Աֆրին

Լավրով–Էրդողան դիմակայություն. ի՞նչն էր Լավրովի խոսքում այդքան վրդովեցրել թուրք օկուպանտին

473
(Թարմացված է 20:17 10.04.2018)
Տեղի ունեցավ այն, ինչը կարելի էր ակնկալել, միայն թե`սպասվածից ավելի արագ։ Էրդողանը կոնկրետ խնդրով առաջին իսկ տարաձայնության ժամանակ հարձակվեց Լավրովի վրա։ Թուրքիայի նախագահի «պայմանական ունակությունների» մասին և ոչ միայն։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Էրդողանը միանգամից լարվեց, հենց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հիշեցրեց, որ Թուրքիայի նախագահը բազմիցս ասել է, իբր Թուրքիան չի պատրաստվում օկուպացնել Աֆրինը։ Ւսկ եթե այդպես է, ու Թուրքիայի խնդիրները տարածաշրջանում լուծված են, լավ կլիներ փոխանցել տարածքը Սիրիայի օրինական իշխանություններին։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբևէ չի ասել, որ Թուրքիան ցանկանում է Աֆրինն օկուպացնել: Այս պահին, երբ թուրքական կողմի ներկայացուցիչները հայտարարում են, որ Աֆրինի հետ կապված հիմնականում հասել են իրենց նպատակներին, մենք մտածում ենք, որ Աֆրինում իրավիճակը կարգավորելու ամենապարզ ճանապարհն այդ հողերի վերահսկողությունը Սիրիայի կառավարությանը վերադարձնելն է», – երկուշաբթի Մոսկվայում ասել է Լավրովը ասուլիսի ժամանակ։

Անկարայի անհապաղ պատասխանը հետևյալն էր. «Լավրովի մոտեցումը սխալ է։ Մենք բոլորից լավ գիտենք, թե ում տալ Աֆրինը, և երբ ժամանակը գա, մենք այն կհանձնենք տեղի ժողովրդին»։ Ահա այսպես, ո՛չ ավել, ո՛չ պակաս «սխալ» ու «մենք բոլորից լավ գիտենք»։

Ինչքան էլ վատ դաստիարակված լինի Էրդողանը, նա չի կարող չհասկանալ, որ այդ տոնով կտրուկ պատասխանը ոչ միայն ընկերական չէ, այլ նույնիսկ Աֆիրնի վերաբերյալ բանակցությունների ամեն ճանապարհ փակող։ Նման կտրուկ արտահայտությունից կարելի է որոշակի եզրակացություններ անել, ու շատերն արդեն սկսել են բարձրաձայնել դրանք։

Ամենահավանականն այն վարկածն է, որ վերջերս Անկարայում կայացած հանդիպումների ժամանակ խոսվել է այն պայմանների մասին, որոնց համաձայն Թուրքիային է մնում Աֆրինի շրջանների հսկողությունը` այլ հարցերում որոշ փոխզիջումների փոխարեն։ Թե ինչ հարցերի մասին է խոսքը, դեռ անհասկանալի է, և անիմաստ է փորձել կռահել։ Մի շարք մասնագետներ նշում են, որ վերջերս հաճախակի են դարձել ռուսական կողմի հայտարարությունները, որոնք հաստատում են հայ-ռուսական գործընկերության անսասանությունը։ Սակայն դժվար թե այդ հարցը քննարկվի տեսանելի ապագայում անլուծելի բազմաթիվ ու խճճված սիրիական հարցերի կողքին։

Ամենայն հավանականությամբ, ամեն ինչ ավելի պարզ է, համենայն դեպս, այն հարցերում, որոնք տեսանելի են։ Իսկ տեսանելի է, առաջին հերթին, բոլորին հայտնի թուրքական քաղաքականության պայմանավորվածություն ձեռքբերելու ունակության բացակայությունը։ Էրդողանն ընդունակ է մի երկու ժամվա ընթացքում իրարամերժ հայտարարություններ անել, եթե այդ ընթացքում փոխվի իրավիճակն ու պահի տակ այդպես ավելի ձեռնտու լինի։

Ինչ վերաբերում է լուրջ քաղաքական գործչի իմիջին, ապա Էրդողանին այդպիսի մանրուքները չեն հետաքրքրում, հատկապես, որ այդ կերպարի մասին նրա պատկերացումները շատ հեռու են ընդունվածներից, համենայն դեպս, քաղաքակիրթ աշխարհում։ Այն աշխարհում, ուր Էրդողանն է ու իր իշխանությունը մեկ վայրկյանում կարելի է հրաժարվել պայմանագրերից, մեկ վայրկյանում կարելի է դավաճանել, հակամարտության կարգավորման համար նախատեսված հանդիպմանը, օրինակ, կարելի է կրծքին հարվածելով մեկ բան խոստանալ, իսկ սեփական պետության մայրաքաղաք վերադառնալիս հակառակ բանն անել։

Եվ ինչու միայն Թուրքիան… Մենք մշտապես այդպիսի պահվածք ենք տեսնում մեր արևելյան հարևանի կողմից։

Բացի այդ, ինչպես արդեն բազմիցս ասվել ու կանխատեսվել է, մեծ հավանականությամբ, եթե թուրքական բանակը որևէ տարածք է զբաղեցնում, ապա դա հարյուր տոկոսանոց օկուպացիա է նշանակում։ Աֆրինի ճակատագրի վերաբերյալ երկու տարբերակ կա։

Առաջինը` անամոթ ու բացահայտ օկուպացիան, որի արդյունքում շրջանը Թուրքիայի կազմում կներառվի։ Ամենայն հավանականությամբ, հենց դրա մասին է երազում Էրդողանը։ Սակայն համաշխարհային հանրությունը չափազանց մեծ վրդովմունք կարտահայտի, այդ պատճառով նա կնախընտրի երկրորդ տարբերակը. «երբ ժամանակը կգա», նա «կփոխանցի Աֆրինը տեղացիներին», որոնք գրեթե ամբողջովին կազմված կլինեն Թուրքիայից վերաբնակեցվածներից, այնտեղ տեղացիներ չեն մնա։ Նույնպես օկուպացիա է, սակայն աղմուկն այդքան մեծ չի լինի։

Նեոօսմանիզմի մասին երազողներին այնտեղից հնարավոր կլինի հանել միայն ռազմական ուժով, և դա կարող է լինել երրորդ, սակայն անիրականանալի տարբերակը։ Դժվար Սիրիայի օրինական ղեկավարությունը երբևէ կարողանա դա ինքնուրույն իրականացնել, իսկ օգնականների անիմաստ է սպասել. ոչ ոք Թուրքիայի հետ զինված հակամարտության մեջ չի մտնի ինչ-որ Աֆրինի համար։ Եվ Անկարան շատ լավ գիտակցում է դա։

473
Ըստ թեմայի
Սիրիական պատերազմի թուրքական ֆեյքերը. ինչպես հայ «դաշնակցականները» փակեցին Աֆրինի ճամփան
Մակրոնը փորձեց պատժել Թուրքիային Աֆրինի համար. հայացք Երևանից
Գրիգորյան. «Նշմարվում է Աֆրինի հետ կապված Թուրքիայի նպատակը»