Галина

Տոմս` առանց հետադարձ ուղղության

438
Փախստականները լքում են իրենց հարազատ վայրերը, որտեղ ապրել են դարեր շարունակ, թողնում են իրենց տներն ու նախնիների շիրիմները, ապաստան փնտրում այլ երկրներում։ 20–րդ դարի սկզբին Ցեղասպանություն վերապրած հայերը հասկանում են կորստի մեծ վիշտը։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Սիրիայի փախստականներին վերջապես թույլ են տվել հատել Ավստրիայի սահմանը և մեկնել Գերմանիա։ Կանցլեր Անգելա Մերկելը կարգադրել է, որ պատշաճ ընդունելություն ապահովեն։ Բայց հարց է ծագում, թե ինչ ապագա է սպասվում այդ մարդկանց այնտեղ, չէ՞ որ շատերի համար տան ճանապարհը մոռացվելու է ընդմիշտ, և նրանք ի վերջո հաստատվելու են մի վայրում, որտեղից երբեք չեն վերադառնալու։

Աշխարհը տեսնում է, թե ինչպես են շատ ժողովուրդներ ինչ–ինչ պատճառներով փոխում իրենց բնակության վայրը։ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տասնյակ հազարավոր փախստականներ ուղղվում են դեպի Եվրոպայի երկրներ։ Փախստականների հոսքը չի թուլանում, ինչը նշանակում է, որ այն կարող է անվերահսկելի քաոսի վերածվել։ Հավանաբար գիտակցելով սեփական դրության անհուսալիությունը` Ավստրիայի և Գերմանիայի իշխանությունները նախօրեին որոշել են թույլատրել, որ մարդիկ մուտք գործեն իրենց երկրներ։ Հազարավոր փախստականներ արդեն հատել են Հունգարիայի և Ավստրիայի սահմանը։ 

Մոսկվայի բուհերից մեկի` ինձ ծանոթ և շատ հարգելի մի պրոֆեսոր ակամայից դարձել է այդ իրադարձությունների ականատեսը և սոցցանցի իր էջում նկարագրել է Բուդապեշտից Մոսկվա կատարած «դժոխային ճանապարհորդությունը»։
 
«Օգոստոսի վերջին օրը Բուդապեշտի ճամբարն իրենից ներկայացնում էր փախստականներով լի վրանային մի ճամբար. մարդիկ քնած էին գետնին, երեխաները վազվզում ու բղավում էին, տղամարդիկ խումբ–խումբ ինչ–որ բան էին քննարկում։ Ամեն ինչ տարօրինակ էր, բայց որևէ վտանգ չկար։ Երբ մոտեցավ գնացքը, մարդկանց մի մասը լցվեց վագոններ։ Գնացք մտնելիս ոչ ոք տոմս չէր ստուգում և չէր վերահսկում։ Գնացքը շարժվեց, ընթացքի ժամանակ վագոնների երկայնքով վազող փախստականները փորձում էին համալրել ուղևորների շարքերը։ Մարդիկ կանգնած էին գնացքի մեջ, ընդ որում ինչպես փախստականները, այնպես էլ նրանք, որոնց Բուդապեշտում առանց տեղի տոմսեր էին վաճառել։ Բայց վագոնում լարվածություն չկար։ Բոլորը հասկանում էին, որ այդ իրավիճակում գոյատևելու միակ միջոցը հանդարտությունն ու խաղաղությունն է։ Իրենք` փախստականները, կոկիկ էին հագնված, բարյացակամ էին և հարգալից։ Ես տեսնում էի, թե ինչպես է երիտասարդ սիրիացի կինն ամբողջ ճանապարհին աղոթում, իսկ նրա ամուսինը, որ եվրոպացու ձևով էր հագնված, զբաղվում էր երեխաներով` կերակրում էր նրանց, խաղում նրանց հետ…

Այնուհետև հաջորդեցին Ավստրիայի սահմանին մնալու երկար ժամերը, տոմսերի հերթական ստուգումը, մարդկանցով լի մեկ այլ գնացքի ժամանումը, որը, բնականաբար, հարցի լուծում չէր։ Եվ վերջապես, մեկ ժամ անց Վիեննայից դատարկ գնացք հայտնվեց, ուր կարողացավ տեղափոխվել փախստականների մի մասին։ Արդյունքում չորս ժամ ուշացումով փախստականներն ուղղվեցին Վիեննա»։
 
Փախստականները լքում են իրենց հարազատ վայրերը, որտեղ ապրել են դարեր շարունակ, թողնում են իրենց տներն ու նախնիների շիրիմները, ապաստան փնտրում այլ երկրներում։ 20–րդ դարի սկզբին Ցեղասպանություն վերապրած հայերը հասկանում են կորստի մեծ վիշտը, երբ մարդուն դարձնում են վտարանդի, բնաջնջելու սպառնալիքով ստիպում են լքել հայրենի հողը, ստիպում են թափառել` կորցնելով ամեն ինչ։ Եվ միայն նրանք, ովքեր կկարողանան ողջ մնալ և հասնել անվտանգ ափին, կկարողանան նաև նոր կյանք սկսել։
Իմ մանկության տարիներին Երևանի` մեզ համար սովորական մի բակում նախնիների հայրենիքը վերադարձած հայրենադարձ հայերի մի քանի ընտանիքներ էին ապրում։ Նրանք Խորհրդային Հայաստան էին եկել Մերձավոր Արևելքի երկրներից և Եվրոպայից քառասունական թվականների ամենածավալուն վերաբնակեցման ալիքի ժամանակ։ Նրանք այն փախստականների հետնորդներն էին, ովքեր ապաստան էին գտել այդ երկրներում, իսկ երբ խորհրդային կառավարությունն առաջարկել էր նրանց վերաբնակվել Հայաստանում, նրանցից շատերը վերադարձել էին։

Բայց այն ժամանակ մեզ` երեխաներիս, այդ մանրամասները ոչինչ չէին ասում։ Մենք ընկերություն էինք անում, խաղում, լեզվական արգելքներ չկային, բոլորը միմյանց հիանալի հասկանում էին։ Կարող է` ուրիշ ավանդույթներով ուրիշ աշխարհից էին, բայց ո՞վ էր դրան նշանակություն տալիս։ Երջանիկ ժամանակաշրջան է մանկությունը, որն իր առաջնահերթություններն ունի։

Մեզ հիացնում էին նրանց հյուրասիրած գունավոր մաստակները, ուրախացնում նրանց նվիրած նամականիշները, որոնք փակցված էին լինում արտասահմանյան բարեկամների ուղարկած նամակների ծրարների վրա։

Լինում էին նաև արտասովոր դեպքեր։ Ընկերուհի ունեի` Աիդա անունով, որն աներևակայելի գեղեցկություն ուներ։ Երբեք, ոչ այն ժամանակ, ոչ էլ հետո ես այդքան գեղեցիկ երեխայի չեմ հանդիպել։ Սևահեր էր, լուսնագույն մաշկով և մեծ մուգ մոխրագույն աչքերով, որոնց առանձնահատուկ գեղեցկություն էին հաղորդում խիտ ու երկար թարթիչները։

Նրա հաստ հյուսերն իջնում էին մեջքի վրայով և այնքան ծանր էին, որ աղջիկը դժվարությամբ էր գլուխն ուղիղ պահում։ Նա հաճախ խնդրում էր իր մայրիկին կտրել մազերը, բայց հյուսերը մայրիկի հպարտությունն էին, և նա այդ մասին լսել անգամ չէր ուզում։

Չգիտեմ` ով էր խորհուրդ տվել Աիդային գնալ այդ քայլին, բայց մի գեղեցիկ օր նա ինքը վերջ դրեց իր տառապանքին և մայրիկի մեծ մկրատով կտրեց հյուսերը։

Պետք էր տեսնել, թե ինչ սկսվեց։ Մի իսկական իրարանցում։ Աղջկա մայրիկը մի քանի ապտակ հասցրեց և արգելեց բակ իջնել։ Իսկ մենք` երեխաներս, հավաքվել էինք ընկերուհուս բնակարանի փակ դռան հետևում և քաջալերում էինք նրան…
Ժամանակն անցավ։ Աիդայի ծնողները շուտով մեկնեցին Ֆրանսիա` Մարսել, որտեղ ծնվել էր նրանց հայրը։ Նա երաժիշտ էր, երևանյան կրկեսում շեփոր էր նվագում։ Դրանից հետո մենք նրան չենք տեսել, նույնիսկ չեմ պատկերացնում, թե ինչպես դասավորվեց նրա ճակատագիրը։ Մի քանի անգամ ես նրա թողած հասցեով նամակ գրեցի, բայց պատասխան այդպես էլ չստացա։

Որոշ ժամանակ անց Բուլղարիա վերադարձավ նաև մեր հարևանուհի Դորան իր որդու հետ։ Ինչ աներ Դորան` կարեր, գործեր թե պատրաստեր, նա միշտ քթի տակ ինձ համար ծիծաղելի թվացող խոսքեր էր ասում` «Սա Սաշա» (Սա Սաշայի համար)։

Մի պապիկ կար, գրեթե ամեն օր իջնում էր բակ, հայացքն ուղղում էր հորիզոնին և երկար ու լուռ նստում էր նստարանին։ Մեծահասակներն ասում էին, որ նա ԱՄՆ–ից է ժամանել։ Ի՞նչ էր հիշում, ինչի՞ մասին թախծում։ Արևմտյան Հայաստանի՞, թե՞ Նահանգների իր տան մասին, հայտնի չէ։ Ինչպես դասավորվեց նրա ճակատագիրը, նույնպես չգիտեմ։

Այն ժամանակ մենք զարմանում էինք և չէինք հասկանում, թե ինչու են այդ մարդիկ և մեր ընկերասեր բակի մյուս բնակիչները հեռանում։ Այժմ հասկանում եմ` նրանք չկարողացան գտնել իրենց, հարմարվել խորհրդային իրականության պայմաններում։ Տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չկարողացան հարմարվել նաև ութսունականների վերջին–իննսունականների սկզբին ադրբեջանական ջարդերից հետո Հայաստան ժամանած 250 հազար փախստականները։ Նրանց միայն փոքր մասը մնաց Հայաստանում, մյուսները սփռվեցին աշխարհով մեկ։


Չեմ ցանկանում քաղաքականացնել, բայց երբ այսօր դիտում եմ արաբական երկրների փախստականների մասին ռեպորտաժները, չեմ կարողանում հարց չտալ ինքս ինձ` իսկ ի՞նչ է լինելու այս մարդկանց հետ, ովքեր բախտի քմահաճույքով հայտնվել են անծանոթ վայրերում, արդյո՞ք հասկանում են նրանք, թե ինչ դժվարությունների են բախվելու։ Հուսանք, որ նրանցից շատ–շատերի բախտը կբերի և շատերը կկարողանան վերագտնել իրենց։

438