Ցուցադրական մարտեր ՌԴ հրիթիռային զորքերի 25-ամյակի առիթով

Դոմինոյի էֆեկտ. կարո՞ղ է արդյոք Սիրիայում դիմակայությունը թեժացնել իրավիճակը Արցախում

106
(Թարմացված է 08:52 14.04.2018)
Փորձագետների կարծիքով Սիրիայում իրավիճակի լարումն ալիքաձև ազդում է տարածաշրջանի մյուս հակամարտությունների վրա։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik, Դավիթ Գալտսյան. Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների լավածությունը և նրանց դիմակայությունը Սիրիայում կարող է անդրադառնալ նաև մոտակա լոկալ հակամարտությունների վրա, այդ թվում` Արցախի։

ԱՄՆ-ը դաշնակիցները` Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, հայտարարել են սիրիական ռազմական օբյեկտներին և ենթադրյալ քիմիական զենքի արտադրության ձեռնարկություններին հարվածներ հասցնելու պատրաստակամության մասին։ Մոսկվան սպառնացել է պատասխան միջոցներով, եթե հարվածների հետևանքով տուժեն ռուս զինվորականները։

Որոշ փորձագետներ արդեն հայտարարել են, որ Սիրիայում իրավիճակը կազդի Հայաստանի վրա առաջին հերթին հայ համայնքի և Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պատճառով։

Սիրիական հակամարտությունում անմիջականորեն ներգրավված է ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև հարևան Թուրքիան, ինչպես նաև Հայաստանի համար կարևոր Իրանը` նրա երկրորդ «պատուհանը դեպի աշխարհ»։ Միաժամանակ Թեհրանը հայտարարում է այն մասին, որ Սիրիայում ԱՄՆ-ի կողմից ցանկացած ագրեսիա կստանա լուրջ և կոշտ պատասխան։

Սիրիայի հակամարտությունը կարող է անդրադառնալ Արցախի վրա

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, եթե Սիրիայում դիմակայությունը տեղափոխվի գլոբալ փուլ, ապա տարածաշրջանին մոտ տարածքներում բոլոր հակամարտությունները կարող են թեժանալ:

«Բոլոր այն երկրները, որոնք շահագրգռված են իրավիճակի կայունացման կամ, հակառակը, դրա սրման մեջ, ներքաշված են Սիրիայում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներում։ Նույն ղարաբաղյան հակամարտությունը կարող է դառնալ գլոբալ դիմակայության կետերից մեկը», — ասաց Հակոբյանը։

Նրա կարծիքով` ղարաբաղյան հակամարտությունն ապագայում մյուսների նման կարող է դառնալ միջազգային խաղացողների «բանակցային ռեսուրսի» տարրերից մեկը։

Հակոբյանը նշեց, որ Ադրբեջանում ընտրությունները տեղափոխելը կապված է եղել ոչ միայն ներքին գործընթացների, այլ նաև արտաքին քաղաքական իրավիճակի հետ։

Քաղտեխնոլոգը կարծում է, որ սրման վրա կարող է ազդել նաև Արցախի հարցով բանակցությունների նոր փուլ սկսելու հնարավորությունը։

Նրա խոսքով` բոլոր նախադրյալները կան, որպեսզի աշխարհաքաղաքական խաղացողները ստիպեն հակամարտության կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ և հանգել ինչ-որ բանի։

«Այդ առումով Ալիևի մոտ ինչ-որ բարդույթ է զարգացել, տպավորություն է, թե ներկա փաստացի ստատուս քվոն սկսել է ավելի մեծ դեր խաղալ աշխարհաքաղաքական հարաբերություններում», — ասաց Հակոբյանը։

Այդ պայմաններում ժամանակ առ ժամանակ, հատկապես նոր բանակցությունների մեկնարկից առաջ, Ադրբեջանի նախագահը փորձում է փոխել ստատուս քվոն։ Դրա հետ կարելի է կապել նաև Ալիևի նախորդ հայտարարությունները «պատմական Ադրբեջանի» մասին։

Ուստի քաղաքական տեխնոլոգը չի բացառում, որ Ալիևը կգործի ավանդական ձևով` կասկածի տակ դնելով Արցախում ներկա ստատուս քվոն։ Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրումը` Տավուշի մարզի ուղղությամբ կրակոցները, տեղավորվում են այդ տրամաբանության մեջ։

Ադրբեջանն ինքն իրեն որոգայթն է գցել Արցախում

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Արա Մարջանյանը նույնպես կարծում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների սրումը կարող է ազդել մեր տարածաշրջանի, ինչպես նաև ամբողջ մոլորակի վրա։

«Մեծանում են Սիրիայում անսպասելի հակամարտություն սկսելու ռիսկերը։ Ընդհանուր լարվածությունը տարածվում է բոլոր տարածաշրջանների վրա, որտեղ բոցկլտում են լոկալ հակամարտությունները, այդ թվում` արցախյան», — ասաց նա։

Նրա խոսքով` այդ պայմաններում չի կարելի վստահել Ադրբեջանի հոգեբանական և տեղեկատվական սադրանքներին, որոնք դարձել են նոր իրականության տարրեր։

Հայաստանը պետք է շարունակի բազմավեկտոր քաղաքականությունը, ամրապնդի ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ, որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից, վստահ է նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Բաքուն, ինչպես նշում է Մարջանյանը, հայտնվել է գաղափարախոսական թակարդում։

«Մեծացել է մարդկանց սերունդ, որոնք մտածում են ռևանշի չափանիշներով։ Ցավոք, դա երկիրը կանգնեցնում է փակուղու առաջ», — ասաց Մարջանյանը։

Արցախի հարցն իշխանությանը համախմբելու անկյունաքար է Ալիևների-Փաշաևների համար, որոնք միշտ կօգտագործեն ռևանշի գաղափարախոսությունը` իրենց քաղաքական իշխանությունն ամրապնդելու համար։

«Միայն Ադրբեջանում իշխանափոխությունը և ներքին քաղաքական ուղղությունը փոխելը կարող է բարելավել իրավիճակը Հարավային Կովկասում», — ասաց նա։

Նրա կարծիքով` Հայաստանն այս պայմաններում պետք է պահպանի հարձակողական սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների հավասարակշռությունը։

Արցախում թեժացումը կարող է խթանել ընդդիմության ակտիվությունը

Արևելագետ Արտեմ Տոնոյանը հնարավոր է համարում Արցախում իրավիճակի վրա Սիրիայի հակամարտության ազդեցությունը։ Նա թեժացման համար հնարավոր պատճառներ է տեսնում այլ ոլորտում։

«Նման հնարավորությունն առավել հավանական է Ադրբեջանում ներքին լարվածության աճի հետևանքով։ Սրումը հնարավոր է, եթե մենք տեսնենք ընդդիմության համախմբումը և երկրի ներսում բողոքների ինտենսիվությունը։ Եթե իշխանությունները վտանգ զգան, իսկ իրավիճակը դուրս գա Ալիևի վերահսկողությունից, ապա նա կփորձի այդ կերպ լուծել ներքին խնդիրները», — ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով` իրավիճակի նման զարգացման համար ակնհայտ նախադրյալներ չկան, սակայն որոշակի հետընտրական միտումները կարող են նման հնարավորություն ստեղծել։ Նա ուշադրություն է դարձնում նրա վրա, որ միջազգային դիտորդները լուրջ խախտումներ են արձանագրել Ադրբեջանի նախագահական ընտրություններում։

Բացի այդ, ապրիլի 14-ին ադրբեջանական ընդդիմությունը հայտարարել է համազգային ցույցի օր, ամեն ինչ կախված է նրանից, թե որքան հաջող այն կգործի։

106