Նիկոլ Փաշինյան և Բակո Սահակյան

Փաշինյանի պատասխանը Ալիևին. բանակցություններ եք ուզում` կլինեն... Արցախի հետ

814
(Թարմացված է 22:21 07.06.2018)
Հայաստանի իշխանություններն ականջալուր են Բաքվի կոչերին և որակական փոփոխություններ են մտցնում բանակցային գործընթացում։ Այլ հարց է, որ Ադրբեջանն ակնհայտորեն դա չէր ակնկալում։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի վերաբերյալ հայտարարությունները, որոնք նա հնչեցրեց ԱԺ–ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս, կարելի է համարել պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտահայտություններին։

Մուսուլման հոգևորականների առջև (Ռամադանի երեկոյան ընթրիք ժամանակ) ելույթ ունենալիս Ալիևը կոչ էր արել Հայաստանի իշխանություններին սկսել «իրական, ոչ թե իմիտացիոն բանակցային գործընթաց»:

«Հարցը կարող է լուծում գտնել, և Կովկասում կարող է խաղաղություն հաստատվել։ Մենք դա ուզում ենք, մենք պահանջում ենք կարգավորել հակամարտությունը, մենք դրա իրավունքն ունենք։ Հուսով ենք, որ այդ հարցը մոտ ժամանակում կարող է լուծում գտնել բանակցությունների միջոցով», – ավելացրել էր նա։

Իսկ ՀՀ վարչապետը կարծում է, որ բանակցությունների արդյունավետությունը կախված է դրանցում Արցախի անմիջական ներգրավվածությունից, քանի որ Հայաստանի ղեկավարությունը ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, ո՛չ էլ բարոյական հիմքեր չունի բանակցություններ վարելու Արցախի անունից։ Պատկերավոր ասած` Փաշինյանը մեսիջ է ուղարկում Բաքու. առարկայական բանակցություններ եք ուզում` կլինեն… Արցախի հետ։

Կարծես կանխագուշակելով Բաքվի հավանական արձագանքը, որը բավական ցավագին է ընդունում բանակցություններին Ստեփանակերտի մասնակցությունը` սպառնալով մարտական գործողություններով, Փաշինյանն ավելացրեց, որ Հայաստանը մոտակա տարիներին ակտիվորեն արդիականացնելու է իր զինված ուժերը` նոր սպառազինություն գնելով և խթանելով սեփական պաշտպանական արտադրանքը։

Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղը մասնակցել է բանակցություններին մինչև 1998 թվականը։ Նույն տարում ՀՀ նախագահ դարձավ Արցախի նախկին վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, որը, փաստորեն, որոշեց բանակցություններին ներկայացնել միաժամանակ և՛ Հայաստանը, և՛ Արցախը։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջանային այցերի շրջանակներում պարբերաբար հանդիպումներ են անցկացնում նաև Արցախի ղեկավարության հետ, սակայն համարել դա Ստեփանակերտի մասնակցություն բանակցություններին, մեծ հաշվով չի կարելի։ Այդ դեպքում ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները այս 20 տարիների ընթացքում աչք փակել այս իրողությունների վրա։ Այն, որ Արցախի ճակատագիրը պետք է որոշի Արցախի ժողովուրդը, բազմիցս խոսել է նաև Հայաստանի նախկին ղեկավարությունը։ Սակայն գործընթացը երբեք մեռյալ կետից առաջ չի շարժվել։

Երևանի նման պասիվության պատճառը, ամենայն հավանականությամբ, պետք է փնտրել նախկին իշխանությունների մոտ ներքին լեգիտիմության զգացումի բացակայության մեջ։ Սկսած 1996 թվականից, Հայաստանում բոլոր համապետական ընտրություններն ուղեկցվում էին զանգվածային կեղծիքներով, նենգափոխումամբ, իսկ հաջորդած բողոքի զանգվածային ակցիաները Հայաստանի իշխանություններին խոցելի էին դարձնում արտաքին ճնշման առաջ։ Հետևաբար, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը ամուր հող չէին զգում նման համարձակ արտաքին քաղաքական նախաձեռնություն առաջ քաշելու համար, ինչպիսին է բանակցությունների սեղանի շուրջ Արցախի վերադարձը։

Փաշինյանի հաշվարկներն այսօր կառուցվում են իրավիճակի արմատական փոփոխության վրա։ Բացարձակ լեգիտիմություն ունենալով ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս` ՀՀ վարչապետը փորձում է արմատային բեկում մտցնել բանակցային գործընթացում` կարծելով, որ բանակցող կողմերի քանակը փոխելը որակական փոփոխությունների կհանգեցնի։

Միաժամանակ, երկրի ղեկավարությունը զբաղվում է բանակի հզորացմամբ` գիտակցելով, որ բանակցություններն ինչ–որ պահի կարող են փակուղի մտնել, և այդժամ դիվանագետների փոխարեն «կխոսեն» թնդանոթները, ինչպես եղավ 2016 թվականի ապրիլին։

Այս կարծիքին է նաև Արցախյան շարժման առաջնորդներից մեկը, ազգային անվտանգության հարցերով ՀՀ առաջին նախագահի նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանը։ Ավելին` նա գտնում է, որ Արցախում այսօր տեղի ունեցող ներքին գործընթացները հիմք են դնում արտաքին ճակատում ապագա հաղթանակների համար։

«Այն, ինչի մասին երկար տարիներ խոսում է Հայաստանը` պնդելով Արցախի միջազգային ճանաչման անհրաժեշտությունը, վերջին հաշվով կարող է տեղի ունենալ ոչ թե ռազմական հաղթանակների արդյունքում կամ ԵԱՀԿ ՄԽ բանակցությունների շրջանակում, այլ Հայաստանի և Արցախի ներսում որակական փոփոխությունների օգնությամբ», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մանուչարյանը։

Քաղաքագետը հիշեցնում է` Արցախը վերջին 30 տարվա ընթացքում հայոց աշխարհում որակական փոփոխությունների լոկոմոտիվ էր։ Ամեն լավ և պրոգրեսիվ բան, այսպես թե այնպես, սկսվում էր Արցախից։ Այժմ Արցախը հետ է մնացել Հայաստանից, այն չէր կարող մի կողմ քաշված մնալ այն դրական փոփոխություններից, որոնք տեղի ունեցան Հայաստանում։ Արցախում տեղի ունեցող գործընթացները` բացը լրացնելու և հասարակաքաղաքական կյանքը փոխելու փորձ է։

«Ի վերջո Արցախի իշխանությունների ներքին լեգիտիմությունը` որպես միջազգային սուբյեկտ Արցախի ճանաչման, կոնկրետ կարգավիճակի շնորհման գրավականն է», – ավելացրեց մեր զրուցակիցը։

Ադրբեջանի նախագահի վերոնշյալ հայտարարությունները մեկնաբանելիս` Մանուչարյանը դժվարացավ ասել, թե ինչ նոր բան կարող են առաջարկել բանակցություններին Հայաստանի իշխանությունները կամ միջնորդները` հաշվի առնելով, որ հակամարտող կողմերը չափազանց տարբեր պատկերացումներ ունեն փոխզիջումների վերաբերյալ։ Իսկ Արցախին բանակցությունների սեղան վերադարձնելու պահանջը Բաքուն փշերով է ընդունում։ Լևոն Տեր–Պետրոսյանի նախկին խորհրդականը կարծում է, որ այս պայմաններում առաջնային դեր է ստանում «ժողովրդական դիվանագիտությունը»։

Այլ կերպ ասած` մոբիլիզացված ժողովուրդը, որին հաջողվեց Հայաստանում իշխանափոխության հասնել, պետք է և կարող է հակամարտության կարգավորման իր մոդելը ստիպի ընդունել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ միջազգային հանրությանը։

Ինչպես կարծում է Մանուչարյանը, կառավարության վրա կարող են ճնշում գործադրել, քանի որ այն ինքնին մի շարք միջազգային պարտավորություններով և ձևականություններով է կապված։ Իշխանությունները մանևրելու համար այդքան էլ մեծ դաշտ չունեն։ Սակայն ի տարբերություն իշխանության, հանրության ձեռքերը կապված չեն։ Եվ եթե այդ հանրությունը կառավարությանը համապատասխան լիազորություններ տա` համարձակ արտաքին քաղաքական որոշումների համար, ապա արտաքին գործընկերները չեն կարող հաշվի չնստել այդ գործոնի հետ։

Այդ առումով հետաքրքիր է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի` Ռուսաստանի դիրքորոշումը։ Մոսկվայում հայ գործընկերոջ հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան կհարգի Երևանի և Բաքվի ընդունած ցանկացած որոշում կապված բանակցային գործընթացում Արցախի մասնակցության հետ։ Այս հայտարարությունը կարելի է նշանավոր համարել այն առումով, որ բանակցությունների սեղանին Ստեփանակերտի վերադարձի հարցն առաջին անգամ է փաստորեն «ինստիտուցիոնալացվում»` ընդգրկվելով միջնորդների քննարկումների օրակարգ։

814
թեգերը:
Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Ադրբեջան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
«Արցախի ստատուս քվոն հակամարտության լուծում չէ»․ Ֆրանսիայի արտգործնախարար
Փաշինյանը կրկին խոսեց Արցախի մասին` այս անգամ եվրոպացի պաշտոնյայի հետ
Փաշինյանն ու Մադրիդյան սկզբունքները. Արցախի հարցով բանակցություններում նոր է՞ջ է բացվելու
Արխիվային լուսանկար

«Գլխի դատարկ տեղը դուխով գրածներ». Գագիկ Սողոմոնյան ֆեյքի գործով ԱԱԾ-ն 4 մարդ է ձերբակալել

274
(Թարմացված է 13:58 20.02.2021)
Հանցանք կատարելու կասկածանքով Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Արամ Սարգսյանը, Մհեր Ավագյանը բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ չորս անձ է ձերբակալվել «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան կեղծ էջը ստեղծելու, ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող, դրանք այլ կերպ արժեզրկող հրապարակումներ անելու համար, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը և ՀՀ զինված ուժերի մարտունակությունը կասկածի տակ դնող, ՀՀ վարչապետին և մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղղված մեղադրանքներ։

Ձերբակալվել են Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, նրանց ընկերներ Արամ Սարգսյանը և Մհեր Ավագյանը։

ԱԱԾ-ն գրում է, որ այս չորս անձինք «Gagik Soghomonyan» կեղծ անվան տակ արցախյան պատերազմը մեկնաբանելիս խախտել են «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հաստատելու մասին» N1586-Ն որոշման 9.1 կետի սահմանափակումները՝ վնաս պատճառելով պատերազմական իրավիճակում գտնվող անձանց, հասարակության և պետության իրավունքներին ու օրինական շահերին:

Փաշինյանը հրահանգել է ամեն ինչ անել, որ մարզերում «հանգիստ նստեն տեղները». «Փաստ»

Բացի այդ, էջով նրանք կատարել են հանրային անկարգություններ հրահրելու, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ և բռնության կոչեր, ինչպես նաև հասարակության մի շերտի ազգային արժանապատվությունը նվաստացնող գնահատականներ և վիրավորանքներ, հանրության արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ, այն է՝ ՀՀ վարչապետի համակիրներին և ընտրություններին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին կողմ քվեարկած ՀՀ քաղաքացիներին անվանելով «հպարտ նախիր», «հայոց նախիր», «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր», «իրենց էշի կամ կենդանու տեղ դրածներ», «գլխի դատարկ տեղը դուխով գրածներ»։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Արամ Սարգսյանը, Մհեր Ավագյանը բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:

Sputnik Արմենիայի հետ զրույցում Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը ասաց, որ իր պաշտպանյալը այժմ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում։

«Համապատասխան բողոք է ներկայացվել, ժամը 14:00-ին դատարանը կայացնելու է որոշում», - ասաց Գալստյանը։

Նա նշեց, որ մյուս ձերբակալվածների պաշտպաններն էլ են բողոքարկել իրենց պաշտպանյալների ձերբակալումը։

Այդ ձևով ընդունվել չի կարող․ ՄԻՊ-ը՝ հայտնի նախագծի մասին

274
թեգերը:
Կարեն Բեքարյան, Արա Սաղաթելյան, ֆեյք, Ձերբակալություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Ո՞րն է «ֆեյքերի» դեմ պայքարի արդյունավետ ձևը. Մարտիրոսյանը` նոր նախագծի մասին
«Ֆեյքերի ֆաբրիկաների» գործունեությունը կքրեականացվի. Ալեն Սիմոնյան
«Անհապաղ ներկայացրեք ապացույցներ». ԱՆ խոսնակը դիմել է ֆեյք լուրեր տարածողներին
Արխիվային լուսանկար

Արտաքին աշխարհի շահը, կամ ինչո՞ւ է Հայաստանում ուշանում իշխանափոխությունը

526
(Թարմացված է 21:38 17.02.2021)
Վարչապետ Փաշինյանը նոյեմբերյան պարտությունից հետո կարողացավ ուշքի գալ։ Որոշ կադրային փոփոխությունների միջոցով նա կարողացավ պահպանել նաև իրեն հավատարիմ կառավարությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik, ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնով

Փետրվարյան աշխուժություն

Երևանում բողոքի նոր ակցիաներ են ազդարարվել։ Ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է, որ փետրվարի վերջին շաբաթ օրը կանցկացնի 2021թ․-ի առաջին զանգվածային հանրահավաքը։ Ակցիայի նախապատրաստումը տեղի է ունենում հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հրապարակային ակտիվացման ֆոնին։ Թեև այնքան էլ ճիշտ չի լինի խոսել այն մասին, որ նրանք ինչ-որ պահի ամբողջությամբ դուրս են եկել խաղից։

Քոչարյանն ինքը Sputnik Արմենիային տված ծավալուն հարցազրույցում այդքան կտրուկ չէր խոսում իր վերադարձի վերաբերյալ ՝ ընդգծելով, որ «վերջին երկու-երեք տարին» ինքը կրկին մեծ քաղաքականության մեջ է։ Երկրորդ նախագահի քրեական հետապնդումը, որը, բացի իրավական կողմից, նաև ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, Քոչարյանին քաղաքական գործիչ էր դարձնում նույնիսկ այն դեպքում, եթե հանկարծ նա որոշեր լռության ուխտ անել և սկզբունքորեն հրաժարվել ցանկացած մեկնաբանությունից։

Մինչդեռ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին նույնպես նրա նախորդը քննադատական գնահատականներ էր տալիս Հայաստանի իշխանության աշխատանքներին և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին։

Իսկ եթե խոսենք Հայաստանի երրորդ նախագահի մասին, ապա նա նույնպես հայտարարություններ էր անում, նշանակալից հանդիպումներ էր անցկացնում դեռևս ներկայիս հասարակական աշխուժացումից առաջ։ Բայց այսօր, կարծես թե, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանից դժգոհողների համակարգման մակարդակն ու ինտենսիվությունն ավելի բարձր են, քան առաջ։

Ընդհանուր հարթակում փորձում են համախմբվել ոչ միայն պետության նախկին առաջնորդները, այլև Վազգեն Մանուկյանը՝ լեգենդար «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր հայրերից մեկը, հետխորհրդային Հայաստանի առաջին վարչապետը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։ Վերջինից, եթե դատենք 2018թ․-ի դեպքերով, Քոչարյանը տեսականորեն կարող է որոշակի պահանջներ ունենալ։ Բայց այսօր այդ բոլոր կերպարները պատրաստ են համախմբվել հանուն երկրում փոփոխությունների։

Արդյո՞ք դա նշանակում է, որ հեռանկարում ընդդիմությունը շանս ունի։ Արդյո՞ք մենք կարող ենք խոսել այն մասին, որ իշխանությունները շփոթված են։ Թե՞ նման գնահատականն ընդամենը Փաշինյանի հակառակորդներին երազանքն է։ Աս հարցերին պատասխանելու համար հարկ է վերադառնալ 2020թ․-ի նոյեմբերի իրադարձություններին։ Դրանք, առանց չափազանցնելու, կարելի է դիտարկել որպես ներկայիս ներքաղաքական ճգնաժամի ելակետ։

Ղարաբաղյան օպտիկայի տարբերությունը

Հայաստանի վարչապետի համաձայնությունը հրադադարին՝ Լեռնային Ղարաբաղում տարածքային զգալի զիջումների գնով, շատերի կողմից ընկալվեց որպես դավաճանություն։ Երևանցի լրագրող Հայկ Խալաթյանը ստեղծված իրավիճակը բնութագրելու համար օգտագործեց «Հայկական Բրեստ-Լիտովսկ» փոխաբերությունը՝ նկատի ունենալով 1918 թվականին Ռուսաստանի բոլշևիկյան կառավարության և Գերմանիայի միջև կնքված կապիտուլյացիոն խաղաղ պայմանագիրը։

Մինչդեռ Ղարաբաղի ներկայիս հրադադարը նաև մեկ այլ պատմական զուգահեռ ունի, արդեն սեփական ազգային պատմությունից՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի Առաջին Հանրապետության և Քեմալական Թուրքիայի միջև, 1920թ․-ի դեկտեմբերի 2-ին, որը հանգեցրեց Հայաստանի նշանակալից տարածքային «նեղացմանը»։ Հարյուր տարի անց տեղի ունեցավ նույնքան մասշտաբային վերադասավորություն։

Լեռնային Ղարաբաղի նախագիծը նշանակալի չափով ինստիտուցիանալացրեց հետխորհրդային հայկական պետությունը։ Բայց այստեղ պետք է սկզբունքային կարևորության վերապահում անել։ Այդ հակամարտությունը տարբեր կերպ է ընկալվել Հայաստանի ներսում և դրա սահմաններից դուրս։ Եթե հայ քաղաքական գործչի, փորձագետի և անգամ բնակչի համար Հայաստանը, ԼՂՀ-ն և նախկին ԼՂԻՄ-ի շուրջ զբաղեցված 7 շրջանները ներկայանում էին որպես անվտանգության միասնական համալիր, ապա Ռուսաստանում, ինչպես նաև Արևմուտքի՝ էթնոքաղաքական հակամարտության կարգավորման մեջ ներգրավված երկրներում, դրանք երեք տարբեր սուբստանցիաներ էին, որոնք պահանջում էին տարբեր քաղաքական-դիվանագիտական գործիքներ։

Սա հասկանալու դեպքում շատ ավելի հեշտ է բացատրել, թե ինչու է Մոսկվան 2020թ․-ի նոյեմբերից հետո խոսում Ղարաբաղի վերջնական չորոշված կարգավիճակի մասին, բայց միաժամանակ դրանից առաջ բազմիցս հայտարարել էր հայկական կողմից զիջումների անհրաժեշտությունից (խոսքը նախկին ԼՂԻՄ-ի շուրջ 7 շրջանների մասին է)։ Նաև ավելի պարզ է դառնում ռուս խաղաղապահների հայտնվելը Ղարաբաղում, ինչը դե ֆակտո կանխեց 1995թ․-ի «սերբա-ուկրաինական» սցենարի կրկնությունը։

2020-ի արդյունքները․ ինչպես Ղարաբաղը Կովկասը վերադարձրեց լրահոսի առաջին հորիզոնական

Հայաստանում, սակայն, միանգամայն այլ դիտանկյուն է։ Այդ պատճառով էր 2020թ․-ի նոյեմբերին այդ երկրի կառավարությունը բախվեց բողոքի զանգվածային ցույցերի։ Եթե չլիներ ղարաբաղյան ամպրոպը, ամենայն հավանականությամբ նման սցենարը լուրջ շանսեր չէր ունենա պարզապես այն պատճառով, որ իր իշխանության երկուսուկես տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը հիմնավորապես մաքրել էր քաղաքական դաշտը։ Նրա մի շարք ընդդիմախոսների դեմ քրեական գործեր են բացվել, իսկ իշխանության բոլոր ճյուղերը, ինչպես նաև ԼՂՀ ղեկավարությունը քայլ առ քայլ անցան վարչապետի և նրա կողմնակիցների վերահսկողության տակ։ Բայց Ղարաբաղում ռազմական պարտությունը (և անգամ ոչ այնքան բուն պարտությունը, որքան հրադադարի պայմանները) վճռեցին նոր օրակարգը։

Անցյալի և ապագայի միջև

Սակայն այդ ժամանակից արդեն երեք ամիս է անցել։ Իսկ իշխանությանը հաջողվել է տեղում մնալ, չնայած բուռն կանխատեսումներին այն մասին, որ ղարաբաղյան ուղղությամբ «հանձնվելուց» հետո Փաշինյանն իր աթոռին նույնիսկ մի քանի օր չի մնա։ Ուրեմն, ի՞նչ տեղի ունեցավ, որ դա չհանգեցրեց իշխանության անհապաղ փոփոխությանը։

Նախևառաջ, վաչապետին հաջողվեց պահպանել մեծամասնությունը Ազգային ժողովում, չնայած Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման փաստաթղթի ստորագրումից հետո եղան դեպքեր, երբ իշխանական դաշինքի անդամ պատգամավորները վայր դրեցին մանդատները։ Միաժամանակ վարչապետն ինքը, նոյեմբերյան պարտությունից հետո որոշակի ցնցում ապրելուց հետո, կարողացավ ուշքի գալ։ Եվ անգամ դադարեց գործել բացառապես արձագանքման շրջանակներում։ Որոշ կադրային փոփոխությունների միջոցով նա կարողացավ պահպանել իրեն հավատարիմ կառավարությունը։

Այնուհետև, ամանորյա տոների նախօրեին՝ 2020թ․-ի դեկտեմբերի 25-ին, Փաշինյանը հայտարարեց, որ «կառչած չէ վարչապետական աթոռից», բայց և «չի կարող անփութորեն վերաբերվել կառավարությանը, վարչապետի պաշտոնին, որն իրեն տվել է ժողովուրդը»։ Նա նաև նշեց «բոլոր հարցերի պատասխանը ստանալու միակ միջոցը»․ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս տարբերակն էր բարձրաձայնում նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Թվում էր՝ կարող է հիմք հայտնվել արտահերթ ընտրարշավի համար։ Հասկանալի է, որ իշխանություններին այդ միտքը չէր հիացնում, նրանք դրան ավելի շուտ հարկադրված էին արձագանքում։ Բայց պարզվեց, որ ընդդիմությունը ևս (ինչպես ներխորհրդարանական, այնպես էլ ԱԺ-ում մանդատ չունեցող) պատրաստ չէ ներքաշվել նախընտրական մրցավազքի մեջ։

Ընդդիմադիրներն իրավիճակը հետևյալ կերպ են տեսնում․ Փաշինյանի հրաժարականը, ժամանակավոր կառավարության ձևավորում և միայն որպես երրորդ փուլ՝ ընտրություններ։ Իշխանության ընդդիմախոսները պատճառաբանություններ ունեն։ Չէ՞ որ եթե ընտրությունները գործող իշխանությունն անցկացնի, այն անխուսափելիորեն առավելություն կստանա. վարչական ռեսուրսը ոչ ոք չի չեղարկել։ Բայց արդյունքում երկու մինուսը մեկ պլյուս տվեցին։ Եվ այն կառավարության և անձամբ Փաշինյանի օգտին ստացվեց։

Ներկայիս իշխող կոնֆիգուրացիայում ոչ ոք արտահերթ ընտրություններ չէր ուզում (թեև վարչապետն առաջարկում էր առարկայական քննարկում անցկացնել այդ հարցի շուրջ)։ Արդյունքում՝ դրանք չեն լինի։ Փետրվարի 7-ին իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում հանդիպում անցկացրեց վարչապետի հետ։ Բանակցությունների հիմնական եզրակացությունը` արտահերթ ընտրությունները հանրության շրջանում պահանջարկ չունեն։

Ընդդիմությունը դրա հետ ոչինչ անել չի կարող։ Հակառակը, այն փորձում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել։ Վազգեն Մանուկյանի ընդդիմադիր արշավն առաջին պլան բերելը, ինչպես երևում է, չտվեց այն արդյունքը, որի հույսն ունեին Փաշինյանի քննադատները։ Ինչպես այս հոդվածի հեղինակին ասաց մի հայտնի երևանցի լրագրող՝ «եթե նախկին վարչապետը նույնիսկ քաղաքական ծանր քաշային է, միևնույնն է` նախկին է»։

Ամեն թփի տակ խաղաղապահ չկա. որքանո՞վ էր լուրջ դեկտեմբերյան սրացումն Արցախում

Շատ երիտասարդ հայերի համար «Ղարաբաղ» կոմիտեն և 1988թ․-ի իրադարձություններն այլևս հաջողության և առաջընթացի հոմանիշ չեն։ Բացի այդ, հարկավոր են թե՛ նոր դեմքեր, թե՛ նոր գաղափարներ։ Առավել ևս, որ հայ հանրության մեջ կա այն գիտակցումը, որ չնայած Փաշինյանի և գործող կառավարության բոլոր բացթողումներին ու սխալներին, անցյալի լեգենդները (առանց որևէ հեգնանքի) ներկայիս աշխարհաքաղաքական ստատուս քվոն կոտրելու ռեսուրս չունեն։ Ինչպիսի բրեստ-լիտովսկյան կամ ալեքսանդրոպոլյան համ էլ որ այն ունենա։

Այսօրվա դրությամբ Հայաստանում արտահերթ ընտրությունների հարցում շահագրգռված չեն նաև արտաքին աշխարհում։

Այսպես, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ արտահայտվել է այն մասին, որ Փաշինյանի պոպուլիստական քննադատությունը «հայրենասիրական դիրքերից» չի օգնելու ո՛չ ղարաբաղյան կարգավորմանը, ո՛չ Կովկասի ընդհանուր իրավիճակին, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ վարչապետը ուշքի է եկել ներքաղաքական ցնցումների առաջին շոկից։ Նրա կարգավիճակը չի կարելի հաստատուն համարել, իսկ առջևում հարյուրավոր հարցեր են` սկսած Ադրբեջանի հետ սահմանազատմամբ և վերջացրած սանիտարա-համաճարակաբանական իրավիճակով, տնտեսությամբ և անգամ ռազմական դրության ռեժիմով, որը չի չեղարկվել՝ չնայած հրադադարին։

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. քննարկվել է գերիների հարցը

Սակայն ներքաղաքական ռազմաճակատում նա առայժմ հաղթում է հակառակորդներին։ Հայաստանում մի քանի ամիս տևած բողոքների ակտիվությունը ցույց տվեց, որ գործող վարչապետի իրական այլընտրանքի դեֆիցիտ կա։ Եվ ռազմական դրությունն էլ նոկաուտի էֆեկտ չունի։

Վարչապետին քննադատողները պետք է հասկանան․ միայն անցյալին հղումներ անելով` ապագան անհնար է շահել։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ։

526
թեգերը:
Իշխանություն, քաղաքականություն, Սերգեյ Մարկեդոնով, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Իրավիճակը Ղարաբաղում փխրուն է․ Մարկեդոնովը՝ եռակողմ պայմանավորվածությունների մասին
Մոսկվայի համար կարևոր է կողմերին իրական բանակցությունների վերադարձնելը․ Մարկեդոնով
Ռուս-հայկական հարաբերությունները երկու-երեք անձանց շրջանակից դուրս են. Մարկեդոնով
Կարեն Վրթանեսյան

Պատերազմից հետո մեր անվտանգային համակարգն ու բանակը ինքնահոսի են մատնվել. Վրթանեսյան

0
(Թարմացված է 15:23 05.03.2021)
Ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է թուրք–ադրբեջանական հերթական զորավարժություններին, ինչպես նաև հայկական բանակի վերականգնման խնդրին։ 
Վրթանեսյան. «Պատերազմից հետո մեր անվտանգային համակարգն ու բանակը թողնվեցին ինքնահոսի»

Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ` իրականում Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո որևէ կերպ չի դադարեցրել ռազմաշունչ հռետորաբանությունը, շատ արագ համալրում է ռազմական կորուստները, գնում է նոր սպառազինություն, վերախմբավորում է զինված ուժերը։ Ըստ նրա` ակնհայտ է, որ Ադրբեջանը չի համարում պատերազմն ավարտված և պատրաստվում է հաջորդ լայնածավալ ռազմական գործողություններին։

«Ընդհանրապես մեր անվտանգության ամբողջ համակարգը կաթվածահար վիճակում է։ Այնպիսի տպավորություն է, որ ՊՆ–ի ու ԱԱԾ–ի լրատվական բաժիններն ավելի շատ Ադրբեջանի շահերն են պաշտպանում, քան Հայաստանի քաղաքացիների։ Մանավանդ բանակի և Նիկոլ Փաշինյանի միջև վերջին կոնֆլիկտը միանշանակորեն լավ չէ ընդհանուր անվտանգության համատեքստում։ Այն, ինչ կատարվում է պատերազմից հետո, պետք է ընթանար բոլորովին այլ ճանապարհով։ Նույնիսկ մի կողմ թողնելով այն հարցը, որ երկիրը պարտության տարած թիմը պետք է հրաժարական տար, մենք շատ արագ պետք է զբաղվեինք մեր բանակի վերազինմամբ, կորուստների վերականգնմամբ, նորությունների մշակմամբ»,– նշեց ռազմական փորձագետը։

Վրթանեսյանի կարծիքով` պատերազմից հետո մեր անվտանգային համակարգն ու բանակը թողնվեցին ինքնահոսի` դրանից բխող բոլոր ռիսկերով։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետին, որ բանակի վերականգնման համար անհրաժեշտ կլինի 3 միլիարդ դոլար, Վրթանեսյանն ընդգծեց, որ իրենց թիմի ու նախկին նախագահի հաշվարկները գրեթե նույնն են, և այդ գումարն անհրաժեշտ է մեր զինված ուժերը գոնե մինչպատերազմյան վիճակի բերելու համար։

«Բայց հաշվի առնենք, որ նաև շատ մեծ քանակով ռազմական ենթակառուցվածքներ են ոչնչացվել կամ հանձնվել թշնամուն` սկսած զորամասերից, վերջացրած դիրքերով։ Պետք է նորից իրականացվեն ամրաշինական աշխատանքներ, կառուցվեն ճանապարհներ, իսկ որոշ տեղերում ենթակառուցվածքները պետք է հիմնվեն զրոյից»,–   նշեց ռաազմական փորձագետը։

Վրթանեսյանի խոսքով` վերջին պատերազմը ցույց տվեց, որ պետք է շատ արագ զարգացնել բանակը` այդ ուղղությամբ կատարելով անհրաժեշտ գնումներ, մասնավորապես՝ պետք է ձեռք բերել ԱԹՍ–ներ։ Ըստ նրա` մեզ պետք են ավելի մեծ գումարներ, որպեսզի փորձենք ոչ միայն բալանսի բերել բանակը, այլև որոշակի գերակայություն ապահովել։ 

0