Ահաբեկչություն

Ահաբեկչությունների սարսափելի միտումը. մարդկային կյանքի գինը

24
(Թարմացված է 14:06 29.05.2017)
Արման Վանեսքեհյան
Ջիհադականները սարսափելի և արդյունավետ զենք են կիրառում` Մերձավոր Արևելքի երկրների կրոնական պառակտման համար։ Իսկ Արևմուտքը, մասնավորապես Եվրոպան, այդ երևույթների դեմ պայքարելու փոխարեն, գերադասում է խխունջի նման թաքնվել իր խեցու մեջ։ Թեև դա անհավանական է:

Մարդկային կյանքն անգին է, ինչպես Եվրոպայում, այնպես էլ Աֆրիկայում, և Մերձավոր Արևելքում։

Ասել, որ շաբաթը ծանր էր, նշանակում է ոչինչ չասել։ Բավական է միայն հիշել բրիտանական Մանչեսթերում (22 սպանված) և սիրիական Հոմսում (40-ից ավել զոհ և ծանր վնասվածքներ ստացածներ) շաբաթվա կեսերին տեղի ունեցած ահաբեկչությունները։

Շաբաթն ավարտվեց էլ ավելի սարսափելի իրադարձությամբ` Էլ-Մինյա գավառում գտնվող Սուրբ Սամուիլի վանք քրիստոնյա ուխտավոր-ղպտիներին տեղափոխող երկու ավտոբուսների գնդակոծմամբ։ Եվս 35 զոհ, ինչպես նաև բազմաթիվ ծանր վիրավորում ստացած մարդիկ` հիմնականում երեխաներ…

Հետաքրքիր առանձնահատկություն ունեն ժամանակակից արևմտյան ԶԼՄ-ներ, որոնք ուշի ուշով հետևում են այն ամենին, ինչ տեղի է ունենում Եվրոպայի ներսում և անկեղծորեն փորձում են չնկատել այն ամենն, թե ինչ է տեղի ունենում աշխարհի այդ հատվածից դուրս։ Եվ այդ տարբերությունն առավել սուր է զգացվում հենց ահաբեկչությունների դեպքում։

Շուրջօրյա եթերներն ու ամենաազդեցիկ քաղաքական գործիչները (ԱՄՆ նախագահ, Գերմանիայի կանցլեր, ԵՄ-ի չինովնիկների վերին էշելոնի ներկայացուցիչներ և եվրոպական երկրների ղեկավարներ) հիմնականում արձագանքեցին միայն Մանչեսթերի պայթյունին։ Եվ ընդամենը 1.5-2 րոպեանոց տեղեկատվական սյուժեներ Հոմսի պայթյունի և Եգիպտոսում ղպտիներով ավտոբուսի գնդակոծության մասին… Նորմա՞լ է։

Կարծում եմ`սոցիոլոգների և հոգեբանների համար աշխատելու մեծ դաշտ կա։ Նրանք պետք է բացատրեն լսարանին, որ մարդկային կյանքը (հատկապես` երեխաներինը) նույնչափ անգին է, և՛ Բրիտանիայում ու Ֆրանսիայում, և՛ Սիրիայում (Մերձավոր Արևելք) ու Եգիպտոսում (Աֆրիկա)։

Հետաքրքիր է, որ նույնիսկ մեզ մոտ` Հայաստանում, որը սիրիական ողբերգությանը տարածքային առումով ավելի մոտ է (300 կմ մեր հարավային սահմաններից), քան Բրիտանիան, Մանչեսթերի դեպքերի մասին արձագանքները տասնյակ անգամ ավելի ուժեղ էին։ Ամենահայտնի սոցցանցերում ավատարների փոխարեն անգլիական դրոշներ էին տեղադրում։ Իսկ Եգիպտոսի գնդակոծությունից հետո այդ երկրի և ոչ մի դրոշ չհայտնվեց։

Իսկապես, խնդիրը սոցիալական բնույթ է կրում, որի մասին, հավանաբար, պետք է խորհեն ինչպես տեղական հեռուստաալիքների ղեկավարները, այնպես էլ առաջատար տեղեկատվական կայքերի և գործակալությունների գաղափարախոսները։

Այլապես, մարդկային առումով, իսկապես, ճիշտ չի ստացվում։ Ամբողջ երկիրը, ամբողջ աշխարհը CNN-ը, Եվրանյուզը և նույնիսկ հայկական և ռուսական հեռուստաալիքները ուշադիր հետևում են, թե ինչպես են աշխատում բրիտանական հատուկ ծառայությունները։ Ինչպես են բացահայտում և բռնում Մանչեսթերի ահաբեկչության կազմակերպիչներին (արդեն հայտնաբերվել և ձերբակալվել է 8 անձ)։

Հանուն արդարության պետք է նշել, որ ֆրանսիացիները Էյֆելյան աշտարակի լույսերը մարել էին ի հիշատակ Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգության զոհերի։ Հավանաբար, այս խորհրդանիշն առաջին անգամ օգտագործվել է Մերձավոր Արևելքում ահաբեկչության վերաբերյալ ցավակցություն հայտնելու համար։

Իսկ այն, ինչ տեղի ունեցավ սիրիական Հոմսում Մանչեսթերի ողբերգության հաջորդ օրը` մայիսի 23-ին, մոռացության մատնվեց հաջորդ իսկ օրը։ Նույն օրը մի քանի ռեպորտաժ ու վերջ։

Ի դեպ, չգիտես ինչու ԶԼՄ-ները բացարձակ չեն ներկայացնում, թե ինչպես է ընթանում հետաքննությունն, ասենք, Հոմսում, երբ (վերջերս) ինչ-որ մեկը քիմիական զենք կիրառեց։ Կարծես թե միջազգային հանրությունն արդեն եկել է այն եզրակացության, որ դա պաշտոնական Դամասկոսի ձեռքի գործը չէր։ Բայց, չէ որ ինչ-որ մեկը դա արել է։ Մահացու գազ բաց թողել, որի հետևանքով բազմաթիվ երեխաներ են մահացել…

Իսկ այն, ինչ տեղի է ունեցել Եգիպտոսում, տարածաշրջանում նոր բռնության սարսափելի ալիքի միտում է։ Ինչպես ասաց հեռուստատեսային մեկնաբաններից մեկը Իսլամական պետության գրոհայիններն ու գաղափարախոսները որս են սկսել եգիպտական քրիստոնյա ղպտիների նկատմամբ։

Այդ երկրները` և՛ Սիրիան, և՛ Իրաքը, և՛ Եգիպտոսը, համաշխարհային ահաբեկչական և ջիհադական կառույցների խիստ հարվածի տակ են գտնվում։ Եվ որքան էլ քաղաքական գործիչները փորձեն կոծկել այն հանգամանքը, որ ԻՊ-ի ղեկավարները գործի են դնում ամենավտանգավոր և փորձված զենքը` այդ երկրների բնակչության կրոնական պառակտման համար, այդուամենայնիվ, այդ խնդրից հեշտ ազատվել հնարավոր չէ։

Այդ առումով Եվրոպան, որն իրեն քաղաքակիրթ աշխարհի կենտրոնն է համարում, ինչ-որ բան չի հասկանում և գաղափարական առումով կիսատ թողնում։ Դե, երբ սգում է Մանչեսթերի պայթյունի զոհերին և միևնույն ժամանակ չի հիշատակում Էլ-Մինյա եգիպտական գավառում սպանված երեխաների մասին։ Կամ սիրիական Հոմսի զոհերին…

Русская версия

24