ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Բոլոր այն հրապարակումները, որոնցում առկա են կամ կարող են առկա լինել ընտրական հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, դատախազությունը քրեադատավարական ընթացակարգով դրանց պատշաճ ստուգման և իրավական գնահատական տալու գործընթաց կիրականացնի։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ Հայաստանի շուրջ 80 ընտրական տեղամասերում երեկվանից իրականացվում է արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկ։ Տարբեր ԶԼՄ–ներում նույն ընտրատեղամասից տարբեր տվյալներ են ներկայացված։
«Զանգվածային լրատվամիջոցներում այսօր առանձին հրապարակումներ են տեղ գտել 2021թ. հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերահաշվարկի գործընթացում առանձին ընտրատեղամասերում տեղ գտած անհամապատասխանությունների վերաբերյալ: Դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում այդ հրապարակումները հընթացս վեր են հանվում»,–նշված է Աբրահամյանի գրառման մեջ։
Նրա խոսքով` չսպասելով ընտրական հանձնաժողովների կամ ընտրություններում ներգրավված սուբյեկտների քայլերին՝ դատախազությունը նախաձեռնելու է դրանց իրավական գնահատական տալու գործընթաց։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ վերահաշվարկված 80 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքների վերջնական տվյալները կհրապարակվեն այսօր երեկոյան։
Չենք խրախուսում մեր ընդդիմախոսների նկատմամբ բռնությունները. Ավինյանը` Օձունի դեպքի մասին
Ընտրական օրենսգրքով վերահաշվարկի դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 22-ի ժամը 11.00-ն է: Սա նշանակում է, որ վերահաշվարկվող տեղամասերի թիվն այլևս չի ավելանա։