ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում և Ադրբեջանում գործող իշխանության վերարտադրումը կարելի է իրականացված փաստ համարել։ Չորեքշաբթի` ապրիլի 11-ին, գործող ՀՀԿ-ն հայտարարեց վարչապետի պաշտոնին առաջադրվող իր թեկնածուի` կուսակցության առաջնորդ և այժմ արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անունը։
Հատկանշական է, որ այդ օրը հարևան Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ էին տեղի ունենում, որոնցում մեծ տարբերությամբ հաղթեց երկրի գործող առաջնորդ Իլհամ Ալիևը։ Ալիևի հաղթանակը բավականին սպասելի էր` երկրի քաղաքական համակարգի որակը, իրական և արդյունավետ ընդդիմության բացակայությունը հաշվի առնելով։ Հայտնի է նաև, որ երկրի սահմանադրությունը Ալիևին անսահմանափակ քանակությամբ նախագահի պաշտոնին առաջադրվելու հնարավորություն է տալիս: 2016 թվականի աշնանը ընդունված սահմանադրական փոփոխությունների համաձայն` նախագահի ժամկետը հինգից յոթ տարի է դարձել:
Հասկանալի պատճառներով Ալիևի նախընտրական քարոզարշավի և Հայաստանի կառավարության կառուցվածքային փոփոխությունների հիմնական դրույթներից մեկն, անկասկած, ղարաբաղյան հակամարտությունն է: Օրինակ` ընտրողների հետ իր հանդիպումների ժամանակ Ադրբեջանի նախագահը բազմիցս թուր է ճոճել և սպառնացել «վերադարձնել ադրբեջանցիներին իրենց պատմական հողերը` Էրիվանը»` հույս ունենալով հայրենասիրական տրամադրվածություն ունեցող ընտրազանգվածի շրջանում որքան հնարավոր է շատ ձայներ հավաքել։ Հայկական կողմն, ի պատասխան, կոչ էր անում Բաքվին չկորցնել իրականության զգացողությունը և առասպելներով չապրել` հիշեցնելով, որ Ադրբեջանը հայտնվել է քարտեզի վրա 100 տարի առաջ, իսկ Երևանը շուտով նշելու է 2800-ամյակը:
Հայաստանում չկարգավորված հակամարտությունը Սերժ Սարգսյանի համախոհների համար Սարգսյանի իշխանությունը երկարացնելու անհրաժեշտությունը հիմնավորող առանցքային սկզբունքն էր։ Իշխող կուսակցության ներկայացուցիչները պնդում էին, որ Սարգսյանը հսկայական փորձ ունի, որն այդքան անհրաժեշտ է հետագա բանակցությունները վարելու համար։
Ինչևէ, ընտրություններն արդեն հետևում են, իսկ առաջիկա ամիսների ընթացքում կարելի է սպասել բանակցային գործընթացի ակտիվացմանը, իսկ գուցե նաև հակամարտության գոտում զուգահեռ սրացումների։ Ինչպես ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, բանակցություններին կողմերը կվերադառնան ընտրական գործընթացներից հետո։
Բանակցությունների հիմնական թեման ներկա պահին շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման օգնությամբ վստահելիության մթնոլորտ ստեղծելն է։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համապատասխան առաջարկները ձևականորեն դրական արձագանք են ստանում ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում։ Վերջինը, սակայն, գործնականում խոչընդոտում է այդ առաջարկների իրականացմանը` վախենալով, որ այն հակամարտության գոտում կֆիքսի ստատուս-քվոն։ Ադրբեջանը ստատուս-քվո ասելով «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների շարունակվող բռնազավթում» է հասկանում։ Տորպեդավորելով պայմանավորվածությունների կատարումը` Ադրբեջանը միաժամանակ իրավունք է վերապահում «վերադարձնելու տարածքները ռազմական ճանապարհով»։ Եվ միջնորդների հավասարակշիռ, հասցեական արձագանքի բացակայությունը միայն ամրապնդում է Բաքվի վստահությունն իր իրավացիության մեջ։
Զուգահեռ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է մեկուսացնել Հայաստանին տարածաշրջանային տնտեսական և այլ նախագծերից։ Անկախ այդ ուղղությամբ առկա որոշակի մարտավարական հաջողություններից, այդ խնդիրը երկարաժամկետ հեռանկարում Բաքուն հազիվ թե կարողանա լուծել։ Երևանը քիչ թե շատ կարողացել է Ադրբեջանի և «ավագ եղբոր»` Թուրքիայի կողմից շրջափակման պայմաններում ողջ մնալու որոշակի մոդել մշակել։
Չի բացառվում, որ Ալիևի` մեկուսացման մասին սպառնալիքները, առաջին հերթին հասցեագրված են հայկական լսարանին։ Բաքվի հաշվարկները կառուցվում են նրա վրա, որ հայկական հասարակությունը ճնշում կգործադրի սեփական ղեկավարության վրա և կստիպի զիջումների գնալ։ Իրականում, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, այդ միջոցները չեն գործում, և «ոչ մի թիզ հող» կարգախոսը հայերի գիտակցության մեջ արմատացել է հատկապես 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո։
Հանուն արդարության պետք է ասել, որ բանակցություններին հայկական կողմի նպատակներն ու խնդիրները նույնպես առանձնահատուկ հստակությամբ չեն փայլում։ Օրինակ` Երևանը մի կողմից պահանջում է, որ բանակցությունների սեղան վերադառնա Լեռնային Ղարաբաղը, մյուս կողմից` որևէ քաղաքական ու դիվանագիտական գործիքներով այդ պահանջը չի ամրապնդում։ Դեռևս 2016 թվականի ապրիլի 2-ին` ապրիլյան քառօրյայի մեկնարկից մի քանի ժամ հետո ՀՀ նախագահը Երևանում հավատարմագրված ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպմանը հայտարարեց, որ եթե մարտական գործողությունները զանգվածային պատերազմի վերածվեն, ապա Երևանը պաշտոնապես կճանաչի Լեռնային Ղարաբաղը։ Հայաստանը մինչև օրս այդ քայլին չի դիմում` բացատրելով դա ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցությունները չխաթարելու ցանկությամբ։
Պատերազմը հաջողվեց կանգնեցնել մի քանի օր անց, ինչը Հայաստանից համար վերացրեց Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտությունը։ Մի շարք դիտորդներ մինչև օրս կարծում են, որ Երևանն այն ժամանակ բաց թողեց բանակցությունների ընթացքի և տրամաբանության մեջ որակական փոփոխություններ անելու իր հնարավորությունը։ Միևնույն ժամանակ` Բաքվի տապալված «բլիցքրիգը» Հայաստանին հիանալի հնարավորություն էր տալիս հակառակորդին սեփական օրակարգը և բանակցությունների բովանդակությունը թելադրել։
Այդպիսի անգործության հետևանքով բանակցությունները վերադարձան «սովորական» հուն, այսինքն` հանուն հանդիպման անհաջող հանդիպումների։ Անպտուղ բանակցություններին զուգահեռ Հայաստանի իշխանությունները յուրաքանչյուր հարմար պահի առաջ են քաշում այն թեզը, որ Ադրբեջանին տարածքները վերադարձնելու այլընտրանք չկա։ Խոսքը, հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի շուրջ այսպես կոչված «անվտանգության գոտու» մասին է։ Եվ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են ուսումնասիրել տարածքային զիջումների հավանականությունը Լեռնային Ղարաբաղի անկախության փոխարեն։ Ստեփանակերտում, միևնույն ժամանակ, հայտարարում են, որ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու ոչ մի հարց չի կարող լուծվել, իսկ Արցախի մոտակա տարածքներն այնտեղ հանրապետության անբաժանելի մաս են համարում։
Գուցե հայկական դիրքորոշումների նման երկատվածությունը Երևանի համար դիվանագիտական մարտերում մանևրելու որոշակի դաշտ է ստեղծում, այնուամենայնիվ բանակցային գործընթացում առաջընթաց չկա, և մոտ ապագայում չի սպասվում։ Իսկ դա նշանակում է, որ Արցախում կարող ենք նոր կրակոցների սպասել։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ չորս անձ է ձերբակալվել «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան կեղծ էջը ստեղծելու, ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող, դրանք այլ կերպ արժեզրկող հրապարակումներ անելու համար, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը և ՀՀ զինված ուժերի մարտունակությունը կասկածի տակ դնող, ՀՀ վարչապետին և մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղղված մեղադրանքներ։
Ձերբակալվել են Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, նրանց ընկերներ Արամ Սարգսյանը և Մհեր Ավագյանը։
ԱԱԾ-ն գրում է, որ այս չորս անձինք «Gagik Soghomonyan» կեղծ անվան տակ արցախյան պատերազմը մեկնաբանելիս խախտել են «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հաստատելու մասին» N1586-Ն որոշման 9.1 կետի սահմանափակումները՝ վնաս պատճառելով պատերազմական իրավիճակում գտնվող անձանց, հասարակության և պետության իրավունքներին ու օրինական շահերին:
Փաշինյանը հրահանգել է ամեն ինչ անել, որ մարզերում «հանգիստ նստեն տեղները». «Փաստ»
Բացի այդ, էջով նրանք կատարել են հանրային անկարգություններ հրահրելու, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ և բռնության կոչեր, ինչպես նաև հասարակության մի շերտի ազգային արժանապատվությունը նվաստացնող գնահատականներ և վիրավորանքներ, հանրության արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ, այն է՝ ՀՀ վարչապետի համակիրներին և ընտրություններին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին կողմ քվեարկած ՀՀ քաղաքացիներին անվանելով «հպարտ նախիր», «հայոց նախիր», «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր», «իրենց էշի կամ կենդանու տեղ դրածներ», «գլխի դատարկ տեղը դուխով գրածներ»։
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Արամ Սարգսյանը, Մհեր Ավագյանը բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը ասաց, որ իր պաշտպանյալը այժմ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում։
«Համապատասխան բողոք է ներկայացվել, ժամը 14:00-ին դատարանը կայացնելու է որոշում», - ասաց Գալստյանը։
Նա նշեց, որ մյուս ձերբակալվածների պաշտպաններն էլ են բողոքարկել իրենց պաշտպանյալների ձերբակալումը։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik, ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնով
Երևանում բողոքի նոր ակցիաներ են ազդարարվել։ Ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է, որ փետրվարի վերջին շաբաթ օրը կանցկացնի 2021թ․-ի առաջին զանգվածային հանրահավաքը։ Ակցիայի նախապատրաստումը տեղի է ունենում հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հրապարակային ակտիվացման ֆոնին։ Թեև այնքան էլ ճիշտ չի լինի խոսել այն մասին, որ նրանք ինչ-որ պահի ամբողջությամբ դուրս են եկել խաղից։
Քոչարյանն ինքը Sputnik Արմենիային տված ծավալուն հարցազրույցում այդքան կտրուկ չէր խոսում իր վերադարձի վերաբերյալ ՝ ընդգծելով, որ «վերջին երկու-երեք տարին» ինքը կրկին մեծ քաղաքականության մեջ է։ Երկրորդ նախագահի քրեական հետապնդումը, որը, բացի իրավական կողմից, նաև ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, Քոչարյանին քաղաքական գործիչ էր դարձնում նույնիսկ այն դեպքում, եթե հանկարծ նա որոշեր լռության ուխտ անել և սկզբունքորեն հրաժարվել ցանկացած մեկնաբանությունից։
Մինչդեռ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին նույնպես նրա նախորդը քննադատական գնահատականներ էր տալիս Հայաստանի իշխանության աշխատանքներին և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին։
Իսկ եթե խոսենք Հայաստանի երրորդ նախագահի մասին, ապա նա նույնպես հայտարարություններ էր անում, նշանակալից հանդիպումներ էր անցկացնում դեռևս ներկայիս հասարակական աշխուժացումից առաջ։ Բայց այսօր, կարծես թե, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանից դժգոհողների համակարգման մակարդակն ու ինտենսիվությունն ավելի բարձր են, քան առաջ։
Ընդհանուր հարթակում փորձում են համախմբվել ոչ միայն պետության նախկին առաջնորդները, այլև Վազգեն Մանուկյանը՝ լեգենդար «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր հայրերից մեկը, հետխորհրդային Հայաստանի առաջին վարչապետը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։ Վերջինից, եթե դատենք 2018թ․-ի դեպքերով, Քոչարյանը տեսականորեն կարող է որոշակի պահանջներ ունենալ։ Բայց այսօր այդ բոլոր կերպարները պատրաստ են համախմբվել հանուն երկրում փոփոխությունների։
Արդյո՞ք դա նշանակում է, որ հեռանկարում ընդդիմությունը շանս ունի։ Արդյո՞ք մենք կարող ենք խոսել այն մասին, որ իշխանությունները շփոթված են։ Թե՞ նման գնահատականն ընդամենը Փաշինյանի հակառակորդներին երազանքն է։ Աս հարցերին պատասխանելու համար հարկ է վերադառնալ 2020թ․-ի նոյեմբերի իրադարձություններին։ Դրանք, առանց չափազանցնելու, կարելի է դիտարկել որպես ներկայիս ներքաղաքական ճգնաժամի ելակետ։
Հայաստանի վարչապետի համաձայնությունը հրադադարին՝ Լեռնային Ղարաբաղում տարածքային զգալի զիջումների գնով, շատերի կողմից ընկալվեց որպես դավաճանություն։ Երևանցի լրագրող Հայկ Խալաթյանը ստեղծված իրավիճակը բնութագրելու համար օգտագործեց «Հայկական Բրեստ-Լիտովսկ» փոխաբերությունը՝ նկատի ունենալով 1918 թվականին Ռուսաստանի բոլշևիկյան կառավարության և Գերմանիայի միջև կնքված կապիտուլյացիոն խաղաղ պայմանագիրը։
Մինչդեռ Ղարաբաղի ներկայիս հրադադարը նաև մեկ այլ պատմական զուգահեռ ունի, արդեն սեփական ազգային պատմությունից՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի Առաջին Հանրապետության և Քեմալական Թուրքիայի միջև, 1920թ․-ի դեկտեմբերի 2-ին, որը հանգեցրեց Հայաստանի նշանակալից տարածքային «նեղացմանը»։ Հարյուր տարի անց տեղի ունեցավ նույնքան մասշտաբային վերադասավորություն։
Լեռնային Ղարաբաղի նախագիծը նշանակալի չափով ինստիտուցիանալացրեց հետխորհրդային հայկական պետությունը։ Բայց այստեղ պետք է սկզբունքային կարևորության վերապահում անել։ Այդ հակամարտությունը տարբեր կերպ է ընկալվել Հայաստանի ներսում և դրա սահմաններից դուրս։ Եթե հայ քաղաքական գործչի, փորձագետի և անգամ բնակչի համար Հայաստանը, ԼՂՀ-ն և նախկին ԼՂԻՄ-ի շուրջ զբաղեցված 7 շրջանները ներկայանում էին որպես անվտանգության միասնական համալիր, ապա Ռուսաստանում, ինչպես նաև Արևմուտքի՝ էթնոքաղաքական հակամարտության կարգավորման մեջ ներգրավված երկրներում, դրանք երեք տարբեր սուբստանցիաներ էին, որոնք պահանջում էին տարբեր քաղաքական-դիվանագիտական գործիքներ։
Սա հասկանալու դեպքում շատ ավելի հեշտ է բացատրել, թե ինչու է Մոսկվան 2020թ․-ի նոյեմբերից հետո խոսում Ղարաբաղի վերջնական չորոշված կարգավիճակի մասին, բայց միաժամանակ դրանից առաջ բազմիցս հայտարարել էր հայկական կողմից զիջումների անհրաժեշտությունից (խոսքը նախկին ԼՂԻՄ-ի շուրջ 7 շրջանների մասին է)։ Նաև ավելի պարզ է դառնում ռուս խաղաղապահների հայտնվելը Ղարաբաղում, ինչը դե ֆակտո կանխեց 1995թ․-ի «սերբա-ուկրաինական» սցենարի կրկնությունը։
2020-ի արդյունքները․ ինչպես Ղարաբաղը Կովկասը վերադարձրեց լրահոսի առաջին հորիզոնական
Հայաստանում, սակայն, միանգամայն այլ դիտանկյուն է։ Այդ պատճառով էր 2020թ․-ի նոյեմբերին այդ երկրի կառավարությունը բախվեց բողոքի զանգվածային ցույցերի։ Եթե չլիներ ղարաբաղյան ամպրոպը, ամենայն հավանականությամբ նման սցենարը լուրջ շանսեր չէր ունենա պարզապես այն պատճառով, որ իր իշխանության երկուսուկես տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը հիմնավորապես մաքրել էր քաղաքական դաշտը։ Նրա մի շարք ընդդիմախոսների դեմ քրեական գործեր են բացվել, իսկ իշխանության բոլոր ճյուղերը, ինչպես նաև ԼՂՀ ղեկավարությունը քայլ առ քայլ անցան վարչապետի և նրա կողմնակիցների վերահսկողության տակ։ Բայց Ղարաբաղում ռազմական պարտությունը (և անգամ ոչ այնքան բուն պարտությունը, որքան հրադադարի պայմանները) վճռեցին նոր օրակարգը։
Սակայն այդ ժամանակից արդեն երեք ամիս է անցել։ Իսկ իշխանությանը հաջողվել է տեղում մնալ, չնայած բուռն կանխատեսումներին այն մասին, որ ղարաբաղյան ուղղությամբ «հանձնվելուց» հետո Փաշինյանն իր աթոռին նույնիսկ մի քանի օր չի մնա։ Ուրեմն, ի՞նչ տեղի ունեցավ, որ դա չհանգեցրեց իշխանության անհապաղ փոփոխությանը։
Նախևառաջ, վաչապետին հաջողվեց պահպանել մեծամասնությունը Ազգային ժողովում, չնայած Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման փաստաթղթի ստորագրումից հետո եղան դեպքեր, երբ իշխանական դաշինքի անդամ պատգամավորները վայր դրեցին մանդատները։ Միաժամանակ վարչապետն ինքը, նոյեմբերյան պարտությունից հետո որոշակի ցնցում ապրելուց հետո, կարողացավ ուշքի գալ։ Եվ անգամ դադարեց գործել բացառապես արձագանքման շրջանակներում։ Որոշ կադրային փոփոխությունների միջոցով նա կարողացավ պահպանել իրեն հավատարիմ կառավարությունը։
Այնուհետև, ամանորյա տոների նախօրեին՝ 2020թ․-ի դեկտեմբերի 25-ին, Փաշինյանը հայտարարեց, որ «կառչած չէ վարչապետական աթոռից», բայց և «չի կարող անփութորեն վերաբերվել կառավարությանը, վարչապետի պաշտոնին, որն իրեն տվել է ժողովուրդը»։ Նա նաև նշեց «բոլոր հարցերի պատասխանը ստանալու միակ միջոցը»․ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս տարբերակն էր բարձրաձայնում նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Թվում էր՝ կարող է հիմք հայտնվել արտահերթ ընտրարշավի համար։ Հասկանալի է, որ իշխանություններին այդ միտքը չէր հիացնում, նրանք դրան ավելի շուտ հարկադրված էին արձագանքում։ Բայց պարզվեց, որ ընդդիմությունը ևս (ինչպես ներխորհրդարանական, այնպես էլ ԱԺ-ում մանդատ չունեցող) պատրաստ չէ ներքաշվել նախընտրական մրցավազքի մեջ։
Ընդդիմադիրներն իրավիճակը հետևյալ կերպ են տեսնում․ Փաշինյանի հրաժարականը, ժամանակավոր կառավարության ձևավորում և միայն որպես երրորդ փուլ՝ ընտրություններ։ Իշխանության ընդդիմախոսները պատճառաբանություններ ունեն։ Չէ՞ որ եթե ընտրությունները գործող իշխանությունն անցկացնի, այն անխուսափելիորեն առավելություն կստանա. վարչական ռեսուրսը ոչ ոք չի չեղարկել։ Բայց արդյունքում երկու մինուսը մեկ պլյուս տվեցին։ Եվ այն կառավարության և անձամբ Փաշինյանի օգտին ստացվեց։
Ներկայիս իշխող կոնֆիգուրացիայում ոչ ոք արտահերթ ընտրություններ չէր ուզում (թեև վարչապետն առաջարկում էր առարկայական քննարկում անցկացնել այդ հարցի շուրջ)։ Արդյունքում՝ դրանք չեն լինի։ Փետրվարի 7-ին իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում հանդիպում անցկացրեց վարչապետի հետ։ Բանակցությունների հիմնական եզրակացությունը` արտահերթ ընտրությունները հանրության շրջանում պահանջարկ չունեն։
Ընդդիմությունը դրա հետ ոչինչ անել չի կարող։ Հակառակը, այն փորձում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել։ Վազգեն Մանուկյանի ընդդիմադիր արշավն առաջին պլան բերելը, ինչպես երևում է, չտվեց այն արդյունքը, որի հույսն ունեին Փաշինյանի քննադատները։ Ինչպես այս հոդվածի հեղինակին ասաց մի հայտնի երևանցի լրագրող՝ «եթե նախկին վարչապետը նույնիսկ քաղաքական ծանր քաշային է, միևնույնն է` նախկին է»։
Ամեն թփի տակ խաղաղապահ չկա. որքանո՞վ էր լուրջ դեկտեմբերյան սրացումն Արցախում
Շատ երիտասարդ հայերի համար «Ղարաբաղ» կոմիտեն և 1988թ․-ի իրադարձություններն այլևս հաջողության և առաջընթացի հոմանիշ չեն։ Բացի այդ, հարկավոր են թե՛ նոր դեմքեր, թե՛ նոր գաղափարներ։ Առավել ևս, որ հայ հանրության մեջ կա այն գիտակցումը, որ չնայած Փաշինյանի և գործող կառավարության բոլոր բացթողումներին ու սխալներին, անցյալի լեգենդները (առանց որևէ հեգնանքի) ներկայիս աշխարհաքաղաքական ստատուս քվոն կոտրելու ռեսուրս չունեն։ Ինչպիսի բրեստ-լիտովսկյան կամ ալեքսանդրոպոլյան համ էլ որ այն ունենա։
Այսօրվա դրությամբ Հայաստանում արտահերթ ընտրությունների հարցում շահագրգռված չեն նաև արտաքին աշխարհում։
Այսպես, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ արտահայտվել է այն մասին, որ Փաշինյանի պոպուլիստական քննադատությունը «հայրենասիրական դիրքերից» չի օգնելու ո՛չ ղարաբաղյան կարգավորմանը, ո՛չ Կովկասի ընդհանուր իրավիճակին, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։
Այսպիսով, մենք տեսնում ենք, որ վարչապետը ուշքի է եկել ներքաղաքական ցնցումների առաջին շոկից։ Նրա կարգավիճակը չի կարելի հաստատուն համարել, իսկ առջևում հարյուրավոր հարցեր են` սկսած Ադրբեջանի հետ սահմանազատմամբ և վերջացրած սանիտարա-համաճարակաբանական իրավիճակով, տնտեսությամբ և անգամ ռազմական դրության ռեժիմով, որը չի չեղարկվել՝ չնայած հրադադարին։
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. քննարկվել է գերիների հարցը
Սակայն ներքաղաքական ռազմաճակատում նա առայժմ հաղթում է հակառակորդներին։ Հայաստանում մի քանի ամիս տևած բողոքների ակտիվությունը ցույց տվեց, որ գործող վարչապետի իրական այլընտրանքի դեֆիցիտ կա։ Եվ ռազմական դրությունն էլ նոկաուտի էֆեկտ չունի։
Վարչապետին քննադատողները պետք է հասկանան․ միայն անցյալին հղումներ անելով` ապագան անհնար է շահել։
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 22։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Գարիկ Մ-ն է։
Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 23։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները և քննիչները, մեկնելով նշված հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Ա-ն է։
«Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Միկոյան փողոցում ավտոմեքենաների կայանման շուրջ Գարիկ Մ-ի ու Գևորգ Ա-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գարիկ Ա-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Գարիկ Մ-ին, իսկ վերջինս էլ ձեռքերով հարվածել է Գևորգ Ա-ի գլխին»,–գրում է կայքը։
«Արմենիա» ԲԿ-ում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Գարիկ Մ-ն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող առարկան հայտնաբերելու համար։
Դանակահարություն Երևանում. պատճառը` sms-հաղորդագրություններն են



