Ահաբեկություն Լոնդոնում

Անգլիա, Դրամա, Երրորդ գործողություն

32
(Թարմացված է 18:14 05.06.2017)
Միջազգային ահաբեկչությունն այնպիսի ծավալների է հասնում, որ դրա զոհերի հիշատակը հարգելու համար Էյֆելյան աշտարակի լուսավորությունն ավելի հեշտ է պահել անջատած ռեժիմում, քան միացված։

Սերգեյ Բաբլումյան, Sputnik.

Բրիտանիայի դրոշի գույներով վառվեցին նաև Բեռլինի կենտրոնում գտնվող Բրանդենբուրգյան դարպասները։

Զգալիորեն շատացավ կոնկրետ երկրներում հավատարմագրված դիվանագետների աշխատանքը, որոնք հաշվում են, թե այդ երկրում իրենց երկրի քանի քաղաքացի է տուժել։

Նույնը իրավիճակն է ահաբեկչության վայրում ծաղիկների դրման, չտուժած երկրներից (որոնք գնալով քչանում են) տուժած երկրների առաջին դեմքերին ուղղվող հեռագրերի հետ կապված։

Այդպիսի «բազմազբաղ» իրավիճակ է տիրում նաև ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնող աշխարհի գլխավոր չարագործներից սպասվող հայտարարությունների առումով։ Մի խոսքով`թղթաբանություն…

Դոնալդ Թրամփին կարելի է տարբեր կերպ վերաբերվել։ Կարելի է, օրինակ, այնպես ինչպես, նրան վերաբերում է իմ վաղեմի բարեկամը. «Ահա այս հարցում ծերուկ Դոննին, անկասկած, իրավացի է», – ասում է նա ամեն անգամ, երբ ամերիկացի առաջնորդը որևէ շանթահարող հայտարարություն է անում։ Եվ քանի որ Թրամփը բացի շանթահարող հայտարարությունից դեռ ոչինչ չի անում, ապա ստացվում է, որ նա գրեթե միշտ իրավացի է։

Սակայն Թրամփի վերաբերմունքն ահաբեկչությանը և նրա դեմ պայքարի միջոցները վաղեմի բարեկամին ակնհայտորեն դուր չեն գալիս։ Այս հոդվածի հեղինակին` մասամբ, նույնպես։

Ինչի՞ համար էր այս երկար նախաբանը։ Թրամփի վերջին հայտարարությունը նման էր ԽՄԿԿ–ի կարգադրություններին. «Մենք պետք է դադարենք քաղաքական առումով կոռեկտ լինել, ժամանակն է զբաղվելու մեր քաղաքացիների անվտանգության ամրապնդման հարցերով։ Եթե մենք խելքի չգանք, ավելի վատ կլինի», – ասաց ամերիկայի նախագահը վերջին լոնդոնյան ահաբեկչությունից հետո։

Այնուհետև։ Լոնդոնի ահաբեկությանն արձագանքելով` ԱՄՆ նախագահը կոչ արեց արտասահմանցիների համար մուտքի արգելք սահմանել` հանուն ազգային անվտանգության։ Եվ հայտարարեց. «ԱՄՆ–ն ձեր կողքին է, պատրաստ է աջակցել Լոնդոնին և Մեծ Բրիտանիային, Աստված ձեզ օրհնի»։ (Բայց ավելի լավ կլիներ օգնել ահաբեկությունից առաջ, քան դրանից հետո)։

Նրան գաղափարը, կարծես, ալիքի նման տարածում գտավ։ «Անհրաժեշտ է արգելել մահմեդական փախստականների մուտքը», – ասաց Լեհաստանի ՆԳՆ ղեկավար Մարիուժ Բլաշական լեհական Rzeczpospolita–յին։ Նախարարի կարծիքով` մուսուլման ահաբեկիչների Արևմտյան Եվրոպայում իրականացրած ահաբեկությունների վտանգը «փաստ է, այլ ոչ միջադեպ», իսկ Եվրոպայի երկրների քաղաքական կոռեկտությունը «վատ հետևանքների է հանգեցնում»։

Բացի այդ, լեհ նախարարը կոչ արեց զարգացնել Եվրոպան, քրիստոնեական քաղաքակրթությունից բխող եվրոպական արժեքների վրա հիմնվելով, և առաջարկեց մյուս երկրներին փակել սահմանները Հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից ներխուժող մուսուլման փախստականների համար։

Իսկ ի՞նչ է կատարվում Անգլիայի ներսում։ Անգլիայում ևս սկսեցին մտահոգվել։ Վարչապետ Թերեզա Մեյն է արդեն նշում ծայրահեղականության նկատմամբ իր երկրի ավելորդ հանդուրժողականությունը։ Եթե հիշենք, որ Մեծ Բրիտանիայում սա արդեն երրորդ ահաբեկությունն է վերջին ամիսների ընթացքում, ուրեմն դեռ մեղմ է ասված։

Վերջին շրջանի անգլիական դրամայի ժամանակագրությունը

  • Այս տարվա մարտի 22–ը. Վեսթմիսթերյան կամրջի վրա ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել անցորդներին, ինչից հետո վարորդը խորհրդարանի շենքի մերձակայքում դանակով հարձակվել էր ոստիկանի վրա։ Երկու մարդ էր զոհվել։
  • Մայիսի 22. Մանչեսթերում Արիանա Գրանդեի համերգի ժամանակ պայթյուն որոտաց, պայթյունի հեղինակը մահապարտ ահաբեկիչ էր։ Զոհվեց 23 մարդ։
  • Հունիսի 3. Լոնդոնյան կամուրջ։ Զոհվեց 7 մարդ, 48–ը վնասվածք ստացավ։

Այստեղ կարևոր է ուշադրություն դարձնել ևս մեկ հանգամանքի վրա։ Ահաբեկիչները փոխել են զանգվածային ոչնչացման զենքը։ Այժմ այն ձեռք բերելու, ինչ–որ տեղ տեղափոխելու, ինչ–որ մեկից թաքցնելու կարիք չկա։ Այժմ գործի են դրվում ձեռքի տակ գտնվող միջոցները և դրանցից ամենատարածվածը` ավտոմեքենան է։ Դանակ կարելի է գտնել ցանկացած խոհանոցում, դրեցիր գրպանդ, նստեցիր ղեկին և առաջ։ Իսկ հետո, հետո մարում են Էյֆելյան աշտարակի լույսերը, բրիտանական դրոշի գույներով վառվում են Բրանդենբուրգյան դարպասների վրա, իսկ մենք հաշվում ենք, թե որքան մարդ է մահացել և որքանը վիրավորվել։

Որքա՞ն է սա շարունակվելու։

Русская версия

 

32