Փաշինյան-Ալիև ոչ ֆորմալ հանդիպումը. 22 հունվարի 2019 թ.

Արցախյան հիմնախնդիր. սպասե՞լ արդյոք արագ կարգավորման

209
Հայ և ադրբեջանցի պետական գործիչներն ու դիվանագետները կվտանգե՞ն իրենց հեղինակությունը հանուն «խաղաղության և ժողովրդավարության»՝ տվյալ պարագայում եթերային թվացող գաղափարների։

Սերգեյ Մարկեդոնով` ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ

2019թ–ի սկզբին ակտիվացել են բանավեճերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների առիթով։

Մեկը մյուսի հետևից լույս են տեսնում հրապարակումներ, որոնցում հեղինակները կանխատեսում են բազմամյա էթնոքաղաքական հակամարտության հանգուցալուծումը։ Նշվում են նույնիսկ ԼՂՀ–ի տարածքին հարող շրջանների վերաբերյալ դիվանագիտական գործարքի հնարավոր ժամկետներ։

Բայց որքանո՞վ են հիմնավորված նման սպասումները։ Եվ կարելի՞ է արդյոք  պայմանավորվածությունները, որոնց տեսականորեն կարող են գալ Բաքվի և Երևանի ներկայացուցիչները ԵԱՀԿ Մինսկի խմբի օգնությամբ, ամուր հիմք համարել հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար։

Այսրոպեականության որոգայթ

Ցանկացած ենթադրություն և տեսություն օդից չի ծնվում։ Ղարաբաղյան կարգավորման մասին բանավեճերի ներկա պոռթկումը որոշակի ֆոն ունի։ Հունվարին տեղի են ունեցել բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև։

Երկու պետությունների արտգործնախարարները շփվել են ավելի քան չորս ժամ, նրանց հանդիպման արդյունքում հայտնվել է «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» մասին բանաձևը։

Նշենք նաև, որ Ամանորի տոների նախօրեին ադրբեջանցի նախարարը հայտարարություն է արել այն մասին, որ իր հայ գործընկերոջ հետ «առաջին անգամ, երկար տարիների ընթացքում,  հանգել են փոխըմբռնման»։ Ու, թեև Երևանի հետագա բացատրություններից կարելի էր հետևություն անել, որ զգալի դիվանագիտական առաջընթացի համար առիթներ չկան, Մամեդյարովի «դեկտեմբերյան դրույթները» հիշվեցին։

Այնուհետև Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական հանդիպումը, որը նման ձևաչափում արդեն երրորդն է։ Պետք է նշել, որ հենց նման բանակցությունների ընթացքում երկու երկրների առաջնորդներն ավելի վաղ պայմանավորվել էին «արագ կապի» ուղիներ ստեղծել զինված միջադեպերին արձագանքելու համար։ Եվ իսկապես, վերջին մի քանի ամիսների ընթացքում կարելի էր  տեսնել հակամարտող կողմերի շփման գծում լարվածության նվազում։

Բայց համարժե՞ք են արդյոք Արցախի շուրջ անվտանգության գոտին նեղացնելն ու բազմամյա հակամարտության մեջ արձանագրված առաջընթացը։

Կարծում ենք, որ այդ հարցի պատասխանն ավելի լավ է սկսել սկզբունքորեն կարևոր հիշեցումից. արդեն առաջին անգամ չէ, որ Արցախի մասին գրող փորձագետները և լրագրողները նույն սխալն են գործում։ Նրանք ընկնում են «այսրոպեականության որոգայթը»։

Այդպես եղել է 2016թ–ի ապրիլին, երբ արցախյան առաջնագծում և հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով յուրաքանչյուր միջադեպ դիտարկվում էր որպես «քառօրյա պատերազմի» կրկնություն։ Իսկ կարևոր գագաթնաժողովների և բանակցությունների նախօրեին (հավանաբար ամենավառ օրինակը եղել է 2011թ–ի հունիսին Կազանի հանդիպումը), հակառակը, կանխատեսումներ են արվել շուտափույթ խաղաղություն կնքելու կամ առնվազն հիմնարար սկզբունքների իրագործման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու մասին։

Այսինքն այսօրվա կամ երեկվա իրադարձությունները դիտարկվում են խոշորացույցի տակ, իսկ ավելի լայն ենթատեքստերը կա՛մ անտեսվում են, կա՛մ ընկալվում առանց պատշաճ ուշադրության։

Միաժամանակ պետք է պատասխանել հասարակ հարցի. ինչո՞ւ տասնամյակներով չլուծվող հակամարտությունը (2019թ–ի մայիսին լրանում է Արցախում անժամկետ հրադադար կնքելու համաձայնագրի քառորդ դարը) հանկարծ պետք է կարգավորվի նախարարների, պետությունների ղեկավարների կամ միջնորդ դիվանագետների մեկ–երկու հայտարարություններից հետո։

Կարո՞ղ են արդյոք հրապարակային հայտարարությունները, միֆերը և կարծրատիպերն ինքնին դառնալ ստողծողը մի իրականության, որը մեռյալ կետից կշարժի ոչ միայն բյուրոկրատական իներցիան, այլ նաև հասարակական տրամադրվածությունները։

Սոցհարցումներից ոչ մեկը չի արձանագրում հայերի և ադրբեջանցիների` փոխզիջման հանգելու աճող ցանկությունը։ Ոչ, իհարկե, խաղաղության մասին շատ են խոսում թե՛ Երևանում, թե՛ Բաքվում։ Բայց հարցն այն է, որ ներգրավված կողմերից յուրաքանչյուրը խաղաղություն ասելով նախկինի նման սկզբունքորեն տարբեր բան է պատկերացնում։ Եվ նույնիսկ կարգավորման հիմնարար սկզբունքներն ընտրովի են մեկնաբանվում։ Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար տարածքային ամբողջականության և ազգային ինքնորոշման սկզբունքները համարժեք են, ապա Բաքվի և Երևանի համար նշված սկզբունքներից միայն մեկն է առաջնահերթ։

Բանակցություններ առանց «հեծանիվ հայտնագործելու»

Այն, ինչի մասին հիմա խոսում են Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչները և միջնորդ երկրները, վաղուց հայտնի է։ Եվ այստեղ հեծանիվ հորինելու և հավաստիության տարբեր աստիճանների դավադրությունների տեսություններ կառուցելու կարիք չկա։ Բանակցությունների սեղանին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, նախկին ԼՂԻՄ տարածքներին հարող շրջանների դեօկուպացիայի, փախստականների վերադարձի մասին հարցերն են։

Առաջին հայացքից ամեն ինչ հեշտ է։ Բայց, ինչպես միշտ, դժվարությունները մանրուքների մեջ են, այն է` գործողությունների առաջնահերթության և դրանց կատարման երաշխիքների։

Եվ ահա այստեղ բարդություններ են ծագում։

Այո, Արցախը և Հայաստանը կապող միջանցքը պետք է։ Բոլորն այստեղ համակարծիք են։ Բայց այդ միջանցքն ի՞նչ երկարություն պետք է ունենա։ Միայն Լաչինի շրջա՞նը, այդ շրջանի մի մա՞սը, թե՞ Լաչինը և Քելբաջարը։ Արցախի կարգավիճակի մասին հանրաքվե. այստեղ անհասկանալի ի՞նչ կա։ Ամենից առաջ՝ մասնակիցների կազմը և այն, թե ո՞վ և ինչպե՞ս է որոշելու վերջնական արդյունքը։ Միջազգային ինստիտուտների և միջազգային իրավունքի սրընթաց դեգրադացիայի պայմաններում վերոնշյալ հարցը բոլորովին հետաքրքրասիրության արգասիք չէ։ Միամտություն է կարծելը, որ այդ խնդիրները կարելի է լուծել մի քանի բանակցային հանդիպումների ընթացքում, որովհետև ինչ–որ մեկը լավատեսական հայտարարություն է արել։

Եվ, ամենագլխավորը, ինչ պետք է նկատի ունենան բոլորը, ովքեր գրում են ղարաբաղյան կարգավորման հեռանկարների մասին։ Ցանկացած համաձայնագիր ուղու վերջը չէ, այլ միայն սկիզբ։ Թղթի վրա պայմանավորվածությունները դեռ պետք է իրագործել գործնականում։ Հակամարտությունների պատմությունը բազմաթիվ օրինակներ գիտի, թե ինչպես խաղաղություն ձեռք բերելն այնուհետև հանգեցրել է հասարակության ներսում հակազդեցությունների։ Հիշենք թեկուզ 1920-ականներին Իռլանդիայում ստեղծված իրավիճակը. Մեծ Բրիտանիայի հետ խաղաղությունը հանգեցրել էր ներիռլանդական քաղաքացիական պատերազմի, որի ընթացքում նախկին համախոհները սկսեցին ոչնչացնել միմյանց։ Պատճառը պարզ է` «զիջումների գնի» նկատմամբ տարբեր վերաբերմունքը։

Սյուժեի նման զարգացումը թե՛ Երևանի, թե՛ Բաքվի քաղաքական գործիչներն աչքի տակ ունեն։ Գործնական կողմնորոշում ունեցող հայ և ադրբեջանցի պետական գործիչներն ու դիվանագետները, ամենայն հավանականությամբ, չեն վտանգի իրենց հեղինակությունը հանուն «խաղաղության և ժողովրդավարության» վերացական գաղափարների։ Ինչ վերաբերվում է նրանց միջև առճակատման պայմաններում Արևմուտքի և Ռուսաստանի կողմից արտաքին ճնշմանը  , ապա այն նրանց վրա համակարգային և համախմբված չի լինի։

Արցախը` որպես ներքաղաքական սյուժե

Ղարաբաղյան խնդիրն ուսումնասիրելիս պետք է նկատի ունենալ, որ այդ հարցը միայն հակամարտություն չէ երկու պետությունների միջև։ Եվ ոչ միայն անհանգիստ տարածաշրջանի շուրջ աշխարհաքաղաքական խաղերի սյուժե։ Դա նաև ներքաղաքական հարց է։

Հետխորհրդային Հայաստանի և Ադրբեջանի պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչներն օգտագործել են «դավաճանության և հանձնելու» մասին փաստարկը` դիմացինին վարկաբեկելու համար։ Հայաստանի առաջին նախագահի հակառակորդները խոսում էին այն մասին, որ Լևոն Տեր–Պետրոսյանը պատրաստ է «հանձնել Արցախը», իսկ նրանց ընդդիմադիրները առարկում էին, որ անձամբ Ռոբերտ Քոչարյանը 1999թ–ին մոտ էր այն բանին, որ ընդունի «տարածքների փոխանակման» ծրագիրը (Ղարաբաղի դիմաց Մեղրու շրջանը հանձնելը)։ Նրանք, ովքեր աջակցում էին Տեր–Պետրոսյանին, հանդիմանում էին Քոչարյանին և Սարգսյանին այն բանում, որ կորցրել են ԼՂՀ-ի առանձին ներկայանալը բանակցություններում։

Ադրբեջանի դեպքում քաղաքականությունը մեծամասամբ ոչ հանրային բնույթ է կրում։ Սակայն բարձրաստիճան դիվանագետների և Հեյդար Ալիևի խորհրդականների հրաժարականը, (Տոֆիկ Զուլֆիգարով, Վաֆա Գուլուզադե, Էլդար Նամազով) կապված 1999թ–ին Ղարաբաղի հարցում Բաքվին առաջարկված զիջումները չընդունելու հետ, մինչև հիմա լայնորեն քննարկվում է հակամարտության պատմաբանների կողմից։

Այսօր Ադրբեջանում տարածված է տեսակետ, որ Փաշինյանը չի սերում այսպես կոչված «ղարաբաղյան կլանից», ուստի նրա հետ բանակցություններ վարելն ավելի հեշտ է։ Այն, որ «կլան» հասկացությունը հեռու է իրականությունից (և Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նախարարների ու խորհրդականների մեծամասնությունը ծննդով Արցախից չէին) հաշվի չի առնվում։ Ինչպես նաև մինչև վերջ չեն գիտակցում այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի միջև առկա հակասությունները վերաբերում են ոչ թե Արցախի կարգավիճակին, այլ ավելի շուտ ուղղահայաց իշխանությանը և Երևանում նոր իշխանության հանդեպ ղարաբաղյան վերնախավի հավատարմությանը։

Այդ ներքին բանավեճերի բոլոր նրբությունները չհասկանալով, չգիտակցելով, որ ղարաբաղյան խաղաղ գործընթացը մյուս հարցերի նման դարձել է տարբեր ուղղվածությունների տեղեկատվական պատերազմների մաս, կարելի է հեշտությամբ ընկնել անզուսպ լավատեսության մեջ «շուտափույթ խաղաղության» առիթով։ Կամ նույնքան անզուսպ տագնապի, եթե առաջնագծում ցանկացած սրման մեջ տեսնենք լայնամասշտաբ պատերազմի սպառնալիք։

Ղարաբաղյան հակամարտությունը գտնվում է այն կետում, որ կետում որ է. հակամարտող  կողմերի վերնախավերի` զիջումների գնալու պատրաստակամության բացակայության, ինչպես նաև միջնորդ երկրների կողմից կարգավորման գործընթացն արագացնելու անհնարինության պայմաններում։

Եվ եթե Ռուսաստանը վախենում է կոտրել ստատուս քվոն, ապա ԱՄՆ–ը և Ֆրանսիան առայժմ Արցախում չեն տեսնում այն առաջնահերթ խնդիրը, որը կստիպեր իրենց առկա ռեսուրսներն ուղղել դրա լուծմանը։ Միաժամանակ խաղաղապահական լավատեսությունն անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հարաբերությունները կարգավորելու համար։

Փաշինյանը վերջապես ազատվել է «պաշտոնակատար» մակդիրից և որպես լիարժեք վարչապետ ներգրավվել է բանակցային գործընթացում։ Եվ ինչպիսի արդյունքներ էլ ձեռք բերվեն, հենց այդ երկու քաղաքական գործիչները կկրեն պատասխանատվության բեռը։

209
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Արցախ
Ըստ թեմայի
Վեճ Մոսկվայի և Բաքվի միջև. ի՞նչ պետք է ընթերցեն մեր դիվանագետները բանակցություններից առաջ
Չավուշօղլուն ասել է`երբ է հնարավոր Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորում
Գեղամյան.«Չավուշօղլուի հայտարարությամբ Թուրքիան փորձ արեց ճնշում գործադրել Հայաստանի վրա»
Թուրքիան միջամտում է և փորձում ճնշում գործադրել Հայաստանի վրա. ինչպե՞ս դուրս գալ փակուղուց
Ավելի լավ է` լռեր. Արմեն Աշոտյանն արձագանքել է Փաշինյանին