Արցախի Հանրապետություն

Ինչո՞ւ Բաքուն համարձակություն չունեցավ ռազմական գործողություններ սկսել Արցախում

541
Թեև փողոցային կրքերը հանդարտվել են, Հայաստանի քաղաքական ճգնաժամը թեժ փուլում է։ Երկրի իմիջի համար չափազանց կարևոր է, որ իրավիճակը շարունակի մնալ իրավական հունում, դա նաև կնպաստի Արցախի ու Ադրբեջանի շփման գծում հանգստության պահպանմանը։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Հայաստանի նոր ձևավորվող իշխանության լեգիտիմությունը պետք է լինի լիարժեք ու անվերապահ. դա չափազանց կարևոր է ներքին խնդիրների, արտաքին շփումների ու ընթացիկ գործերի համար։ Իսկ վերջիններից ամենաառաջնահերթը Արցախի թեման է։

Կատարյալ կլինի, որ նոր իշխանությունը (օրինականությունը պահպանելու պայմաններում, ինչի համար տվյալ պահին դրա համար կան բոլոր հիմքերը) համաշխարհային կենտրոններից որոշակի քաղաքական երաշխիքներ ստանա։ Կարող է և չստանալ, իհարկե, կամ սպասվածից քիչ ստանալ, սակայն ամեն դեպքում այդ երաշխիքները ուղղակիորեն կապված են Երևանում այսօր տեղի ունեցող գործընթացների հետ։ Ու եթե այդ երաշխիքները տրվեն, ապա արցախյան կարգավորման հարցում նոր ժամանակներ կարող են սկսվել, երբ կողմերի ռազմականացման մակարդակը դադարում է շփման գծի հանգստության կամ լարվածության հիմնական գործոն լինել։

Հասկանալի է, որ Բաքուն ուշադիր հետևում է մեր երկրում իրադարձությունների զարգացումներին։ Ի հեճուկս որոշ մռայլ կանխատեսումների` սահմանին ռազմական գործողություններ չծավալվեցին, ու պատճառն ամենևին էլ Բաքվում ընթացող «Ֆորմուլայի» մրցումները կամ մայիսի վերջի տոներ չեն։ Եվ առաջնահերթ չէ նաև այն, որ Բաքուն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից հանգիստ նստելու ու ձայն չհանելու զգուշացում է ստացել։

Ոչ, իհարկե, մրցումները, տոնակատարություններն ու համանախագահները որոշակի ազդեցություն ունեցել են, սակայն Ադրբեջանի կտրուկ շարժումների բացակայության պատճառն այն է, որ զարգացումների վերջնական դասավորությունը դեռ անհայտ է։ Ըստ այդմ անհասկանալի է` ինչպես Հայաստանը կդրսևորի իրեն բանակցություններում։

Երբ Երևանը եռում էր, Ստեփանակերտը հանգիստ էր, ու դա էլ երևի որոշ չափով զարմացրեց Բաքվին, քանի որ դա ապացուցեց` բոլոր երևանյան իրադարձությունները չեն, որ արտացոլվում են Ստեփանակերտի վրա։ Պաշտպանության բանակը ռազմական հերթապահություն էր վարում, որոշ հայտարարություններ հնչեցին, որոնք արագ սառեցրին Ապշերոնի տաք գլուխները, որոնք հայաստանյան բողոքի ակցիների առաջին օրերին կոչ էին անում փոքր, բայց հաղթական պատերազմ սկսել։

Եթե Բաքուն պատերազմ սանձազերծեր, այն փոքր կլիներ, բայց փաստ չէ, որ Ադրբեջանի համար հաղթական կլիներ։ Նախ երկրի իմիջը, որն առանց դա էլ մի լավ սասանվել է եվրոպական կառույցներում կաշառքների հետ կապված բացահայտումների պատճառով, կարող էր ավելի ընկնել։

Հետո էլ հիմքեր կան ենթադրելու, որ եթե Բաքուն հերթական ագրեսիա դրսևորեր, ապա Ռուսաստանի ու հավաքական Արևմուտքի արձագանքը պաշտոնական Բաքվի օգտին չէր լինի։ «ԱՄՆ-ն հետաքրքրված չէ, որ Արցախի ռազմական գործողությունները վերսկսվեն ու ամեն կերպ հետ են պահելու կողմերին իրադարձությունների այդպիսի զարգացումից», — հենց այսպիսի հայտարարություններ են այսօր հնչեցնում ամերիկյան քաղաքական գործիչները։

Այդ ամենը արդար է` հաշվի առնելով այն, որ արտաքին ուժերն ակնհայտորեն կապ չունեն Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ։ Իսկ եթե այդպես է, ապա Բաքուն ռիսկի չի դիմի, այս անգամ արկածախնդրությունը սպառնում է Ապշերոնին մեծ կորուստներով, այդ թվում հույսն ամբողջությամբ կորցնելու հեռանկարով։

Այսօր միակ ճանապարհը բանկացություններին վերադառնալն է։ Ճիշտ է, հասկանալի չէ` երբ դրանք կվերականգնվեն, ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս պահին դեռևս անհասկանալի է` ինչպես կփոխվի Հայաստանի դիրքորոշումն այդ բանակցություններում։

Բաքվում չեն հոգնում «առարկայական» բակացությունների կոչ անել։ Իսկ եթե հայկական կողմը ևս որոշի, որ ժամանակն է, ու դանդաղ ընթացող արցախյան բանակցային գործընթացին «առարկայականություն» ավելացնի՞։ Միայն թե իր առարկայականությունը, որը կբխի երկու հայկական պետությունների շահերից։

541