ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Այսօր կեսօրին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքում. կարտոֆիլի հորի մեջ աշխատանքներ կատարելիս հողաշերտը փլուզվել է, ինչի հետևանքով մի տղամարդ մահացել է։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանը։
«Հայրն իր երկու տղաների հետ գնացել է կարտոֆիլ հանելու։ Կարտոֆիլը հանել ու դրել են հողաշերտ ծածկի վրա։ Այս քանի օրն անձրևներ էին եկել, հողը թրջվել–ծանրացել էր ու, դրան գումարած, կարտոֆիլի պարկերը հանել–դրել են այդ ծածկի վրա, և դա չի դիմացել ու փլվել է»,–պատմեց Ղազարյանը։
Նրա խոսքով` համագյուղացիներն օգնության են հասել, սակայն, մինչև հողի շերտի տակից դուրս են բերել տղամարդկանց, նրանցից մեկը` հայրը, արդեն մահացած է եղել։ Մահացած տղամարդը, ըստ Ղազարյանի, 51 տարեկան էր։