Թեհրան. ամենամյա ռազմական շքերթ Իրանում. 22 սեպտեմբերի 2017 թ.

Իրա՞ն․ ամերիկյան նավթային հսկաների հեռանալը չի վերաբերում միայն Ադրբեջանին

131
(Թարմացված է 10:43 06.12.2018)
Եթե հաստատվի այն տեղեկությունը, որ Exxon Mobil և Chevron խոշոր ամերիկյան նավթային ընկերությունները լքում են Ադրբեջանը և մտադիր են վաճառել Ազերի-Չիրագ-Գյունեշլի (ԱՉԳ) նավթահանքում իրենց մասնաբաժինները, ապա ակնհայտ կդառնա, որ տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական ցնցումները սարերի հետևում չեն։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Հիմքեր չկան չհավատալու միջազգային կոնսորցիումում ամերիկյան նավթային հսկաների մասնաբաժինը վաճառելու մտադրության մասին տեղեկությանը։ Թեկուզ այն պատճառով, որ տեղի, տարածաշրջանային և համաշխարհային ԶԼՄ-ներում  այդ թեմայով բազմաթիվ հրապարակումներում հղում են անում լուրջ և հեղինակավոր աղբյուրի՝ Reuters գործակալությանը։

Ադրբեջանը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ

Ելնենք նրանից, որ Exxon Mobil-ում և Chevron-ում աղբյուրները, որոնք Reuters-ին տեղեկություն են հաղորդել էներգակիրների շուկայի ադրբեջանական հատվածից ամերիկյան խոշորագույն կորպորացիաների հեռանալու համար, ճիշտ են ասել, այլ ոչ թե խաղացել են ԱՉԳ հանքի բաժնետոմսերը էժանացնելու վրա։

Այդ դեպքում տարածաշրջանում պետք է ակնկալել լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Առաջին հերթին՝ կապված նրա հետ, որ ամերիկյան ընկերությունների հեռանալը լուրջ հարված կդառնա Ադրբեջանի համար միջազգային քաղաքական ասպարեզում ունեցած ազդեցության առումով։

Բանն այն է, որ տարածաշրջանի ամենահարուստ երկրներից մեկը, որը վերջին տարիներին հնարավոր ամեն ինչ արել է, որպեսզի պահպանի էներգակիրների ահռելի պաշարներ ունեցող երկրի վարկը, հանկարծ կարող է հայտնվել կոտրված տաշտակի առաջ։

Կասպից ավազանի անհամար նավթային և գազային պաշարների մասին հայտարարությունները կարող են ուղղակի առասպել դառնալ, որը օճառի պղպջակի նման կպայթի այն վայրկյանին, երբ Exxon Mobil-ն իսկապես արժեթղթերի շուկայում վաճառի ԱՉԳ հանքավայրի բաժնետոմսերի իր 6,8 տոկոսը և վերցնի իր 2 միլիարդ դոլարը։

Դա կսպառնա միջազգային քաղաքական կառույցներում ադրբեջանական դիվանագիտական պատվիրակությունների ազդեցության նվազմամբ։

Չէ՞ որ վերջին հաշվով այդպիսին է ներկա գլոբալ միջազգային քաղաքականությունը. միջազգային քաղաքական ասպարեզում քո շահերի և դիրքորոշման հետ հաշվի են նստում միայն այն ժամանակ, երբ դու կա՛մ հարուստ ես, կա՛մ վայելում ես համաշխարհային գերտերությունների աջակցությունը։

Իսկ Ադրբեջանը, կորցնելով Exxon Mobil-ի և Chevron-ի նման ներդրողներին, կզրկվի ազդեցության երկու առանցքային լծակներից։ Ավելի շուտ` գործիքներից, որոնք թույլ կտան առաջ մղել իրենց շահերը քաղաքական ասպարեզում․․․

Ամերիկյան կորպորացիաները 25 տարի ամուր կառչել են տարածաշրջանից և հանկարծ հեռանում են

Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա հիմա պետք է խոստովանել, որ աշխարհաքաղաքական լուրջ  փոփոխությունները սարերի հետևում չեն։ Եվ այդ փոփոխությունները կարող են առաջիկայում թեքել մի շարք գլոբալ քաղաքական վեկտորներ, որոնք վերջին 25 տարիներին որոշել են տարածաշրջանային անվտանգությունը։

Հասկանալի է, որ տարածաշրջանում անվտանգությունը շատ երերուն է եղել, եթե հաշվի առնենք լարվածության այնպիսի օջախների առկայությունը, ինչպիսիք են Արցախը, Նախիջևանը, Հարավային Օսեթիան և Աբխազիան։

Սակայն պետք է խոստովանել, որ որքան երերուն լինի իրավիճակը, Ռուսաստանի, Իրանի և համաշխարհային հանրության ջանքերով, ընդհանուր առմամբ, հաջողվել է պահպանել հավասարակշռությունը պատերազմի և խաղաղության սահմանագծին՝ հատկապես արցախյան հակամարտության գոտում։

Եվ հիմա, երբ հանկարծ պարզվում է, որ ամենախոշոր ամերիկյան կորպորացիաները փակում են իրենց նավթային բիզնեսը, այդ հանգամանքը չի կարող տագնապ չառաջացնել։

Սակայն եթե սթափ նայենք ստեղծվող իրավիճակին, ապա պետք է հասկանանք, որ ամերիկյան կորպորացիաները հեռանում են էներգակիրների տարածաշրջանային շուկայից ոչ ղարաբաղյան խնդրի պատճառով։

Պարզ է, որ արցախյան առաջնագծին նավթային և գազային խողովակների մոտ լինելը (մոտ 30 կմ) չէր կարող չհուզել խոշոր արևմտյան ներդրողներին։

Սակայն նույն Exxon Mobil-ը և Chevron-ը գնացել են այդ ռիսկին, հասկանալով, թե ինչպիսի առավելություններ է խոստանում այդ բիզնեսը»: Եվ 25 տարի առաջ, երբ նոր էր ստորագրվել հրադադարի և զինադադարի մասին պայմանագիրը արցախյան հակամարտության գոտում, ամերիկացիներն ամեն դեպքում ռիսկի են գնացել։

25 տարվա ընթացքում շատ բան է փոխվել․ պարբերաբար կրակոցներ են հնչում, այս կամ այն կողմից զոհեր են լինում, և մյուս կողմից 2016թ-ի ապրիլին տեղի է ունեցել թեժացում,  որը ընթացքում հակամարտության կողմերն ընդամենը մի միլիմետր էին հեռու լիամասշտաբ պատերազմից․․․

Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ թեժ մարտեր էին ընթանում Թալիշում՝ նավթատարից ընդամենը 30 կմ հեռավորության վրա, արևմտյան ներդրողները չէին էլ մտածում բաժնետոմսերը վաճառել ու իրենց ներդրումները դուրս բերել մի երկրից, որն այդ ժամանակ, թվում էր, պատերազմի շեմին է։

Մի՞թե խնդիրն աշխարհաքաղաքականության մեջ է, իսկ ավելի կոնկրետ՝ Իրանի և ԱՄՆ-ի դիմակայության մեջ

Ուրեմն ի՞նչ է պատահել հիմա. հիմա, երբ ադրբեջանական նավթային հատվածում  հիմնական ներդրող British Petroleum նավթագազային ընկերությունը բառացիորեն վերջերս է պայմանագիր ստորագրել Բաքվի հետ մինչև 2040թ-ը:

Խնդիրն Արցախում չէ, այլ մեկ այլ տեղ։

Ամենայն հավանականությամբ, Իրանում, ավելի ճիշտ՝ այդ երկրի շուրջ, որի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները չափազանց սրվել են։

Բոլորին հասկանալի է, որ ոչ մի դեպքում չի կարելի բացառել Թեհրանի և Վաշինգտոնի միջև զինված բախումը։

Իրադարձությունների նման զարգացման դեպքում Բաքվի համար հեշտ չի լինի, քանի որ ակնհայտ է, որ Իրանի և ԱՄՆ-ի ռազմական բախման դեպքում Ադրբեջանը Վաշինգտոնի կողմից կդիտվի որպես հարթակ հարձակում կատարելու համար։

Այդ դեպքում իրանական հրթիռների տեսքով  «պատասխանը» իրադարձությունների զարգացման ավելի քանի հավանական սցենար է։

Եվ բոլորովին բացառված չէ, որ խոշորագույն ամերիկյան նավթային կորպորացիաների ղեկավարությունը ԱՄՆ իշխանության վերնախավում ուղղակի ակնարկել են, որ նման հանգուցալուծում կարող է լինել։ Ահա նրանք էլ որոշել են շառից-փորձանքից հեռու դուրս բերել իրենց բազմամիլիոն ներդրումային կապիտալները։

Աստված տա, որ իրավիճակը նման զարգացում չստանա և Exxon Mobil-ի և  Chevron-ի հեռանալու պատճառը լինի այն հանգամանքը, որ Ապշերոնի նավթային պաշարները սպառման եզրին են և խոշոր միջազգային կապիտալն այստեղ անելիք չունի․․․

131
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Հայ-իրանական սահմանի հնարավոր փակման մասին Փաշինյանի հայտարարությունը վտանգավոր է. Աշոտյան
Իրանը մեզ համար շատ կարևոր է, մենք դա բացատրել ենք ԱՄՆ–ի պետդեպարտամենտին. Բաղրամյան
Վլադիմիր Պուտինը վավերացրել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիրը
Իրականում, Իրան-ԱՄՆ հակամարտությունը սպառնալիք է Հայաստանի համար
ԱՄՆ-Իրան առճակատումը Հայաստանի համար չափազանց զգայուն հարց է. Մնացականյան
ԱՄՆ-ն Բաքվի ու Երևանի միջոցով ճնշում է Իրանին. ինչու բոլտոնյան աշունը Հայաստանին չի սազում