ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. 2018 թվականի հուլիսին դիզելային վառելիքը Հայաստանում 2-3%-ով թանկացել է։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը։
Մեծածախի դեպքում գներն աճել են 20 դրամով, իսկ մանրածախ վաճառքի համար` 10 դրամով. մեկ լիտր դիզվառելիքը 460 դրամից հասել է 470-ի։
Գնային փոփոխությունները կապ չունեն արժույթի տատանման հետ (հայկական դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ գրեթե չի փոխվել), այլ պայմանավորված են բացառապես ռուսական շուկայի փոփոխություններով։
Հայաստանը տարեկան մոտ 150 հազար տոննա դիզվառելիք է օգտագործում, հիմնականում` Ռուսաստանից (փոքր խմբաքանակներ են գալիս Իրանից ու Թուրքմենստանից)։ Դիզվառելիքը, ինչպես նաև այլ նավթամթերքը, Հայաստան են մատակարարում երկու ընկերություն` CPS-ը և «Ֆլեշը»։
Պետական հանձնաժողովում նշում են, որ դիզվառելիքի թանկացման պատճառով այլ ապրանքները չեն թանկացել։
Բենզինի շուկայում զգալի փոփոխություններ չկան. տարեսկզբից ի վեր մեկ լիտր բենզինի գինը պահպանվում է 450 դրամի սահմանում։ Խոսքը «ռեգուլյար» տեսակի մասին է։ «Պրեմիումի» գներն էլ զգալի չեն փոխվել։
Նշենք, որ տարվա սկզբին դիզվառելիքի գներն աճել էին` 380-ից հասնելով 450 դրամի։ Պատճառն այն է, որ դիզելային վառելիքը սկսել է հարկվել է ԱԱՀ-ով։
Թանկացումը փոքր է, և այն չեն զգա նույնիսկ պետական ծրագրով դիզվառելիք ստացող գյուղացիները։ Մատակարարողները պարտավորվել են ամբողջ տարի վառելիք մատակարարել նույն գնով։ Շուկայական ռիսկերը լիովին մնում են ձեռնարկությունների վրա։