ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանը տնտեսական թռիչքի համար թափ է հավաքում։
«Հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս, բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4.3 տոկոսով»,- գրել է Փաշինյանը։
Վարչապետը նաև հավելել է, որ ավանդներն աճել են 9.2 տոկոսով։
Վարչապետի այս լավատեսությունը, սակայն, ՀՀ քաղաքացիները չեն կիսում։
Հենց Փաշինյանի հիշյալ գրառման տակ ֆեյսբուքի մի քանի օգտատերեր գրել են, որ հեղափոխությանը հաջորդած ամիսներին ստիպված են եղել վարկ վերցնել, բայց՝ ոչ լավ օրից ելնելով։
Օգտատերերից մեկն էլ նշել է.«Հասարակ քաղաքացին լավ էլ տնտեսական գահավիժման մեջ է՝ ոչ պակաս թափով, եթե ոչ ավել, քան նախկին իշխանությունների ժամանակ: Այնպես որ, այդ ցուցանիշը երկսայր սրի է նման»։
Վարկերի աճը դեռ տնտեսական թռիչք չի նշանակում, վարչապետին պատասխանել են քաղաքացիները։