ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը և խախտում է հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կնքած պայմանագիրը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
«Մեր զինված ուժերն արդեն հայտարարել են, որ Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը: Հուսով ենք, որ Բաքուն, այնուամենայնիվ, կսկսի հետևել հոկտեմբերի 9–ի պայմանագրին»,-ասել է Հայաստանի դեսպանը:
Դեսպանը հայտնել է, որ հոկտեմբերի 12–ին Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները կքննարկեն Արցախում տիրող իրավիճակը։
«Նախարարների բանակցությունների օրակարգը ներառում է երկկողմ հարցերի լայն շրջանակ, բայց այն կարող է փոխվել արցախյան իրադարձությունների հետևանքով։ Հրադադարի հարցը նախարարներն արդեն քննարկել են, տեղի է ունեցել հեռախոսազրույց: Սակայն իրավիճակը տարածաշրջանում և հակամարտության գոտում ենթադրում է նոր հարցերի քննարկում», - ասել է դեսպանը։
Տողանյանը հավելել է, որ հրադադարի ռեժիմի չպահպանման հետևանքով Արցախի բնակավայրերը հրթիռակոծության են ենթարկվել:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 165 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:
Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո