Միխեիլ Սահակաշվիլի. Վրաստանի նախկին նախագահ

Պատերազմը տանուլ տված մարդը. Սահակաշվիլին Հայաստանի վրա խաղադրույք է անում

378
(Թարմացված է 00:26 09.08.2018)
Ի սկզբանե լինելով «տարածաշրջանային մակարդակի» արկածախնդիր` Սահակաշվիլին փորձում է քաղաքականություն վերադառնալ։ Վերջերս նա ուշադրություն է գրավում Հայաստանի մասին ամպագոռգոռ հայտարարություններով։

Արման Վանեսքեհյան. Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Այն, որ Ցխինվալի ողբերգական իրադարձությունների տարելիցից առաջ Սահակաշվիլին կակտիվանա, կարելի էր կանխագուշակել։

 

Ինչո՞ւ է Սահակաշվիլին իր հարցազրույցներում անընդհատ Հայաստանը հիշատակում

Վրաստանի նախկին նախագահի ու Օդեսայի գուբերնատորի պես մարդը չէր կարող դիմադրել իր մասին համայն աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնելու գայթակղությանը։

Իբր թե՝ հես եմ, իմ  համար հանգիստ ապրում եմ Նիդեռլանդներում, ավելին` «ուկրաինական աքսորից» հետո պատրաստվում եմ նորից մեծ քաղաքականություն վերադառնալ ու հավակնում Վրաստանի նախագահի պաշտոնին։

Դե ոչինչ, իմպուլսիվ ու անկանխատեսելի քաղաքական գործիչն էլ ավելի «ուժեղ» բաներ է արել իր քաղաքական կարիերայի ընթացքում։

Նա ցեխի մեջ է ընկել Ցխինվալում իր իսկ սադրած պատերազմի ժամանակ։ Փողկապն էլ է ծամել, Ուկրաինայի ներքին գործերի նախարար Ավակովի հետ վրան ջուր է լցրել. ու այդ ամենն՝ ուղիղ եթերում։ Համաձայնեք՝ այդ դրվագներն այդքան էլ չեն զարդարում նախկին նախագահին։

Այլ բան է մտահոգում. այն, որ Սահակաշվիլու լավ մտածված ակտիվացումը կապված է ոչ միայն Հարավային Օսեթիայում իր սադրած պատերազմի 10–ամյակի հետ։

Համաշխարհային ԶԼՄ–ների հրապարակած բազմաթիվ հարցազրույցներում Սահակաշվիլին պարտադիր հիշատակում է Հայաստանն ու երկրի ներկայիս ղեկավարությանը, որին ղեկավարման մաստերկլասներ է տալիս։

Մեկ առանձնացնում է, որ «թավշյա հեղափոխությունում» հաղթած երիտասարդները վերջին տարիներին քիչ է  մնում անգիր անեին վրացական բարեփոխումների ծրագիրը, մեկ պնդում է, թե հայկական պետությունը Վրաստանում իր անցկացրած բարեփոխումների հետքերով է գնում։

Կամ էլ սկսում է «երկրի նախկին նախագահի բարձունքից» արագացնել ներքաղաքական գործընթացները, որոնք Հայաստանում առանց այդ էլ բարդ են անցնում։

 

Ժողովրդի հիշողությունը, երբեմն, իսկապես կարճ է լինում, բայց միշտ չէ այդպես

Ընդ որում` վերջին ամսվա ընթացքում Սահակաշվիլին նախանձելի հաճախականությամբ է  նման հայտարարություններ ու եզրակացություններ անում։

Նրա ելույթների հաճախականությունը կապված է ոչ միայն այն բանի հետ, որ Հարավային Օսեթիայի պատերազմից տասը տարի է անցել։ Ու, որ մեր հերոսին կարող է թվալ, որ նրա որոշ կիքսերը, սխալներն ու բացահայտ սադրանքները մոռացության են մատնվել։

Հասկանալի է, որ ժողովրդի հիշողությունը, երբեմն, իրոք կարճ է։ Բայց հաստատ ոչ այն դեպքում, երբ մարդը դատարկ տեղը մի ամբողջ տարածաշրջան է պայթեցնում ու սադրում մի պատերազմ, որը բազում մարդկանց կյանք է  խլել։ Սակայն  հարցը նույնիսկ դա էլ չէ։

Այս ֆոնին Հայաստանի վերաբերյալ Սահակաշվիլու հայտարարությունների համառությունն  ու հաճախականությունը թույլ է  տալիս մտածել ու կասկածել, որ այս քաղաքական գործիչը մեծ գովազդային արշավ է սկսել, որի նպատակը երկրի ներքաղաքական գործընթացների վրա անմիջական ազդեցություն գործելն է։

Ի՞նչ է  սա, եթե ոչ անարյուն հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանության եկած մարդկանց վրա ազդելու փորձ։

 

Ցխինվալի պատերազմը Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար աղետ էր

Բայց չէ որ մենք հասկանում ենք, որ Սահակաշվիլին բացառապես իր մարդասիրական մղումներից ու «բարեկամ հայ ժողովրդին» օգնելու ցանկությունից դրդված ու ինքնուրույն չի որոշել միջամտել Հայաստանի գործերին։

Ու այդ առումով միտումը, որ կան կոնկրետ արտաքին ուժեր, որոնք փորձում են ազդել մեր երկրի ներքաղաքական շարժի վրա, ինքնին արդեն մտահոգիչ է։

Մյուս կողմից էլ հասկանալի էր, որ խորհուրդները մի մարդու, որն անտաղանդ կերպով իր սեփական պետության տարածքում արյունոտ ռազմական գործողություն է սկսել ու պարտվել, ադեկվատ անձանց համար առանձնապես արժեքավոր չեն կարող լինել։

Կարծում եմ` Հայաստանում  ադեկվատ մարդիկ մեծամասնություն են կազմում։ Նրանք հիշում են` ինչպես 2008 թվականի օգոստոսի 8–ին Սահակաշվիլին նպատակասլաց կերպով պայթեցրեց հարավկովկասյան շրջանը, ու ինչ ծանր հետևանքներ դա ունեցավ հենց Հայաստանի համար։

Քանի որ հենց Հարավային Օսեթիայի իրադարձությունների պատճառով Հայաստանը գրեթե ամբողջովին կտրվեց իր ռազմավարական դաշնակից ու գործընկեր Ռուսաստանից։

Հենց տասը տարի վաղեմության իրադարձությունների պատճառով տարածաշրջանի քարտեզին մնաց մեզ միացնող միայն մի գիծ` Լարսի ճանապարհը, որը պարբերաբար փակվում է  անձրևների, ձյան, սողաքների պատճառով։ Իսկ ամռանն այդ ճանապարհին բազմակիլոմետրանոց խցանումներ են լինում։

Ու ամենակարևորը` հասկանալի է, որ Սահակաշվիլու ու նրա պատվիրատուների հիմնական նպատակը ոչ թե Հայաստանն է, այլ Ռուսաստանը, որին ուզում  են պարզապես կտրել Հարավային Կովկասից ու հնարավորինս սահմանափակել նրա ազդեցությունը տարածաշրջանում։

Ու պետք չէ հավատալ այն խաբկանքին, որ Սահակաշվիլու պես արկածախնդիրներն ու նրա պատվիրատուները մտահոգ են Հայաստանի ճակատագրով ու ապագայով։

378
թեգերը:
Հայաստան, Վրաստանի Հանրապետություն, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ինչ պետք է անի Փաշինյանը, կամ արդյո՞ք Հայաստանին «սահակաշվիլիյան սցենար» է սպասվում
Ինչպես հայ վաճառական Սահակաշվիլին Գորին փրկեց թուրքերից
Հիմա արդեն հեծանիվով․ Սահակաշվիլին սպառնում է վերադառնալ ու «վերջ տալ ավատատերերին»
Բախումներ Կիևում. Սահակաշվիլին կրկին քաղաքական եռուզեռի մեջ է
Հասցրե՞ց Սահակաշվիլին ուտել սիրած տոլման. Վրաստանի նախկին նախագահի ձերբակալման ականատես
Սահակաշվիլին Facebook–ում հայտարարել է, որ «անհայտ անձինք առևանգել են Սահակաշվիլուն»
Սահակաշվիլին կնոջն իրեն խոսնակ է նշանակել
Սահակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել
Սահակաշվիլիի հանդեպ հետախուզում է հայտարարվել
Թե ինչպես էր Սահակաշվիլին փորձում նետվել տանիքից. տեսանյութ
Սահակաշվիլին Ուկրաինայում կորցնում է վրացի ընկերներին. «Նրանց վտարել են հատուկ չվերթով»