ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին։ Նա պահանջում է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի սեպտեմբերի 16-ի որոշումը։
Գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանին, սակայն դատական նիստի օր դեռ չի նշանակվել։
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից էլ տեղեկանում ենք, որ Մարությանի վերոհիշյալ որոշումն այն մասին է, որ Երևանի քաղաքապետը որոշել է չօրինականացնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում Սամվել Ալեքսանյանի կողմից իրականացված ապօրինի շենք-շինությունների կառուցումը։
Որոշման մեջ նշվում է, որ հարուցված վարչական վարույթի շրջանակներում Ալեքսանյանը հրավիրվել է Երևանի քաղաքապետարան լսումների և հարցի կապակցությամբ իր դիրքորոշումը ներկայացնելու համար։
Արթուր Ալեքսանյանի դատական ակտը պաշտպանական կողմը որակում է որպես խայտառակություն
Քննարկումների ժամանակ նրա լիազորված անձն ասել է, որ այդ շենք-շինությունները կառուցվել են դեռևս 2005 թվականին, և իրենք դիմելու են Երևանի քաղաքապետարանին դրանք օրինականացնելու խնդրանքով: Սակայն այդպես էլ դրանց օրինականացման համար որևէ դիմում չի ներկայացվել, և հարցը չի քննարկվել։
Քաղաքապետարանը որոշել է Ալեքսանյանին գրավոր առաջարկել սեփական նախաձեռնությամբ ձեռնարկել քայլեր ինքնակամ շենք-շինությունները քանդելու, ինչի մասին ծանուցել է վերջինիս։ Սակայն առաջարկված ժամկետում Ալեքսանյանի կողմից ինքնակամ շինությունները քանդելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել:
Ավելին, մասնագիտական կարծիքի համաձայն՝ հիմնավորվել է, որ քննարկվող ապօրինի կառուցված շենք-շինությունները և պարիսպը ենթակա չեն օրինականացման, քանի որ պետական սեփականություն հանդիսացող 7,69 հա և 1,04 հա հողատարածքներն ընդգրկված են անտառային նշանակության հողերում (Դալմայի այգիների պահպանման ենթակա հողերի տարածքում)։
«Եթե այսօր հարցնեն` Սամվել Ալեքսանյանը Երևանին նվիրե՞լ է մեքենաներ, կասեմ` ոչ». Մարության
Ալեքսանյանը ենթարկվել է նաև վարչական պատասխանատվության՝ 200 000 դրամի չափով, որից հետո քաղաքապետարանը որոշել է քանդել այդ կառույցը։
Ալեքսանյանը Մարությանի այս որոշումը երկամսյա ժամկետում բողոքարկելու հնարավորություն է ունեցել, ինչն էլ արել է։