ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ազգային ժողովի շենքում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ–ն նախագիծ է պատրաստում Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնությունը ապավավերականացնելու համար։
«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների հետ հանդիպել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։ Այժմ Ծառուկյանի ղեկավարությամբ ԲՀԿ–ի նիստ է տեղի ունենալու, մենք կքննարկենք և հանդես կգանք համապատասխան նախագծով և հայտարարությամբ», – ասաց Զոհրաբյանը։
Պատգամավորը նշեց, որ դեռ չգիտի` արդյոք ԱԺ–ն լիազորված է ապավավերականացնելու երեք ղեկավարների ստորագրած համաձայնությունը, բայց անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար։ Զոհրաբյանը հույս հայտնեց, որ իրենց նախաձեռնությանը կմիանան նաև «Իմ քայլի» պատգամավորները։
«Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները չեն կարողանա քվորում ապահովել, ես հույս ունեմ, որ նախաձեռնությանը կմիանան նաև «Իմ քայլից»», – ասաց ԲՀԿ պատգամավորը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:
Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբ ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը
Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ