СНБ Армении

Միջադեպ Երևանում. ահաբեկիչներ, շոու, հերոսներ

1476
(Թարմացված է 20:58 27.11.2015)
Զինված խմբավորման հայտնաբերման մասին լուրը ողողել է հայկական բոլոր ԶԼՄ–ները։ Վերնագրերից տեղեկանում էինք, որ կանխվել են հնարավոր ահաբեկչությունները։ Սակայն պաշտոնական հաղորդագրություններում «ահաբեկչություն» բառը չի հնչել

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Երևանում երկու օր առաջ ձերբակալվել են զինված խմբի անդամները, որոնք իրենց բնակարանում պահում էին զենք-զինամթերքի մի ողջ զինանոց, սակայն դեռ անհայտ է մնում այն, թե ինչ նպատակներ ունեին խմբի անդամները։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ–հետախուզական գործողությունների արդյունքում նոյեմբերի 25-ին բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբավորում։ Գործի շրջանակներում ձերբակալվել է 21 անձ։ Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում` «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում` զրահաբաճկոններ:

Եթե ահաբեկիչներ չեն, ապա ովքե՞ր են

Զինված խմբավորման հայտնաբերման մասին լուրը ողողել է հայկական բոլոր ԶԼՄ–ները։ Վերնագրերից տեղեկանում ենք, որ կանխվել են հնարավոր ահաբեկչությունները։ Սակայն պաշտոնական հաղորդագրություններում «ահաբեկչություն» բառը չի հնչել։ ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ ընդամենն ասվում է, որ խմբավորումը նպատակ ուներ մի շարք ծանր հանցագործություններ իրականացնել մեր երկրում։

Հայաստանի ԱԱԾ քննչական վարչությունը, ՀՀ ՔՕ-ի համաձայն, քրեական գործ է հարուցել 223-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (Հանցավոր միության ստեղծում կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից)։

Այսպիսով` ահաբեկչության մեջ մեղադրելու որևէ հիմք դեռևս չկա։ Չնայած ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը հայտնել է, որ օրենսդրությունը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում վերաորակավորել հանցանքը։

Հայաստանի ԱԱԾ տնօրեն, գեներալ–գնդապետ Գորիկ Հակոբյանը հայկական Արմենպրես լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ «հրեշավոր վտանգ է կանխվել»` նկատի ունենալով հայտնաբերված մեծ զինանոցը։


«Բացահայտվել ու ձերբակալվել է զինված հանցավոր խումբ, առգրավվել մեծ քանակի զենք և ռազմամթերք, կանխվել են հրեշավոր վտանգներ, և դժվար է պատկերացնել խմբի հնարավոր գործունեության դեպքում որքան զոհեր և ինչ հետևանքներ կարող էին լինել», – ասել է Հակոբյանը։


ԱԱԾ–ն հերքում է «բեմադրության» վարկածը


Հակոբյանը կոչ է արել չքաղաքականացնել միջադեպը և մամուլում հերքել է այն փաստը, թե իբր հանցախմբի վնասազերծման գործողությունը բեմադրված է եղել`  ընդդիմությանը վախեցնելու նպատակով։ Նման վարկածներ ԶԼՄ–ներում հայտնվեցին քաղաքական կրքերի ֆոնին, որոնք պայմանավորված էին առաջիկա Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեով։

Sputnik Արմենիա պորտալի հետ զրույցում նույնանման կարծիք հայտնեց  նաև ԱԱԾ նախկին ղեկավար, «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանը։


«Չի կարելի թերագնահատել ԱԱԾ–ի աշխատակիցների գործողությունները, առավել ևս հայտարարել որ նրանք այլ նպատակներ էին հետապնդում։ Նրանք շատ լավ են աշխատել, պրոֆեսիոնալ ձևով հետքի վրա են դուրս եկել և ձերբակալել խմբին։ Իսկ խոսակցությունները, թե այս ամենը քաղաքական նպատակ էր հետապնդում, կարծում եմ, որ տեղին չեն». – ասել է Իսագուլյանը։


Նա կարծում է, որ դեռևս վաղ է խոսել և հետևություններ անել խմբի ծրագրերի վերաբերյալ, սակայն կասկած չի հարուցում այն, որ խումբն ինչ–որ բան էր ծրագրում։

Քեսաբի հերո՞ս

ԱԱԾ–ի կողմից ձերբակալված խմբի մասին տեղեկատվությունից անմիջապես հետո ԱԱԾ–ն հրապարակեց հանցախմբի ենթադրյալ առաջնորդի անունը։ Նա Արթուր Վարդանյանն է։ Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կոչ արեց զերծ մնալ ցանկացած տեսակի չհիմնավորված վարկածից։

«ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ Վարդանյանն իբր Հայաստանում նախատեսում էր ահաբեկչական գործողություններ իրականացնել։ Ես կոչ եմ անում զերծ մնալ տարբեր տիպի գնահատականներ տալուց։ Հիշեցնեմ, որ նրա հայրը ղարաբաղյան շարժման մասնակից է և զոհվել է գործողություններից մեկի ժամանակ», – ասաց Բաղդասարյանը։

Նա հայտնեց, որ Վարդանյանը հիանալի կրթություն է ստացել Եվրոպայում, լավ աշխատանք ուներ և ապահով էր ապրում։


«Նա ընտանիք ունի, ընդ որում` երեք անչափահաս երեխա։ Սակայն նա, անկախ դրանից,  իր ներդրումն ունի Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի ազատագրման գործում։ Արթուրը ոչ մի կուսակցության անդամ չի եղել, նրա միակ «կուսակցությունը» Հայաստանն է, իսկ «կուսակցության անդամները»` հայերը», – հայտնել է փաստաբանը։


Նրա պաշտպանյալին արդեն մեղադրանք է առաջադրվել, սակայն Վարդանյանը հերքում է իր մեղքը։

Facebook սոցցանցում արդեն երկար ժամանակ գործում է «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության էջը, որը ղեկավարում է արդեն բոլորին հայտնի Արթուր Վարդանյանը: Հենց այդ ազգայնական խմբի դրոշներն են գտնվել այն առանձնատանը, որտեղ վնասազերծվել է հանցախումբը։

Քննությունը շարունակվում է, սակայն մի բան կասկած չի հարուցում. շուտով նոր հետաքրքիր մանրամասներ կհայտնվեն։

1476