ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցության բացման հնարավորության մասին։ Այդ մասին նա խոսել է Արցախում Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներ այցելության ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Ալիևը նշել է, որ երկաթուղային հաղորդակցություն կհաստատվի նաև Ռուսաստանի ու Իրանի միջև՝ Նախիջևանի տարածքով։
«Մենք առաջարկել ենք, որ տարածաշրջանում տրանսպորտային նախագծերը պետք է հատուկ դեր ունենան մեր տարածաշրջանի զարգացման երկարատև հեռանկարում՝ ապահովելով կայունություն ու զրոյացնելով պատերազմի ռիսկը։ Մասնակից բոլոր երկրները դրանից միայն կշահեն։ Ադրբեջանն էլ կմիանա Նախիջևանի ինքնավար հանրապետության ու Թուրքիայի հետ»,-ասել է նա։
Ադրբեջանի նախագահը միևնույն ժամանակ շեշտել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը կարող է իրականացվել «միայն Ադրբեջանի տարածքով»։
«Երկաթուղային հաղորդակցություն կլինի այդ թվում Ռուսաստանի ու Իրանի միջև՝ Նախիջևանի տարածքով, Իրանի ու Հայաստանի, Թուրքիայի ու Ռուսաստանի միջև։ Այսինքն, դրանից տարածաշրջանի բոլոր երկրները միայն կշահեն»,-ասել է Ալիևը։
Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին մեկնարկած ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ դադարեցվել է նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության համաձայն։
Թեհրանը, Մոսկվան ու Բաքուն սկսում են երկաթուղային ճանապարհի կառուցման բանակցությունները