Նախիջևան

Նախիջևանյան ջոկեր կամ Ալիևի ձեռքում թաքնված խաղաթուղթը

761
(Թարմացված է 00:01 18.05.2018)
Թվում է՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում հերթական խնդիրն է հասունանում։ Այս անգամ, որքան էլ ոմանց համար տարօրինակ հնչի, խնդիրը կապված է Նախիջևանի հետ, որը վերջին մեկ տարվա ընթացքում ավելի հաճախ է հիշատակվում փորձագետների հրապարակումներում։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Շատ է խոսվել այն մասին, որ վերջին շրջանում Նախիջևանում նկատվում է ոչ միայն ադրբեջանական, այլ նաև թուրքական զորքերի լուրջ կենտրոնացում։ Եվ ադրբեջանական ԶԼՄ-ների «արձագանքն» ավելորդ անգամ ապացուցում է, որ այնտեղ մի բան այն չէ. նրանք փորձում են հնարավորինս չարձագանքել և չպատասխանել այդ տեղեկատվությանը, որը ժամանակ առ ժամանակ հայտնվում է տարածաշրջանային գործընկերների պարբերականներում։

Իրականում փորձագետներից մի քանիսը, որոնց հետ Sputnik Արմենիան հաճախ է շփվում, նշում են կոնկրետ թվեր, վստահեցնում, որ այսօր Նախիջևանում տեղակայվել և դիրքավորվել է մի ամբողջ բանակային կորպուս։ Եվ որ թուրք զինվորների թիվն այս շրջանում երեք անգամ ավելի շատ է, քան ադրբեջանական կադրային ուժերինը։

Բավական հաճախ են այդ թիվը նշում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Նրանք վստահ են, որ Թուրքիան հենց հիմա Նախիջևանում իրականացնում է յուրօրինակ սողացող, գաղտնի բանակային ընդլայնում։ Ընդ որում` դա արվում է ոչ միայն Բաքվի լուռ համաձայնությամբ, այլ նրա հետ կոնկրետ պայմանավորվածությունների համաձայն։

Մեր մշտական փորձագետներից ևս մեկը՝ Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, կարծում է, որ Անկարան նպատակաուղղված ուժեղացնում է իր ազդեցությունը և ինքնավար մարզում իր բանակային համակազմի քանակն ավելացնում այն պատճառով, որ Թուրքիան միջնաժամկետ հեռանկարում ծրագրում է մեծացնել իր ազդեցությունը և ուժեղացնել ճնշումը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական գործընթացների վրա։

Այդ ամենը տագնապալի մտքեր է առաջացնել, հատկապես այն առումով, որ Նախիջևանի հետ սահմանն անցնում է Երևանից 80-100 կմ հեռավորության վրա։ Այսինքն` թուրքական հրթիռային համալիրների գործողությունների շառավղով, որոնք ադրբեջանական բանակում շատ են։

Եթե վերոհիշյալին ավելացնենք նաև այն գործոնը, որ Բաքուն վերջին շրջանում բավականին հաճախ է Նախիջևանում զորավարժություններ անցկացնում (շտաբային, տանկային, հետևակի), ապա կարելի է վստահությամբ ասել, որ ինքնավար մարզում տեղի է ունենում ռազմական ուժի տեղակայում։

Չէ՞ որ միայն վերջին համազորային զինավարժություններին մասնակցել են մինչև 25 հազար զինվորականներ, մինչև 250 միավոր տանկ և զրահատեխնիկա, մինչև 50 միավոր բանակային և ճակատային ավիացիա։ Ընդ որում բանակային հետախուզությունը տվյալներ ունի, որ զորավարժություններին մասնակցել են ոչ միայն ադրբեջանական զրահատեխնիկան և հետևակային ստորաբաժանումները։

Նախիջևանի վերաբերյալ ամենաթարմ տեղեկությունները վկայում են, որ օրերս այնտեղ բացվել է նոր լիարժեք զորամաս։ Ավելի ճիշտ` նույնիսկ մի ամբողջ ուսումնակրթական կենտրոն։ Այնտեղ կառուցվել են զորանոցներ, բանակային կենցաղային համալիր, ուսումնակրթական կենտրոն, շտաբի շենք, հոսպիտալ, ստեղծվել են դիտակետ, մարզական քաղաք, հրաձգային զորավարժարան։

Ասում են, որ ուսումնակրթական կենտրոնի դասախոսական կազմում ընդգրկված են Թուրքիայից ժամանած մասնագետները, որոնք ՆԱՏՕ-ական նախապատրաստություն են անցել։

Հատկանշական է, որ ամբողջ համալիրը շահագործման հանձնելու արարողությանը ներկա է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը Հեյդար Ալիևի ծննդյան 95-ամյակին նվիրված միջոցառումների կապակցությամբ այս օրերին մեկնել է Նախիջևան։

Այնտեղ իր ելույթի ժամանակ Ալիևը խոսել է այն մասին, որ շուտով (առաջիկա երեք տարիներին) շահագործման կհանձնվի երկաթուղու այն մասը, որը կմիացնի Նախիջևանի ինքնավար հանրապետությունը «մայրցամաքային» Ադրբեջանի հետ Իրանի տարածքի միջոցով։

Ադրբեջանի նախագահը դա անվանել է «շրջափակման ճեղքում», որում, ինչպես պարզվել է, այս տարիներին գտնվել է Նախիջևանը։

761