Президент РФ В.Путин встретился с президентом Армении С.Саргсяном

Սարգսյան–Պուտին հանդիպման արդյունքները. առաջընթաց էներգետիկայի բնագավառում և Ղարաբաղի հարցը

1736
(Թարմացված է 12:07 08.09.2015)
Սարգսյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության գործունեությունը համագործակցության նոր սկիզբ է, և մեծ աշխատանք է սպասվում այդ ինտեգրացիոն միավորման բովանդակությունը հագեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Երկուշաբթի Նովո–Օգարյովոյում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ընդլայնման և էներգետիկայի հատվածում համագործակցության հարցերը։

Համագործակցության ուղղությունների հստակեցում

Նախագահ Պուտինը հանդիպման սկզբում նշել է, որ մտադիր է Սարգսյանի հետ քննարկել առևտրատնտեսական համագործակցության հարցերը։

«Հաճելի է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերը: Համեմատած 2013 թվականի հետ` անցած տարի զգալիորեն աճել է մեր ապրանքաշրջանառությունը, բայց, ցավոք, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում տեղի է ունեցել փոփոխություն դեպի նվազում: Մենք այսօր այդ մասին ևս կխոսենք: Այդտեղ կան որոշակի նրբություններ, որոնց ես դեռևս չունեմ պատասխաններ: Մենք պատրաստ ենք Ձեզ հետ քննարկել այդ հարցերը», – նշել է Պուտինը։

Հայ առաջնորդն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում հնարավոր կլինի նոր լուծումներ գտնել` կապված էներգակիրների սակագնի հարցի հետ, որին արտարժույթի փոխարժեքի տատանումները պարզապես շատ բացասական են անդրադառնում։

«Հայաստանի համար առանցքային է մնում էներգակիրների սակագնի հարցը։ Այս ճգնաժամային իրավիճակում արտարժույթի կուրսի տատանումները պարզապես շատ բացասական են անդրադառնում սակագների վրա, և ես լիահույս եմ, որ մենք նոր լուծումներ կգտնենք՝ լավ լուծումներ», – ասել է ռուս առաջնորդի հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը։

Առաջընթաց էներգահատվածում համագործակցության մասով

Հայ–ռուսական արձանագրությունը, որը սահմանում է Հայաստան ՌԴ–ից մատակարարվող գազի գնի իջեցում 189-ից մինչև 165 դոլար` հազար խորանարդ մետրի համար, ստորագրվել է երկուշաբթի Մոսկվայում` ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի աշխատանքային հանդիպման շրջանակներում։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ բացի գների իջեցումից, փաստաթուղթը սահմանում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի աշխատանքի նորմալ գործունեության ապահովման հիմնական դրույթները։

Նովակն ու Զախարյանը նաև արձանագրություն են ստորագրել ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրած համաձայնագրում «ԱրմՌոսգազպրոմ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանների և հետագա գործունեության մասին փոփոխություններ կատարելու մասին։

Արձանագրության համաձայն` հայկական կողմն իր վրա է վերցրել Հայաստանում «Գազպրոմ» ՓԲԸ–ի էլեկտրախնայողական ակտիվների տնտեսապես արդյունավետ աշխատանքի ապահովման պարտավորությունը ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտահանման։

Ընդ որում, ՌԴ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցի նյութերում նշվում է, որ մոտակա հինգ տարիներն նախատեսվում է ավելացնել «Գազպրոմ» ԲԲԸ ներդրումները 60 մլն դոլարով Հայաստանի գազատրանսպորտային համակարգի զարգացման համար։

«Ռուսական «Գազպրոմ» հոլդինգի` Հայաստանի գազատրանսպորտային համակարգի զարգացման համար  ներդրումները 2006 թվականից կազմել են 200 մլն դոլար, նախատեսվում է մոտակա հինգ տարում դրանք ավելացնել ևս 60 մլն դոլարով», – նշվում է նյութերում։

Նշվում է նաև, որ Ռուսաստանը հնարավոր տարբերակներ է դիտարկում` մասնակցելու համար Հայաստանի ԱԷԿ նոր էներգոբլոկի կառուցմանը։ «Հայաստանի ԱԷԿ–ի անվտանգ շահագործումն ապահովելու հարցում աջակցություն ցուցաբերելու հետ մեկտեղ ռուսական կողմը ուսումնասիրում է նոր էներգոբլոկի կառուցման հարցում մասնակցություն ունենալու հարցը», – նշվում է նյութերում։ Հայաստանի կառավարությունը 2014 թվականի մարտին որոշում է ընդունել  ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարաձգման մասին։ Այդ որոշումը պայմանավորված է նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանկների ձգձգման հետ։ «Ռոսատոմը» պայմանավորվածություն է ձեռք բերել` հայ փորձագետների հետ մինչև 2026 թվականը շահագործման ժամկետները երկարացնելու նոր նախագծի մշակման ուղղությամբ։


Ղարաբաղյան հակամարտություն և վարկ զենքի համար
 
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման ուղղությամբ ջանքերի համար։ Ինչպես նաև նշել է, որ մտադիր է սահմանային լարված իրավիճակի մասին ավելի մանրամասն խոսել Դուշանբեում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ, որը կկայանա սեպտեմբերի 15-ին։

«Վերջին երկու շաբաթներին սահմանում շատ լարված է։ Ադրբեջանական կողմը, բացի խոշոր տրամաչափի հրազենից, կիրառում է հրետանային զենք։ Իհարկե, մենք ստիպված ենք պատասխան տալ։ Ես դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ Դուշանբեում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ», – ասել է Սարգսյանը։

Հայկական կառավարության ղեկավարը նաև նշել է, որ Ռուսաստանը Հայաստանին տրամադրելու է 200 մլն դոլարի արտոնյալ վարկ։ «Ստորագրվել է Հայաստանին 200 միլիոն ԱՄՆ արտոնյալ վարկ տրամադրելու համաձայնագիր, և դա թույլ կտա թարմացնել հայկական զինված ուժերի զինանոցը», – ասել է Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանի ԱԺ–ն հուլիսի 2-ին վավերացրել է հայ–ռուսական միջկառավարական համաձայնագիրը` Հայաստանին նոր տեսակի զենքերի ձեռք բերման համար 200 մլն դոլարի պետական արտահանման վարկ տրամադրելու վերաբերյալ։ Այդ միջոցներով, մասնավորապես, նախատեսվում է 2015-2017 թվականների ընթացքում ձեռք բերել ռուսական արտադրության ռազմական արտադրանք։ Վարկը տրամադրվում է 13 տարի ժամկետով` տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով և երեք տարի արտոնյալ ժամկետով։

Շնորհակալական խոսքեր


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` Պերմյակովի քրեական գործը հայկական արդարադատությանը հանձնելու համար: «Ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել Պերմյակովի քրեական գործը հայկական արդարադատությանը հանձնելու համար: Շատ շնորհակալ եմ Ձեզ», – ասել է Սարգսյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ։

2015 թվականի օգոստոսի 12-ին հրապարկվեց հինգերորդ ռուսական կայազորային դատարանի դատավճիռը` ՌԴ 102–րդ ռազմակայանի շարքային զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ։ Նա մեղադրվում է դասալքության, զենք հափշտակելու և անօրինական կրելու մեջ։ Վալերի Պերմյակովը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։

Հայաստանի քննչական կոմիտեի վարույթում է գտնվում  ևս մի գործ Պերկյակովի վերաբերյալ։ Նա  նաև մեղադրվում է Գյումրիում յոթ հոգուց բաղկացած ընտանիքի սպանության մեջ, որը կատարվել է 2015 թ.–ի հունվարին։

Ապագայի հեռանկարներ

Հայ առաջնորդն ընդգծեց, որ երկկողմ հարաբերություններում նոր իրողության սկիզբ է դրել Եվրասիական տնտեսական միության գործունեությունը։ Ընդ որում, նրա կարծիքով, դեռ շատ աշխատանք է սպասվում, որպեսզի այդ ինտեգրացիոն միավորման բովանդակությունը հագեցվի ժողովրդի համար զգալի գործերով:

«Մենք, իհարկե, պատրաստ ենք նման աշխատանքի և շահագրգռված ենք ապրանքի, կապիտալի, ծառայությունների ու աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքների հնարավորինս արագ կյանքի կոչման գործում», – նշել է Սարգսյանը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում Հայաստանի նախագահի հետ, ինչպես նաև զրուցում են հեռախոսով։

«Այնուամենայնիվ, մենք միշտ քննարկելու բան ունենք։ Ես նկատի ունեմ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների առանձնահատուկ բնույթը, նկատի ունեմ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալը, ինչպես նաև լիարժեք մասնակցությունը մեր մեկ այլ ինտեգրացիոն կառույցին՝ ՀԱՊԿ-ին», – ասել է ռուս առաջնորդը։

1736