Սիրիայում լայնածավալ մարտական գործողությունների ավարտից հետո Հարավային Կովկասում ահաբեկչական վտանգը կմեծանա, քանի որ «Իսլամական պետության» հարյուրավոր զինյալները տուն կվերադառնան։ Գործընթացի առաջին նշաններն ակներև են։
Վրաստանի հատուկ նշանակության ուժերի և ոստիկանության աշխատակիցները պաշարեցին և գրոհեցին Թբիլիսիի ծայրամասում գտնվող բնակելի տան երրորդ հարկի բնակարաններից մեկը, որտեղ բարիկադավորվել և մի քանի ժամ շարունակ կրակ էին արձակում անհայտ անձինք։ Իրական մարտ, պայթյուններ… Հատուկ գործողություններ իրականացնողներից մեկը զոհվեց։ Հարակից ճանապարհների երթևեկությունը կասեցվեց, տեղի բնակչությունը տարհանվեց։ Պետական անվտանգության ծառայությունը հաստատեց հակաահաբեկչական գործողությունների անցկացումը։ Դժվար է հավատալ, որ այս ամենը տեղի էր ունենում Հարավային Կովկասի ամենահանգիստ քաղաքներից մեկում։
Վրաստանն ահաբեկչության ցածր մակարդակ ունեցող երկիր է, բնակչության 83%-ից ավելին ուղղափառ են։ Այնուամենայնիվ, ահաբեկչության վտանգը կա։ Soufan Group ամերիկյան ընկերության զեկույցի համաձայն` ԻՊ* —ի շարքերում ավելի քան 200 վրաստանաբնակ կա։ Հայտնի է նաև, որ ահաբեկչական խմբավորումների կազմում Սիրիայում կռվում էին Պանկիսկյան կիրճի մի քանի տասնյակ բնակիչներ, որտեղ էթնիկ չեչեն-կիստինցներ են բնակվում։
2015 թվականի ամռանը վրացական հատուկ ծառայությունները կիրճում` ԻՊ*-ի հետ կապված չորս մարդու էին ձերբակալել, այդ թվում նաև իմամ Այուֆ Բորչաշվիլուն, որը քիչ բան չի արել Ախմեթի շրջանի երիտասարդությանը «արմատականացնելու» համար։ Իսկ զինված մարդկանցով թբիլիսյան բնակարանի սեփականատերը ոչ պատահաբար Պանկիսի շրջանի Դուիսի գյուղի բնակիչն էր։
Ինչպես է Վրաստանն ընդունում ահաբեկչական սպառնալիքի աճը։ Թբիլիսիում գրեթե մեկ օր տևած հատուկ գործողությունները վկայում են, որ պետությունը պատրաստ չէ հակազդման։ Հատուկ նշանակության ուժերը շատ երկար պայքարեցին զինված հանցագործների դեմ, որոնք արգելափակված էլ էին սահմանափակ տարածքում։
Կարծես թե, պատանդներ չկային, և ոչինչ չէր խանգարում գործի դնել նման դեպքերի համար գոյություն ունեցող բոլոր միջոցները (լուսաձայնային նռնակ, գազ, դիպուկահարի կրակ, վակուումային ռումբ)։ Հավանաբար, պատրաստվածությունն էր կաղում, կաղում էին հատուկ ծառայությունների փոխգործակցման մշակված ալգորիթմները, գործողությունների ընթացքում կանոնակարգված պատասխանատվությունն այս կամ այն որոշման համար։
Վրաստանի իրավապահներն անբաններ չեն։ Օրինակ` անցյալ տարի հակաահաբեկչական միջոցառումների շրջանակում նրանք 750 օտարերկրացու արգելեցին մուտք գործել երկիր, և ևս 20 արտասահմանյան հյուր հայտնվեցին պետական անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում` կասկածելի ֆինանսական գործունեության համար։
Սակայն տպավորություն է ստեղծվում, որ սրանք առանձին պատասխաններ են ակնհայտ և սահմանափակ մարտահրավերներին։ Զինյալների լայնածավալ զինված դիմակայություն (ինչպես այսօր) կամ ԻՊ* ահաբեկչական խմբավորման ոչ ակնհայտ սպառնալիքներն արձագանքման որակապես այլ մակարդակի համակարգային և կանխարգելիչ միջոցներ են պահանջում։ Որոնք չկան։
Պարզ օրինակ։ Մի շարք երկրների օրենսդրության մեջ (Ադրբեջան, Ռուսաստան և այլն) օրենքներ կան, որտեղ ԻՊ*-ն ահաբեկչական կազմակերպություն է որակվում, և այդ խմբավորման հետ կապված մարդկանց հետապնդում են, ինչպես հանցագործներին։ Վրաստանում օրենսդրական նման հիմք գոյություն չունի։ Եթե ԻՊ* զինյալը Սիրիայից վերադառնա Թբիլիսի և չհայտնվի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում նոր հանցագործություններ կատարելով, ապա նա մաքուր է համարվում օրենքի առաջ։ Մերձավոր Արևելքում իրականացրած արյունահեղության համար նրան չեն պատժի։
Հավանաբար, վրացական օրենսդրությունը շտկման կարիք ունի։ Միայն ահաբեկիչներին չեզոքացնելուց հետո արդիական կդառնան մարդասիրական խրատական ասացվածքները և հանցագործներին հասարակության համար վտանգավորության աստիճանով բաժանելը (քարոզողների կողմից խաբված, ֆինանսապես շահագրգռված, կրոնական ֆանատներ):
Ահաբեկչությունից տուժող երկրների առավել թարմ վարկանիշում Վրաստանը 77-րդ հորիզոնականում է, Հայաստանը` 75-րդում, Ադրբեջանը` 95-րդում։ Կարծես թե, վատ չէ։ Ճանապարհորդությունների ու զբոսաշրջության մրցունակության 2017 թվականի ցուցիչի համաձայն` Վրաստանն անվտանգ երկրների ցանկում 29-րդն է (136 երկրների շարքում)։ Սակայն հարևան Թուրքիայում պարբերաբար իրականացվող ահաբեկչական գործողությունները, նույնքան մոտ Ադրբեջանում զինյալների ակտիվացումը թույլ են տալիս ենթադրելու, որ այդ ամենը շարունակություն կարող է ունենալ նաև Թբիլիսիում։
Միջազգային ահաբեկիչները զինվում են և ուժեղացնում կոնսպիրացիան, ավելացնում են վարձու զինյալների թիվը և իրենց գաղափարախոսության քարոզչությունը Հարավային Կովկասում, իսկ Վրաստանն աշխարհագրական կարևոր խաչմերուկ է և չի կարող զերծ մնալ փոթորկվող աշխարհի վայրիվերումներից։ Նկատենք, որ դեռ 2012 թվականին Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանատունը Պետդեպարտամենտից ու ԿՀՎ-ից անվտանգության ապահովման հրահանգ էր ստացել իսլամական կողմնորոշում ունեցող կազմակերպությունների դիվերսիոն գրոհների ու հնարավոր ահաբեկչությունների առնչությամբ։
Կեղծ խալիֆայության հռչակման մեկնարկից ի վեր (2014 թ.) երեք տարվա ընթացքում զինյալները ահաբեկչական 143 գործողություն են իրականացրել 29 երկրում, զոհերի թիվը հատել է 2000-ի սահմանը։ Իսլամական պետության առաջնորդներից մեկը` Աբու Մուհամմեդ Ալ-Ադնանին, նրանց, ովքեր չեն կարող միանալ իրենց խալիֆայությանը, հորդորել է գրոհել թշնամիներին բոլոր հնարավոր մեթոդներով` առանց հրահանգների սպասելու։ Ահաբեկչության տարերքին արդյունավետորեն կարելի է դիմակայել միայն համակարգային միջոցներ կիրառելով և շահագրգիռ բոլոր երկրների գործակցությունն ուժեղացնելու ճանապարհով։
ԻՊ* (Իսլամական պետություն) Ռուսաստանում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական խմբավորում։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ չորս անձ է ձերբակալվել «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան կեղծ էջը ստեղծելու, ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող, դրանք այլ կերպ արժեզրկող հրապարակումներ անելու համար, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը և ՀՀ զինված ուժերի մարտունակությունը կասկածի տակ դնող, ՀՀ վարչապետին և մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղղված մեղադրանքներ։
Ձերբակալվել են Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, նրանց ընկերներ Արամ Սարգսյանը և Մհեր Ավագյանը։
ԱԱԾ-ն գրում է, որ այս չորս անձինք «Gagik Soghomonyan» կեղծ անվան տակ արցախյան պատերազմը մեկնաբանելիս խախտել են «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հաստատելու մասին» N1586-Ն որոշման 9.1 կետի սահմանափակումները՝ վնաս պատճառելով պատերազմական իրավիճակում գտնվող անձանց, հասարակության և պետության իրավունքներին ու օրինական շահերին:
Փաշինյանը հրահանգել է ամեն ինչ անել, որ մարզերում «հանգիստ նստեն տեղները». «Փաստ»
Բացի այդ, էջով նրանք կատարել են հանրային անկարգություններ հրահրելու, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ և բռնության կոչեր, ինչպես նաև հասարակության մի շերտի ազգային արժանապատվությունը նվաստացնող գնահատականներ և վիրավորանքներ, հանրության արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ, այն է՝ ՀՀ վարչապետի համակիրներին և ընտրություններին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին կողմ քվեարկած ՀՀ քաղաքացիներին անվանելով «հպարտ նախիր», «հայոց նախիր», «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր», «իրենց էշի կամ կենդանու տեղ դրածներ», «գլխի դատարկ տեղը դուխով գրածներ»։
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Արամ Սարգսյանը, Մհեր Ավագյանը բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը ասաց, որ իր պաշտպանյալը այժմ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում։
«Համապատասխան բողոք է ներկայացվել, ժամը 14:00-ին դատարանը կայացնելու է որոշում», - ասաց Գալստյանը։
Նա նշեց, որ մյուս ձերբակալվածների պաշտպաններն էլ են բողոքարկել իրենց պաշտպանյալների ձերբակալումը։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik, ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնով
Երևանում բողոքի նոր ակցիաներ են ազդարարվել։ Ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է, որ փետրվարի վերջին շաբաթ օրը կանցկացնի 2021թ․-ի առաջին զանգվածային հանրահավաքը։ Ակցիայի նախապատրաստումը տեղի է ունենում հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հրապարակային ակտիվացման ֆոնին։ Թեև այնքան էլ ճիշտ չի լինի խոսել այն մասին, որ նրանք ինչ-որ պահի ամբողջությամբ դուրս են եկել խաղից։
Քոչարյանն ինքը Sputnik Արմենիային տված ծավալուն հարցազրույցում այդքան կտրուկ չէր խոսում իր վերադարձի վերաբերյալ ՝ ընդգծելով, որ «վերջին երկու-երեք տարին» ինքը կրկին մեծ քաղաքականության մեջ է։ Երկրորդ նախագահի քրեական հետապնդումը, որը, բացի իրավական կողմից, նաև ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, Քոչարյանին քաղաքական գործիչ էր դարձնում նույնիսկ այն դեպքում, եթե հանկարծ նա որոշեր լռության ուխտ անել և սկզբունքորեն հրաժարվել ցանկացած մեկնաբանությունից։
Մինչդեռ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին նույնպես նրա նախորդը քննադատական գնահատականներ էր տալիս Հայաստանի իշխանության աշխատանքներին և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին։
Իսկ եթե խոսենք Հայաստանի երրորդ նախագահի մասին, ապա նա նույնպես հայտարարություններ էր անում, նշանակալից հանդիպումներ էր անցկացնում դեռևս ներկայիս հասարակական աշխուժացումից առաջ։ Բայց այսօր, կարծես թե, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանից դժգոհողների համակարգման մակարդակն ու ինտենսիվությունն ավելի բարձր են, քան առաջ։
Ընդհանուր հարթակում փորձում են համախմբվել ոչ միայն պետության նախկին առաջնորդները, այլև Վազգեն Մանուկյանը՝ լեգենդար «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր հայրերից մեկը, հետխորհրդային Հայաստանի առաջին վարչապետը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։ Վերջինից, եթե դատենք 2018թ․-ի դեպքերով, Քոչարյանը տեսականորեն կարող է որոշակի պահանջներ ունենալ։ Բայց այսօր այդ բոլոր կերպարները պատրաստ են համախմբվել հանուն երկրում փոփոխությունների։
Արդյո՞ք դա նշանակում է, որ հեռանկարում ընդդիմությունը շանս ունի։ Արդյո՞ք մենք կարող ենք խոսել այն մասին, որ իշխանությունները շփոթված են։ Թե՞ նման գնահատականն ընդամենը Փաշինյանի հակառակորդներին երազանքն է։ Աս հարցերին պատասխանելու համար հարկ է վերադառնալ 2020թ․-ի նոյեմբերի իրադարձություններին։ Դրանք, առանց չափազանցնելու, կարելի է դիտարկել որպես ներկայիս ներքաղաքական ճգնաժամի ելակետ։
Հայաստանի վարչապետի համաձայնությունը հրադադարին՝ Լեռնային Ղարաբաղում տարածքային զգալի զիջումների գնով, շատերի կողմից ընկալվեց որպես դավաճանություն։ Երևանցի լրագրող Հայկ Խալաթյանը ստեղծված իրավիճակը բնութագրելու համար օգտագործեց «Հայկական Բրեստ-Լիտովսկ» փոխաբերությունը՝ նկատի ունենալով 1918 թվականին Ռուսաստանի բոլշևիկյան կառավարության և Գերմանիայի միջև կնքված կապիտուլյացիոն խաղաղ պայմանագիրը։
Մինչդեռ Ղարաբաղի ներկայիս հրադադարը նաև մեկ այլ պատմական զուգահեռ ունի, արդեն սեփական ազգային պատմությունից՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի Առաջին Հանրապետության և Քեմալական Թուրքիայի միջև, 1920թ․-ի դեկտեմբերի 2-ին, որը հանգեցրեց Հայաստանի նշանակալից տարածքային «նեղացմանը»։ Հարյուր տարի անց տեղի ունեցավ նույնքան մասշտաբային վերադասավորություն։
Լեռնային Ղարաբաղի նախագիծը նշանակալի չափով ինստիտուցիանալացրեց հետխորհրդային հայկական պետությունը։ Բայց այստեղ պետք է սկզբունքային կարևորության վերապահում անել։ Այդ հակամարտությունը տարբեր կերպ է ընկալվել Հայաստանի ներսում և դրա սահմաններից դուրս։ Եթե հայ քաղաքական գործչի, փորձագետի և անգամ բնակչի համար Հայաստանը, ԼՂՀ-ն և նախկին ԼՂԻՄ-ի շուրջ զբաղեցված 7 շրջանները ներկայանում էին որպես անվտանգության միասնական համալիր, ապա Ռուսաստանում, ինչպես նաև Արևմուտքի՝ էթնոքաղաքական հակամարտության կարգավորման մեջ ներգրավված երկրներում, դրանք երեք տարբեր սուբստանցիաներ էին, որոնք պահանջում էին տարբեր քաղաքական-դիվանագիտական գործիքներ։
Սա հասկանալու դեպքում շատ ավելի հեշտ է բացատրել, թե ինչու է Մոսկվան 2020թ․-ի նոյեմբերից հետո խոսում Ղարաբաղի վերջնական չորոշված կարգավիճակի մասին, բայց միաժամանակ դրանից առաջ բազմիցս հայտարարել էր հայկական կողմից զիջումների անհրաժեշտությունից (խոսքը նախկին ԼՂԻՄ-ի շուրջ 7 շրջանների մասին է)։ Նաև ավելի պարզ է դառնում ռուս խաղաղապահների հայտնվելը Ղարաբաղում, ինչը դե ֆակտո կանխեց 1995թ․-ի «սերբա-ուկրաինական» սցենարի կրկնությունը։
2020-ի արդյունքները․ ինչպես Ղարաբաղը Կովկասը վերադարձրեց լրահոսի առաջին հորիզոնական
Հայաստանում, սակայն, միանգամայն այլ դիտանկյուն է։ Այդ պատճառով էր 2020թ․-ի նոյեմբերին այդ երկրի կառավարությունը բախվեց բողոքի զանգվածային ցույցերի։ Եթե չլիներ ղարաբաղյան ամպրոպը, ամենայն հավանականությամբ նման սցենարը լուրջ շանսեր չէր ունենա պարզապես այն պատճառով, որ իր իշխանության երկուսուկես տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը հիմնավորապես մաքրել էր քաղաքական դաշտը։ Նրա մի շարք ընդդիմախոսների դեմ քրեական գործեր են բացվել, իսկ իշխանության բոլոր ճյուղերը, ինչպես նաև ԼՂՀ ղեկավարությունը քայլ առ քայլ անցան վարչապետի և նրա կողմնակիցների վերահսկողության տակ։ Բայց Ղարաբաղում ռազմական պարտությունը (և անգամ ոչ այնքան բուն պարտությունը, որքան հրադադարի պայմանները) վճռեցին նոր օրակարգը։
Սակայն այդ ժամանակից արդեն երեք ամիս է անցել։ Իսկ իշխանությանը հաջողվել է տեղում մնալ, չնայած բուռն կանխատեսումներին այն մասին, որ ղարաբաղյան ուղղությամբ «հանձնվելուց» հետո Փաշինյանն իր աթոռին նույնիսկ մի քանի օր չի մնա։ Ուրեմն, ի՞նչ տեղի ունեցավ, որ դա չհանգեցրեց իշխանության անհապաղ փոփոխությանը։
Նախևառաջ, վաչապետին հաջողվեց պահպանել մեծամասնությունը Ազգային ժողովում, չնայած Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման փաստաթղթի ստորագրումից հետո եղան դեպքեր, երբ իշխանական դաշինքի անդամ պատգամավորները վայր դրեցին մանդատները։ Միաժամանակ վարչապետն ինքը, նոյեմբերյան պարտությունից հետո որոշակի ցնցում ապրելուց հետո, կարողացավ ուշքի գալ։ Եվ անգամ դադարեց գործել բացառապես արձագանքման շրջանակներում։ Որոշ կադրային փոփոխությունների միջոցով նա կարողացավ պահպանել իրեն հավատարիմ կառավարությունը։
Այնուհետև, ամանորյա տոների նախօրեին՝ 2020թ․-ի դեկտեմբերի 25-ին, Փաշինյանը հայտարարեց, որ «կառչած չէ վարչապետական աթոռից», բայց և «չի կարող անփութորեն վերաբերվել կառավարությանը, վարչապետի պաշտոնին, որն իրեն տվել է ժողովուրդը»։ Նա նաև նշեց «բոլոր հարցերի պատասխանը ստանալու միակ միջոցը»․ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս տարբերակն էր բարձրաձայնում նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Թվում էր՝ կարող է հիմք հայտնվել արտահերթ ընտրարշավի համար։ Հասկանալի է, որ իշխանություններին այդ միտքը չէր հիացնում, նրանք դրան ավելի շուտ հարկադրված էին արձագանքում։ Բայց պարզվեց, որ ընդդիմությունը ևս (ինչպես ներխորհրդարանական, այնպես էլ ԱԺ-ում մանդատ չունեցող) պատրաստ չէ ներքաշվել նախընտրական մրցավազքի մեջ։
Ընդդիմադիրներն իրավիճակը հետևյալ կերպ են տեսնում․ Փաշինյանի հրաժարականը, ժամանակավոր կառավարության ձևավորում և միայն որպես երրորդ փուլ՝ ընտրություններ։ Իշխանության ընդդիմախոսները պատճառաբանություններ ունեն։ Չէ՞ որ եթե ընտրությունները գործող իշխանությունն անցկացնի, այն անխուսափելիորեն առավելություն կստանա. վարչական ռեսուրսը ոչ ոք չի չեղարկել։ Բայց արդյունքում երկու մինուսը մեկ պլյուս տվեցին։ Եվ այն կառավարության և անձամբ Փաշինյանի օգտին ստացվեց։
Ներկայիս իշխող կոնֆիգուրացիայում ոչ ոք արտահերթ ընտրություններ չէր ուզում (թեև վարչապետն առաջարկում էր առարկայական քննարկում անցկացնել այդ հարցի շուրջ)։ Արդյունքում՝ դրանք չեն լինի։ Փետրվարի 7-ին իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում հանդիպում անցկացրեց վարչապետի հետ։ Բանակցությունների հիմնական եզրակացությունը` արտահերթ ընտրությունները հանրության շրջանում պահանջարկ չունեն։
Ընդդիմությունը դրա հետ ոչինչ անել չի կարող։ Հակառակը, այն փորձում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել։ Վազգեն Մանուկյանի ընդդիմադիր արշավն առաջին պլան բերելը, ինչպես երևում է, չտվեց այն արդյունքը, որի հույսն ունեին Փաշինյանի քննադատները։ Ինչպես այս հոդվածի հեղինակին ասաց մի հայտնի երևանցի լրագրող՝ «եթե նախկին վարչապետը նույնիսկ քաղաքական ծանր քաշային է, միևնույնն է` նախկին է»։
Ամեն թփի տակ խաղաղապահ չկա. որքանո՞վ էր լուրջ դեկտեմբերյան սրացումն Արցախում
Շատ երիտասարդ հայերի համար «Ղարաբաղ» կոմիտեն և 1988թ․-ի իրադարձություններն այլևս հաջողության և առաջընթացի հոմանիշ չեն։ Բացի այդ, հարկավոր են թե՛ նոր դեմքեր, թե՛ նոր գաղափարներ։ Առավել ևս, որ հայ հանրության մեջ կա այն գիտակցումը, որ չնայած Փաշինյանի և գործող կառավարության բոլոր բացթողումներին ու սխալներին, անցյալի լեգենդները (առանց որևէ հեգնանքի) ներկայիս աշխարհաքաղաքական ստատուս քվոն կոտրելու ռեսուրս չունեն։ Ինչպիսի բրեստ-լիտովսկյան կամ ալեքսանդրոպոլյան համ էլ որ այն ունենա։
Այսօրվա դրությամբ Հայաստանում արտահերթ ընտրությունների հարցում շահագրգռված չեն նաև արտաքին աշխարհում։
Այսպես, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ արտահայտվել է այն մասին, որ Փաշինյանի պոպուլիստական քննադատությունը «հայրենասիրական դիրքերից» չի օգնելու ո՛չ ղարաբաղյան կարգավորմանը, ո՛չ Կովկասի ընդհանուր իրավիճակին, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։
Այսպիսով, մենք տեսնում ենք, որ վարչապետը ուշքի է եկել ներքաղաքական ցնցումների առաջին շոկից։ Նրա կարգավիճակը չի կարելի հաստատուն համարել, իսկ առջևում հարյուրավոր հարցեր են` սկսած Ադրբեջանի հետ սահմանազատմամբ և վերջացրած սանիտարա-համաճարակաբանական իրավիճակով, տնտեսությամբ և անգամ ռազմական դրության ռեժիմով, որը չի չեղարկվել՝ չնայած հրադադարին։
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. քննարկվել է գերիների հարցը
Սակայն ներքաղաքական ռազմաճակատում նա առայժմ հաղթում է հակառակորդներին։ Հայաստանում մի քանի ամիս տևած բողոքների ակտիվությունը ցույց տվեց, որ գործող վարչապետի իրական այլընտրանքի դեֆիցիտ կա։ Եվ ռազմական դրությունն էլ նոկաուտի էֆեկտ չունի։
Վարչապետին քննադատողները պետք է հասկանան․ միայն անցյալին հղումներ անելով` ապագան անհնար է շահել։
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «X-100» կայանը։
«Կայանի նպատակն է ազդել արբանյակային տեղորոշման GPS, GLONASS և այլ տեսակի համակարգերի վրա՝ ԱԹՍ-ների և այլ սարքերի տեղորոշման համակարգերի աշխատանքը մինչև 100կմ հեռավորությամբ խափանելու նպատակով»,-նշել է Արշակյանը:
Նա տեղեկացրել է, որ ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին մարդիկ կարելի է ծանոթանալ մարտի 25-27 Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում։
Հիշեցնենք` փետրվարի 9–ին հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսում Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ 2021թ-ին արդեն իսկ իվիճակի կլինեն մեր տեղական ռազմական պահանջարկն ամբողջությամբ բավարարել և հրետանային միջոցների ու արկերի արտադրությունն ամբողջությամբ կազմակերպել Հայաստանում:
Նախարարը շեշտեց, որ հաջողություններ կան նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում՝ ինչպես հարվածային, այնպես էլ՝ հետախուզական:
Հակոբ Արշակյանն արաբ գործընկերոջը հրավիրել է մասնակցելու ArmHiTec2021-ին


