Սուպերմարկետ

Գնաճդ շաքարով կտրեմ. Հայաստանում կյանքը շարունակում թանկանալ, շաքարն` էժանանալ

337
(Թարմացված է 20:22 13.10.2018)
Մեկ տարվա ընթացքում Հայաստանում ապրելը 3.5 տոկոսով թանկացել է: Միս ուտելը թանկացել է 10.8 տոկոսով: Բայց կյանքի դառնությունը կարելի է քաղցրացնել 15.4%-ով էժանացած շաքարով:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Վերջին ամիսներին գնաճը Հայաստանում արագացել է և չի բացառվում, որ մինչև տարեվերջ էլ շարունակվի նույն տեմպերով, եթե ոչ ավելի արագ: Այս մասին են վկայում նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ գնաճի արագացումը թեև հասնում է 3.5 տոկոսի, և նախորդ տարիների համեմատ այն ռիսկային է, բայց Կենտրոնական բանկն այս պահին գնաճը զսպելու անհրաժեշտություն չի տեսնում:

«Գնաճը տեղավորվում է թիրախավորված 4 տոկոսի սահմաններում: Սեպտեմբերյան իր հաշվետվության մեջ ԿԲ-ը ֆիքսել է այս հանգամանքը, և այս է պատճառը, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվեց անփոփոխ` հաշվի առնելով, որ լուրջ գնաճային ռիսկեր չկան»,- ասաց տնտեսագետը:

Ատոմ Մարգարյանը, սակայն շեշտեց, որ առանձին ապրանքախմբերում, հատկապես` բանջարեղենի, մրգի, մսամթերքի գնաճը թիրախավորված գնաճից ավելին է եղել:

Նրա խոսքով` Հայաստանում այսօր, բացի տեղական ապրանքների թանկացումներից կա նաև «ներմուծված» գնաճ:

«Որոշակի ազդեցություն գնաճի մակարդակի վրա ունեցել է նաև Թուրքիայից ներկրվող կոշկեղենի, հագուստի թանկացումը: Թուրքիայում լիրայի արժեզրկման և սանկցիաների հետ կապված՝ 9-10 տոկոս գնաճ կա։ Թանկացել է նաև տրանսպորտը, որը հիմնականում կապված է Վերին Լարսի անցակետի հետ: Եվ այս գործոններով պայմանավորված `գնաճը կազմել է 8.3 տոկոս»,- ասաց տնտեսագետը:

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին ցուցանիշների համաձայն` 2018թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնաճ։ Բանջարեղենը թանկացել է 2.2, միսը` 2.3, կաթնամթերքը 4.9% —ով: Մսամթերքը, որ վերջին 1-2 տարում Հայաստանում ամենամեծ թափով թանկացող ապրանքներից է, 2017թ. սեպտեմբերի համեմատ թանկացել է 10.8%-ով:

Իսկ օրինակ` շաքարավազը անցյալ տարվա համեմատ 15.4% էժանացել է:

Բենզինի և դիզելային վառելիքի գները վերջին 1 ամսում չեն փոխվել, իսկ մեկ տարում թանկացել են համապատասխանաբար`16.2 և 28.8%-ով:

Այսպիսով` Վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական ցուցանիշների համաձայն` 2018թ. սեպտեմբերին` 2017թ. սեպտեմբերի համեմատ, Հայաստանում գրանցվել է 3.5%, գնաճ: Իսկ տարեկան թիրախային ցուցանիշը ԿԲ-ի կողմից սահմանված է 4 տոկոս:

337
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Կրկին բանանն էժան է, իսկ ձմերուկը ցեցն է կերել. գնաճը կառավարությանը չի անհանգստացնում
Կառավարությունը փորձում է մեղմել հացի գնաճը
Թանկացումների դեմ պայքարի 2 ճանապարհ կա. խորհրդարանական իշխանության և ընդդիմության առաջարկները
Տրոլինգի մի ենթարկվեք. թանկացումների դեմ բողոքողները մի քանի օրից նորից կհավաքվեն
Խառը կանաչու դարաշրջան. Նիկոլ Փաշինյանը եզրափակեց թանկացումների դեմ բողոքի հանրահավաքը
Վաղարշակ Հարությունյան

Ինչու Նիկոլ Փաշինյանը որոշեց պաշտոն տալ Վաղարշակ Հարությունյանին

1816
Չնայած ընդդիմադիր գործունեության փորձին, նախկին նախարարին դժվար է քաղաքական առումով ծայրահեղական անվանել։

ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը` Sputnik Արմենիա համար

Հայաստանի քաղաքական օլիմպոսում փոփոխություններ են կատարվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գլխավոր խորհրդական ունի՝ Վաղարշակ Հարությունյանը։ 2018թ-ի վերջերին և 2019թ-ի սկզբին նրա անունը ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում շրջանառվում էր որպես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում գեներալ Յուրի Խաչատուրովի հավանական փոխարինող։ Բայց այն ժամանակ լուրերը գործնական լուծումների չվերածվեցին։ Իսկ այսօր Հարությունյանն առանձնահատուկ պաշտոնյա է դարձել Հայաստանի իշխանական հիերարխիայում։

Հետխորհրդային պետություններում հաճախ ոչ թե նախարարական պորտֆելների տերերն են վճռորոշ դեր խաղում քաղաքական որոշումների ընդունման գործընթացում, այլ հենց առաջին դեմքերի խորհրդականները։ Ինչո՞ւ է Փաշինյանը որոշել օգտվել Հարությունյանի փորձից։ Եվ առհասարակ ի՞նչ կարևորություն ունի կադրային այս որոշումը ՀՀ ներքին քաղաքականության, Երևանի ու Մոսկվայի ռազմավարական հարաբերությունների համար։

Ոչ սովորական նշանակում

Յուրաքանչյուր նորանշանակ պաշտոնյա (իսկ երկրի ղեկավարի գլխավոր խորհրդականը՝ հատկապես) պաշտոն է ստանում արդեն իսկ որոշակի համբավ ունենալով։ Եթե անդրադառնանք Վաղարշակ Հարությունյանի կենսագրությանը, կտեսնենք, որ նրա «բեքգրաունդը» տարբերվում է «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանական կաբինետները զբաղեցրած նոր պաշտոնյաների կենսագրություններից։

Նոր գլխավոր խորհրդականի կյանքի ուղին կարելի է պայմանականորեն բաժանել մի քանի շրջանի։

Առաջինը խորհրդային բանակի սպայի կարիերան է, շատ առումներով, ինչպես կասեին նախկինում, տիպիկ կարիերա` երբեմնի միացյալ երկրի քաղաքացիների համար։ Ծնվել է Ջավախքում (Վրաստանի ԽՍՀ-ի կազմում հայաբնակ շրջան), ավարտել Բաքվի բարձրագույն ռազմածովային ուսումնարանը, այնուհետև դարձել է ռազմածովային նավատորմի սպա, ծառայել Հեռավոր Արևելքում։ Հավանաբար նրա կարիերան այդպես էլ կշարունակվեր մինչև ծովակալի կոչում, եթե չսկսվեր վերակառուցումը, դրա հետ նաև՝ խորհրդային զինված ուժերի «ազգայնացումը»։

Այն պահից, երբ Հայաստանը ինքնուրույն պետություն դարձավ, Հարությունյանը մասնակցեց երկրի ուժային կառույցների ստեղծման գործին։ Ոչ միայն ռազմական ենթակառուցվածքի, այլև Ներքին գործերի նախարարության։

90-ականների ընթացքում նա տարբեր պաշտոններ ստացավ ԱՊՀ անդամ երկրների Միացյալ զինված ուժերի Գլխավոր հրամանատարությունում ու Հայաստանն էր ներկայացնում ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդում։ Հիշեցնեմ՝ ՀԱՊԿ-ը` որպես կազմակերպություն, հայտնվեց 2003 թվականին, բայց Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, որը ստորագրեցին Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, ուժի մեջ էր մտել 1994 թվականին։ Այսպիսով՝ Հարությունյանը մասնակցեց եվրասիական անվտանգության հիմքի ձևավորմանը։

Այսօր այդ կառույցի արդյունավետության վերաբերյալ շատ հարցեր կան, որոնք ևս մեկ անգամ հնչեցին 2020 թվականի հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական իրադարձությունների ժամանակ։ Բայց ինչևիցե, մենք արձանագրում ենք փորձն ու իրազեկվածությունը։

1999 թվականին Հարությունյանը կարիերայի նոր գագաթնակետի հասավ և ՀՀ պաշտպանության նախարար նշանակվեց։ Բայց նա երկար չպաշտոնավարեց։ Այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ տարաձայնություններից հետո գեներալը դարձավ հասարակական ու ընդդիմադիր գործիչ։

Երբ աղբյուրների բազան ավելի հասանելի դառնա, պատմաբանները դեռ պետք է գնահատական տան այդ վիճաբանության պատճառներին ու այն ժամանակվա նախարարության դերակատարությանը (թերևս ինչպես բոլոր այլ բարձր պաշտոնյաների դերակատարությունը) 1999 թվականի հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մեջ։

Սակայն ինչպիսի վարկածներ էլ շրջանառվեն, մի բան ակնհայտ է` գեներալ Հարությունյանի կարիերայի հեռանկարը տևական ժամանակով կասեցվեց։ Նրան զրկեցին զինվորական կոչումից, թեև այդ կոչումը հետագայում վերականգնվեց։

Չնայած ընդդիմադիր գործունեության փորձին, նախկին նախարարին դժվար է քաղաքական առումով ծայրահեղական անվանել։ Գեներալը հետևողական էր այն հարցում, որ Հայաստանը ռազմավարական ընտրություն է կատարում հօգուտ Ռուսաստանի։ Նա հաճախ է մասնակցել Մոսկվայում անցկացվող տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ համաժողովներին, որտեղ կշռադատված գնահատականներ է հնչեցրել ընդհանուր առմամբ Կովկասյան տարածաշրջանի, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանի թիմի համար, իհարկե, խիստ դրական է Ռոբերտ Քոչարյանի օրոք ընդդիմադիր լինելու փաստը։ Վարչապետը խորհրդանշական գիծ քաշելու հնարավորություն է տեսնում հետխորհրդային Հայաստանի երկրորդ գլխի անցյալի տակ, որը նա գնահատում է բացասական լույսի ներքո։

Սակայն Հարությունյանը նման չէ ՀԿ-ների երիտասարդ առաջնորդներին։ Ո՛չ կարիերայի առումով, ո՛չ սերնդի։ Ու ռուսերենը նրա համար ոչ թե այլ օտար լեզուների պես պարտադիր սովորած լեզու է, այլ մայրենի։

Նա իր համար նոր ոլորտներ բացահայտելու կարիք չունի, ինչպես անում են Transparency International-ի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, երբ ծանոթանում են ազգային անվտանգության սեկտորի ու Մոսկվայի հետ հարաբերությունների բոլոր նրբություններին։ Վաղինակ Հարությունյանն այս հարցերին ծանոթ է ոչ թե լսելով, այլ որպես պրակտիկայով իր գործին տիրապետած մարդ։

Պրոֆեսիոնալիզմի պահանջարկ

Բայց ինչո՞ւ «հիմա ու այստեղ» պահանջարկ գտավ ռազմական փորձով մարդը, ոչ թե քաղաքացիական ակտիվիստը։

Այս հարցի պատասխանը շատ առումներով մակերեսային է: Հայաստանը հուլիսին անցավ ռազմական հերթական էսկալացիայի միջով, որը Արցախի քառօրյա պատերազմից հետո ամենախոշորն էր։

 

Այս անգամ էպիկենտրոնը ոչ թե ղարաբաղյան շփման գիծն էր, այլ հայ-ադրբեջանական սահմանը։ Զինված հակամարտության պոռթկումից հետո կողմերը դեռ դիվանագիտական երկխոսության չեն հանգել։ Իսկ չորս տարի առաջ նման անցումը գրեթե ակնթարթային եղավ։

Մենք որոշակի կադրային փոփոխություններ ենք տեսնում նաև Բաքվում։ Պաշտոնից ազատվել է արտգործնախարարությունը երկար տարիներ ղեկավարած Էլմար Մամեդյարովը։ Եվ հիմնականում հենց բանակցությունների վարման մեղմ ոճի համար։ Ուժեղանում է նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի դերակատարությունը։

Այդ պատճառով Երևանը փորձում է ուժեղացնել իր աշխատանքի ոչ միայն ռազմական, այլև ռազմադիվանագիտական ուղղությունը (հաշվի առնելով Հարությունյանի փորձը ԱՊՀ կառույցներում)։ Հասկանալի է, որ դա չի լուծի ՀԱՊԿ-ի համակարգային խնդիրները, սակայն ինտեգրացիոն այդ համակարգում, ինչպես նաև Ռուսաստանի հետ երկխոսությունում որոշ ջանքեր կգործադրվեն։

Չէ՞ որ «Պոլիշինելի գաղտնիքն» այն փաստն է, որ Հայաստանի իշխանության նոր թիմում ոչ բոլորն են վստահություն առաջացնում Մոսկվայում։ Սա ոչ թե լավ է կամ վատ, այլ իրականություն է։ Բայց ներկայիս համատեքստում հայկական կառավարությունը փորձում է որևէ կերպ արձագանքել այդ իրականությանը։

Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն փորձում են պայքարել Ռուսաստանի ու նրա ղեկավարության վրա ազդեցություն ձեռք բերելու համար։ Եվ չափազանց կարևոր է, երբ այդ մրցակցության մեջ հայտնվում են անձինք, որոնք կարող են դրական ընկալվել Մոսկվայում։ Հատկապես, որ գեներալ Հարությունյանին չի կարելի եվրաատլանտյան ընտրության կողմնակից համարել։

Մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել, որ «թավշյա հեղափոխությունից» հետո նոր իշխանության կառավարող թիմը ձևավորվել է ոչ միայն զանգվածային հավաքների կազմակերպիչներից, լրագրողներից, դրամաշնորհ ստացողներից ու տարբեր հիմնադրամների ակտիվիստներից։ Նախարարների կաբինետում տեղ են գտել նաև դիվանագետները (Զոհրաբ Մնացականյան) և ուժային բլոկում փորձ ձեռք բերած մարդիկ (Դավիթ Տոնոյան)։

Կարծում եմ՝ գնալով շեշտը դրվելու է այն մարդկանց վրա, որոնք մասնագիտորեն հասկանում են այս կամ այն ոլորտը։ Որքան ավելի շատ են երեկվա ընդդիմադիրները ընկղմվում պետական ամենօրյա գործունեության մեջ, այնքան դա ավելի ակնհայտ է դառնում։

Չէի անտեսի նաև ֆոնային գործոնները, թեև դրանք այստեղ երկրորդական դերակատարություն ունեն։ Բելառուսական իրադարձությունների ֆոնին, որոնք արդիականացրել են զանգվածային բողոքների հետևանքով հետխորհրդային պետությունում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը, Հայաստանի ղեկավարությունը ձգտում է ցույց տալ, որ իշխանությունը կարող է փոխվել, իսկ պաշտպանության ու անվտանգության ոլորտի առաջնահերթությունները՝ պահպանվել։ Խորհրդանշական առումով Հարությունյանի նշանակումը դրա մասին է վկայում։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։

1816
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Վաղարշակ Հարությունյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2019-ին. ներքաղաքական քամիներն ու աշխարհաքաղաքականությունը
Փաշինյանը գտավ գլուխկոտրուկի բանալին. հետհեղափոխական ոճի յուրահատկությունները
«Սահմանային հանգույցն» ավելի վտանգավոր է․ ինչու իրավիճակը սրվեց հայ-ադրբեջանական սահմանին
Երևանում անցկացվում են Բելառուսի նախագահի ընտրությունները

Դիմակով ու հակասեպտիկով. ինչպես են Երևանում անցնում Բելառուսի նախագահի ընտրությունները

203
(Թարմացված է 18:39 09.08.2020)
Բելառուսի Հանրապետության նախագահական ընտրությունները Հայաստանում բացված ընտրատեղամասում անցկացվում են հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ընտրական հանձնաժողովի անդամները դիմակով են, ընտրատեղամասի մուտքի և ելքի մոտ  ախտահանիչ նյութեր են դրված, իսկ ընտրողները ներս են մտնում մեկ–մեկ` պահպանելով սոցիալական հեռավորությունը։ Այսպես են անցնում Բելառուսի նախագահի ընտրությունները Երևանում Բելառուսի դեսպանատանը կից բացված ընտրատեղամասում։

Բելառուսի քաղաքացի Մայա Ստրիգոն տասը ընտրողներից մեկն էր, որը քվեարկության էր եկել որդու և ամուսնու հետ։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ համավարակի պայմաններում կյանքը փոխվել է, և բնականաբար, այդ իրավիճակն ազդել է նաև քվեարկության վրա։

Голосование по выборам президента в посольстве Беларуси (9 августа 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Մայա Ստրիգո
«Առաջին անգամ եմ հայրենիքիցս հեռու քվեարկում, իմ առաջին փորձն է, այն էլ՝ համավարակի պայմաններում»,– ասաց նա։

Մայան արդեն երեք տարի է՝ ամուսնացել է ու տեղափոխվել Հայաստան։ Մեր երկիրը միանգամից է սիրել և այստեղ իրեն զգում է՝ ինչպես տանը, նրան դուր են գալիս հատկապես բարեհամբույր և բարի մարդիկ, որոնք միշտ պատրաստ են օգնել։ Ուտելիքն էլ շատ է հավանել։

Председатель ереванской Белорусской общины Армении Ирина Погосян на голосовании в посольстве (9 августа 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Իրինա Պողոսյան, Հայաստանում բելառուսական համայնքի նախագահ

Հայաստանում բելառուսական համայնքի նախագահ Իրինա Պողոսյանը ընտրատեղամաս էր եկել բարձր տրամադրությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ համավարակը քվեարկությանը չի կարող խանգարել։

«Մենք քվեարկում ենք հանուն մեր հայրենիքի բարգավաճման և կայունության», – ասաց նա։

Համայնքը հիմնադրվել է 1998 թվականին ակտիվ գործունեություն է իրականացնում։ Համայնքին կից գործում են մանկական և մեծահասակների համար նախատեսված երաժշտական համույթներ, կիրակնօրյա դպրոց, ամեն ամիս լույս է տեսնում «Բելառուս» թերթը։ Պողոսյանը հույս ունի, որ Հայաստանում առաջիկայում հակահամաճարակային իրավիճակը կբարելավվի և իրենց կհաջողվի այս տարի ևս բելառուսական մշակույթի տոն կազմակերպել։ Նա կոչ է արել իր  հայրենակիցներին և համայնքի գործունեության մեջ շահագրգիռ բոլոր մարդկանց միանալ իրենց։

Հայաստանում Բելառուսի դեսպան դեռ չկա․ Իգոր Նազարուկն իր դիվանագիտական առաքելությունն ավարտեց հուլիսին։ Մինչև նոր դեսպան նշանակելը Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանի ժամանակավոր հանձնակատարը Սերգեյ Տրոցյուկն է։

Временный Поверенный в делах Республики Беларусь в Армении Сергей Троцюк во время голосования по выборам президента в посольстве (9 августа 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Սերգեյ Տրոցյուկ, Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանի ժամանակավոր հանձնակատար

Տրոցյուկն Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց՝ այս ընտրությունները տարբերվում են նրանով, որ անհրաժեշտ է հակահամաճարակային կանոններ պահպանել։

«Ակտիվությունը պահպանվում է... Առավոտից արդեն 10 մարդ է քվեարկել, երեքն իրենց ընտրությունը արտահերթ են կատարել»,– դեսպանի ժամանակավոր հանձնակատարը։

Նա նշեց, որ ընտրատեղամասը բաց է մինչև երեկոյան ժամը 8-ը։ Դեսպանատունն ակնկալում է, որ ցուցակում ներառված բոլոր մարդիկ, ինչպես նաև նրանք, ովքեր Հայաստանում են բնակվում, սակայն հաշվառված չեն հյուպատոսությունում, կհայտնեն իրենց քաղաքացիական դիրքորոշումը, կգան ու կանեն իրենց ընտրությունը։

  • Բելառուսի դեսպանատուն
    Բելառուսի դեսպանատուն
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Բելառուսի դեսպանատուն
    Բելառուսի դեսպանատուն
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Բելառուսի դեսպանատուն
    Բելառուսի դեսպանատուն
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Բելառուսի դեսպանատուն
    Բելառուսի դեսպանատուն
    © Sputnik / Asatur Yesayants.
1 / 4
© Sputnik / Asatur Yesayants.
Բելառուսի դեսպանատուն

Ընտրական հանձնաժողովի նախագահ, Երևանում Բելառուսի դեսպանի խորհրդական Վյաչեսլավ Լիսուխան Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ընտրատեղամասը գործում է օգոստոսի 4-ից։

Председатель участковой комиссии, советник посольства Беларуси в Ереване Вячеслав Лысуха (9 августа 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Վյաչեսլավ Լիսուխա, Երևանում Բելառուսի դեսպանի խորհրդական

Ընտրական գործընթացը կազմակերպված է ընտրական հանձնաժողովի պահանջների համաձայն։ Հանձնաժողովի կազմում ներառվել են դեսպանատան աշխատակիցներ, ինչպես նաև հաշվի են առնվել հակահամաճարակային կանոնները։ Ընտրացուցակում հյուպատոսական հաշվառում ունեցող ընդամենը 28 մարդ է գրանցված։  Լիսուխայի խոսքով` Բելառուսի քաղաքացիների թիվն ավելի մեծ է, սակայն ոչ բոլորն են դեսպանատանը հաշվառման կանգնում։

«Նախնական քվեարկության գործընթացը կազմակերպվել է օգոստոսի 4-ից։ Քվեարկողների հիմնական հոսքն այսօր ենք ակնկալում»,– ընդգծեց Լիսուխան։

Ընտրատեղամասը կփակվի ժամը 20:00–ին, որից հետո կսկվի քվեների հաշվարկը։

Հիշեցնենք՝ այսօր` օգոստոսի 9-ին, անցկացվում են Բելառուսի նախագահական ընտրությունները։ Ընդհանուր առմամբ բացվելէ 5767 ընտրատեղամաս, որոնցից 44–ն՝արտերկրում, որոնք գործում են 36 երկրներում՝Բելառուսի դեսպանատներում և գլխավոր հյուպատոսություններում։ Նախնական արդյունքները հայտնի կդառնան օգոստոսի 10-ի առավոտյան։

Քվեացուցակում հինգ թեկնածուի անուն է նշված` Ալեքսանդր Լուկաշենկո (Բելառուսի գործող նախագահ), Սվետլանա Տիխանովսկայա, Անդրեյ Դմիտրի և Սերգեյ Չերեչնյաև, Աննա Կանոպացկայա։ Քվեաթերթիկում կա նաև «բոլորին դեմ եմ» տարբերակը։

Հայաստանից ընտրություններին դիտորդի կարգավիճակով մասնակցում են ԱԺ երկու պատգամավորներ` ռուսական համայնքի ու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը  ներկայացնող Ալեքսեյ Սանդիկովը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության  պատգամավոր Արմեն Եղիազարյանը։ Հայ խորհրդարանականները կներառվեն ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի առաքելության կազմում։

Նշենք, որ Բելառուսի նախագահն ընտրվում է  5 տարի ժամկետով։ Նախագահական հաջորդ ընտրությունները կանցկացվեն 2025 թվականին։

203
Ադրբեջանական զրահատեխնիկա, արխիվային լուսանկար

Ինչ կորուստներ ունի Ադրբեջանը

200
(Թարմացված է 01:08 29.09.2020)
Ադրբեջանն իր իսկ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով արդեն 80 զրահատեխնիկայից է զրկվել։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–ի իր էջում ներկայացրել է հայկական զինուժի կողմից խոցված սպառազինությունը սեպտեմբերի 28-ի, ժամը 21:00-ի դրությամբ։ 

Ըստ այդմ` Ադրբեջանը կորցրել է 19 ԱԹՍ, 4 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ և 82 ավտոտրանսպորտ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու. ԱՀ նախագահը` կամավորականներին

200
թեգերը:
ինքնաթիռ, անօդաչու թռչող սարք, տանկ, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020