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան «թեև ուշացումով, բայց այնուամենայնիվ հայտնեցին իրենց դրական վերաբերմունքը ձեռք բերված համաձայնության հանդեպ»։

Եվ, համաձայն ձևավորված ավանդույթի, բառերի ընտրության հարցում ձևականություններից զերծ մնաց Անկարան։ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ Արևմուտքը՝ ի դեմս ՆԱՏՕ-ի և Եվրամիության, 30 տարի շարունակ անընդունակ է եղել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ «հստակ և իրատեսական առաջարկներ» առաջ քաշել, մինչդեռ Ռուսաստանն ու Թուրքիան կարողացան հասնել փոխհամաձայնության։

Անմիջապես սկսեցին գրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները ցավոտ պարտություն դարձան Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար, որոնք Ռուսաստանի հետ միասին այդ հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ որոնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ են։

Եթե հավատանք The National Interest-ի լրագրողներին, Արևմուտքն այս անգամ բաց է թողնել բառացիորեն ամեն ինչ։ Արևմուտքի համար անսպասելի էին թե՛ մարտական գործողությունների վերսկսումը, թե՛ ստորագրված համաձայնությունը, որի համաձայն տարածաշրջան են մտել ռուս խաղաղապահները։

Պարբերականը տեղի ունեցածի մեղքը բարդում է ամերիկյան հետախուզության վրա, որը, նրա տեղեկություններով, չի կարողացել անգամ տեղեկություններ ստանալ Պուտինի և Էրդողանի բանակցությունների մասին, որի արդյունքում ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում նկատելիորեն թուլացել են։

Սակայն իրականում իրավիճակը շատ ավելի բարդ է, քանի որ «հետախուզությունը վատ է աշխատել» դիրքորոշումը թույլ է տալիս թաքցնել այս ամբողջ պատմության մեջ ԱՄՆ-ի շատ ավելի մասշտաբային ձախողումը։

Ռուսաստանը Կարմիր խաչին 2 մլն եվրո է փոխանցել` Արցախում կատարվելիք գործողությունների համար

Ղարաբաղյան կարգավորումը, չնայած հակամարտության հարաբերականորեն լոկալ բնույթին, նշանավորում է գլոբալ քաղաքական համակարգի փոփոխությունների սկզբունքորեն նոր փուլը։ Սա առաջին անգամն էր, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան միանգամից բոլոր մասնակից կողմերի համար անպետք ու անցանկալի գործընկերներ դարձան։

Վերջին երեք տասնամյակների ընթացքում արևմտյան հեգեմոնիայի կարևորագույն գիծը նրա ամենահասությունն ու ամենուր պահանջված լինելն էր։ Ցանկացած իրավիճակում, ցանկացած հակամարտությունում (ամենատարբեր երկրներում նույնիսկ` ներքաղաքական) միշտ գտնվել են ուժեր, որոնք հղում են արել Արևմուտքին, դիմել են դրա աջակցությանը,  օգնություն փափագել և հաճախ այս կամ այն ձևով ստացել այդ օգնությունը։

Որպես տվյալ մոտեցման ցայտուն օրինակ կարելի է հիշել 2014 թվականի գարնանը Ղրիմում տեղի ունեցած դրվագը, երբ ուկրաինացի զինվորականները «Ամերիկան մեզ հետ է» գոչյուններով փորձեցին «գրոհել» ռուսական ռազմական օբյեկտի վրա։ Դա իհարկե ծիծաղելի է թվում, բայց միևնույն ժամանակ շատ հստակ արտոցոլում է զգալի թվով մարդկանց մտածելակերպը, այդ թվում` բարձրաստիճան, ամբողջ աշխարհով` Բելառուսից մինչև Վենեսուելա, Սիրիայից մինչև Հոնկոնգ։

Ավելին, նման իրավիճակը նպատակաուղղված աջակցվում է Արևմուտքի կողմից, որը բնականաբար, փորձում է վերջին ատյանի ճշմարտությունը դառնալ և տիրապետել աշխարհի ցանկացած խնդրի և հակամարտության վրա վետո դնելու իրավունքին։ Դա նրա աշխարհաքաղաքական գերակայության ամենագլխավոր բաղկացուցիչներից մեկն է։

Արցախյան հակամարտության ներկայիս փուլը բացառիկ էր նրանով, որ Արևմուտքը բացառվեց միանգամից բոլոր մասնակից կողմերի կողմից։  Դա էլ ավելի է հստակեցնում, որ բանակցային գործընթացը հեշտ չէր, ինչը արտացոլվում էր նաև ներգրավված պետությունների պաշտոնական հաղորդագրություններում, որոնք տեղ–տեղ բավական կտրուկ էին։

Սակայն համաշխարհային ավանդույթի համաձայն` սեփական դիրքերն ամրապնդելու համար ԱՄՆ–ին և Եվրոպային ներքաշելու փոխարեն, բոլորը համերաշխորեն հակված էին այն համոզմունքին «որ խնդիրն ինքներս մեր մեջ կկարգավորենք»։

Եվ իսկապես կարգավորեցին` պոստֆակտում Արևմուտքին մնացյալ աշխարհի հետ կանգնեցնելով ձեռք բերված և արդեն նույնիսկ գործարկման մեջ դրված պայմանավորվածությունների փաստի առաջ։

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Այդպիսով, շատ մեծ հարված էր հասցվել ԱՄՆ–ի ազդեցության և համաշխարհային համակարգում հատուկ կարգավիճակին հավակնելուն։  Իսկ ինչպես ցույց է տալիս պրակտիկան, առաջին, առավել ևս հաջողված փորձից հետո, անկասկած, կհետևեն մյուսները:

Որևէ զարմանալի բան չկա, որ ամերիկացիները նախընտրում են տեղի ունեցածը բարդել սեփական հետախուզության պատահական ձախողման վրա։ Դա ավելի հեշտ է և հարմար, քան գիտակցելը կամ առավել ևս հանրայնորեն խոստովանելը, որ իրականում ԼՂ կարգավորումը հերթական տեկտոնական տեղաշարժն է համաշխարհային քաղաքական համակարգում, որը ԱՄՆ–ին ու Արևմուտքին աստիճանաբար զրկում է բացառիկ կարգավիճակ ունենալուց։

0
թեգերը:
Ռուսաստան, ԱՄՆ, Արևմուտք, Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
Ըստ թեմայի
Քարվաճառի վերջին հայկական օրը. կադրեր` լքված հայոց միջնաբերդից
Պուտինն ու Էրդողանը կրկին քննարկել են ԼՂ-ի հայտարարության կատարման ընթացքը
«Այստեղ ենք եղել մինչև վերջ». հայ զինվորները հեռանում են Քարվաճառից. տեսանյութ