Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու բացման արարողությունը

Թուրք–ադրբեջանական հնարք. հարյուրավոր միլիոններ Հայաստանի մեկուսացման համա՞ր

512
(Թարմացված է 00:17 31.10.2017)
Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու 100 կիլոմետրանոց հատվածի համար Թուրքիան 10 տարում ավելի քան 700 միլիոն դոլար ծախսեց։ Եվ այդ գումարը նա չխնայեց հանուն մեկ նպատակի, որ Հայաստանը շրջափակման մեջ մնա, կարծում է Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանը։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Այսօր Ախալցխայից (Ջավախք) մինչև Կարս (Թուրքիա) ձգվող 100 կիլոմետրանոց երկաթուղային հատվածը գործարկվեց: Ավարտվեց Հարավային Կովկասի երկաթուղային քարտեզը թուրքական երկաթուղու հետ կապելու էպոսը, և այսուհետև բեռներ և ուղևորներ տեղփոխող գնացքները կարող են տարածաշրջանից մեկնել դեպի Թուրքիա, այնուհետև` Եվրոպա:

Ինչպես 100 կմ կառուցված երկաթգիծը որպես 900 կմ ներկայացնել հանրությանը

Ճիշտ է`Բաքվում անցկացված տոնական միջոցառումը և՛ կազմակերպիչները, և՛ տարածաշրջանային ԶԼՄ-ները հսկայական անվանեցին` նշելով, որ բացվեց Բաքու-Թբիլիսի-Ախալցխա-Կարս 900 կիլոմետրանոց երկաթգիծը, բայց նրանք բոլորը դիտավորյալ խուսափեցին այն փաստից, որ Հարավային Կովկասի քարտեզի վրա երկաթուղային սխեման արդեն ավելի քան հարյուր տարվա պատմություն ունի:

Նոր կառուցված հատվածն իրողություն դարձավ միայն Ադրբեջանի և Թուրքիայի ցանկությամբ` շրջանցելով երկաթգծի հայկական հատվածը, որը բոլոր ժամանակներում Անդրկովկասյան երկաթուղին կապել է Թուրքիայի հետ (նախկինում Գյումրիից մի ճյուղ էր տանում թուրքական Կարս): Այս ճյուղը Թուրքիան փակեց 1993 թ-ին, երբ ամբողջությամբ փակեց Հայաստանի հետ սահմանը, ինչպես նաև դադարեցրեց քաղաքական բոլոր շփումները:

Այսինքն, վստահորեն կարելի է ասել, որ 100 կիլոմետրանոց հատվածի կառուցման 10 տարվա աշխատանքների համար ծախսված գումարները (ինչպես հիմա պարզվում է 700 մլն դոլարը) ծախսեցին Հայաստանի տարածքը շրջանցելու համար: Այսինքն` շարունակելու համար երկրի 25 տարվա տրանսպորտային շրջափակումն ինչպես արևմուտքից, այնպես էլ արևելքից:

Ու թեև փորձագետները, վերլուծաբաններն ու տնտեսական մեկնաբանները պնդում են, որ 900 կմ ճանապարհը կառուցվել է միայն տնտեսական նկատառումներով, նրանց պնդումներին կարելի է չհավատալ:

Անդրկովկասի երկաթուղին թուրքական երկաթուղու հետ կապող ճանապարհը միշտ եղել է: Կրկնում եմ`Թուրքիան փակեց այդ ճանապարհը, և վերջին տասը տարում ծախսված ավելի քան 700 միլիոն դոլարը Հայաստանը շրջափակման մեջ թողնելու գինն է:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծ. ի՞նչ կտա այն Ախալքալաքին
© Sputnik / Շուշանիկ Սարգսյան
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծ. ի՞նչ կտա այն Ախալքալաքին
Իսկ այդ գումարի կեսը, պարզվում է, Բաքուն Թբիլիսիին է տրամադրել վարկի տեսքով, այսինքն` Վրաստանը տարիներ շարունակ հարևանին գումար կտա այն փողերից, որը կստանա իր տարածքով բեռների և ուղևորների տարանցման համար:

Ճանապարհը Չինաստանի ամենևին էլ պետք չի գա… Դե, բացառությամբ, գուցե Ղազախստանի:

Ինչևէ, Բաքու-Թբիլիսի-Ախալցխա-Կարս երկաթգծով առաջին գնացքը ճամփա դուրս եկավ:

Ընդհանրապես արդեն ասվել էր, որ թերևս միայն Ղազախստանին ձեռնտու կլինի անդրկովկասյան և թուրքական երկաթուղիները կապող նոր հատվածը: Դե, գուցե մեկ ել Թուրքմենստանին: Չնայած, մյուս կողմից նրանք երկուսն էլ պետք է Եվրոպա հասնեն Թուրքիայի տարածքով, Կասպից ծովում ապրանքները տեղափոխեն լաստանավեր, իսկ հետդարձի ճանապարհին էլ` հակառակը: Այնպես որ, բեռնափոխադրումն այնքան էլ էժան չի ստացվում, որքան թվում է առաջին հայացքից: Թեև Ղազախստանն ունի Ռուսաստանով Եվրոպա հասնելու ցամաքային ճանապարհ և բեռները նավեր տեղափոխելու կարիք չունի:

Երկաթգծի կառուցմանը մասնակից երկրները նշում են, որ նախագիծը շուրջ 4.5 միլիարդ բնակչությամբ աշխարհի ավելի քան 60 երկիր միավորող «Մետաքսե ճանապարհի» կարևոր բաղադրիչն է։ («Մետաքսե ճանապարհ» անվամբ երկաթգծի շինարարության նպատակն է ընդլայնել Չինաստանի համագործակցությունը եվրասիական մայրցամաքի հետ՝ Շանհայից մինչև Բեռլին):

Բայց չի կարելի ասել, որ այս նոր ճյուղը «Մետաքսի ճանապարհի» լուրջ օղակ կդառնա, քանի որ Իրանը, որի միջով Չինաստանը մտադիր է բեռնափոխադրումներ կատարել Մետաքսի ճանապարհով, վաղուց երկաթուղային կապ ունի Թուրքիայի հետ, և այն անցնում է Թավրիզ (Իրան) —Վան (Թուրքիա) գծով:

Չինաստանին ուղիղ ելք է պետք դեպի Սև ծովի ափ, և չինական կորպորացիաները աշխատում են հենց այդ տրանսպորտային վեկտորի վրա:

Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Թուրքիայի և Ղազախստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանը և Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես նաև Վրաստանի և Ուզբեկստանի վարչապետներ Գիորգի Կվիրիկաշվիլին և Աբդուլա Արիպովը։ Այս նախագծի քաղաքական բաղկացուցիչը մեկն է` մեկուսացնել Հայաստանը։ Եվ հանուն այդ նպատակի 10 տարի շարունակ կառուցեցին երկաթուղու 100 կիլոմետրանոց հատվածը և ավելի քան 700 միլիոն դոլար ծախսեցին։

512