ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. 2019թ. հունվարի 1-ից փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի և Արցախի զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 4 դեպք, որոնք կապ չունեն զինվորական ծառայության հետ։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` արձագանքելով մամուլում հայտնված տեղեկություններին, թե պատկան կառույցները թաքցրել են զինծառայողների մահվան դեպքերը։
Այս տարվա ընթացքում գրանցված մահվան 4 դեպքից 2-ը, Աբրահամյանի խոսքով, տեղի են ունեցել հիվանդության, 2-ը՝ ավտովթարի հետևանքով:
«1. Գ. Գ. Չոբանյան `պայմանագրային, սերժանտ։
01.01.2019թ–ին. Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 141-րդ կմ-ի հատվածում 21.30-ին, ազատ հերթափոխում գտնվելու ընթացքում, ավտոմեքենայով ենթարկվել է ավտովթարի, ինչի հետևանքով մահացել է:
2. Ս. Գ. Գևորգյան` ենթասպա։
06.01.2019թ.–ին ընդունվել է Մարտակերտի քաղաքային հիվանդանոց ՝ հիպերտոնիկ կրիզ, սրտի իշեմիկ հիվանդություն, ստամոքսային խոց ախտորոշմամբ: Ժամը 11.50-ի սահմաններում գրանցվել է նրա կենսաբանական մահը:
3. Խ. Ս. Գևորգյան` պայմանագրային, շարքային։
13.01.2019թ. ժամը 22.00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 374-րդ կմ-ի հատվածում իր վարած ավտոմեքենայով բախվել է Իրանի քաղաքացու բեռնատարին և տեղում մահացել:
4. Կ. Տ. Լալայան`փոխգնդապետ։
24.01.2019թ.-ին ժամը 23.15-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենայում գրանցվել է նրա կենսաբանական մահը, ախտորոշումը՝ քաղցկեղ»,– ասված է Աբրահամյանի հրապարակման մեջ։
Նա նաև հայտնում է, որ 2019թ. հունվարի 1-ից փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է մահվան 7 դեպք, որոնցից 3-ը՝ զինվորական ծառայության հետ կապված, 4-ը՝ ոչ։
2018թ.–ի նույն ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների մահվան 11 դեպք, որոնցից 6-ը՝ զինծառայության հետ կապված, 5-ը՝ չկապված:
Այս խնդրին այսօր «Եռաբլուր» պանթեոնում անդրադարձել է նաև ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը` վստահեցնելով, որ ոչ մի զինվորի մահվան դեպք չեն թաքցնում։
Հիշեցնենք, երեկ Tert.am կայքը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ 2019-ին գրանցված 4 զինծառայողի մահվան դեպքերի մասին ՀՀ ՊՆ-ն ու ԱՀ ՊԲ-ն չեն հայտնել: