Իրավիճակը Սիրիայում

Հայ դիվանագիտության կիքսը. Երևանը լրացնում է Սիրիայում բաց թողածը

227
(Թարմացված է 10:08 12.02.2019)
Սիրիական հակամարտության մեջ իր խաղը Հայաստանն արդեն պարտվել է. դա անհերքելի փաստ է։ Ցավոք, 120 հազարանոց հայ համայնքից, որն ութ տարի առաջ ապրում էր այդ բազմաչարչար երկրում, այսօր Սիրիայում միայն 20–30 հազար մարդ է մնացել։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Սիրիայի գրեթե 120 հազարանոց հայ համայնքը այդ երկրում տիրող ճգնաժամի տարիներին աշխարհով մեկ ցրվեց` լավ կյանք փնտրելու։ Նրանք փորձում են գոնե մի ձև հարմարվել Կանադայում ու ԱՄՆ–ում, Ավստրալիայում ու Եվրոպայում։ Եվս 20 հազարը պատմական հայրենիքից մնացած այս հատվածն են վերադարձել ու հիմա ապրում են Հայաստանում և Արցախում։

Հայաստանն այնքան է ուշացել Սիրիայի հարցում, որքան տևում է քաղաքացիական պատերազմը

Իսկ սիրիական իրադարձությունների սկզբում, 2011 թվականի գարնանը, հայկական խաղաքարտերն այլ էին։ Ու եթե Հայաստանի ԱԳՆ–ն ի սկզբանե ճիշտ վարվեր, ապա հիմա արտաքին քաղաքական ասպարեզում բազում արտոնություններ կունենար։

Օրինակ, գաղափարախոսական. եթե Հայաստանը սիրիական ողբերգության սկզբում ցույց տար, որ պատրաստ է պաշտպանել իր հայրենակիցների իրավունքներն այդ երկրում, ամեն ինչ այլ կերպ կզարգանար։ Եթե Հայաստանն օրինակ ՄԱԿ–ի ամբիոնից խնդրեր միջազգային համայնքից հատուկ ուշադրություն դարձնել սիրիահայերին, գուցե մնացած երկրները ստիպված լինեին լսել։

Եթե բռունցքը սեղանին հարվածեր ու հայաբնակ բնակավայրերի համար միջազգային ահաբեկչությունից պաշտպանություն պահանջեր, հնարավոր է որոշ հատվածներում ողբերգություններ չլինեին։ Հնարավոր է` հատուկ ուշադրություն դարձնեին Հալեպին։ Ու մարդ ես, մեկ էլ տեսար արգելեին թուրքերին թալանել Մուսալեռան մոտակայքում գտնվող Քեսաբ հայկական քաղաքը, ինչպես դա տեղի ունեցավ 2014-2016 թվականներին։

Հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունների ու դիվանագիտական կորպուսի ակտիվ դիրքորոշումը կարող էր նաև երկրին ֆինանսական դիվիդենտներ բերել։ Հայտնի է, որ մեկ շունչ բնակչության հաշվարկով Հայաստանը (Թուրքիայից ու Գերմանիայից հետո) երրորդն է ընդունած սիրիական փախստականների թվով։

Արևմուտքը լուրջ, կարելի է ասել աստղաբաշխական գումարներ է վճարում նույն Թուրքիային` փախստականներին գոնե մի ձև տեղավորելու համար։

Փառք Աստծո, Հայաստանում ճամբարներ չեղան ու Սիրիայից եկած մեր եղբայրներից ոչ ոք ստիպված չէր երևանյան փողոցներում գիշերել։ Բայց պարզ ասենք, տնտեսական ոչ այդքան լավ վիճակում գտնվող Հայաստանի համար ֆինանսապես դժվար էր։ Եթե մեր դիվանագետները միջազգային քաղաքական հարթակներում իրենց ավելի ճիշտ, ավելի ագրեսիվ դրսևորեին, հանրությունը ստիպված կլիներ իր վրա վերցնել ֆինանսական բեռի գոնե մի՛ մասը։

Արևմուտքը ոչ մի կերպ չօգնեց սիրիահայերին, նույնիսկ Քեսաբից հետո թուրք ավազակներին չզսպեց

Միջազգային հանրությունը Թուրքիայի հասցեին ոչ մի խոսք չասաց, սահմանի թուրքական կողմից հրոսակախմբերը երկու ամիսը մեկ հարձակվում էին հայկական Քեսաբ քաղաքի վրա։ Ինչ պատահի գողանում էին։ Հայերին մնում էր միայն մոտակա բլուրներից նայել` ինչպես էին ամեն ինչ տանում բեռնատարներով...

Մի փոքր ուսումնասիրենք սիրիական հակամարտության ոչ հեռավոր պատմությունը։ Հիշենք, թե քանի՞ անգամ են արևմտյան երկրները բարձրացրել հայկական բնակչության հարցը։ Քանի՞ անգամ են զսպել Թուրքիային, որը, եթե չեմ սխալվում, արդեն 2014 թվականին Սիրիա մտած  արևմտյան հակաահաբեկչական կոալիցիայի մի մասն է։

Առաջ ընկնելով հիշեցնեմ, որ Քեսաբի վրա հարձակումները դադարեցին միայն 2015 թվականի վերջում, ռուսական ՌՕՈւ–ի միջամտությունից հետո...

Իսկ մինչ այդ, քանի՞ անգամ են այդ կոալիցիայի անդամները միջնորդություն առաջարկել Հայաստանին սիրիական քաղաքացիական պատերազմի թեժ կետերում հայտնված հայերին օգնելու համար։

120 հազար մարդ. կատակ բան չէ։ Միակ քայլը, որ կարողացան անել ամերիկացիները, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլտոնի արտահայտությունն էր այն մասին, որ օգնությունը սիրիահայերին չպետք է քաղաքական լինի...

Ու միայն հիմա, երբ Հայաստանն արդեն բաց է թողել սիրիական աշխարհաքաղաքական պլացդարմում վերոհիշյալ արտոնությունները, երկրի ղեկավարությունը վերջապես որոշել է օգնել հայրենակիցներին։

Օգնությունը սիրիահայերին լրիվ տեղավորվում է այդ պլացդարմում ռուսական խաղի մեջ

Սիրիական իրադարձությունների ամենասկզբից հասկանալի էր, որ ամերիկացիները մեկ նպատակ ունեն. կամ գահընկեց անել Սիրիայի գործող ղեկավարությանը, կամ քանդել երկիրը։ Ու Արևմուտքի սկսած նման աշխարհաքաղաքական խաղում հայերի և Սիրիայում բնակվող ազգային այլ փոքրամասնությունների (իսկ նրանք քիչ չեն) ճակատագիրը նրանց վերջին հերթին է հուզում։ Ավելի ճիշտ` ընդհանրապես չի հուզում։

Միաժամանակ սիրիական պլացդարմում կա հաղթող ու հերոս` Ռուսաստանը, որը Հայաստանի ռազմավարական աշխարհաքաղաքական դաշնակիցն ու տարածաշրջանային գլխավոր գործընկերն է։ Այն արդեն դիմել է Սիրիայում հումանիտար առաքելություններին մասնակցել ցանկացողներին։

Հայաստանի համար հարց չի առաջացել, թե ում աջակցությունից օգտվել սիրիահայերին օգնելու ցանկությունն իրականացնելու ընթացքում։ Հայտարարություններն այն մասին, որ Երևանը, Մոսկվայի հետ գործելով, կարող է Մերձավոր Արևելքում թշնամիներ ձեռք բերել, հեքիաթներ են այն մարդկանց համար, որոնք ընդհանրապես գլուխ չեն հանում Սիրիայի իրավիճակից։

Սիրիայում Ռուսաստանի հետ համատեղ գործում են տարածաշրջանային երկու գերտերություններ` Իրանն ու Թուրքիան։

Այդ դաշտում մնացյալ խաղացողներն անցած փուլ են. ներառյալ ԱՄՆ–ն, որը խոստացել է, որ զորքը Սիրիայի տարածքից վերջնականապես կհանի այս տարվա ապրիլին...

227
թեգերը:
Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Թուրքիա, Հայաստան, Սիրիա
Ըստ թեմայի
Թրամփը` Սիրիայից ԱՄՆ զորքերը դուրս բերելու մասին. կհեռանանք` շարունակելով ԻՊ-ի դեմ պայքարը
Ամերիկացիները ռազմական տեխնիկան սկսել են դուրս բերել Սիրիայից. ԶԼՄ
Իսպիրյան. «Սիրիան Իսրայելի և արաբական երկրների համար դառնում է հարթակ Թուրքիայի դեմ»
Սիրիա ուղարկվող օգնությունը ոչ միշտ էր հասնում նպատակին. հայերը բացում են փակագծերը
Գրիգորյան. «Սիրիայում 2019–ը կարող է ավելի թեժ լինել»
Հայաստանն առաջինն արձագանքեց Սիրիային օգնելու կոչին. Շոյգու