ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. ԱԺ արտահերթ նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնանկության հարցը, չի կայանա։ Այսօր նիստի բացմանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նիստի նախաձեռնողը` «Իմ քայլը» խմբակցությունը, հետ է կանչել օրակարգում ընդգրկված իր երկու նախագծերը։
«Ըստ երևույթին ինչ–որ տեխնիկական խնդիրների պատճառով են նախագծերը հետ կանչվել։ Այսօր առավոտյան նախաձեռնողը նոր, համանման, ոչ բովանդակային փոփոխություններով նախագիծ է դրվել շրջանառության մեջ, և ֆրակցիան կրկին միջնորդել է հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ»,– ասաց Միրզոյանը։
Խորհրդի նիստը նախատեսված է այսօր` ժամը 12։00-ին։
Միրզոյանը հայտնեց, որ նիստում քննարկվելու է այսօր արտահերթ նիստ գումարելու միջնորդությունը։
«Համենայն դեպս բոլորին խնդրում են մնալ ԱԺ–ի շենքում»,– ասաց Միրզոյանը։
Նիստն այսքանով հայտարարվեց փակված։ Դահլիճում զսպված ծիծաղներ լսվեցին, ու աղմուկ բարձրացավ։
Հիշեցնենք` ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց` «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը և «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը»։
Վերջինով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:
Նույն հոդվածը նախատեսում է նաև նրանց թափուր մնացած տեղերի լրացման կարգը։ Նոր թեկնածուներին պետք է հաջորդաբար առաջադրեն կառավարությունը, հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը:
Կարող է ձևավորվել նոր Սահմանադրական դատարան. նախարարը չի բացառում
«Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը»,– նշված էր նախագծում։
Նախագիծն ընդունվելու դեպքում փոփոխությունն ուժի մեջ պետք է մտնեին պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ընդ որում` օրակարգի մնացած նախագծերով առաջարկվում էր, որ ընդունվելու դեպքում նոր դրույթը օրենքի ուժ պետք է ստանար առանց ՀՀ նախագահի կողմից ստորագրվելու ու առանց ՀՀ ՍԴ կողմից սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու օրենսդրական պահանջները, քանի որ առաջարկվող փոփոխությունները հենց այդ կարգավորումն էին նախատեսում։