ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Այսօրվանից Վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի: Այդպիսով՝ կտնտեսվի տարեկան առնվազն 56 միլիոն ՀՀ դրամ»,- նշել է նա:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կառավարության մայիսի 17 —ի նիստում ծառայողական ավտոմեքենաներից հրաժարվելու հայտարարություն էր արել` նշելով, որ պետական ապարատում կա ծառայողական մեքենաների գերկուտակում, ինչը բյուջետային միջոցների վատնում է, ուստի ինքը հրաժարվում է իր գրասենյակին հատկացված 5 մեքենայից 3-ից։ Նույն նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ հրաժարվել է իր գրասենյակի համար նախատեսված չորս մեքենաներից երկուսից:
Այս 5 մեքենաների խնայողությունը, ըստ ֆինանսների նախարարի ներկայացրած ծախսերի, տարեկան 6 մլն դրամ է։
Ծառայողական ավտոմեքենաների կրճատման մասին հունիսի 1-ին խոսել էր նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը` ասելով, որ կառավարության աշխատակազմում ավտոմեքենաները կարելի է կրճատել առնվազն մեկ երրորդով։ Կառավարության աշխատակազմն այս պահին 110 ավտոմեքենա ունի, առաջարկված կրճատումների արդյունքում շուրջ 33 ավտոմեքենա կպակասի։ Այս կրճատման արդյունքում պետական բյուջեն ևս 39 600 000 դրամի խնայողություն կունենա։