Իսրայելի վարչապետ Բենյամին Նեյթանհաու

Արջի ծառայություն Հայաստանին, կամ ինչպես է Իսրայելը կրկին որպես թուր ճոճում հայկական հարցը

327
(Թարմացված է 12:58 17.05.2018)
Գազայի հատվածում ողբերգական իրադարձություններից հետո (իսրայելական բանակի կողմից մոտ 60 պաղեստինցի է սպանվել), որոնք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցեղասպանություն անվանեց, իսկ Իսրայելին` ահաբեկչական պետություն, միանգամից հասկանալի դարձավ` շուտով Քնեսեթում կրկին կխոսվի Հայոց ցեղասպանության մասին։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Գազայի հատվածում տեղի ունեցած իրադարձությունները միջազգային ասպարեզում չբարձրացրին Իսրայելի հեղինակությունը

Իրականում հայերը հիմա ամենաբարձր մակարդակով պետք է դիմեն Թել Ավիվին` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չբարձրացնելու խնդրանքով։

Ու ընդհանրապես, ընդմիշտ մոռանալ այդ մասին, քանի որ արդեն որերորդ անգամ Քնեսեթը հիշում է հայերի ու Հայոց ցեղասպանության մասին, երբ Թուրքիայի վրա ճնշում գործելու անհրաժեշտություն է լինում, երբ արտաքին քաղաքականության ասպարեզում Թել Ավիվի ու Անկարայի հարաբերությունները սրվում են։

Բացի այն բանից, որ Հայոց ցեղասպանության այս ձևով ընդունումը պարզապես վիրավորական է Հայաստանի ու հայ ժողովրդի համար, այսօր Հայոց ցեղասպանության ճանաչումը մեր պետությանն արված «արջի ծառայություն» է։

Վերջերս Գազայի հատվածում պաղեստինցի ցուցարարների հանդեպ գործածը, երբ սպանվեց մոտ 60 մարդ, այդ թվում` կանայք ու երեխաներ, ցույց տվեց, որ Իսրայելը նույնիսկ պետական քաղաքականության մակարդակով չի արժեքավորում մարդու իրավունքները։

Որ կարող են կրակ բացել նույնիսկ այն դեպքում, երբ կարելի էր կիրառել միայն զգուշացնող կամ սովորական ոստիկանական միջոցներ` գազ, ռետինե փամփուշտներ և այլն։

Սակայն Թել Ավիվն այլ կերպ որոշեց։ Որոշեցին ջախջախիչ կրակ բացել։ Որոշեցին անհամապատասխան ուժ կիրառելու վճռականություն ու պատրաստականություն ցուցադրել։

Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան տեղափոխման արարողությանը ներկա էին նաև ԱՄՆ նախագահի դուստրն ու փեսան։

Իսկ այն, որ Թել Ավիվը հրաժարվեց Գազայի կենտրոնում ողբերգական իրադարձությունների վերաբերյալ օբյեկտիվ անկախ հետաքննություն անցկացնելուց, թաքնվելով ԱՄՆ–ի (որը ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունի) թևի տակ, չբարձրացրեց Իսրայելի հեղինակությունը միջազգային ասպարեզում։

Բարեկամությունն Ադրբեջանի հետ խանգարում է Թել Ավիվին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ու ստեղծված իրավիճակում հենց այս օրերին հիշել Հայոց ցեղասպանության մասին ու Քնեսեթում քվեարկել դա ճանաչող օրենքի օգտին, նույնիսկ ինչ–որ տեղ անբարոյականություն է…

Ինչ վերաբերում է մարդկային բարոյականությանը, պետք է հիշել, որ արդեն մի քանի տասնյակ տարի շարունակ իսրայելական բարձրաստիճան դիվանագետները, քաղաքական գործիչներն ու պետությունների ղեկավարները բացահայտորեն ասում էին` այո, 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իսկապես Հայոց ցեղասպանություն է տեղի ունեցել։ Սակայն Իսրայելը չի կարող պաշտոնապես ճանաչել Ցեղասպանությունը, քանի որ կարևորում է ժամանակակից Թուրքիայի հետ բարեկամությունն ու փոխշահավետ հարաբերությունները։ Իսկ վերջին տարիներին, որքան էլ որ տարօրինակ լինի, դրան գումարվել է Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունները։

Վերջին անգամ նախորդ տարվա ավարտին այդ մասին խոսել էր Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը։ Նա ասել էր, որ Իսրայելը չի ճանաչի Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը, քանի որ չի ցանկանում փչացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ։

Այն ժամանակ տեղական հեռուստաալիքներից մեկի հետ հարցազրույցում Լիբերմանը նշել էր, որ Ցեղասպանության հարցը նախևառաջ պատմական է ու վիճելի։

«Իսրայելի դիրքորոշումն անփոփոխ է։ Բացի այդ, Իսրայելի կողմից այսպես կոչված ցեղասպանության չճանաչելն ուղղակիորեն կվնասի Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները։ Միանշանակ, Ադրբեջանի հետ հարաբերությունները մեզ համար ավելի կարևոր են», –ասել էր Իսրայելի պաշտպանության նախարարը։

Դա 2017 թվականն էր, երբ իսրայելական Քնեսեթում վերջին անգամ բարձրացվեց Հայոց ցեղասպանության հարցը։ Հարցի «վրով անցան»` առանձնապես չպատճառաբանելով. ամեն ինչ առանց դա էլ պարզ էր։

Իսկ Իսրայելի շարքային քաղաքացիներն, ի տարբերություն քաղաքական գործիչների, այլ կերպ են մտածում

Արդեն գրել եմ իսրայելական քաղաքականության մեջ գործող բարոյական չափանիշների մասին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանակին ասել էր. «…քաղաքականութունից, դիվանագիտությունից ավելի կարևոր հարցեր կան։ Ժողովուրդների զանգվածային սպանություններն այդ շարքում են»։

Նա ասում էր դա` նկատի ունենալով հենց Հայոց ցեղասպանության հարցը, երբ դեռ Իսրայելի արտգործնախարարն էր։ Հետո դարձավ վարչապետ, և ու՞ր չքացան նրա բարի մտադրությունները, որոնք վերաբերում էին քաղաքականությունից ու դիվանագիտությունից ավելի կարևոր հարցերին։

Դրան կարելի է միայն մեկ բան հավելել` 1915 թվականին Օսմանյան կայսրությունում թուրքերի իրագործած Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը հաստատված է մեծ քանակությամբ փաստաթղթերով, նամակներով, լուսանկարներով ու նույնիսկ տեսագրություններով։ Այնպես որ, անարդյունք է փորձել ժխտել դա քաղաքական հարթակներում։

Ավելին` հենց իրենք` Իսրայելի քաղաքացիները գիտեին ու գիտեն, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգությունն իսկական ցեղասպանություն էր։

Իսրայելական հասարակությունում այդ թեմայով երբեք վեճեր չեն եղել ու չկան։

Իսրայելցիները լավ են գլուխ հանում համաշխարհային քաղաքականության նրբություններից ու մեծ մասամբ կարծում են, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Հոլոքոստի պատճառներից մեկն այն է, որ Հայոց ցեղասպանությանը պատշաճ գնահատական չէր տրվել։ Բայց սա Իսրայելի սովորական քաղաքացիները։

Իսկ ահա «քաղաքականության ու դիվանագիտության» պաշտոնյաների պահվածքը լրիվ այլ բան է։ Ու հենց նրանց էլ կարելի է պաշտոնապես դիմել, որ մի ամբողջ ժողովրդի ողբերգությունը չդարձնեն գործիք, որով փորձում են լուծել սեփական արտաքին քաղաքական խնդիրներն ու հակառակորդների վրա ճնշում գործել։ Դա առնվազն անբարոյականություն է։

327
Ըստ թեմայի
Ցինկեր. «Հայաստանի և Իսրայելի մերձեցումն անհանգստացնում է Բաքվին»
Ազնավուրը շփոթեցրել է Իսրայելի նախագահին. ցեղասպանության հարցը հանգիստ չի տալիս նրան
Թուրքիան Թրամփից առաջ է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչել, բայց մոռացել է այդ մասին