Здание Национального собрания Армении

Ռուբիկոնն անցան. պատգամավորները քննարկել են սահմանադրական բարեփոխումները

340
(Թարմացված է 22:08 18.09.2015)
Խորհրդարանական լսումների ընթացքում բազմաթիվ պատգամավորների ելույթները լի էին պատմական ակնարկներով և վերացական ձևակերպումներով

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի– Sputnik. ՀՀ ԱԺ–ն ավարտեց սահմանադրական բարեփոխումների նախագծի քառօրյա քննարկումները, որոնք նախաձեռնել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Անցել է փոփոխությունների կատարման հիմնական փուլը` խորհրդարանական քննարկումները, որոնց կհաջորդի քվեարկությունն ու հանրաքվեի անցկացումը։

Երեկ ու այսօր պատգամավորներն իրենց դիրքորոշումներն էին հայտնում Հայաստանի Մայր օրենքում նախատեսված փոփոխությունների վերաբերյալ, սակայն նրանց ելույթները ոչ միշտ էին համապատասխանում առաջարկվող բարեփոխումների էությանը` սկսած վերացականությունից մինչև հեռավոր պատմական ակնարկներ` Ցիցերոնից մինչև Նապոլեոն, Մուսոլինի և Հիտլեր։ Պատգամավորներից շատերը բարեփոխումների քննարկումը համեմատում էին թատերական բեմադրության հետ, իսկ որոշ պատգամավորներ` խաղաքարտերով խաղի հետ, որն իբր խաղում են իշխանություններն` առաջարկելով բարեփոխել Սահմանադրությունը։ Հնչում էին նաև մեղադրանքներ, ե իշխանությունը փորձում է ցանկացած միջոցով մնալ ղեկին։

Փոփոխությունները կշտկվեն


ՀՀ ԱԺ–ում նախագահի ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների պատրաստման փորձագիտական հանձնաժողովի անդամ և հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանը քննարկումների ավարտից հետո նշեց, որ հիմա փաստաթուղթը կուղարկվի լրամշակման` հաշվի առնելով պատգամավորների առաջարկները, իսկ արմատական բոլոր փոփոխությունները կհամաձայնեցվեն բարեփոխումները նախաձեռնողի հետ։

«Երբ փաստաթուղթն ամբողջությամբ լրամշակվի, այն, հաշվի առնելով արված փոփոխությունները, կրկին կներկայացվի պատգամավորներին, որոնք պետք է ընդունեն վերջնական որոշում և կողմ կամ դեմ քվեարկեն հանրաքվեի անցկացմանը», – ասաց Պողոսյանը։

Նախատեսվում է, որ Մայր օրենքում առաջարկվող բարեփոխումների հարցով քվեարկությունը տեղի կունենա խորհրդարանի հերթական քառօրյայի ընթացքում, որը նախատեսված է հոկտեմբերի 5–8–ը։ Փաստաթուղթն ընդունելուց հետո այն երկու ամսվա ընթացքում կհանվի ժողովրդական հանրաքվեի։

Դիրքորոշումները տարբեր են

Քննարկումների ընթացքում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ հաշվի առնելով ելույթ ունեցած պատգամավորների թիվը (իսկ նրանց թիվը գերազանցեց 40–ը, խմբագրություն), կարելի է հայտարարել, որ քննարկումները կայացել են, իսկ ներկայացված առաջարկները կօգնեն լրամշակել և կատարելագործել փաստաթուղթը։

«Կարելի է ասել, որ քաղաքական ուժերի համախմբումը տեղի է ունեցել և տվել իր առաջին արդյունքները։ Բոլորը մնացին իրենց կարծիքին, իսկ ով դեմ հանդես եկավ, արեց դա` ելնելով զուտ «քաղաքական» նկատառումներից, քանի որ անկախ իրենց քաղաքական պատկանելիությունից, նրանք հիանալի գիտակցում են փաստաթղթի ընդունման անհրաժեշտությունը», – ասաց Նաղդալյանը։

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ դեմ է փաստաթղթին նման ձևաչափով, որտեղ ողջ իշխանությունը նախագահից փոխանցվում է վարչապետին` առանց վերահսկման և զսպման հստակ մեխանիզմների առկայության։ Նրա կարծիքով` փաստաթղթում լիարժեք չեն ներկայացված ներքին և արտաքին անվտանգության հարցերը, հավասարակշռված չեն իշխանության ճյուղերն ու նախագահի ինստիտուտը։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ կողմ է ընտրությունների և խորհրդարանի ձևավորման նոր համակարգին, սակայն, ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, նախատեսված փոփոխություններն ու իշխանությունների ներկայացրած պատճառները կարող են կասկած առաջացնել։ «Չեմ կարծում, որ փաստաթուղթը կլինի կատարյալ, սակայն հուսով եմ, որ այն կլինի առավելագույնս կատարելագործված», – ասաց Արզումանյանը։

ՀՀԿ–ի խմբակցության պատգամավոր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը կարծում է, որ անհրաժեշտ է կողմ քվեարկել բարեփոխումներին, եթե անգամ այնտեղ նախատեսված լինի ընդամենը մեկ փոփոխություն` նախագահական ուղիղ ընտրությունների անցկացման բացառում։ «Միայն հանուն դրա անհրաժեշտ է ընդունել փաստաթուղթը, քանի որ Հայաստանում ուղիղ նախագահական ընտրությունները միշտ հանգեցրել են առճակատման և տարաձայնությունների, ինչպես նաև կարող են հանգեցնել մայդանների», – ասաց Բաբուխանյանը։

Փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով` քննարկումները ցույց տվեցին բարեփոխումների անցկացման անհրաժեշտության շուրջ հասարակության համախմբման փաստը։ Նրա խոսքով` առաջարկվող փոփոխություններում հաշվի են առնվել ավելի վաղ ընդդիմության կողմից հնչեցրած բոլոր պահանջները` բացառապես համամասնական համակարգի ներդրում, ընդդիմությանն ավելի լայն լիազորությունների տրամադրում, փոխխոսնակի պաշտոնը զբաղեցնելու հնարավորություն և մասնակցություն պաշտոնյաների նշանակման գործում, վերահսկման ավելի լայն գործառույթներ։

«Այս փաթեթն ավելի ժողովրդավարական կդարձնի հենց խորհրդարանը, չեմ հասկանում` ինչից է դժգոհ ընդդիմությունը, որը միշտ փորձում է իշխանությունների բոլոր նախաձեռնությունները կապել մեկ անձի` նախագահի հետ, որը եղել և մնում է իշխող կուսակցության առաջնորդը։ Սակայն առաջարկվող բարեփոխումները պետք չէ կապել անձերի հետ։ Սա փոփոխությունների շատ կարևոր փաթեթ է, որը պետք է ոչ թե քննադատել, այլ շտկել», – ասաց Շարմազանովը։

«Կողմ» և «դեմ»` առանց «ձեռնպահների»

 
Քննարկումների վերջում իրենց դիրքորոշումները ներկայացրեցին նաև խմբակցությունները, որոնք բաժանվել են երկու ճակատի` «կողմ»  և «դեմ»։

«Կողմ» հանդես եկածների թվում է ՀՀԿ–ի խմբակցությունը, որի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կոչ արեց գործընկերներին աջակցել բարեփոխումներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց քննարկումների և դրսևորած համախմբվածության համար, չնայած, որ կային տարաձայնություններ։

Ինչպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից նշեց Միքայել Մելքումյանը, կարևոր է հասկանալ, որ կատարյալ փաստաթղթեր չկան, նա նաև ընդգծեց, որ եթե այն 70 տոկոսով բավարարի խմբակցության շահերը, ապա խմբակցությունը կողմ կարտահայտվի։ «Մենք բազմաթիվ առաջարկներ ենք ներկայացրել և առաջարկվող ուղին համարում ենք նպատակահարմար, սակայն անհրաժեշտ է լավ մտածել բոլոր հարցերի շուրջ և գնալ փոխզիջման», – ասաց Մելքումյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով` բոլոր փոփոխություններն ուղղված են իշխանության վերարտադրությանն ու բոլոր հնարավորությունները պահպանելու փորձին` իշխանության ղեկին սեփական դիրքերը պահելու նպատակով։ Նա կոչ արեց բոլորին կատեգորիկ կերպով «ոչ» ասել առաջարկվող բարեփոխումներին`  թույլ չտալու համար իշխանություններին ապահովել անհրաժեշտ 600 հազար ձայները հանրաքվեի ժամանակ փաստաթուղթն ընդունելու համար։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հերթին աջակցեց բարեփոխումներին և նշեց, որ դրանք պառլամենտարիզմի ոլորտում գրանցված կարևոր ձեռքբերումներից են։ Նա նաև նշեց, որ կատարվել տիտանական և համալիր աշխատանք, որը բավականին հստակ գնահատել է բոլոր կողմերն ու հարմարեցրել ժամանակակից իրողություններին։

«Մենք բարձր ենք գնահատում մշակված փաստաթուղթը, այդ թվում հաշվի առնելով այն, որ մեր կողմից բարձրաձայնած հարցերն ամբողջովին ներառված են փոփոխությունների փաթեթում։ Փոփոխություններին դեմ հանդես եկողներից շատերը, հավանաբար, ծանոթ չեն փաստաթղթին, քանի որ այն թույլ է տալիս իրապես հավասարակշռել իշխանության ճյուղերը, բաժանել լիազորությունները, ինչպես նաև պարունակում է բավականին շատ առաջարկներ, որոնք թույլ են տալիս բարձրացնել ընդդիմադիր ուժերի դերակատարությունը», – ասաց Ռուստամյանը։

Հովհաննես Մարգարյանը, «Օրինաց երկիր» խմբակցության անունից, նշեց, որ չկա ոչ հասարակական, ոչ քաղաքական պահանջ Սահմանադրությունը փոխելու համար, քանի որ գործող Մայր օրենքը կարող է ապահովել իշխանության բոլոր ճյուղերի ամբողջական և հավասարակշռված գործունեություն, իսկ փոփոխությունները միայն «իշխանությունների քաղաքական քմահաճույքն են»։

«Առաջարկվող նախագիծը հակասում է Սահմանադրական բարեփոխումների մշակման հայեցակարգին, չի ապահովում իշխանության հավասարակշռություն և թույլ է տալիս բոլոր լիազորությունները կենտրոնացնել վարչապետի ձեռքում», – ասաց Մարգարյանը։

Նրա կարծիքով` Մայր օրենքի ընդունման հարցում անտեղի շտապողականություն է դրսևորվում, հարկավոր է կազմակերպել լրացուցիչ քննարկումներ և խորհրդատվություններ` այն ամբողջովին լրամշակելու համար։

«Խմբակցության անդամների կարծիքով` բարեփոխման նախագծի շատ կետեր պարունակում են բազմաթիվ սպառնալիքներ, այդ թվում` ուղղված ազգային անվտանգությանն ու Հայաստանի քաղաքացիների իրավունքներին։ Մենք մեր վերջնական դիրքորոշումը կհայտնենք, երբ մեր առաջարկները քննարկվեն և, հնարավոր է, ներառվեն փոփոխությունների նախագծում», – ասաց Մարգարյանը։

«Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող Զարուհի Փոստանջյանը (այսօրվանից նա զբաղեցնում է խմբակցության ղեկավարի պաշտոնը) նշեց, որ խմբակցությունը դեմ է նախագահի նախաձեռնությանը, որը վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, քանի որ դրանք ուղղված չեն Մայր օրենքի բարելավմանը, այլ ուղղված են իշխանության պահպանմանը գործող իշխող ուժերի կողմից։

340