Հակոբ Արշակյան

Հայաստանում էլ սթրիմերներ կան, կամ ինչու է նախարարը զբաղվել YouTube-գեյմերների գործերով

758
Սթրիմինգը ժամանցի նոր ինդուստրիայի կարևորագույն մասն է, բազում պրոֆեսիոնալ սթրիմերներն աշխատած գումարով չեն զիջում տեսաբլոգերներին, իսկ հայկական սթրիմինգ-համայնքին հաջողվում է ոչ միայն ընդլայնել լսարանն առանց YouTube-ի հայկական տիրույթի, այլև առաջ տանել դրամացման (մոնետիզացիա) գործընթացը:

Գեորգի Մուրադյան, Sputnik

PewDiePie-ը YouTube կայքի ամենահայտնի տեսաբլոգերն է, սթրիմինգի շնորհիվ նա 96 միլիոն բաժանորդ է հավաքել․ հեռարձակում է տեսախաղերի փուլերը հաղթահարելու ընթացքն ու մեկնաբանում տեղի ունեցածը: Տեսախաղերի մշակույթի հետ առնչություն չունեցող մարդիկ զարմանում են՝ ինչու է պետք նայել, թե ինչպես է ինչ-որ մեկը խաղում, եթե կարող ես ինքդ խաղալ: Միաժամանակ, խոհարարական շոուները, որտեղ մարդիկ ուտելիք են պատրաստում, կամ թոք-շոուները, որտեղ մարդիկ խոսում են միմյանց հետ, նույն մարդկանց նման հարցերի առիթ չեն տալիս:

Վերջին տարիներին Հայաստանում էլ են սթրիմերներ հայտնվել, որոնք հայերեն են մեկնաբանում խաղերի փուլերի հաղթահարման (խաղն անցնելու) ընթացքը:

Հաշվի առնելով, որ սթրիմներն իրականացվում են բացառապես հայերեն, նաև Հայաստանում YouTube-ի գործընկեր-ծրագրի բացակայությունը, կարելի է փաստել, որ սթրիմերները կանոնավոր հեռարձակումներ են անում զուտ խանդավառության վրա: Այդ պայմաններում մի քանի հազար բաժանորդ ունենալը կարելի է լավ արդյունք համարել:

Կարող է թվալ, որ սթրիմ անելը պարզ բան է: Ի՞նչ կա դրա մեջ, խաղ ես խաղում ու միաժամանակ պատմում ես՝ ինչ է տեղի ունենում:

Բայց պետք է հաջողացնես խոսել գրագետ, հետաքրքիր` չշեղվելով խաղի ընթացքից։ Ոչ բոլորին է դա հաջողվում: Այստեղ, ինչպես է կիբեռսպորտում, պետք են պարապմունքներ, տեսախաղերի ոլորտում տարիների փորձ ու, իհարկե, տաղանդ:

Հայալեզու սթրիմինգի դեպքում թարգմանության հետ կապված խնդիրներ էլ են առաջանում․ պետք է հարմարեցնել գեյմերների սլենգը գրական հայերենին ու, որ դա միաժամանակ բնական հնչի՝ լսարանը հետաքրքրելու համար:

Հաջողակ սթրիմերները խաղերի ու խաղային սարքերի մշակողների հետ գործարքներ են կնքում: Ընկերությունները նրանց դեռ չթողարկված խաղերի կամ համակարգչային տեխնիկայի նմուշներ են ուղարկում՝ փորձարկելու համար: Սթրիմինգ-համայնքի հայկական տիրույթի բավարար չափով ընդլայնվելու դեպքում նույն մշակողները կարող են ուշադրություն դարձնել հայկական ՏՏ ոլորտին ու, ասենք, ներդրումներ անել խաղային ընկերությունների տեղական գրասենյակների բացման մեջ, ինչը հետագայում կարող է հիմք դառնալ տեսախաղերի հայկական ինդուստրիայի զարգացման համար:

Բայց սա սթրիմինգի ամենևին էլ միակ դրական կողմը չէ, կան նաև այլ առավելություններ՝ խաղային սարքավորման հասանելիություն, կապ համաշխարհային խաղային հանրության հետ, խաղային լրագրության զարգացում, գեյմերների ենթամշակույթի համախմբում, որը նույնպես կապված է սթրիմինգի հետ, որն այս դեպքում հանրայնացնում է տեսախաղերն ու այն ամենը, ինչը կապված է դրա հետ:

Այսօր YouTube-ում հայկական սթրիմ-ալիքներից ամենահայտնիներն են TheArmenianKing-ը՝ քսանչորս հազար բաժանորդով, Feka Live-ը (45000 բաժանորդ), ELVINADAN, ART LIVE և այլ ալիքներ: 2019 թվականին նրանք ուրիշ հայ բլոգերների հետ բողոքարկում էին նախաձեռնել՝ Հայաստանը YouTube-ի դրամացման ծրագրում ընդգրկելու համար, բայց ամենայն հավանականությամբ այն արդյունք չի տվել:

Այս տարվա մարտին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հայտնել էր այդ խնդրով զբաղվող աշխատանքային խմբի ստեղծման մասին:

Դա կօգնի ոչ միայն և ոչ այդքան սթրիմերներին (նրանցից շատերն աշխատում են Twitch հարթակում, որը մասնագիտացված է խաղերի վրա), այլև ընդհանուր առմամբ հայ յութուբերներին, լինեն նրանք տեսաբլոգերներ, ՏՏ վերլուծաբաններ, թե ուսումնակրթական ալիքներ:

Այս ամենը վկայում է, որ հայկական գեյմերական հանրությունը բավականին հասունացել է՝ պրոֆեսիոնալ մակարդակի անցնելու համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ինչպես ասես կարող է վերաբերվել տեսախաղերին, բայց այսօր կան տասնյակ մասնագիտություններ, որոնք ենթադրում են տեսախաղերին բավականին երկար ժամանակի տրամադրում: Սթրիմերներից շատերը միաժամանակ որպես մեկնաբան են աշխատում կիբեռսպորտի խոշոր մրցաշարերում:

Սթրիմինգը նաև ժամանցի ինդուստրիայի կարևոր մասն է կազմում ու սերտ կապված է կիբեռսպորտի հետ: Այդ պատճառով YouTube-ի հայկական տիրույթի դրամացումը կարող է շրջադարձային լինել ինչպես տեսաբլոգինգի ու սթրիմինգի, այնպես էլ կիբեռսպորտի համար: Դրա տրամաբանական շարունակությունը կարող է դառնալ Հայաստանում կիբեռսպորտը որպես պաշտոնական մարզաձև ճանաչելը, ինչը կգրավի արտասահմանում ելույթ ունեցող մեր բազում կիբեռմարզիկների ուշադրությունը:

758
թեգերը:
Հակոբ Արշակյան, սթրիմեր, գեյմեր, Հայաստան
Ըստ թեմայի
«Կասպերսկի լաբորատորիան» բացահայտել է Հայաստանի դեմ ուղղված կիբեռսպառնալիքների աղբյուրները
Սա խաղ ու պար չէ․ ինչպես զարգացնել հայկական կիբեռսպորտը
Հայերը կիբեռսպորտում, կամ վիրտուալ դաժանությունը` գումար վաստակելու իրական միջոց