Ընտրություններ

Հայ ընտրողի ծանր բեռը

93
(Թարմացված է 19:02 07.03.2017)
Միևնույնն է, արցախյան խնդիրն ամենակարևորն ու որոշիչն է նաև նախընտրական շրջանում:

Իրականում, սկզբից էլ կանխատեսելի էր, որ Հայաստանում ընթացող նախընտրական ժամանակահատվածում Ազգային ժողովի աթոռի համար կռիվ տվող կուսակցությունների ու դաշինքների համար արցախյան հակամարտության կարգավորման հիմնախնդիրը ամենագլխավոր խաղաքարտերից մեկն է լինելու:

Դե հասկանալի է, որ բարձր ամբիոններից ու հանրահավաքների հարթակներից շատ են խոսելու նաև տնտեսության, սոցիալական խնդիրների ու օլիգարխիայի մասին: Երկրում եղած նվազագույն աշխատավարձերի, թոշակների ու բանկային համակարգի քաղաքականության մասին նույնպես խոսվելու է:

Սրանք այն թեմաներն են, որոնք շահելու են ընտրողի սիրտն ու քվեներ են բերելու: Բայց պետք է հասկանալ, որ Հայաստանում եղած ներքին քաղաքական խաղի կանոնները 1988 թվականից ի վեր մի գլխավոր խնդրի շուրջ են ծավալվել, որը հետևում է թողել մյուս բոլոր հարցերը։ Ու այդ գլխավոր խնդիրն արցախյան հարցի կարգավորումն է:

Գրեթե 30 տարի է այդ խնդրից օգտվում են և՛ ընդդիմադիր ուժերը, և՛ երկրի ղեկավարությունն` իր կողմնակիցների հետ միասին:

Օգտվել են ու անկասկած օգտվելու են նաև արտաքին ուժերը, որոնք, փաստորեն, բավական լուրջ աշխատանք են տանում ներքին քաղաքական դաշտում` գիտակցելով, որ հայ ընտրողի սիրտն ու միջազգային քաղաքական ասպարեզում երկրի ընտրած ուղին իսկապես կարելի է շահել ոչ թե տնտեսական օգնության միջոցով, ոչ թե վարկերով ու հարուստ ապագայի խոստումներով, այլ առաջին հերթին հենց արցախյան խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելով:

Իհարկե, սոցիալ-տնտեսական գործոնը լուրջ դեր է խաղում Հայաստանի ներքին կյանքում, ու հայերն այդ առումով ոչ ոքից չեն տարբերվում: Մենք նույնպես ուզում ենք բարգավաճող երկիր ու պետություն ունենալ, բարձր աշխատավարձեր ու թոշակներ ստանալ, տարեցտարի տնտեսական առաջխաղացում գրանցել ու, ի վերջո, ոչ թե ստիպված լինել տուն-տեղ, ընտանիք թողած, ռուսաստաններ ու եվրոպաներ գնալ, այլ հենց Հայաստանում հող մշակել, տուն կառուցել, ինչպես հիմա ընդունված է ասել, օֆիս գործի գնալ ու վաղվա համար չանհանգստանալ։

Այս հարցում հայերն իսկապես նման են մյուս ժողովուրդներին:

Բայց այդ ամենը, որքան էլ կարևոր լինի, միևնույն է, ամենակարևորը չէ, որովհետև Արցախ ու Արցախի հարց գոյություն ունի…

Ու որքան էլ այդ հանգամանքը զարմանալի լինի արտաքին ուժերի համար, միևնույն է, ստիպված են այդ փաստի հետ հաշվի նստել ու իրենց բոլոր մոտեցումները կառուցել հենց այդ հանգամանքը հաշվի առնելով: Էլ չխոսենք ներքին քաղաքական ուժերի մասին: Մանավանդ, նախընտրական շրջանում։

Նույնիսկ այն վեճերը, որոնք իրար դեմ պայքարող կողմերը վարում են հեռուստատեսությամբ կամ առցանց ու տպագիր լրատվամիջոցների միջոցով, ու սոցիալ-տնտեսական կամ ֆինանսատնտեսական բնույթ են կրում, միևնույն է, ի վերջո հենց արցախյան կարգավորման խնդրով են ավարտվում:

Ու առճակատման դուրս եկած կուսակցություններն ու դաշինքներն էլ լիովին գիտակցում են, որ նույնիսկ ամենափայլուն խոստումները` հարուստ ու բարեկեցիկ կյանքի մասին, միևնույն է, պետք է համեմված լինեն արցախյան խնդրի խաղաղ կարգավորման հստակ ու կոնկրետ քաղաքական նախագծերով։

Իրականում, զուր չեն ասում, որ ամենաշատը ստում են որսի, պատերազմի ու ընտրությունների ժամանակ։ Հիմա հենց այդ ժամանակն է. ընտրությունները վրա են հասել, իսկ պատերազմի վտանգը դեռ ճոճվում է մեր գլխին: Ու արդեն ակնհայտ է, որ այդ փաստը կարևորագույն դեր կունենա Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ: Դրա համար ներքին քաղաքական հարթակներում առճակատման ելած կողմերն էլ գաղափարական տեսանկյունից բավական ծանր խնդիր ունեն լուծելու։

Չէ՞ որ այդքան էլ հեշտ չէ ապացուցել ընտրողին, որ հենց ինքն է այն միակը, որ կարող է արցախյան կարգավորման խնդիրը լուծել մեր օգտին, այն էլ` խաղաղ ճանապարհով։ Այսօրվա ընտրողը դրան գուցեև հեշտությամբ հավատար, եթե չլիներ անցյալ տարվա ապրիլի արյունալի քառօրյան։

Մինչ օրս էլ ամեն առավոտ մենք սրտատրոփ բացում ենք լրատվական կայքերն ու թերթերն`իմանալու, թե այս գիշեր ինչ է տեղի ունեցել սահմանին, ինչ զինատեսակից են այս անգամ կրակել մեր դիրքերի ուղղությամբ, արդյոք նորից զոհ կամ վիրավոր չենք ունեցել։

Ու արդեն մի այլ հարց է առաջանում`այս պարագայում նախընտրական արշավի քարոզիչներից որի՞ն հավատանք։

Նրան, ով պահանջում է Մադրիդյան սկզբունքներից հրաժարվել, թե՞ նրան, ով պնդում է, որ արևմուտքն է մեզ օգնելու։ Գուցե նրան, ով ասում է, որ առաջին հերթին հզոր, ուժեղ բանակ է պետք ունենալ, կամ նրան, ով պնդում է, որ արդեն ժամանակն է Արցախի պետականությունը ճանաչել ու պահանջել, որպեսզի պաշտոնական Բաքուն բանակցությունների սեղանի շուրջ նստի հենց Ստեփանակերտի հետ։

Հարցեր, հարցեր, որոնց հստակ պատասխանները նույնիսկ հենց իրենք` ելույթ ունեցողները չունեն:

Ու եթե դրան ավելացնենք այն հանգամանքը, որ գլոբալ քաղաքական տեսանկյունից թե՛ ներքին, թե՛ արտաքին ուժերը ստեղծված իրավիճակն անպայման ուզում են հենց իրենց օգտին շրջել, հասկանալի է դառնում, թե որքան դժվար է հայ քաղաքացու համար ճիշտ ընտրություն կատարել։

Ես անձամբ, իհարկե, շատ կուզեի` մի ուժ ի հայտ գար ու երաշխավորեր, որ սահմանին այլևս չեն կրակելու։ Կամ էլ այնպիսի մեկը լիներ, որը ասենք մի արտադրամաս դներ, որտեղ գոնե երեքակնանի հեծանիվ արտադրվեր, որպեսզի գոնե մի 20- 30 մարդ, օրինակ, Գյումրիում կամ Վանաձորում, վաղ առավոտյան վեր կենար, գործի գնար, հաստոցի մոտ կանգներ ու երեկոյան ժամը 6-ին էլ տուն վերադառնար: Ու մի 500-ից 1000 դոլար էլ աշխատավարձ ստանային։

Ցավոք, պարզվում է, որ դրան հասնելն այդքան էլ հեշտ բան չէ: Ու եթե, օրինակ, գործարանի կամ արտադրամասի խնդրում, երևի թե, միայն ինքներս մեզ պիտի մեղադրենք, ապա սահմանի խաղաղության երաշխիքն անմիջականորեն կապված է հենց արտաքին ուժերի, շահագրդիռ գերտերությունների ու նաև մեր հարևան Ադրբեջանի դիրքորոշման հետ:

93
Արխիվային լուսանկար

«Գլխի դատարկ տեղը դուխով գրածներ». Գագիկ Սողոմոնյան ֆեյքի գործով ԱԱԾ-ն 4 մարդ է ձերբակալել

274
(Թարմացված է 13:58 20.02.2021)
Հանցանք կատարելու կասկածանքով Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Արամ Սարգսյանը, Մհեր Ավագյանը բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ չորս անձ է ձերբակալվել «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան կեղծ էջը ստեղծելու, ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող, դրանք այլ կերպ արժեզրկող հրապարակումներ անելու համար, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը և ՀՀ զինված ուժերի մարտունակությունը կասկածի տակ դնող, ՀՀ վարչապետին և մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղղված մեղադրանքներ։

Ձերբակալվել են Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, նրանց ընկերներ Արամ Սարգսյանը և Մհեր Ավագյանը։

ԱԱԾ-ն գրում է, որ այս չորս անձինք «Gagik Soghomonyan» կեղծ անվան տակ արցախյան պատերազմը մեկնաբանելիս խախտել են «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հաստատելու մասին» N1586-Ն որոշման 9.1 կետի սահմանափակումները՝ վնաս պատճառելով պատերազմական իրավիճակում գտնվող անձանց, հասարակության և պետության իրավունքներին ու օրինական շահերին:

Փաշինյանը հրահանգել է ամեն ինչ անել, որ մարզերում «հանգիստ նստեն տեղները». «Փաստ»

Բացի այդ, էջով նրանք կատարել են հանրային անկարգություններ հրահրելու, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ և բռնության կոչեր, ինչպես նաև հասարակության մի շերտի ազգային արժանապատվությունը նվաստացնող գնահատականներ և վիրավորանքներ, հանրության արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ, այն է՝ ՀՀ վարչապետի համակիրներին և ընտրություններին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին կողմ քվեարկած ՀՀ քաղաքացիներին անվանելով «հպարտ նախիր», «հայոց նախիր», «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր», «իրենց էշի կամ կենդանու տեղ դրածներ», «գլխի դատարկ տեղը դուխով գրածներ»։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Արամ Սարգսյանը, Մհեր Ավագյանը բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:

Sputnik Արմենիայի հետ զրույցում Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը ասաց, որ իր պաշտպանյալը այժմ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում։

«Համապատասխան բողոք է ներկայացվել, ժամը 14:00-ին դատարանը կայացնելու է որոշում», - ասաց Գալստյանը։

Նա նշեց, որ մյուս ձերբակալվածների պաշտպաններն էլ են բողոքարկել իրենց պաշտպանյալների ձերբակալումը։

Այդ ձևով ընդունվել չի կարող․ ՄԻՊ-ը՝ հայտնի նախագծի մասին

274
թեգերը:
Կարեն Բեքարյան, Արա Սաղաթելյան, ֆեյք, Ձերբակալություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Ո՞րն է «ֆեյքերի» դեմ պայքարի արդյունավետ ձևը. Մարտիրոսյանը` նոր նախագծի մասին
«Ֆեյքերի ֆաբրիկաների» գործունեությունը կքրեականացվի. Ալեն Սիմոնյան
«Անհապաղ ներկայացրեք ապացույցներ». ԱՆ խոսնակը դիմել է ֆեյք լուրեր տարածողներին
Արխիվային լուսանկար

Արտաքին աշխարհի շահը, կամ ինչո՞ւ է Հայաստանում ուշանում իշխանափոխությունը

523
(Թարմացված է 21:38 17.02.2021)
Վարչապետ Փաշինյանը նոյեմբերյան պարտությունից հետո կարողացավ ուշքի գալ։ Որոշ կադրային փոփոխությունների միջոցով նա կարողացավ պահպանել նաև իրեն հավատարիմ կառավարությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik, ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնով

Փետրվարյան աշխուժություն

Երևանում բողոքի նոր ակցիաներ են ազդարարվել։ Ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է, որ փետրվարի վերջին շաբաթ օրը կանցկացնի 2021թ․-ի առաջին զանգվածային հանրահավաքը։ Ակցիայի նախապատրաստումը տեղի է ունենում հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հրապարակային ակտիվացման ֆոնին։ Թեև այնքան էլ ճիշտ չի լինի խոսել այն մասին, որ նրանք ինչ-որ պահի ամբողջությամբ դուրս են եկել խաղից։

Քոչարյանն ինքը Sputnik Արմենիային տված ծավալուն հարցազրույցում այդքան կտրուկ չէր խոսում իր վերադարձի վերաբերյալ ՝ ընդգծելով, որ «վերջին երկու-երեք տարին» ինքը կրկին մեծ քաղաքականության մեջ է։ Երկրորդ նախագահի քրեական հետապնդումը, որը, բացի իրավական կողմից, նաև ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, Քոչարյանին քաղաքական գործիչ էր դարձնում նույնիսկ այն դեպքում, եթե հանկարծ նա որոշեր լռության ուխտ անել և սկզբունքորեն հրաժարվել ցանկացած մեկնաբանությունից։

Մինչդեռ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին նույնպես նրա նախորդը քննադատական գնահատականներ էր տալիս Հայաստանի իշխանության աշխատանքներին և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին։

Իսկ եթե խոսենք Հայաստանի երրորդ նախագահի մասին, ապա նա նույնպես հայտարարություններ էր անում, նշանակալից հանդիպումներ էր անցկացնում դեռևս ներկայիս հասարակական աշխուժացումից առաջ։ Բայց այսօր, կարծես թե, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանից դժգոհողների համակարգման մակարդակն ու ինտենսիվությունն ավելի բարձր են, քան առաջ։

Ընդհանուր հարթակում փորձում են համախմբվել ոչ միայն պետության նախկին առաջնորդները, այլև Վազգեն Մանուկյանը՝ լեգենդար «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր հայրերից մեկը, հետխորհրդային Հայաստանի առաջին վարչապետը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։ Վերջինից, եթե դատենք 2018թ․-ի դեպքերով, Քոչարյանը տեսականորեն կարող է որոշակի պահանջներ ունենալ։ Բայց այսօր այդ բոլոր կերպարները պատրաստ են համախմբվել հանուն երկրում փոփոխությունների։

Արդյո՞ք դա նշանակում է, որ հեռանկարում ընդդիմությունը շանս ունի։ Արդյո՞ք մենք կարող ենք խոսել այն մասին, որ իշխանությունները շփոթված են։ Թե՞ նման գնահատականն ընդամենը Փաշինյանի հակառակորդներին երազանքն է։ Աս հարցերին պատասխանելու համար հարկ է վերադառնալ 2020թ․-ի նոյեմբերի իրադարձություններին։ Դրանք, առանց չափազանցնելու, կարելի է դիտարկել որպես ներկայիս ներքաղաքական ճգնաժամի ելակետ։

Ղարաբաղյան օպտիկայի տարբերությունը

Հայաստանի վարչապետի համաձայնությունը հրադադարին՝ Լեռնային Ղարաբաղում տարածքային զգալի զիջումների գնով, շատերի կողմից ընկալվեց որպես դավաճանություն։ Երևանցի լրագրող Հայկ Խալաթյանը ստեղծված իրավիճակը բնութագրելու համար օգտագործեց «Հայկական Բրեստ-Լիտովսկ» փոխաբերությունը՝ նկատի ունենալով 1918 թվականին Ռուսաստանի բոլշևիկյան կառավարության և Գերմանիայի միջև կնքված կապիտուլյացիոն խաղաղ պայմանագիրը։

Մինչդեռ Ղարաբաղի ներկայիս հրադադարը նաև մեկ այլ պատմական զուգահեռ ունի, արդեն սեփական ազգային պատմությունից՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի Առաջին Հանրապետության և Քեմալական Թուրքիայի միջև, 1920թ․-ի դեկտեմբերի 2-ին, որը հանգեցրեց Հայաստանի նշանակալից տարածքային «նեղացմանը»։ Հարյուր տարի անց տեղի ունեցավ նույնքան մասշտաբային վերադասավորություն։

Լեռնային Ղարաբաղի նախագիծը նշանակալի չափով ինստիտուցիանալացրեց հետխորհրդային հայկական պետությունը։ Բայց այստեղ պետք է սկզբունքային կարևորության վերապահում անել։ Այդ հակամարտությունը տարբեր կերպ է ընկալվել Հայաստանի ներսում և դրա սահմաններից դուրս։ Եթե հայ քաղաքական գործչի, փորձագետի և անգամ բնակչի համար Հայաստանը, ԼՂՀ-ն և նախկին ԼՂԻՄ-ի շուրջ զբաղեցված 7 շրջանները ներկայանում էին որպես անվտանգության միասնական համալիր, ապա Ռուսաստանում, ինչպես նաև Արևմուտքի՝ էթնոքաղաքական հակամարտության կարգավորման մեջ ներգրավված երկրներում, դրանք երեք տարբեր սուբստանցիաներ էին, որոնք պահանջում էին տարբեր քաղաքական-դիվանագիտական գործիքներ։

Սա հասկանալու դեպքում շատ ավելի հեշտ է բացատրել, թե ինչու է Մոսկվան 2020թ․-ի նոյեմբերից հետո խոսում Ղարաբաղի վերջնական չորոշված կարգավիճակի մասին, բայց միաժամանակ դրանից առաջ բազմիցս հայտարարել էր հայկական կողմից զիջումների անհրաժեշտությունից (խոսքը նախկին ԼՂԻՄ-ի շուրջ 7 շրջանների մասին է)։ Նաև ավելի պարզ է դառնում ռուս խաղաղապահների հայտնվելը Ղարաբաղում, ինչը դե ֆակտո կանխեց 1995թ․-ի «սերբա-ուկրաինական» սցենարի կրկնությունը։

2020-ի արդյունքները․ ինչպես Ղարաբաղը Կովկասը վերադարձրեց լրահոսի առաջին հորիզոնական

Հայաստանում, սակայն, միանգամայն այլ դիտանկյուն է։ Այդ պատճառով էր 2020թ․-ի նոյեմբերին այդ երկրի կառավարությունը բախվեց բողոքի զանգվածային ցույցերի։ Եթե չլիներ ղարաբաղյան ամպրոպը, ամենայն հավանականությամբ նման սցենարը լուրջ շանսեր չէր ունենա պարզապես այն պատճառով, որ իր իշխանության երկուսուկես տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը հիմնավորապես մաքրել էր քաղաքական դաշտը։ Նրա մի շարք ընդդիմախոսների դեմ քրեական գործեր են բացվել, իսկ իշխանության բոլոր ճյուղերը, ինչպես նաև ԼՂՀ ղեկավարությունը քայլ առ քայլ անցան վարչապետի և նրա կողմնակիցների վերահսկողության տակ։ Բայց Ղարաբաղում ռազմական պարտությունը (և անգամ ոչ այնքան բուն պարտությունը, որքան հրադադարի պայմանները) վճռեցին նոր օրակարգը։

Անցյալի և ապագայի միջև

Սակայն այդ ժամանակից արդեն երեք ամիս է անցել։ Իսկ իշխանությանը հաջողվել է տեղում մնալ, չնայած բուռն կանխատեսումներին այն մասին, որ ղարաբաղյան ուղղությամբ «հանձնվելուց» հետո Փաշինյանն իր աթոռին նույնիսկ մի քանի օր չի մնա։ Ուրեմն, ի՞նչ տեղի ունեցավ, որ դա չհանգեցրեց իշխանության անհապաղ փոփոխությանը։

Նախևառաջ, վաչապետին հաջողվեց պահպանել մեծամասնությունը Ազգային ժողովում, չնայած Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման փաստաթղթի ստորագրումից հետո եղան դեպքեր, երբ իշխանական դաշինքի անդամ պատգամավորները վայր դրեցին մանդատները։ Միաժամանակ վարչապետն ինքը, նոյեմբերյան պարտությունից հետո որոշակի ցնցում ապրելուց հետո, կարողացավ ուշքի գալ։ Եվ անգամ դադարեց գործել բացառապես արձագանքման շրջանակներում։ Որոշ կադրային փոփոխությունների միջոցով նա կարողացավ պահպանել իրեն հավատարիմ կառավարությունը։

Այնուհետև, ամանորյա տոների նախօրեին՝ 2020թ․-ի դեկտեմբերի 25-ին, Փաշինյանը հայտարարեց, որ «կառչած չէ վարչապետական աթոռից», բայց և «չի կարող անփութորեն վերաբերվել կառավարությանը, վարչապետի պաշտոնին, որն իրեն տվել է ժողովուրդը»։ Նա նաև նշեց «բոլոր հարցերի պատասխանը ստանալու միակ միջոցը»․ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս տարբերակն էր բարձրաձայնում նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Թվում էր՝ կարող է հիմք հայտնվել արտահերթ ընտրարշավի համար։ Հասկանալի է, որ իշխանություններին այդ միտքը չէր հիացնում, նրանք դրան ավելի շուտ հարկադրված էին արձագանքում։ Բայց պարզվեց, որ ընդդիմությունը ևս (ինչպես ներխորհրդարանական, այնպես էլ ԱԺ-ում մանդատ չունեցող) պատրաստ չէ ներքաշվել նախընտրական մրցավազքի մեջ։

Ընդդիմադիրներն իրավիճակը հետևյալ կերպ են տեսնում․ Փաշինյանի հրաժարականը, ժամանակավոր կառավարության ձևավորում և միայն որպես երրորդ փուլ՝ ընտրություններ։ Իշխանության ընդդիմախոսները պատճառաբանություններ ունեն։ Չէ՞ որ եթե ընտրությունները գործող իշխանությունն անցկացնի, այն անխուսափելիորեն առավելություն կստանա. վարչական ռեսուրսը ոչ ոք չի չեղարկել։ Բայց արդյունքում երկու մինուսը մեկ պլյուս տվեցին։ Եվ այն կառավարության և անձամբ Փաշինյանի օգտին ստացվեց։

Ներկայիս իշխող կոնֆիգուրացիայում ոչ ոք արտահերթ ընտրություններ չէր ուզում (թեև վարչապետն առաջարկում էր առարկայական քննարկում անցկացնել այդ հարցի շուրջ)։ Արդյունքում՝ դրանք չեն լինի։ Փետրվարի 7-ին իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում հանդիպում անցկացրեց վարչապետի հետ։ Բանակցությունների հիմնական եզրակացությունը` արտահերթ ընտրությունները հանրության շրջանում պահանջարկ չունեն։

Ընդդիմությունը դրա հետ ոչինչ անել չի կարող։ Հակառակը, այն փորձում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել։ Վազգեն Մանուկյանի ընդդիմադիր արշավն առաջին պլան բերելը, ինչպես երևում է, չտվեց այն արդյունքը, որի հույսն ունեին Փաշինյանի քննադատները։ Ինչպես այս հոդվածի հեղինակին ասաց մի հայտնի երևանցի լրագրող՝ «եթե նախկին վարչապետը նույնիսկ քաղաքական ծանր քաշային է, միևնույնն է` նախկին է»։

Ամեն թփի տակ խաղաղապահ չկա. որքանո՞վ էր լուրջ դեկտեմբերյան սրացումն Արցախում

Շատ երիտասարդ հայերի համար «Ղարաբաղ» կոմիտեն և 1988թ․-ի իրադարձություններն այլևս հաջողության և առաջընթացի հոմանիշ չեն։ Բացի այդ, հարկավոր են թե՛ նոր դեմքեր, թե՛ նոր գաղափարներ։ Առավել ևս, որ հայ հանրության մեջ կա այն գիտակցումը, որ չնայած Փաշինյանի և գործող կառավարության բոլոր բացթողումներին ու սխալներին, անցյալի լեգենդները (առանց որևէ հեգնանքի) ներկայիս աշխարհաքաղաքական ստատուս քվոն կոտրելու ռեսուրս չունեն։ Ինչպիսի բրեստ-լիտովսկյան կամ ալեքսանդրոպոլյան համ էլ որ այն ունենա։

Այսօրվա դրությամբ Հայաստանում արտահերթ ընտրությունների հարցում շահագրգռված չեն նաև արտաքին աշխարհում։

Այսպես, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ արտահայտվել է այն մասին, որ Փաշինյանի պոպուլիստական քննադատությունը «հայրենասիրական դիրքերից» չի օգնելու ո՛չ ղարաբաղյան կարգավորմանը, ո՛չ Կովկասի ընդհանուր իրավիճակին, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ վարչապետը ուշքի է եկել ներքաղաքական ցնցումների առաջին շոկից։ Նրա կարգավիճակը չի կարելի հաստատուն համարել, իսկ առջևում հարյուրավոր հարցեր են` սկսած Ադրբեջանի հետ սահմանազատմամբ և վերջացրած սանիտարա-համաճարակաբանական իրավիճակով, տնտեսությամբ և անգամ ռազմական դրության ռեժիմով, որը չի չեղարկվել՝ չնայած հրադադարին։

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. քննարկվել է գերիների հարցը

Սակայն ներքաղաքական ռազմաճակատում նա առայժմ հաղթում է հակառակորդներին։ Հայաստանում մի քանի ամիս տևած բողոքների ակտիվությունը ցույց տվեց, որ գործող վարչապետի իրական այլընտրանքի դեֆիցիտ կա։ Եվ ռազմական դրությունն էլ նոկաուտի էֆեկտ չունի։

Վարչապետին քննադատողները պետք է հասկանան․ միայն անցյալին հղումներ անելով` ապագան անհնար է շահել։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ։

523
թեգերը:
Իշխանություն, քաղաքականություն, Սերգեյ Մարկեդոնով, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Իրավիճակը Ղարաբաղում փխրուն է․ Մարկեդոնովը՝ եռակողմ պայմանավորվածությունների մասին
Մոսկվայի համար կարևոր է կողմերին իրական բանակցությունների վերադարձնելը․ Մարկեդոնով
Ռուս-հայկական հարաբերությունները երկու-երեք անձանց շրջանակից դուրս են. Մարկեդոնով
Օնիկ Գասպարյան

Օնիկ Գասպարյանը տուն է գնացել, իսկ Փաշինյանը նամակ է ուղարկել թիմակիցներին. «Ժողովուրդ»

76
(Թարմացված է 10:01 03.03.2021)
«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեմային։ Թերթի տեղեկություններով` Օնիկ Գասպարյանը վերջին օրերին գիշերել է ՊՆ գլխավոր շտաբում:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. մինչ օրս նա գիշերում էր ՀՀ ՊՆ գլխավոր շտաբում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրներին։

«Դա, սակայն, ոչ թե նշանակում է նահանջ, այլ կարճ դադար։ ԳՇ անդամները սպասում են առավոտյան Գասպարյանի գալուն և նոր հրահանգներին»,– գրում է թերթը։

Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի անակնկալ որոշմանը, ապա պարբերականը նկատել է, որ երեկ, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Փաշինյանին, հանդիպումից առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները սոցիալական ցանցերում և հարցազրույցներում իսկական գրոհ են սկսել ՀՀ նախագահի դեմ։

Ըստ թերթի` վարչապետը նախագահի հետ հանդիպումից հետո sms է ուղարկել իր թիմակիցներին՝ «անջատելով» քննադատությունները։

«Եվ զարմանալի չէր, որ երեկ արդեն իրավիճակը 180 աստիճանով փոխվեց։ Նիկոլ Փաշինյանի պահանջը կկատարվի. Օնիկ Գասպարյանը, ամենայն հավանականությամբ, կդադարի լինել ԳՇ պետ մարտի 4-ից»,–գրում է «Ժողովուրդը»:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։

Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։

Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

76
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը
Իշխանության հիերարխիան Հայաստանում
Իշխանությունը մտադիր է Գլխավոր շտաբը մտցնել ՊՆ կազմի մեջ. Մարուքյան