Բողոքի ակցիա. արխիվային լուսանկար

Ով չի սովորի, շամպայնի խցանի պես դուրս կթռչի. ինչպիսի՞ն կլինի «հետթավշյա» Հայաստանը

273
(Թարմացված է 20:24 10.01.2019)
Նոր խորհրդարանը մեծ մասամբ կազմված է մարդկանցից, որոնք լուրջ փորձ չունեն։ Սակայն փորձագետները փորձի պակասը դեռ ճակատագրական չեն համարում։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Նոր քաղաքական տարին Հայաստանի համար հեշտ չի լինի։ Սկսվում մի փուլ, երբ նոր սերունդն իշխանությունն իր ձեռքն է վերցնում։ Ղարաբաղյան շարժման սերունդը փաստացիորեն հեռացել է իշխանությունից` այդպես էլ փոխարինողների չպատրաստելով։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով` նոր սերունդ է եկել, ու սկսված նոր տարին այդ սերնդի կայացման տարին է լինելու։ Այդ ճանապարհին տարատեսակ միջադեպեր են գրանցվելու։

«Խնդիրներ ու բախումներ կարող են առաջանալ ինչպես «Իմ քայլը» իշխող դաշինքի, այնպես էլ իշխանություն–խորհրդարանական ընդդիմություն ու իշխանություն–արտախորհրդարանական ընդդիմություն հարաբերություններում», –– նշեց Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Նոր գումարման Ազգային ժողովը տարբերվում է նախորդից նրանով, որ մեծ մասամբ կազմված է որևէ լուրջ փորձ չունեցող պատգամավորներից։ Սակայն, Քոչարյանի խոսքով, փորձի բացակայությունը ճակատագրական չէ։

«Ինձ միշտ վախեցնում է ոչ թե այն, որ նրանք երիտասարդ ու անփորձ են, այլ այն, որ նրանք չեն ուզում սովորել։ Եթե նրանք սովորելու ցանկություն ու ձգտում ունենան, ապա վստահ եմ, վերջում դրական արդյունք կստանանք։ Ով չի ուզի սովորել, նա շատ շուտ շամպայնի խցանի պես դուրս կթռնի, – կարծում է մեր զրուցակիցը։

2018 թվականին դեկտեմբերի 9–ին Հայաստանում կայացան ԱԺ արտահերթ ընտրությունները։ 2019 թվականի հունվարի 4–ին ՀՀ ԿԸՀ–ն հայտարարեց նոր գումարման ԱԺ պատգամավորների ցանկը։ 7–րդ գումարման ԱԺ–ում ամենախոշոր խմբակցությունը «Իմ քայլը» դաշինքն է` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որի կազմում 88 պատգամավոր կա։ Պատգամավորների քանակով երկրորդ խմբակցությունը «Բարգավաճ Հայաստանն» է` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Կուսակցությունը 26 պատգամավորական աթոռ է ստացել։ Խորհրդարանական եռյակը եզրափակում է Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»։ Այն նոր ԱԺ-ում 18 պատգամավոր կունենա։ Հենց վերջին երկու ուժերի միջև է ընթանալու պայքարը`առաջատար ընդդիմադիր ուժի կարգավիճակի համար։

Քոչարյանը կարծում է, որ յուրաքանչյուր ուժ կարող է դրսևորել իրեն ինչպես ցանկանա, սակայն էությունը դրանից չի փոխվում։ Հիմնական չափանիշը, որով կարելի է որոշել կուսակցության կարգավիճակը` գործնական քայլերն են։ Նա վստահ է, որ հասարակությունը ինքը կորոշի` ով ով է։

Շատ հետաքրքրական է հարցը` թե ով է արտախորհրդարանական ընդդիմություն դառնալու։ Իշխող նախորդ ուժն` ի դեմս Հանրապետական կուսակցության, չի կարողացել հաղթահարել խորհրդարան անցնելու 5%–ի շեմը ու հիմա խոստանում է ԱԺ պատերից դուրս պայքարել և հավակնում է արտախորհրդարանական ընդդիմադիր հիմնական ուժի կարգավիճակին։ Սակայն, Քոչարյանի կարծիքով, պետք չէ անտեսել նաև Դաշնակցությանը, որը չնայած վարկանիշի անկմանը, շարունակում է իր մասին հիշեցնել։ Ընդդիմություն կարող է դառնալ նաև «Սասնա ծռերը», որը նույնպես փորձում է «արևի տակ իր համար տեղ ապահովել»։

Պատասխանելով հարցին, թե որքան է Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին հաջողվել կատարել տված խոստումները, Քոչարյանն ասաց, որ այդ իմաստով որոշ գործընթացներ սկսվեցին «թավշյա հեղափոխության» հաղթանակից անմիջապես հետո։ Առաջին հերթին դա կոռուպցիայի դեմ պայքարն էր։ Կոռուպցիան ժողովրդի ըմբոստության հիմնական պատճառներից էր։ Բայց նաև շատ թերություններ կան։ Մասնավորապես, իշխանության կադրային քաղաքականությունը վերանայման կամ ամբողջական «ռեստարտի» կարիք ունի։ Ոչ մի դեպքում պետք չէ անտեսել հին կադրերին, որոնք աշխատում էին նախկին իշխանության օրոք։ Քոչարյանը կարծում է, որ տնտեսական քաղաքականության մեջ էլ ամեն ինչ հարթ չէ։

Քոչարյանը ենթադրում է, որ հասկանալով այդ ամենը, Նիկոլ Փաշինյանը նախարարների նոր կաբինետի ձևավորման մեջ հաշվի կառնի վերջին 8 ամիսների սխալները` փորձելով ուղղել դրանք։

Վարկանիշի առումով իշխանությունը լուրջ խնդիրներ կունենա այն դեպքում, եթե պետական ապարատի հայտարարված օպտիմալացումը կտրուկ, այլ ոչ թե աստիճանաբար տեղի ունենա։ Փորձագետի խոսքով` օպտիմալացումն ամեն դեպքում անհրաժեշտ է, սակայն սահուն ու ռացիոնալ ժամանակացույց է հարկավոր` քաղաքացիների դժգոհություններից խուսափելու համար։

273
Ըստ թեմայի
Բաքվի դիլեման. սպասե՞լ հարմար պահի, թե՞ անցնել ակտիվ գործողության
Փաշինյանի հայտարարությունը տրամաբանական չէ. Մարուքյան
Հայտնի է` ով կլինի Հայաստանի նոր կառավարության առաջին սուպերնախարարը